Հայրենասիրությունը և սրիկան ու նրա ապաստանները

11050132_851823948186040_6750186967005430846_nՀայրենասիրությունը և սրիկան

Սեմյուել Ջոսնոնի հայտնի աֆորիզմը («Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է») պատեհ-անպատեհ մեջբերելը դժվար զբաղմունքներից չէ: Հրապարակախոսական հռետորության մեջ դա հիմնականում բերվում է որպես հակափաստարկ կեղծ հայրենասիրությանը: Ըստ այդ փաստարկի՝ սրիկան իր անձնական շահադիտական ճղճիմ նպատակները քողարկում է հայրենասիրության անվան տակ: Ինչո՞ւ է դա հաջողված հնարք: Որովհետև հայրենասիրությունը տվյալ հասարակության տիրապետող գաղափարախոսությամբ համարվում է գերագույն արժեք, որին չի կարելի դիպչել, դրան հակառակելը կամ թեկուզ կասկածի տակ առնելը համարվում է սրբապղծություն և դավաճանություն: Բնականաբար, նման ճնշումը անտանելի է կամ, առնվազն, հեշտ տանելի չէ մարդու համար: Հենց այս հանգամանքն է պարարտ հող ստեղծում, որ սրիկան իր շահադիտական ստոր արարքները քողարկի հայերենասիրության անվան տակ և իր ընդդիմախոսներին ենթարկի հասարակական պարսավանքի: Սրանով նա լուծում է իր անձնական խնդիրները, իսկ այն կեղծիքը, թե դա անում է «ի շահ հայրենիքի», նրան որոշակի ապահովության և անխոցելիության երաշխիքներ է տալիս:

Ասվածը ցույց է տալիս կեղծ հայրենասիրության վտանգավորությունը: Իսկ ընդհանրապես հայրենասիրությունը նույն վտանգն ունի՞ իր մեջ:

Հարցին պատասխանելու համար նախ պետք է ճշգրտել, թե ինչ է նշանակում հայրենասիրություն: Բառն արտահայտում է հայրենիք սիրելու գաղափարը: Ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ նշանակում սիրել, ի՞նչ է նշանակում սիրել հայերենիքը: Հայրենիք հասկացությունը բազմաթիվ մեկնաբանություններ ունի, բայց քննարկվող խնդիրը հասկանալու համար այն պետք է ընկալել որոշակի համատեքստում: Ներկայիս Հայաստանում հայրենիքը նույնացվում է պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ: Սա ամրագրված է նաև պաշտոնական փաստաթղթում՝ ՀՀ զինվորական երդման տեքստում: Այստեղ կարծես կոնֆլիկտ չկա հայրենիքի պաշտոնական սահմանման և հայաստանցիների տիրապետող ընկալման միջև: Ուրեմն կարող ենք համարել, որ հայրենիքը Հայաստան պետությունն է: Իսկ ի՞նչ է նշանակում սիրել հայրենիքը: Այն ազատ վերաբերմո՞ւնք է, որը չի ենթադրում որևէ պատասխանատվություն, թե՞ պարտականություն է, որը չի բխում կամքի ազատությունից, ազատ ընտրության հնարավորությունից: ՀՀ զինծառայողի երդման տեքստը ասում է. «….երդվում եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս…. Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»: Զինվորական ծառայությունը ՀՀ արական սեռի բոլոր քաղաքացիների համար պարտադիր է: Ըստ երդման տեքստի՝ պարտադիր է նաև հայրենիքի համար անձնվիրաբար ծառայելը և կյանքը չխնայելը: Եթե հայրենիք սիրելը սա համարենք, ապա հայրենասիրությունը ենթադրում է պատասխանատվություն և գերագույն արժեք, իսկ դա չընդունելը՝ հանցագործություն:

Այս թեզը լեգիտիմություն ունի հայաստանցիների մոտ, այսինքն՝ տիրապետող է կոլեկտիվ ընկալման մեջ:

Ըստ դրա հայրենասիրությունը ռիսկ է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իր հայրենիքը սիրելը անհատական հոգեվիճակ է, իրենն է՝ կուզի կսիրի, կուզի՝ չի սիրի: Բայց հայրենիքը մեկն է, մարդիկ՝ շատ: Ստացվում է, որ այդ հայրենիքը սիրելը միայն իր գործը չէ, դա ենթադրում է հարաբերություն այլ մարդկանց հետ, որովհետև սիրելու առարկան միայն իրենը չէ: Հետևաբար, եթե սերը կիսում ես այլոց հետ, հաշվետու պետք է լինես նրանց առաջ: Հայրենասիրությունը պատասխանատվություն է հանրության առաջ: Ձևակերպեմ այսպես. սիրելը իռացիոնալ ապրում է, իռացիոնալությունը չի ենթադրում պատասխանատվություն: Իսկ գաղափարը ռացիոնալ է, որովհետև ինքնըստինքյան պահանջում է իմաստավորում: Կարող է լինել որևէ գաղափարի կույր պաշտամունք, բայց սա ուրիշ բան է՝ ոչ թե գաղափարի էությունն է, այլ վերաբերմունքը նրա նկատմամբ: Երբ պատասխանատվությունը դառում է հայրենասիրության պարտադիր պայման, սա գաղափարականացում է, այսինքն՝ ռացիոնալացում: Հայրենասիրության վերոնշյալ մեկնաբանության մեջ առաջնային արժեքը հանրութային՝ կոլեկտիվ անվտանգությունն է: Իսկ անվտանգությունը առաջին հերթին կյանքի իրավունքը պաշտպանելուն հետամուտ լինելն է: Ստացվում է պարադո՞քս՝ «հանուն Հայրենիքի չխնայել կյանքս», որ պաշտպանեմ կյանքի իրավո՞ւնքը: Կարելի է հարցը ՙլուծել՚՝ հակադրելով անհատին և հանրությանը. արժևորվում է հանրության կյանքի իրավունքը, բայց չի արժևորվում անհատինը, պատադրվում է անհատի կյանքը զոհաբերել հանրության գոյությանը: Այս փաստարկին կարելի է առարկել. «անձնազոհության պարտադրանքը» վերաբերում է ոչ թե անհատին, այլ հանրության մի մասին՝ բոլոր զինապարտ քաղաքացիներին, որը նույնպես հանրություն է: Ստացվում է այսպես. «ամբողջի» կյանքի իրավունքը պաշտպանելու համար պարտադրվում է անձնազոհություն «մասին»: Առաջանում են հարցեր. առանց հանրության կյանքի իրավունքը պաշտպանելու երաշխիքի հնարավո՞ր է անհատի կյանքի երաշխիք: Պատասխանը ակնհայտ է՝ ոչ: Մյուս հարցը. հնարավո՞ր է արդյուք հանրության անվտանգությունը երաշխավորել առանց նրա որոշակի մասի «անձնազոհության պարտադրանքի»: Մեր կարծիքով՝ հարցը մնում է բաց: Սրա պատասխանը որոշելուց հավանբար պարզ կդառնա, թե հայրենասիրությունն ընդհանրապես նույն վտանգը ունի՞ կեղծ հայրենասիրության պես սրիկային ապաստան տալու հարցում:

«Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է» Ջոնսոնի թեզը մեզ է հասել իր ժամանակակից և կենսագիր Ջեյմս Բոսուելի միջոցով: Մեզ հայտնի չէ կոնտեքստը, որի համար էլ այն ենթարկվում է բազմաթիվ և հակասական մեկնաբանությունների: Բոսուելի պնդմամբ՝ խոսքը վերաբերում է կեղծ հայրենասիրությանը, ոչ թե հայրենասիրությանը որպես այդպիսին: Մենք այստեղ չենք քննի տարբեր մեկնաբանությունները, կշարունակեմ սկզբում նշած տարբերակը, որը տարածվածներից է՝ հայրենասիրության անվան տակ քողարկել անձնական շահադիտական նկրտումները: Ինչպես ասվեց՝ որտեղ հայրենասիրությունը պաշտոնական և ժողովրդական լեգիտիմություն ունի, այնտեղ հեշտ է այն շահարկել: Դրան դիմում են հատկապես իշխանության ներկայացուցիչները, հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքական գործիչները սերտաճել են մերձքրեական և քրեական տարրերին: Պրակտիկան մեկ անգամ չէ, որ հավաստել է դրա «արդյունավետությունը», դա այնքան ակնհայտ է, որ օրինակներով հիշեցնելը ավելորդ ենք համարում:

«Այլընտրանքային» ապաստաններ

Սրիկային ապաստան տրամադրելը հայրենասիրության մենաշնո՞րհն է: Եթե ոչ, ապա ո՞չ բոլոր, թե՞ բոլոր գաղափարախոսություններն են ընձեռում այդ սողանցքի հնարավորությունը: Եթե հայրենասիրության մեջ ապաստանած սրիկայի մեթոդը իրեն անցանկալի մարդկանց հասարակական ճնշման ենթարկելն է՝ մեղադրելով հակահայրենասիրության, այսինքն՝ դավճանության մեջ, ապա ի՞նչ ճնշումների կարող են ենթարկվել այլ որոշակի, հանրային լեգիտիմություն ունեցող գաղափարախոսություններին հակառակողները:

Մինչև այս հարցերին հստակ և ոչ երկիմաստ պատասխաններ չտրվեն, հնարավոր չէ պնդել, որ միայն հայրենասիրությունն է սրիկայի վերջին ապաստանը: Պատասխանելը ավելի հեշտ է, քան կարող է թվալ: Դժվար է որոշել, թե հայրենասիրության գաղափարը երբ է առաջացել, գուցե փոքր բնակավայրի կտրվածքով այն հասնի մարդկության արմատներին, իսկ պետության իմաստով, ինչպես այսօր ենք հասկանում, այն նոր ժամանակների ծնունդ է: Ոչ ոք չի կասկածի, որ մինչև այդ էլ եղել են սրբազան՝ սակրալ գաղափարներ և դրանց միջոցով ճնշումներ կիրառելու պրակտիկաներ: Կա՞ որևէ երաշխիք, որ սրիկայի համար «ֆեյս-կոնտրոլ» է սահմանված եղել տվյալ գաղափարի մեջ: Ապաստան գտած սրիկայից սպասվող գլխավոր վտանգը հերյուրանքն է ու զրպարտությունը: Նա այդ սադրանքի միջոցով ճնշումների է ենթարկում իրեն անցանկալի անձանց, որոնք, իր հաշվարկներով, իր շահերին վնասող արարքներ են կատարում: Ակնկալվող ճնշումները կարող են լինել զոհին կենցաղային պիտակավորումներ և անձնական վիրավորանք հասցնելուց մինչև հասարակության որոշակի շերտերի կողմից վարկաբեկման ենթարկելուն դրդելը: Իսկ զրպարտել հնարավոր է ոչ միայն հակահայրենասիրության մեջ: Եթե հասարակության կամ նրա որոշակի շերտի մեջ տիրապետող է իռացիոնալությունը, այսինքն՝ հռչակված արժեքների կույր պաշտամունքը, ապա այն չի հանդուրժի որևէ առարկություն և քննադատական վերաբերմունք այդ արժեքների նկատմամբ. ցանկացած անհամաձայնություն արտահայտող հերետիկոս է, դավաճան և թշնամի: Այդ «անքննելի արժեքների» ցանկում որ գաղափարն էլ տեղ զբաղեցնի, անկախ իր ներքին բովանդակությունից, դառնում է ահաբեկման գործիք, իսկ դա չի կարող դուռը փակ պահել սրիկայի առաջ, ինչպես վերևում արդեն ցույց տրվեց: Ավելին, սրիկայի մուտքը ոչ միայն ազատ է, այլև անխուսափելի: Որովհետև այդ «անքննելի արժեքները» պարտադրելու կարևորագույն մեթոդներն են ահաբեկումը, շանտաժը («համաձայն չես, ուրեմն թշնամի ես») և զրպարտությունը, իսկ սրիկան կիրառում է հենց այդ գործիքները:

Այդ դոգմատիզացված արժեքների ցանկում ընգրկվելուց ապահովագրված չեն նույնիսկ այն արժեքները, որոնք ըստ նշանակության պետք է լինեն հակադոգմատիկ և ռացիոնալ: Իռացիոնալ դեսպոտիզմի համար կարևոր է ոչ թե բովանդակությունը, այլ ձևը, որի համար անհաժշետ է լեգիտիմություն՝ իր ճնշող գործողություններին «քարտ բլանշ» ապահովելու համար, իսկ թե ինչպես է հաստատվում այդ լեգիտիմությունը, դա այլ թեմա է, և այս հարցադրումներին չենք նախատեսել անդրադառնալ: Այլ իրավիճակներում առաջադիմության, ազատականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրության հռետորության ներքո կարող են զոհին վերագրել հայրենասիրական սնամեջ պաթոս և նրան մեղադրել հետադիմության, ֆաշիզմի և մարդատյացության մեջ: Ինչպես «հայրենասիրության սրիկան» «բարձր արժեք» հայրենիքի պաշտամունքի քողի տակ իր կարծիքը չկիսողներին զրպարտում է դավաճանության մեջ, նույնը կարող է անել նաև առաջադիմական և ազատատենչ ներկայանալ հավակնող սրիկան: Հիշենք երիտթուրքերի կուսակցության անվանումը՝ «Միություն և առաջադիմություն»: Տեսականորեն սրիկան ամենուր կարող է խցկվել՝ կախված նրանից, թե որ գաղափարը ավելի մեծ ուժ և լայն շրջանների լեգիտիմություն ունի:

Սոփեստությունից և դեմագոգիայից խուսափելու համար պետք է չմոռանալ մի կարևոր բան. սխալ է այն մոտեցումը, թե անխտիր բոլոր գաղափարների գերակայության միջավայրերում սրիկան հավասարապես առանց արգելքի կարող է ապաստան գտնել: Շփոթություն կարող է առաջանալ գաղափարի տեսական մակարդակի և այն իրականացնող հանրույթի միջև: Գաղափարը ինքնին չեզոք է, եթե կյանքի չի կոչված, այն չի կարող պաշտպանել ինքն իրեն, իսկ երբ այն իրականացնում են կոնկրետ անձինք և հանրույթներ, ապա նրա պաշտպանվածությունը սրիկաներից կախված է այն կրողների բարեխղճությունից, պատասխանատվությունից և հավակնություններից:

 

Անդին 5, 2016

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Share

Կարծիքներ

կարծիք