Դարաշրջանի գիշատիչ էության բացահայտումը Արթուր Միկոյանի «Սատանայի աշտարակը» վիպակում

Հեղինակ:

ashtarak

Արթուր Միկոյանի «Սատանայի աշտարակը» վիպակը կարդացի անմիջապես ադրբեջանական ագրեսիային հաջորդող օրերին: Հեռուստատեսությունը, մամուլը, համացանցը հեղեղված էին չորսօրյա պատերազմի իրադարձությունները լուսաբանող տեղեկություններով ու փաստերով, որոնք ատելություն էին ծնում Արցախի դեմ ռազմականացված գործողություններն իրականացնողների նկատմամբ: Այդ օրերին Հայաստանի Հանրապետության գլոբալ հիմնահարցը բթացնող ագրեսիայի ռեալությունն էր… Զարմանալի է, որ երիտասարդ գրողի երկում հայտնաբերեցի պատմաքաղաքական ներկա վիճակից ծնված մտահոգություններիս զուգահեռը: Չնայած վիպակի ծավալին` վերջինիս գեղարվեստական մտահղացումն ուշագրավ էր թեմայի արդիականության, արտահայտած համամարդկային գաղափարների հրատապության իմաստով: Ստեղծագործություն, որով, ըստ իմ ընկալման, Ա. Միկոյանը ձևավորեց իր ոճը և գրական ուղին: Ներկա ստեծագործությամբ Ա. Միկոյանը հաստատեց, որ ատել և ատում է պատերազմը, բռնությունը, տեռորը, և թեև ինքն ապաքաղաքական մարդ է, որն էթիկայի ներկայացուցիչ է, բայց մեկն է նրանցից, ովքեր կասեցնում են Չարը երկրի վրա: Ակնհայտ է, որ նրա ստեղծագործության ձևավորման վրա ազդել է այն հանգամանքը, որ պատերազմի, բռնությունների, կապիտալիստական հասարակության աններդաշնակ զարգացման հետևանքով ժամանակակից մարդիկ հայտնվում են հոգեբանորեն գրեթե կղզիացած պայմաններում, իսկ փոքրաթիվ մտավորականները չեն կարողանում հաղթահարել տևական վախի զգացումը: Նրանք կարոտի, միայնության, օտարվածության կրողներ են և մեկուսանում են թշնամական իրականությունից:

Վիպակի ոճը խելացնորության` ֆանտաստիկի և իմաստության խառնուրդն է, որը տեսիլի տպավորություն է թողնում: Այն միստիֆիկացիա է, բայց հնարավորություն է տալիս բացահայտելու մարդկության` հետընթաց զարգացման ուղին: Պայմանական իրականությունն ընթերցողից պահանջում է հավատալ բոլոր իրադարձություններին` անկախ պատկերվածի անսովորությունից: Տեսիլը և երևակայականն անչափ տպավորիչ են: Ֆանտաստիկականի գեղարվեստական հատկանիշներից է նաև, որ պատմողն իր ինտուիտիվ զգացողություններն ու սուբյեկտիվ պատկերացումները ռացիոնալ եղանակով ստացված գիտելիքի է հավասարեցնում: Կարող է անգամ գերազանցություն վերագրել դրանց` հավատալով, որ անբացատրելին ևս իրականություն է: Ըստ նրա` դժվար է ապացուցել, թե ե՞րբ է մարդն ավելի իմաստավորված ապրում` արթո՞ւն, թե՞ պատկերացումների ներգործության դեպքում:

Գրողն ընթերցողի առջև բացում է ապագայի վարագույրը` նրան տեղափոխելով 2020-2080 թվականները, իսկ որոշակիի և անորոշի խառնուրդը նրա պատումին հաղորդում են միստիկական, հանելուկային երանգ:

«Սատանայի աշտարակը» վիպակի հերոսը շարքային մարդ չէ: Նա գիտնական է` տեսածի և իրականի զուգորդություններով նոր պատկերներ ստեղծելու հազվագյուտ ունակություն ունեցող անհատ:

«Գործողությունները ճշգրտորեն ենթարկվում էին նրա բարձրակարգ գիտակցությանը», «Նա,- վկայում է պատմողը,- իր զգայական աշխարհը կապել էր անմահության գաղափարի հետ: Իսկ բոլոր գաղափարները ծնվում էին ուսումնասիրած հազարավոր գրքերից և հասնելով գիտակցությանը` համակարգվում էին ու կյանքի կոչվում զգայական տիրույթում» (էջ 23): Դանիելն իրականացնում է հիմնարար հետազոտություններ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնման նպատակով: Նա տառապում է ինքնակատարելագործման ֆաուստյան մղձավանջից: Վերջապես հայտնաբերում է Անմահության շիճուկը, որի համար արժանանում է Նոբելյան մրցանակի: Համոզված է, որ իր ստեղծած դեղանյութն անմահություն կտա մարդկությանը, խոսելու ընդունակություն` կենդանիներին և հոգի` բույսերին:

Ակնհայտ է, որ վիպակի գեղարվեստական համակարգը պատկանում է հոգեբանական ֆանտաստիկայի ժանրին: Վերջինս ձևավորվել և զարգացում է ապրել լատինամերիկյան նորագույն գրականության մեջ` Արգենտինայում, նախորդ դարի երեսունականներին: Ժամանակաշրջանը հայտնի է «լատինամերիկյան բում» անվանումով: Բարձրակետը Խուլիո Կորտասարի ստեղծագործությունն է, որի հակաբռնապետական ֆանտաստիկ նովելները` գրված Բատիստայի, Խուան Դոմինգո Պերոնի բռնապետության դեմ և Կուբայի ազատագրության թեմայով, լայն ճանաչում են գտել աշխարհում: Ֆանտաստիկն այն է, ինչը գտնվում է իրականության և հրաշքի միջև, կասկած է հարուցում, ընկալվում է զգայությունների միջոցով, սակայն, միևնույն ժամանակ, մնում է անբացատրելի: Ընդունված տեսակետի համաձայն` արգենտինացի Խ. Բորխեսը պատկերում է «տիեզերական ֆանտաստիկան», իսկ նրա կրտսեր ժամանակակիցը` Խ. Կորտասարը` «հոգեբանական ֆանտաստիկան» (Անդերսոն Էնրիկե), այսինքն՝ «տարօրինակ ուժերի ներխուժումը կարգավորված իրականությունում մարդու հոգեբանության մեջ բացված ճեղքվածքների միջոցով» (Վալդես Մարիո): Ֆանտաստիկ տիպի գրականությունը ձևավորվել է տեղական և եվրոպամետ մշակույթների, տարբեր գաղափարների մոդեռնիստական միահյուսումից:

Ֆանտաստիկայի առաջացման գրապատմական նախադրյալներն օբյեկտիվ են: Նախ` սկսվել էր մայրցամաքի ազատագրության և երկրորդ` հակաֆաշիստական միտումների դեմ պայքարի դարաշրջանը, որոնք լուրջ հիմքեր էին, որպեսզի հակաբռնապետական ֆանտաստիկ երկերը պահանջարկ վայելեին: «Սատանայի աշտարակը» վիպակը, ժանրի ակտիվության նշյալ միտումին համապատասխան, արտացոլում է 21-րդ դարաշրջանի գլոբալ հիմնախնդիրը` կապված, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության, սիրական իրադարձությունների, առհասարակ երկրագնդի վրա պատերազմների և բռնությունների շարունակականության հետ: Սա նույն պրոբլեմատիկան է, որով ձևավորվել է Արգենտինայի այցեքարտը դարձած ֆանտաստիկական նովելը: Սխալված չենք լինի` ասելով, որ եվրոպական տիպի ինտելեկտուալիզմի համատեղումը երևակայական սկզբունքների հետ ձևավորում են Ա. Միկոյանի ամբողջական ստեղծագործական հայեցակարգը, որին ընթերցողն առնչվում է միանգամից` վիպակի առաջին իսկ նախադասությունից: «Առավոտյան ժամը 8. 45-ն էր: Բժիշկ Դանիել Զինգերը շտապում էր աշխատանքի: Զինգերն ապրում էր Ադվիս քաղաքի Դևլիս Թովեր փողոցում: Հենց այդ փողոցում էր գտնվում նրա գիտահետազոտական լաբորատորիան» (էջ 3): Ենթատեքստ են տեղափոխված Զինգերի ազգանվան հրեական ծագման մասին աղոտ ենթադրությունները: Միայն սյուժեի դրամատիկ զարգացման ընթացքում է առաջ գալիս նրա գիտական գաղափարի արդյունքի, գիտատեխնիկական փորձաքննության և աշխարհի գերմանաֆաշիստական մոդելի միջև կապի, ընդհանրության մասին եզրահանգումը: Եթե գերմանական մարդատյացության դասերն էին` «աշխարհին տիրել է անգութ մի ժամանակաշրջան. մենք ենք պատրաստել այն: Մենք, որ արդեն նրա զոհն ենք… Կարևորն այն է, որ բռնությունը տիրի: Մենք սովորեցրինք բռնության և հրի հավատը…» , ապա վիպակում դրա պատկերը փոքր-ինչ այլ է. «Այս մղձավանջները շարունակվեցին ևս մեկ տարի: …Դեղանյութի տարածման արդյունքում ծնվել էին միլիոնավոր անլաց երեխաներ: Նրանք աչքի էին ընկնում իրենց անսովոր, տարօրինակ դաժանություններով, իսկ ծնողների մեծ մասը հրաժարվում էր երեխաներից: 427000 մայրեր դարձել էին իրենց նորածինների զոհը»: (էջ 65): Այլ տեղում` «Նա ամբողջ մարդկությանը տարավ կործանման ճանապարհով» ( էջ 74), «Դանիելը հոգևոր ունայնություն զգաց և բարոյական պատասխանատվություն: Նա զգաց, որ հենց ինքն է խախտել կյանքի իմաստային սահմանները» (էջ 60), նաև` «Անհոգի մահկանացուները» կործանեցին մարդկությանը` քաղաքակրթությունները հավասարեցնելով միջնադարյան մակարդակին» (էջ 74) և այլն:

Թվում է` գրողը ողջ պատմությունն է համարում մարդկության արկածախնդրության հետևանք: Մյուս կողմից` մշուշոտ հեղափոխականությունը նրա աշխարհայացքի կռահելի կողմն է, ինչը, սակայն, փոփոխություն է կրում` զսպվելով գեղագիտականի, մտքի փիլիսոփայական հակման կողմից: Ա. Միկոյանը փորձում է պատասխանել, թե դեպի ուր է գնում մարդկությունը և որոնք են ժամանակակից գիշատիչների ձևավորման կենսաբանական, էթիկական, բարոյահոգեբանական, սոցիալ-քաղաքական, պատմական հիմքերը: Բնական է, որ նշյալ հարցերի պատասխանները նա դիտարկում է պայմանական-ֆանտաստիկական իրականության մեջ` սկսելով արքետիպերից, ինչպիսիք են ծնողները, կինը, տղամարդը, նրանց սեռային մասերը` ստինքը, սաղմի համար կենաց սափոր ծառայող արգանդը և այլն: Մինչդեռ «անմահների» նոր սերունդն աշխարհ է գալիս` խժռելու ստինքները, որոնցով կերակրվելու էր, և պատռելու արգանդը, որտեղ ծննդագործվել էր: Դա և՛ անձնական, և՛ համամարդկային ողբերգություն է: Հմմտ.` «Նա (Դանիելը) …հայացքը հառեց դեպի նորածինը, որը վամպիրային արյունոտ հայացքով (բերանին լերդացած էր արյունը, իսկ կզակից հոսում էր թարմ արյունը), գազանի նման նայում էր հորը: Դանիելն զգաց իր անզորությունը նրա առջև` որպես մարդկային այլանդակ դրսևորման» (էջ 60):

Ընդհանուր գեղագիտական համակարգում արձակագիր Միկոյանի հակաբռնապետական վիպակը սարսափների իրականությանը հակադրում է բռնությունների դեմ մաքառման տրամադրությունը` ավանդական ռազմահայրենասիրական հերոսների փոխարեն բերելով միակ հերոսին և իր կարեկցանքը մոլորված մարդկության նկատմամբ: Առհասարակ մարդկության բարոյական արժեհամակարգը նա կատարյալ համագոյակցության չափանիշ է համարում:

«Սատանայի աշտարակը» վիպակը, այսպիսով, գաղափարական իմաստով 20-րդ դարի և 21-րդ դարասկզբի համաշխարհային բռնապետությունների պատմության և մարդատյացության գաղափարաբանության քննադատությունն է: Պատկերված է, թե որքան սարսափազդու կարող է լինել բռնությունը և ինչպիսին են նորագույն դարաշրջանում տարբեր ազգությունների ազգայնականները, ռասիստները, բռնակալները, տեռորիստ-ահաբեկիչները` «գիշատիչները», որոնք համաշխարհային սպառնալիք են դարձել: Վերջիններիս միֆական խորհրդանշանը բորենիներն են, որոնց ինտուիտիվ-ֆանտաստիկ ներզգայումը շրջանակում է ստեղծագործությունը: Հմմտ.` «Այն սարսափը, որ նա տեսավ խոհանացում, սրտահև արեց Դանիելին. մոտ յոթ-ութ բորենի իր ծնողներին արդեն խեղդամահ արած` ագահորեն հոշոտում էին… Աչքերը չռեց ննջասենյակի պատուհանին, որը բաց էր, իսկ այնտեղից արագ ներս էր սողսոսկում բորենիների հսկա շարասյունը…»(էջ 7): Գեղարվեստորեն տպավորիչ է ոչ այնքան պատկերի միֆական ենթատեքստը, որքան Դանիելի ֆանտաստիկ պատկերացման հոգեբանական հավաստիությունը, որը մղձավանջային երազի տպավորություն է ստեղծում:

Ստեղծագործության հաջողված կողմը, ինչ խոսք, թեմայի ֆանտաստիկական լուծումն է, անառարկելի է նույնպես, որ հաջորդ լիարժեք գյուտը գիտնականի կերպարի հոգեբանական բնութագրի ամբողջությունն է: Դեպքի, դրվագի ներաշխարհային ճյուղավորումը, հոգեզգացական մանրամասնություններն անթերի և բնական են պատկերված: Հոգեբանական կողմը, կարծում եմ, գեղարվեստական իրականացման տեսանկյունից ամենաբարդն է: Չէ՞ որ այդ հարցում կաղապարված չափորոշիչներ` ստանդարտներ չկան: Դա կրկնելը, ընդօրինակելն անհնար է: Կարող ես տաղանդ ունենալ և տեսնել դա կամ տաղանդ չունենալ և չտեսնել: Ընդհանրապես, դասական փոքրածավալ արձակի պարզ լեզուն և գեղարվեստականության մոդեռնիստական հատկանիշներն անջնջելի հետք են թողնում հիշողության մեջ (այդ թվում` սատանայի` խավարի մեջ վեր խոյացող աշտարակի միֆական խորհրդանշան-պատկերը):

Տարակույսից վեր է, որ գրողը գեղարվեստական նկատելի առաջընթաց է արձանագրել, որով ստիպում է հետագայում սպասել գրական նոր որակների:

 

 
Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք