Անդին 2015-ն այլևս իրողություն է

dsc03051Սեպտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Անդինի երկրորդ մրցանակաբաշխությունը: Հինգ հիմնական մրցանակներն այս տարի անվանակոչված էին, Անդինի մրցանակաբաշխության հանձնախումբը ավելացրել էր նաև Տարվա մշակութային իրադարձություն մրցանակը, որն այսուհետ կրում է Լևոն Ներսիսյանի անունը: Անդինի բրոնզե նետաձիգ մրցանակը (հեղ. Աշոտ Գևորգյան) Մշակույթի նախարարությունը շնորհեց Կարմիր բլուրի հնագիտական արշավախմբին՝ «Մոռացության մատնված և սպառված համարվող հնավայրի դամբարանադաշտից պատմամշակութային հույժ արժեքավոր, մեր անցյալի վրա նոր լույս սփռող գտածոներ պեղելու, հնավայրի նոր հեռանկարները բացահայտելու և տքնանքի համար»:

dsc03013Վարդգես Պետրոսյանի անվան հրապարակախոսության մրցանակը գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը հանձնեց Արմեն Դավթյանին՝ ձևակերպելով՝ «Հայաստանի ներքին կյանքին և միջազգային առնչություններին նվիրված դիպուկ ու արդիական հրապարակումների և ժամանակի շնչառությունը հաղորդելու կարողության համար:»

Առանձնահատուկ էր Կոստան Զարյանի անունը կրող արձակի մրցանակը, որը շնորհվեց բոլորովին վերջերս մեզանից հեռացած Մհեր Դավոյանին՝ «անկրկնելի տաղանդով գրված և մարդու հանդեպ աներևակայելի սիրով լի ստեղծագործությունների ու նաև մարդկային և գրողական անսահման արիության համար»:

Անդին ամսագրի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մրցանակը հաձնեց Մհեր Դավոյանի որդուն՝ Ռազմիկին:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը լավագույն պոեզիայի մրցանակը՝ «Իր ստեղծագործություններում նրբագույն բանաստեղծականության և քաղաքացիական պաթոսի բացառիկ համադրման ու ժանրային պայմանականություններից վեր լինելու համար» հանձնեց բանաստեղծ Հուսիկ Արային: Ի դեպ, մրցանակը կրում էր հրաշալի պոետ Հրաչյա Սարուխանի անունը, ով անցած տարի հենց այդ նույն բեմից ստացավ Անդինի լավագույն պոեզիայի մրցանակը:

Անդինն ուներ նաև արդեն ավանդույթ դարձած Անդինի հայտնություն մրցանակը, որն այսուհետ կրում է Սլավիկ Չիլոյանի անունը: Անդինի պոեզիայի և երիտասարդության բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը Անդինի հայտնության մրցանակը հանձնեց  «գրականությունից հրաժարվող» երիտասարդ գրող Արամ Ավետիսին՝ «Լռությունն ու Բառի Երազը ճանաչելու և միայնակ ոգեշնչվելու համար»:

dsc03110«Տարվա հերոս» մրցանակն Անդինն անվանակոչել էր ապրիլյան մարտերում հերոսաբար ընկած կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվամբ: Հանդիսությանը ներկա էր նաև տիկին Համեստը՝ կապիտան Ուրֆանյանի մայրը: Մրցանակը շնորհվեց այդ նույն մարտերի Քաջերից քաջին՝ Մարատ Պետրոսյանին, ով կռվի ժամանակ խոցել էր հակառակորդի հինգ տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա:

Մրցանակակիրներին և հյուրերին ողջունեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանը, ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը և երաժիշտ-երգահան Վահան Արծրունին:

dsc03063 dsc03154

 
Ամբողջական ֆոտոշարքը այստեղ

Share

Կարծիքներ

կարծիք