Բանաստեղծություններ

14141898_1121529434572614_2631856298584460657_n

 

Կորուստ

Ինձ կորցնում եմ,

Գցում պարանոյիկ հարթություններ,

Կրկնում չստացված փրկությունները,

Չկառուցված վերջակետերը,

Չստացված վերադարձերը,

Անընկալության բոլոր ձևերը

Ու ընկալվածի պակասությունը:

Դու մի հավատա,

Թե հավատավորը երկինքը մերժելիս

Ամպեր չի գծում առաստաղին,

Թե միայնակ գայլը

Որսը չի կորզում հետքով ոհմակի:

Բոլոր ծիլերը հիշողություն ունեն քարի,

Բոլոր հասածները արմատներ ունեն քարի,

Իսկ դեռ ինձ կորցնում եմ

Ու փնտրում ուր պատահի:

 

 

Հնդկուհուն

Կեռ ժայռերին զարկված վայրի մանուշակ,

Որ հայացքիդ կախ են գալիս

Ու խաղաղվում անդունդները գլխահակ,

Դու նման ես այն հնդկուհուն մի քիչ թուխ,

Որ վարգում էր հեռու Անդյան լեռներում:

Շուրջը լուռ է բուրմունքներով մենության,

Ու քարոտ է քնքշությունդ հողմակոծ,

Բարձրությամբ ես դու խելագար ու անհայտ,

Դու լքված ես բյուր շողերով մանկամարդ:

Բեկված ես դու բեկյալներով մշուշի,

Ու ճաքում է հորիզոնը շուրթերիդ,

Օտարոտի մի խուլ կիրք է քո զարկում,

Մի մոլորված անփույթ հետք է քո մտքում:

Աչքը, որ չի կառուցել

Անդունդի խորքը նեխած,

Գուցե մեռնի աչքը կախ՝

Իր կերպարը անիծած:

Սևաչք ժայռով դու կարծրասիրտ մանուշակ,

Ես մարում եմ քո քնքշությամբ վիմական,

Դու նման ես այն հնդկուհուն մի քիչ թուխ,

Ում փնտրեցի հեռու Անդյան լեռներում:

 

 

***

Վաղուց էր,

Քաղաք էր մտել մի խելագար,

Ուր թափթփված կոշիկներ կային,

Իսկ նա հետքեր էր հավաքում,

Եղածները խորթություն էին թողել,

Որով հյուրերին սեր էին ապտակում,

Պատերին գալիք էին նկարում,

Ու դեռ խոնավ էր փախուստի պոչը,

Կրակներ էին փաթաթում տուփում,

Շաղ տալիս կանգնած զարկերին,

Ու թվում էր,

Թե ազատության որդիները

Սիրո համար դեռ շատ են տհաս:

Քաղաք էր մտել մի խելագար,

Իրեն շաղախել չոր հիմքերին,

Կրծել սպասումի կարծր աղը,

Պայտել բոլոր վերադարձերը

Ու բարձունքներին խնկել,

Թե անդունդներից կատարյալը

Վեր ելածն է:

Վաղուց էր,

Երբ ժամանել էր մի անծանոթ,

Ով թռչել էր ուզում:

 

 

Ասորուհիս

 

Գիտեիր, թե կոպերիս տակ

Խաղում են զույգ կարոտներ,

Թե ես Արայի քնքշությունն եմ

Դարեդար չտրված,

Ավաղ, ես նոյեմբերի ծնունդ եմ,

Մութ ու մշուշ եմ

Ու սպառել եմ

Բոլոր տեսակ սերերը:

Ասորուհիս,

Միթե դու ծածկ կփնտրես

Նրա մոտ,

Ով թափառում է տանիքներին,

Կգրկես այն գիրկը,

Որում արկտիկական ցրտին

Թրև են գալիս բվերը:

Ասորուհիս,

Իմ ժամանակը մի չոր գիշեր է,

Լույսը կբացվի ցաքուցրիվ,

Ու իրար կոխկրտելով կգան

Մարած-չմարած պարտքերը,

Տրված-չտրված խոստումները,

Լռած-չլռած վախերը:

Ասորուհիս,

Գիտեիր, թե ես Արայի

Չտրված քնքշությունն եմ,

Բայց մեր Նինվեն

Քանդվել է վաղուց:

 

 

***

Գիտե՞ս քեզնից առաջ

Քանիսի հետ եմ շերտ առ շերտ փլուզվել,

Ծովախորշը փաթաթել եմ քամիներով,

Որոնք ծովին կայմեր չունեն,

Փողոցները լցրել եմ ոտքերով,

Որոնք հետքեր չունեն,

Անկյունները լցրել եմ ստվերներով,

Որոնք ծագում չունեն,

Սպասումները ձգել եմ բեկյալներով,

Որոնք թոկեր չունեն:

Գիտե՞ս քեզնից առաջ

Քանի լռություն մյուսով եմ լցրել:

 

 

***

Օվկիանոս է,

Ես թակարդում ձկնորսի

Ինչպես մի ձուկ,

Ում դուրս ընկած աչքերից

Հոսում է չմարսված մի սկիզբ:

Բոլոր 20-ը մտածները

Աշխարհը քանդում

Ու չեն հավաքում,

Իմ ուզածը մի շիշ շամպայն էր

Ու հանդուգն լուսին,

Ում հետ պիտի Էվրիկա գոչեի

Հորս չփնտրած ճամփեքին,

Պիտի փաթաթեի կծկված վախերը,

Ափսոսանքի կտորտանքները

Ու խճճած հաշիվները,

Որոնք ժառանգություն են

Բոլոր նորածին ծովահեններին,

Ում աշխարհում օրենքները

Կրում են խախտվելու ժառանգություն:

Օվկիանոս է,

Ես կղզի եմ,

Ում ափերին ոսկորներն են մոլորվածի

Ու սնդուկներ խելագար շքեղությամբ,

Որ կան չլինելու համար,

Որպես ցինիկ մի պատասխան

Ժամանակներում վերուվար անողին:

Օվկիանոս է՝

Մեջն էլ կրկնված մի երգ

Նավը լքածներից:

 

 

***

Մոռացի՛ր ինձ,

Չէ՞ որ ինձ հիշելիս

Մի նոր անդունդ է

Հոգիդ շոշափում,

Թափթփվում են բառերդ կրկին

Իրար անծանոթ խորթությամբ,

Ու մի բևեռից մյուսը թռչելիս

Մի հարցը մյուսից բողբոջ է տալիս:

Ազատի՛ր ինձ,

Ինչպես եղևնին այրում են

Վերջում Ծննդյան տոնի:

 

 

Անդին 5, 2016

Share

Կարծիքներ

կարծիք