Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ № 0

Հեղինակ:

13902701_1104522956273262_644738702561644595_n

Այս տեքստը գրված է այն մարդկանց համար,ովքեր ծանոթ են Ֆերնանդո Պեսոայի և Կոնստանտինոս Կավաֆիսի պոեզիային, կարդացել են Լադիսլավ Կլիմայի վեպերից գոնե մեկը, անգիր գիտեն Բրոթիգանից մեկ տող, իսկ երազում տեսնում են Սելինի բազմակետերը:

… … … … … … … … … … … … … … … … … … … … … … …

Այս օրենքին պետք է խստիվ հետևի այս տեքստի ընթերցողը:

Կաղապարված միտքը և շարադրության պես գրված գրականությունը վերջիվերջո պետք է իսպառ դուրս գա ժամանակակից ընթերցողի գլխից:

Հիմա ընթերցող երևալը ավելի կարևոր է, քան ընթերցող լինելը:

Մեծամտություն չհամարեք իմ օրենքները: Չնայած կարող եք, քանզի Մեծի հանդեպ իմ և ձեր աշխարհայացքը խստիվ տարբերվում է:

Իր բանաստեղծություններից մեկում Կավաֆիսը այսպիսի հարց է տալիս: «Ով ենք մենք՝ հայ, ասորի, թե հույն, դժվար կկռահես միայն արտաքինից» Այս հարցին, որը իրականում որպես հարց չի հնչում, կա պատասխան: Մենք ոչ հայ ենք, ոչ հույն, ոչ ասորի: Մենք ընթերցող և գրող երևացող ենք: Իսկ երևացողը չունի ազգություն: Նրա հայրենիքը Տգիտությունն է, իսկ գիտելիքը կարկատված է Արթյուր Ռեմբոյի գրպանների պես:

Ես այն գրողն եմ, ով «ինչու ես գրում» հարցին չեմ պատասխանում  «որովհետև դա եմ կարողանում լավ անել», քանի որ ի սկզբանե գիտեմ, որ չգրելը ավելի մարդկային վիճակ է, քան գրելը: Քանի որ գիտեմ, որ ՉԳՐԵԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՄ ԿԱՐՈՂ: Քանի որ եթե գիտեմ ինչու չեմ գրում, ուրեմն այդժամ դառնում եմ իսկական գրող:

Պատահական չէ, որ գրողների մեջ վատ գրողներ ավելի հաճախ են հանդիպում, քան չգրողների մեջ:

Բառերը այնքան դժվար են տրվում, որ նրանց իմաստը հասկանալուց հետո գերադասում ես լռել: Լռությունը Բառի երազն է: Իմ բերանում բառերը դառնում են լռություն, և ես երազների լեզվով եմ խոսում:

Ես այն գրողն եմ, որին պետք չէ ոգեշնչում: Ես գրում եմ առանց նրա: Երկուսով միշտ դժվար է մտածել:

Չգրելու հիվանդությունը կոչվում է «բարթլբի»:

Ես հրաժարվում եմ գրելուց, որովհետև դժվար է խոսել գրականության մասին այն մարդկանց հետ, ովքեր հեշտ են բառերը գտնում, որոնց մտքերը գալիս են պաթոսից և գնում դեպի գրական կենցաղ:

Այս աշխարհում կա երկու արժեքավոր բան՝ իմ լռությունը և իմ գրքերը: Դեռ չկարդացած գրքերը:

Չկարդացված գիրքը նման է լռող մարդու:

Ես եմ Բարթլբին այս դարի: Եվ ես հրաժարվում եմ ոչ միայն գրելուց, այլև խոսելուց և մտածելուց: Ես հրաժարվում եմ այս մանիֆեստից: Ես հրաժարվում եմ ժամանակակից գրչակներին գրող անվանելուց: Ես հրաժարվում եմ հրաժարվելուց: Ես գերադասում եմ լռել:

Ինձ համար այն, ինչ կոչվում է արդի գրականություն, ոչ այլ ինչ է, քան պարապ բառ: Դատարկ գրքեր ոչնչի մասին:

Բոլոր մեծ մտածողները գիտեին, որ գրելուց այլանդակ բան չկա այս աշխարհում:

Իմ չգրած մտքերը փայլուն են, և ես, որպես ինքնասիրություն ունեցող մարդ, հրաժարվում եմ նրանց թղթին հանձնել, որպեսզի նրանք չաղտոտվեն դատարկ հայացքներից:

Ես ուզում եմ լինել ամենաչկարդացվող հեղինակը: Ես ուզում եմ, որ ինձ չճանաչեն: Ես հրաժարվում եմ բոլոր մրցանակներից՝ հանձնելով դրանք այն մարդկանց, ովքեր ծանոթ չեն Ֆերնանդո Պեսոայի և Կոնստանտինոս Կավաֆիսի պոեզիային, չեն կարդացել Լադիսլավ Կլիմայի վեպերից գոնե մեկը, անգիր չգիտեն Բրոթիգանից մեկ տող, իսկ երազում չեն տեսնում Սելինի բազմակետերը:

… … … … … … … … … … … … … … … … … … … … … … …

Քանզի ծանոթ լինելով այս ամենի հետ, կգերադասեին լռել:

Ես այն գրողն եմ, ում ձեռքերը նման են Մոնա Լիզայի ձեռքերին, և ես գրում եմ առանց ոգեշնչման:

P.S. Եվ չգրելու մտքից ոգեշնչվում:

Անդին 5, 2016

Share

Կարծիքներ

կարծիք