Ապրիլյան կախարդանք

Հեղինակ:

Օդում՝ հովիտներից վեր, աստղերի տակ, գետի, լճակի, ճանապարհի վրայով թռչում էր Սեսին: Անտեսանելի, ինչպես նոր գարնանային քամիները, թարմ, ինչպես երեքնուկի բույրը մթնշաղոտ դաշտերում՝ թռչում էր նա: Նա ճախրում էր աղավնիների մեջ՝ թեթև, ինչպես սպիտակ կզաքիս, կանգնում էր ծառերի վրա և ապրում էր ծաղիկների մեջ, և երբ փչում էր զեփյուռը, թռչում էր ծաղկաթերթիկների հետ: Նա բնակվում էր անանուխի պես զով դեղնականաչագույն գորտի մեջ՝ շողացող գետափոսի մոտ: Նա վազում էր բրդոտ շան մեջ և հաչում էր՝ ականջ դնելու հեռավոր ամբարներից եկող արձագանքներին: Նա ապրում էր ապրիլյան թարմ խոտի մեջ, արցունքի պես ջինջ խոնավության մեջ, որ ելնում էր մշկաբույր հողից:

«Արդեն գարուն է,- մտածեց Սեսին:- Այս գիշեր ես կլինեմ աշխարհում գոյություն ունեցող յուրաքանչյուր կենդանի բանում»:

Ահա նա նրբիկ ծղրիդների մեջ է՝ ճանապարհների խայտաբղետ գուդրոնի վրա, ահա՝ լողում է երկաթե դարպասի վրայի ցողի մեջ: Իր կյանքի այս երեկոյան, երբ ընդամենը տասնյոթ տարեկան էր, նրա ճկուն, արագաշարժ միտքը անտեսանելիորեն ճախրում էր Իլինոյսի քամիների հետ:

«Ուզում եմ սիրահարվել»,- ասել էր նա:

Նա դա ասել էր ընթրիքի ժամանակ: Նրա ծնողները լայնաբաց աչքերով քարացել էին իրենց աթոռների վրա: «Համբերություն,- եղել էր նրանց խորհուրդը,- հիշի՛ր, դու յուրահատուկ ես: Մեր ողջ ընտանիքը անսովոր ու յուրահատուկ է: Մենք չենք կարող խառնվել սովորական մարդկանց կամ ամուսնանալ նրանց հետ: Մենք կկորցնենք մեր մոգական կարողությունները, եթե այդպես վարվենք: Դու չես ցանկանում կորցնել «ճանապարհորդելու» քո մոգական կարողությունը, չէ՞: Այնպես որ, զգույշ եղիր: Զգո՛ւյշ եղիր»:

Սակայն իր բարձրադիր ննջարանում Սեսին օծանելիք ցողեց պարանոցին և պառկեց առագաստավոր անկողնում՝ դողալով ու սրտի թրթիռով, մինչ կաթնագույն լուսինը բարձրացավ Իլինոյս աշխարհի վրա՝ վերածելով գետերը սերուցքի, իսկ ճանապարհները՝ լուսնոսկու:

«Այո,- հառաչեց նա,- ես արտասովոր ընտանիքի անդամ եմ: Մենք քնում ենք ցերեկը, իսկ գիշերը քամու հետ սավառնում՝ ինչպես սև ուրուրներ: Եթե ցանկանանք, կարող ենք ողջ ձմեռ տաք հողի տակ քուն մտնել խլուրդների մեջ: Ես կարող եմ գտնվել ամեն ինչի մեջ՝ լեռնային բյուրեղի, քրքմածաղիկի, աղոթող ուխտագնացի: Ես կարող եմ իմ պարզ, հողեղեն մարմինը թողնել այստեղ, իսկ հոգիս ուղարկել հեռու՝ արկածների հետևից: Հիմա՛»:

Քամին նրան քշեց-տարավ դաշտերի ու մարգագետինների վրայով:

Նա տեսավ տներից և ֆերմաներից առկայծող գարնանային ջերմ լույսերը, որ շողշողում էին մայրամուտի գույներով:

«Եթե ես ինքս չեմ կարող սիրահարվել, քանի որ պարզ ու անսովոր եմ, ուրեմն կսիրահարվեմ մեկ ուրիշի միջոցով»,- մտածեց նա:

Գարնանային գիշերվա մեջ ֆերմային կից տան մոտ մի աղջիկ՝ մուգ վարսերով, մոտավորապես տասնինը տարեկան, քարե խոր ջրհորից ջուր էր հանում: Նա երգում էր:

Սեսին, վերածվելով կանաչ տերևի, ընկավ ջրհորի մեջ: Նա պառկել էր ջրհորի փափուկ մամուռի մեջ և մութ զովության միջից նայում էր վեր: Ահա նա թռչկոտող անտեսանելի ամեոբայի մեջ է: Ահա ջրի կաթիլի մեջ: Ի վերջո, սառը բաժակի ներսում նա զգաց՝ ինչպես է բարձրանում դեպի աղջկա շուրթերը: Գիշերվա օդում լսվեցին կումերի մեղմ ձայները:

Սեսին աղջկա աչքերով նայեց շուրջը:

Նա թափանցեց մութ գլխի ներսը և փայլուն աչքերի խորքից նայեց այն ձեռքերին, որ քաշում էին կոպիտ պարանը: Նա ականջախեցիներով ականջ դրեց աղջկա աշխարհին: Նրա նրբազգաց քթանցքերով նա որսաց մի անծանոթ տիեզերքի բույր, զգաց այս առանձնահատուկ սրտխփոցը: Զգաց այս օտար լեզվի շարժումները, երբ նա երգում էր:

«Տեսնես նա գիտի՞, որ ես այստեղ եմ»,- մտածեց Սեսին:

Աղջիկը խորը շունչ քաշեց: Նա հայացքը հառեց գիշերային մարգագետիններին:

-Ո՞վ կա այդտեղ:

Ոչ մի արձագանք:

«Միայն քամին է»,- պատասխանեց Սեսին:

-Միայն քամին,- աղջիկը դողդողալով ծիծաղեց ինքն իր վրա:

Գեղեցիկ էր աղջկա մարմինը: Քնքուշ մաշկը ծածկում էր բարեկազմ, փղոսկրի պես հրաշալի ոսկորները: Նրա ուղեղն ասես խավարում ծաղկած վարդագույն թեյի վարդ լիներ, բերանը բուրում էր խնձորի գինու անուշահոտությամբ: Շուրթերն ամուր գրկել էին ձյունաճերմակ ատամները, հոնքերը կամարներ էին գցել աշխարհի վրա, իսկ մազերը՝ փափուկ ու նուրբ, թափվում էին կաթնագույն պարանոցին: Քիթը նայում էր լուսնին, իսկ այտերը շողշողում էին փոքրիկ կրակների նման: Մարմինը փետուրի թեթևությամբ մի շարժումից մյուսն էր անցնում և, ասես անդադար, ինչ-որ բան էր երգում ինքն իրեն: Այս մարմնի, այս գլխի մեջ գտնվելը նման էր օջախի կրակից ջերմանալուն, քնած կատվի մլավոցի մեջ ապրելուն, գիշերը դեպի ծով հոսող տաք գետակի մեջ լողալուն:

«Ինձ այստեղ դուր կգա»,- մտածեց Սեսին:

-Ի՞նչ,- հարցրեց աղջիկը, ասես ինչ-որ ձայն էր լսել:

«Անունդ ի՞նչ է»,- հարցրեց Սեսին զգուշորեն:

-Էնն Լիրի,- աղջիկը ցնցվեց:- Ինչո՞ւ բարձրաձայն ասացի:

«Էնն, Էնն,- շշնջաց Սեսին,- դու կսիրահարվես, Էնն»:

Սրան ասես ի պատասխան ճանապարհից լսվեց մանրախճի վրայով շարժվող անիվների խշշխշոցն ու ճռճռոցը: Մոտեցավ կառքը, կառավարի տեղում՝ մի բարձրահասակ երիտասարդ, որի ջլապինդ ձեռքերը բարձր պահել էին սանձը, իսկ ժպիտը լուսավորում էր ողջ բակը:

-Դո՞ւ ես, Թոմ:

-Ուրիշ էլ ո՞վ,- ցատկելով կառքից՝ նա սանձը կապեց ցանկապատին:

-Ես չե՛մ խոսում քեզ հետ,- Էննը կտրուկ շրջվեց, և ջուրը ցայտեց նրա ձեռքի դույլից:

«Ո՛չ»,- բացականչեց Սեսին:

Էննը քար կտրեց: Նա նայեց բլուրներին և գարնանային առաջին աստղերին: Նա հայացքն ուղղեց այն մարդու վրա, ում անունը Թոմ էր: Սեսին ստիպեց նրան ցած գցել դույլը:

-Տե՛ս թե ինչ արեցիր:

Թոմը վազեց նրա մոտ:

-Տե՛ս թե ինչ եղավ քո պատճառով:

Թոմը ծիծաղելով մաքրեց նրա կոշիկները թաշկինակով:

-Հեռացի՛ր,- նա ոտքով հարվածեց Թոմի ձեռքերին, սակայն Թոմը նորից ծիծաղեց, և հեռու-հեռվից նրան նայելով՝ Սեսին տեսավ նրա գլխի շարժումը, գանգի չափը, արծվաքիթը, աչքերի փայլը, լայն ուսերը, ջլապինդ ձեռքերը, որ թաշկինակով նրբորեն կատարում էին այս գործողությունը: Այդ գեղեցիկ գլխի գաղտնի ձեղնահարկից ցած նայելով՝ Սեսին քաշեց որովայնախոսության գաղտնի պղնձե մետաղալարը, և գեղեցիկ բերանից անմիջապես հնչեց՝ «Շնորհակալություն»:

-Օ՜, մի՞թե դու էլ կարող ես քաղաքավարի լինել:

Նրա ձեռքերի կաշվի հոտը և հագուստից եկող ախոռի հոտը հասան Էննի զգայուն քթանցքերին, և Սեսիի մարմինը հեռու-հեռվում՝ պառկած գիշերային մարգագետիններից և ծաղկաշատ դաշտերից անդին, ասես երազում, անհանգիստ շարժում կատարեց:

-Միայն ո՛չ քեզ հետ, ո՛չ,- ասաց Էննը:

ՙԼռի՛ր, մեղմ խոսիր՚,- ասաց Սեսին: Նա Էննի մատները պարզեց դեպի Թոմի գլուխը: Էննը ետ քաշեց ձեռքը:

-Ես խելագարվել եմ:

-Այո,- նա գլխով արեց ժպտալով, բայց շփոթված:- Ուզում էիր դիպչե՞լ ինձ:

-Չգիտեմ: Օ՜, հեռացի՛ր,- նրա այտերն այրվում էին վարդագույն ածուխների պես:

-Ինչո՞ւ չես փախչում: Ես քեզ չեմ պահում,- Թոմը բարձրացավ:- Գուցե միտքդ փոխե՞լ ես: Այսօր երեկոյան ինձ հետ պարելու կգա՞ս: Դա շատ կարևոր է: Հետո կասեմ, թե ինչու:

-Ոչ,- ասաց Էննը:

«Այո՛, բացականչեց Սեսին:- Ես երբեք չեմ պարել: Ես ուզում եմ պարել: Ես երբեք խշխշացող երկար զգեստ չեմ հագել: Ուզում եմ: Ուզում եմ պարել ամբողջ գիշեր: Ես երբեք չեմ գտնվել պարող կնոջ մարմնում: Մայրիկն ու հայրիկը երբեք թույլ չէին տա: Շներ, կատուներ, մորեխներ, տերևներ. ես տարբեր ժամանակներում փորձել եմ աշխարհի շատ բաներ, բայց երբեք չեմ եղել կնոջ մարմնում, գարնանը, այսպիսի գիշերով… Օ՜, խնդրում եմ, մենք պե՛տք է գնանք պարելու»:

Նա իր միտքը տարածեց այնպես, ինչպես մատներն են տարածվում նոր ձեռնոցի մեջ:

-Լավ,- ասաց Էնն Լիրին,- ես կգամ: Չգիտեմ ինչու, բայց այս երեկո ես քեզ հետ պարելու կգամ, Թոմ:

«Իսկ հիմա ներս գնա, արա՛գ,- գոչեց Սեսին:- Դու դեռ պետք է լողանաս, ասես ծնողներիդ, պատրաստես զգեստդ, վերցրո՛ւ արդուկը, գործի՛ անցիր»:

-Մայրի՛կ,- ասաց Էննը,- ես միտքս փոխել եմ:

Կառքը սլանում էր ճանապարհն ի վար: Տան սենյակները հանկարծ կյանքով էին լցվել. լոգանքի ջուրը եռում էր, ածուխի վառարանը տաքացնում էր արդուկը՝ զգեստը արդուկելու համար, մայրիկն այս ու այն կողմ էր շտապում՝ հերակալները բերանին:

-Քեզ ի՞նչ է եղել, Էնն: Թոմը քեզ դուր չի գալիս:

-Ճիշտ է,- հանկարծ Էննը կանգ առավ գործի ամենաթեժ պահին:

«Չէ՞ որ գարուն է»,- մտածեց Սեսին:

-Գարուն է,- ասաց Էննը:

ՙԵվ հիանալի գիշեր է պարելու համար»,- մտածեց Սեսին:

-… պարելու համար,- մրմնջաց Էնն Լիրին:

Ահա և նա տաշտի մեջ է, տարածում է օճառի փրփուրը իր սպիտակ ուսերի վրա, թևերի տակ օճառի կղզյակներ գոյացնում: Նրա ջերմ կրծքերը սահում են ձեռքերի մեջ, իսկ Սեսին շարժում է նրա շուրթերը, ստիպում ժպտալ, գործել: Նա չպետք է կանգ առնի, երկմտի, այլապես այս ողջ մնջախաղը կփլուզվի: Էնն Լիրին պետք է շարժման մեջ լինի, գործի, այստեղ լվա, այնտեղ օճառ քսի: Իսկ այժմ՝ դո՛ւրս: Չորանա՛լ սրբիչով: Օծանելի՛ք: Դիմափոշի՛:

-Է՛յ, դո՛ւ,- գոչեց Էննը հայելու մեջ իր արտացոլանքին՝ ամբողջովին ճերմակ ու վարդագույն՝ նման շուշանների ու մեխակների:- Ո՞վ ես դու այս երեկո:

«Տասնյոթամյա աղջնակ,- Սեսին նայեց իր մանուշակագույն աչքերից:- Դու ինձ չես տեսնում: Գիտե՞ս, որ ես այստեղ եմ»:

Անն Լիրին օրորեց գլուխը.

-Իմ մարմինն ապրիլյան կախարդի ձեռքերում է, վստահ եմ:

«Մոտ ես, շատ մոտ,- ծիծաղեց Սեսին:- Իսկ հիմա հագնվի՛ր»:

Ի՜նչ հաճելի է, երբ գեղեցիկ զգեստը գրկում է փթթող մարմինը: Իսկ դրսից արդեն կանչում են:

-Է՛նն, Թոմն այստեղ է:

-Ասա նրան, որ սպասի,- Էննը հանկարծ նստեց:- Ասա նրան, որ ես չեմ գնում պարելու:

-Ի՞նչ,- ասաց մայրը՝ դռան արանքում կանգնած:

Սեսին ակնթարթորեն կենտրոնացրեց ուշադրությունը: Այդպիսի ճակատագրական պահին նա շեղվել էր, միայն մի ակնթարթ լքել էր Էննի մարմինը: Նա լսել էր ձիերի սմբակների հեռավոր ձայնը, լուսնի լույսով լուսավորված ճանապարհով սլացող անիվների ճռռոցը: Մի պահ մտածել էր գնալ և գտնել Թոմին, թափանցել նրա մտքերի մեջ և հասկանալ, թե ինչ է զգում քսաներկուամյա երիտասարդն այդպիսի երեկոյան: Այսպես նա սլացել էր հավամրգու դաշտերի վրայով, ապա միանգամից ետ թռչել, ինչպես թռչունը՝ դեպի իր վանդակը, իսկ հիմա սոսափում, գալարվում էր Էնն Լիրիի գլխում:

-Ասա՛ նրան՝ թող գնա:

«Է՛նն»,- Սեսին հարմարվեց՝ տարածելով իր մտքերը:

Բայց Էննը կատաղության մեջ էր:

-Ո՛չ, ո՛չ, ես ատում եմ նրան:

«Ես չպետք է հեռանայի, նույնիսկ մեկ ակնթարթ:- Սեսին իրեն ենթարկեց երիտասարդ աղջկա ձեռքերը, սիրտը, գլուխը: Մեղմորեն, նրբորեն…- Կանգնի՛ր»:

Էննը ոտքի ելավ:

«Հագի՛ր վերարկուդ»:

Էննը հագավ վերարկուն:

«Իսկ հիմա քայլի՛ր»:

-Ո՛չ,- մտածեց Էնն Լիրին:

«Քայլի՛ր»:

-Է՛նն,- ասաց Էննի մայրը,- բավական է սպասեցնես Թոմին: Հենց հիմա դուրս արի և առանց հնարքների: Քեզ ի՞նչ եղավ:

-Ոչինչ, մայրիկ: Բարի գիշեր: Մենք ուշ կվերադառնանք:

Էննը և Սեսին սլացան գարնանային երեկոյին ընդառաջ:

Սենյակ՝ լի նրբորեն պարող աղավնիներով, որ քնքշորեն ծածանում էին իրենց հանդարտ փետուրները, սենյակ՝ լի սիրամարգերով, սենյակ՝ լի ծիածանի գույներով փայլող աչքերով ու լույսերով: Եվ այս ամենի կենտրոնում պարելով պտտվում, պտտվում, պտտվում էր Էնն Լիրին:

«Օ՜, ի՜նչ հրաշալի երեկո է»,- ասաց Սեսին:

-Հրաշալի երեկո է,- կրկնեց Էննը:

-Դու տարօրինակ ես,- ասաց Թոմը:

Երաժշտությունը նրանց մշուշի մեջ էր առել, երգի հոսանքների մեջ նրանք լողում էին, ծածանվում, սուզվում, նորից ելնում՝ շունչ քաշելու, նրանք շնչահեղձ էին լինում, կառչում էին միմյանցից, ինչպես խեղդվողներ, և նորից ու նորից «Գեղեցիկ Օհայոյի» հնչյունների ներքո պտտվում սիրառատ պտույտներով, շշուկների ու շշունջների մեջ:

Սեսին ձայնակցում էր: Էննի շուրթերը հեռացան, և հնչեց երաժշտությունը:

-Այո, ես տարօրինակ եմ,- ասաց Էննը:

-Դու քեզ նման չես,- ասաց Թոմը:

-Այսօր՝ ոչ:

-Դու այն Էնն Լիրին չես, ում ես ճանաչում եմ:

«Այո, ճիշտ ես, ճիշտ ես»,- շշնջաց Սեսին մղոնների հեռավորությունից:

-Ճիշտ ես,- հնչեց Էննի շուրթերից:

-Ես տարօրինակ զգացողություն ունեմ,- ասաց Թոմը:

-Ինչի՞ հետ կապված:

-Քեզ հետ,- նա էննին հեռացրեց իրենից և, պտտելով նրան, նայեց նրա վարդագույն դեմքին՝ ասես ինչ-որ բան որոնելով:- Քո աչքերը,- ասաց նա:- Ես ոչինչ չեմ հասկանում:

«Տեսնո՞ւմ ես ինձ»,- հարցրեց Սեսին:

-Քո մի մասն այստեղ է, Էնն, իսկ մյուս մասը՝ ոչ,- Թոմը զգուշորեն պտտում էր նրան. նրա դեմքն անհանգիստ էր:

-Այո:

-Ինչո՞ւ եկար ինձ հետ:

-Ես չէի ցանկանում գալ,- ասաց Էննը:

-Այդ դեպքում ինչո՞ւ եկար:

-Ինչ-որ բան ստիպեց ինձ գալ:

-Ի՞նչ:

-Չգիտեմ,- Էննի ձայնում թեթև նյարդայնություն կար:

«Դե, դե, լռի՛ր, լռի՜ր,- շշնջաց Սեսին:- Այդպես: Պտտվի՜ր, պտտվի՜ր»:

Սենյակի մթության մեջ նրանք շշնջում ու սոսափում էին, ճախրում ու իջնում էին, իսկ երաժշտությունը պտտում ու ոգևորում էր նրանց:

-Ամեն դեպքում, դու եկար պարելու,- ասաց Թոմը:

«Այո»,- պատասխանեց Սեսին:

-Այստեղ արի,- նա պարելով Էննին տարավ դեպի բաց դուռը և դանդաղ հեռացրեց նրան դահլիճից, երաժշտությունից, մարդկանցից:

Նրանք միասին բարձրացան կառքը և նստեցին:

-Էնն,- ասաց նա՝ Էննի ձեռքերն առնելով իր դողացող ձեռքերի մեջ,- Էնն,- նա այնպես արտաբերեց նրա անունը, ասես դա նրա անունը չլիներ: Նա շարունակում էր նայել Էննի գունատ դեմքին: Այժմ նրա աչքերը բաց էին:

-Էնն, կար ժամանակ, երբ ես սիրում էի քեզ: Դու դա գիտես,- ասաց նա:

-Գիտեմ:

-Բայց դու միշտ այնքան անկայուն ես եղել, իսկ ես չեմ ցանկացել անտեղի տառապել:

-Սարսափելի ոչինչ չկա: Մենք դեռ շատ երիտասարդ ենք,- ասաց Էննը:

«Ոչ, ոչ, ես ուզում էի ասել՝ կներես ինձ»,- ասաց Սեսին:

-Ի՞նչ նկատի ունես,- Թոմը բաց թողեց նրա ձեռքերը և լրջացավ:

Գիշերը ջերմ էր, հողի բույրը պարուրել էր նրանց, իսկ թարմ ծառերի տերևները մեղմ շնչում էին իրենց տերևների սոսափյունով ու շրշյունով:

-Չգիտեմ,- ասաց Էննը:

«Բայց ե՛ս գիտեմ,- ասաց Սեսին,- դու բարձրահասակ ես, դու աշխարհի ամենագեղեցկատես տղամարդն ես: Այսօր հրաշալի երեկո է: Ես միշտ կհիշեմ այս երեկոն, որ քեզ հետ եմ անցկացրել»:- Նա Էննի օտար, սառը ձեռքը պարզեց դեպի Թոմի դիմադրող ձեռքը, որպեսզի կրկին բռնի այն, ջերմացնի, ամուր սեղմի:

-Բայց ի՞նչ է եղել քեզ այսօր,- ասաց Թոմը՝ թարթելով աչքերը:- Մեկ մի բան ես ասում, մեկ՝ ուրիշ: Այս գիշեր ես քեզ պարելու հրավիրեցի հանուն հին հուշերի: Ես սկզբում դրանով ոչինչ նկատի չունեի: Իսկ հետո, երբ կանգնած էինք ջրհորի մոտ, ես հասկացա, որ դու փոխվել էիր, իսկապես փոխվել էիր: Դու ուրիշ էիր: Ինչ-որ նոր, քնքուշ բան կար, մի բան…,- նա փորձում էր հարմար բառ գտնել:- Չգիտեմ, չեմ կարող ասել: Քո արտաքինում… Ձայնում… Եվ ես գիտեմ. ես նորից սիրահարված եմ քեզ:

«Նրա՛ն չէ,- բացականչեց Սեսին,- ի՛նձ»:

-Եվ ես վախենում եմ քեզ սիրահարվել,- ասաց նա:- Դու նորից ինձ ցավ կպատճառես:

-Հնարավոր է,- ասաց Էննը:

«Ոչ, ոչ, ես ամբողջ սրտով կսիրեմ քեզ,- մտածում էր Սեսին:- Էնն, ասա՛ նրան, ասա՛ դա իմ փոխարեն: Ասա, որ ամբողջ սրտով կսիրես նրան»:

Էննը ոչինչ չասաց:

Թոմը դանդաղ մոտեցավ նրան և ձեռքը մոտեցրեց նրա կզակին:

-Ես հեռանում եմ: Ես աշխատանք եմ գտել այստեղից հարյուր մղոն հեռու: Կկարոտե՞ս ինձ:

-Այո,- ասացին Էնն ու Սեսին:

-Նշանակում է՝ կարո՞ղ եմ քեզ հրաժեշտի համբույր տալ:

«Այո»,- ասաց Սեսին, մինչ Էննը կհասցներ պատասխանել:

Թոմը շուրթերը մոտեցրեց այդ օտար բերանին: Նա դողալով համբուրեց այդ օտար բերանը:

Էննը քարացել էր սպիտակ արձանի նման:

«Է՛նն,- ասաց Սեսին,- շարժիր ձեռքերդ, գրկիր նրան»:

Էննը լուսնի լույսի ներքո ասես փայտե քանդակ լիներ:

Թոմը համբուրեց նրա շուրթերը:

«Ես սիրում եմ քեզ,- շշնջաց Սեսին,- ես այստեղ եմ: Ինձ ես դու տեսնում նրա աչքերում, ի՛նձ, և ես կսիրեմ քեզ, նույնիսկ եթե նա երբեք չսիրի»:

Թոմը մի կողմ քաշվեց այնպիսի տեսքով, ասես մղոններ էր վազել: Նա նստեց Էննի կողքին:

-Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Մի պահ…

«Ի՞նչ»,- հարցրեց Սեսին:

-Մի պահ ինձ թվաց…,- նա ձեռքերը մոտեցրեց աչքերին:- Կարևոր չէ: Քեզ տուն տանե՞մ հիմա:

-Այո, խնդրում եմ,- ասաց Էնն Լիրին:

Նա մտրակեց ձիուն, հոգնած քաշեց սանձերը, և կառքը շարժվեց: Չխկչխկում էին անիվները, հարվածում մտրակները, և սլանում էր կառքը՝ լուսավորված լուսնի լույսով, իսկ շուրջը գարնանային գիշերն էր՝ ժամը 23-ը, և շուրջբոլորը սահում էին փայլփլուն մարգագետիններն ու երեքնուկի անուշաբույր դաշտերը:

Եվ Սեսին, նայելով դաշտերին ու մարգագետիններին, մտածեց. «Արժե, արժե ամեն ինչ տալ այսօրվանից և ընդմիշտ նրա հետ լինելու համար»: Եվ նա կրկին լսեց իր ծնողների աղոտ ձայնը. «Զգույշ եղիր: Դու չես ցանկանում հասարակ մահկանացուի հետ ամուսնանալով կորցնել քո մոգական կարողությունները, չէ՞: Զգույշ եղիր: Քեզ դա դուր չէր գա»:

«Այո, այո,- մտածում էր Սեսին,- ես նույնիսկ դրանցից կհրաժարվեի, հիմա և այստեղ, եթե նա ինձ հետ լիներ: Այլևս կարիք չէր լինի թափառել գարնանային գիշերներով, ապրել թռչունների, շների, կատուների, աղվեսների մարմիններում: Ինձ միայն նա է պետք: Միայն նա: Միայն նա»:

Նրանք հետևում էին թողնում շշնջացող ճանապարհը:

-Թոմ,- վերջապես ասաց Էննը:

-Ի՞նչ,- նա սառը հայացքով նայում էր ճանապարհին, ձիուն, ծառերին, երկնքին, աստղերին:

-Եթե դու երբևէ հայտնվես Իլինոյսում՝ Գրին Թաունում, այստեղից մի քանի մղոն հեռավորության վրա, կարո՞ղ ես ինձ մի լավություն անել:

-Հավանաբար:

-Կարո՞ղ ես ինձ լավություն անել ու այցելել ընկերուհուս,- ասաց Էնն Լիրին հապաղելով, անվստահ:

-Ինչո՞ւ:

-Նա իմ լավ ընկերուհին է: Ես նրան պատմել եմ քո մասին: Ես քեզ կտամ նրա հասցեն: Մի րոպե սպասիր:

Երբ կառքը կանգնեց նրա ֆերմայի մոտ, նա իր փոքրիկ պայուսակից թուղթ ու մատիտ հանեց և, թուղթը սեղմելով ծնկին, գրեց լուսնի լույսի ներքո:

-Ահա: Կարողանո՞ւմ ես կարդալ:

Նա մի հայացք գցեց թղթին և մտահոգ գլխով արեց:

-Սեսի Էլիոթ, Ուիլոու փողոց, 12, Գրին Թաուն, Իլինոյս,- կարդաց նա:

-Կայցելե՞ս նրան մի օր,- հարցրեց Էննը:

-Կաշխատեմ,- ասաց նա:

-Խոստանո՞ւմ ես:

-Ես ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ,- գոռաց նա զայրացած:- Ինչի՞ս են պետք այս թղթերը, անունները:

Նա ճմռթեց թուղթը և խցկեց վերարկուի գրպանը:

«Խնդրում եմ, խոստացիր…»,- թախանձում էր Սեսին:

-…խոստացիր,- ասաց Էննը:

-Լավ, լավ, միայն թե հանգի՛ստ թող ինձ,- գոռաց նա:

«Հոգնել եմ,- մտածեց Սեսին,- այլևս չեմ կարող մնալ, պետք է տուն գնամ: Ես կորցնում եմ ուժերս: Իմ ուժերը միայն մի քանի ժամ են հերիքում գիշերը թափառելու, ճանապարհորդելու համար: Սակայն մինչ գնալս…»:

-…մինչ գնալս,- ասաց Էննը:

Նա համբուրեց Թոմի շուրթերը:

«Այդ ես եմ համբուրում քեզ»,- ասաց Սեսին:

Թոմը հեռացրեց նրան իրենից և նայեց Էնն Լիրիին, թափանցեց նրա հոգու խորքերը: Նա ոչինչ չասաց, սակայն նրա դեմքը դանդաղ, շատ դանդաղ սկսեց խաղաղվել, կնճիռներն անհետացան, կարծր բերանը փափկեց: Նա հայացքը սևեռել էր Էննի՝ լուսնի լույսով ողողված դեմքին:

Ապա իջեցրեց նրան կառքից և արագ, նույնիսկ առանց բարի գիշեր մաղթելու սլացավ ճանապարհով:

Սեսին լքեց Էննի մարմինը:

Էնն Լիրին մի ճիչ արձակեց և, ասես կապանքներից ազատված, դեպի տուն վազեց լուսնի լույսով ողողված ճանապարհով ու շրխկացրեց դուռը:

Սեսին միայն մի ակնթարթ վարանեց: Ծղրիդի աչքերով նա տեսավ գիշերային գարնանային աշխարհը: Մի պահ նայելով գորտի աչքերից՝ նա միայնակ նստեց լճակի մոտ: Լուսնի շողերով ողողված ծփիի բարձրությունից գիշերային թռչունի աչքերով ցած նայեց ու տեսավ՝ ինչպես երկու տներում մարեցին լույսերը. մեկը՝ այստեղ, մյուսը՝ այստեղից մի մղոն հեռու: Նա մտածում էր իր և իր ընտանիքի, իր արտասովոր ուժի և այն մասին, որ իր ընտանիքի ոչ մի անդամ չէր կարող ամուսնանալ այս բլուրներից այն կողմ գտնվող հսկայական աշխարհի մարդկանցից որևէ մեկի հետ:

«Թոմ,- նրա հյուծված հոգին թռչնի մարմնի մեջ թռչում էր ծառերի տակ, վայրի մանանեխի խիտ դաշտերի վրայով:- Թուղթը դեռ քեզ մո՞տ է, Թոմ: Կգա՞ մի ժամանակ, մի օր, մի տարի, երբ կգաս ինձ մոտ: Կճանաչե՞ս ինձ: Կնայե՞ս դեմքիս և կհիշե՞ս՝ որտեղ ես ինձ տեսել վերջին անգամ, կզգա՞ս, որ սիրում ես ինձ այնպես, ինչպես ես քեզ՝ ընդմիշտ, ամբողջ սրտով…»:

Նա կանգ առավ զով օդում՝ քաղաքներից ու մարդկանցից միլիոնավոր մղոններ հեռու, ֆերմաներից ու դաշտերից, գետերից ու բլուրներից վեր:

«Թո՞մ»:

Թոմը քնած էր: Խոր գիշեր էր: Նրա հագուստը ծալված էր աթոռների վրա, կոկիկ կախված անկողնու հենակին: Իսկ նրա գլխի մոտ՝ սպիտակ բարձի վրա, դեպի վեր պարզած ձեռքում փոքրիկ թղթի կտորն էր՝ վրայի գրությամբ: Դանդաղ, շատ դանդաղ փակվեցին նրա մատները՝ իրենց մեջ ամուր սեղմելով թղթի կտորը: Նա նույնիսկ չշարժվեց և չնկատեց, երբ սև կեռնեխը մեղմորեն ու քնքուշ հարվածեց լուսնի ջինջ բյուրեղներ հիշեցնող պատուհանի ապակուն, ապա թրթռաց մեղմորեն, կանգ առավ և քնած աշխարհի վրայով ճախրեց դեպի արևելք:

 

Անգլերենից թարգմանեց Լիլիթ Հովհաննիսյանը

 

Անդին 5, 2016

Share

Կարծիքներ

կարծիք