Մանրապատումներ

1Ամենամեծ երազը

Տղան երազ տեսավ, որտեղ ինքը Լուվրի թանգարանում էր և դիտում էր աշխարհի լավագույն նկարիչների կտավները, բայց նա հանկարծակի արթնացավ, և երազն ընդհատվեց: Առավոտյան յոթն էր, բայց նա տխուր էր, որ երազը ընդհատվել է: Նա քնաթաթախ նայեց պատուհանից դուրս և մի հիասքանչ գույնզգույն թռչուն տեսավ, ժպտաց և հասկացավ, որ ամենամեծ երազը հենց կյանքն է:

 

Թութակի բացակայությունը

Տանը երգում էր թութակը, նրան ամեն օր կերակրում էին, բոլոր հյուրերը, այցելելով այդ տուն, տեսնում էին նրան, բայց մի օր թութակն անսպասելիորեն սատկեց: Դրանից երկու ամիս անց տուն բազմաթիվ հյուրեր էին եկել, բայց տանտիրոջ ընկերներից մեկն անսպասելի տխրեց, ապա նայեց տանտիրոջ հայացքին: Մյուսները շատ լավ տրամադրություն ունեին, ինչ-որ զվարճալի պատմություն էին հիշել և շարունակում էին ծիծաղել: Միայն տանտերը և այդ ընկերն էին տխուր: Նրանցից ոչ ոք բառ չարտասանեց, բայց երկուսն էլ նույն բանը զգացին. նրանք երկուսն էլ մտածեցին թութակի մասին:

 

Երազ, որը փոխեց մարդու կյանքը

Մի մարդ, ով շարքային աշխատող էր, ավարտել էր աշխատանքը և քայլելով վերադառնում էր տուն: Ճանապարհին նա նկատեց, որ երեք տղա նեղացնում են մի աղջկա, որոշեց միջամտել և պաշտպանել այդ աղջկան, բայց կռվի ընթացքում այդ տղաներից մեկը բռունցքով բավականին ուժեղ հարվածեց նրա դեմքին, և նա ուշաթափվեց: Այդ երեք տղաները նույնիսկ չփորձեցին նրան ուշքի բերել, վախեցան ու փախան: Մարդկանց բազմություն էր հավաքվել, և փորձում էին ուշքի բերել նրան: Այդ ընթացքում նա ինչ-որ երազ էր տեսնում, թե ինչպես դինոզավրը հարձակվել է քաղաքի վրա, սպանում է բնակիչներին, մարդիկ խուճապահար փախչում են, իսկ մի խիզախ պատանի կանգնում է… այստեղ նրան ուշքի են բերում, իսկ նա զայրացած բղավում է նրանց վրա.

-Ինչո՞ւ խանգարեցիք, երազս կիսատ մնաց…

Վերադառնալով տուն՝ նա ֆանտաստիկ ֆիլմի սցենար գրեց, ինքն էլ ֆիլմ նկարեց և անվանեց «Դինոզավրի հարձակումը քաղաքի վրա»: Ֆիլմը նրա երազի շարունակությունն էր: Այն բազմամիլիոնանոց շահույթներ բերեց հեղինակին, և նա հոլիվուդյան հայտնի ընկերություններից առաջարկ է ստանում նկարել «Դինոզավրի հարձակումը քաղաքի վրա-2» ֆիլմը: Իսկ պատանիները սկսում են բակերում խոսել այդ ֆիլմի մասին, դպրոցներում երեխաները միմյանց ասում են.

-Լսե՞լ ես, «Դինոզավրի հարձակումը քաղաքի վրա» ֆիլմի երկրորդն ա դուրս եկել, թույն ֆիլմ ա:

Մարդիկ անհամբեր սպասում էին, թե երբ է հայտնվելու «Դինոզավրի հարձակումը քաղաքի վրա-3» ֆիլմը, որը, ըստ բոլոր ակնկալիքների, գերազանցելու էր անգամ առաջին երկու ֆիլմերին:

Այսպիսով, երազը փոխեց այդ մարդու կյանքը, նա այժմ ապրում է ոչ թե Մասիվում, այլ ԱՄՆ-ում, որտեղ ունի մի քանի առանձնատուն, մի քանի անգամ ամուսնացել, բաժանվել է, ինչպես գրեթե բոլոր ամերիկյան հայտնի դերասաններն ու ռեժիսորները, ամեն տարի հարյուրավոր հարցազրույցներ է տալիս և, ինչպես գրեթե բոլոր միլիոնատեր հոլիվուդյան աստղերը, միշտ նշում է, որ կյանքում փողը և հաջողությունը կարևոր չեն, կարևորը սերն է և ազնվությունը: Բայց ի տարբերություն մյուսների նա հավատում է իր խոսքերին:

 

Լռությունը խոսք է

Երկու մայրեր, որոնց տղաները մահացել էին երկրաշարժի ժամանակ, գրեթե ամեն օր հանդիպում էին միմյանց, նրանք նայում էին իրար, բայց ոչ մի խոսք չէին ասում, այդ լռությունն ավելին արժեր, քան ցանկացած խոսք:

 

Ուրիշ տեղ ապրելու մասին

Մի աղջիկ հորս հարցրել էր.

-Որտե՞ղ կցանկանայիք ապրել:

Նա պատասխանել էր.

-Միևնույն է, ես ուրիշ տեղ եմ ապրում:

Եվ իրոք, ֆիզիկապես դու կարող ես գտնվել այս կամ այն տեղում, բայց շատ ավելի կարևոր է, թե դու ներքուստ որտեղ ես ապրում:

 

Ուսուցչի զրույցը աշակերտի հետ

-Ի՞նչն է կյանքում ճիշտ, ի՞նչը՝ սխալ:

-Սխալ և ճիշտ գոյություն չունեն:

-Ո՞րն է բարին, ո՞րը՝ չարը:

-Չար ու բարի գոյություն չունեն:

-Ուսուցիչ, ինչո՞ւ եք այդպես պատասխանում:

-Քանի որ եթե ես քեզ ասեմ, որ բարին սա է, իսկ չարը՝ այս, կամ սխալը սա է, իսկ ճիշտը՝ այս, դա քեզ ոչինչ չի տա. դու ինքդ պետք է քո կյանքի ընթացքում հասկանաս այդ ամենը: Բացի այդ, չարի ու բարու, ճշտի և սխալի պատկերացումները կարող են չհամընկնել, իսկ շատ բաների ճիշտ կամ սխալ, չար և բարի լինելը հայտնի է դառնում մի քանի դար հետո, երբեմն էլ մնում է անհայտ:

 

Երջանկությունը

Երկու եղբայր այգում գործ էին անում, արդեն երեկո էր և մթնել էր: Նրանցից մեկն ասաց, որ լավ կլինի մի քիչ հանգստանան: Նրանք նստեցին խոտերի մեջ, սկսեցին իրար հետ զրուցել, զրույցի ընթացքում եղբայրներից մեկը հարցրեց, թե ի՞նչն է երջանկությունը: Մյուսը պատասխանեց, որ երջանկությունը այն է, որ այժմ մենք՝ երկու եղբայր, նստել ենք խոտերի վրա, զրուցում ենք և նայում ենք աստղաշատ երկնքին:

 

Անսպասելի քայլ

Զավենը միացրեց հեռուստացույցը, սկսեց ալիքները փոխել, բայց երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ինչ նայի: Ի վերջո սկսեց լուրերի թողարկում դիտել, բայց մի քանի րոպեից ձանձրացավ, նորից փոխեց ալիքը և տեսավ, որ մի գեղեցիկ ջութակահարուհի է խոսում, պատմում երաժշտության հանդեպ իր սիրո, մասնագիտական կատարելագործման հմայքի, միջազգային համերգասրահներում հանդես գալու գեղեցկության, իր սիրած ջութակահարների և ջութակահարուհիների մասին: Զավենը այնքան զմայլվեց այդ աղջկանով, որ անջատեց հեռուստացույցը և գնաց նրան փնտրելու:

 

Մեկ ծաղիկն ինքնին արժեք է

Մի անգամ Զավենը և Արմենը զբոսնում էին ծաղկաշատ դաշտում: Զավենը, զրույցով տարված, չնկատեց և պատահաբար կանգնեց ծաղիկներից մեկի վրա: Տեսնելով, թե ինչ է արել, նա շատ տխրեց, իսկ ընկերն ասաց.

-Ոչինչ, մի տխրիր, այստեղ ծաղիկներ շատ կան: Ի պատասխան Զավենն ասաց.

-Մեկ ծաղիկն ինքնին արժեք է: Եվ հիշեցրեց ճապոնացի գրող Յասունարի Կավաբատայի խոսքերը՝ «Մեկ ծաղիկն ավելի լավ է արտահայտում ծաղկի էությունը, քան բյուրավորները»:

 

Երեք զրուցակից

Ամեն անգամ, երբ հորդառատ անձրև էր լինում, և բոլորը փակվում էին տանը կամ շտապում էին տուն, որպեսզի չթրջվեն, Զավենը և իր ըներ Արմենը գնում էին դուրս և սկսում էին զրուցել:

Հարևաններից մեկը պատուհանից նկատել էր դա և մյուս օրը Զավենին հարցրեց.

-Այդ եղանակին դու և Արմենը՝ երկուսով, ի՞նչ էիք զրուցում:

Զավենը պատասխանեց.

-Դու սխալվում ես, մենք երկուսով չէինք, մի մոռացիր հորդառատ անձրևի մասին:

 

Անհայտ տաղանդներ և հանճարներ

Հանկարծակի հիշեցի մի հատված իսպանացի կիթառահար Պակո Դե Լուսիայի մասին պատմող հաղորդումներից մեկից, որտեղ նրա ընկերներից մեկը կես կատակ, կես լուրջ վստահեցնում էր, որ նրա հայրն ավելի լավ կիթառահար է եղել, սակայն միայն իր ընկերների և հարազատների համար է նվագել, այդ պատճառով էլ աշխարհին հայտնի չէ: Նշանավոր ռեժիսոր Ջիմ Ջարմուշն էլ հարցազրույցներից մեկում հիշատակում է իր ամենասիրած գրողին, որը, սակայն, աշխարհին հայտնի չէ: Վերջին քսան-երեսուն տարիների ընթացքում մեր երկրում էլ եղել են մի քանի շատ տաղանդավոր գրողներ, որոնց անունները գուցե ոչ միայն ամբողջ աշխարհում, այլ նաև Հայաստանում քչերը գիտեն: Բայց նրանց մեջ կան մի քանիսը, որ ստեղծել են ուղղակի անկրկնելի, շատ խորը ու ինքնատիպ գրականություն: Ընդհանրապես, մարդկության պատմության մեջ շատ են այն հանճարները, որոնց գործը իրոք գնահատվել է կամ իրենց կյանքի օրոք, կամ մահից հետո: Այդպիսք են Շեքսպիրը, Դոստոևսկին, Բախը և այլն: Սակայն վերը նշված օրինակները ցույց են տալիս, որ բացի ընդունված և ճանաչված տաղանդներից կամ հանճարներից կան անհայտ տաղանդներ և հանճարներ, ու գուցե հենց այս պահին, երբ ես գրում եմ այս տողերը, ինչ-որ մեկը իր տանը, խրճիթում կամ այլուր փայլուն ստեղծագործություն է արարում, իսկ մարդիկ, տարված առօրյա հոգսերով, անցնում են և դա չեն նկատում:

 

Այդտեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա

Զավենը հոգնած քայլում էր փողոցով, տեսավ քաղցած շների, մոտը հացի փշուրներ կային, որոնք գցեց շներին և շարունակեց ճանապարհը: Խանութից նա մի քանի կիլոգրամ նարինջ էր գնել և տեսնելով քաղցած երեխայի՝ նարինջներից մեկը տվեց նրան և շարունակեց իր ճանապարհը: Մոտ հարյուր մետր քայլելուց հետո նա տեսավ իր վաղեմի ծանոթներից մեկին, որին երկար ժամանակ չէր հանդիպել:

Տարբեր թեմաներից զրուցելուց և իրար որպիսությունը հարցնելուց հետո ծանոթը ինքնագոհ նշեց, որ ինքն այսօր աստվածահաճո մեծ արարք է գործել:

Զավենը հարցրեց.

-Ի՞նչ ես արել։

-Այսօր մի ծեր կնոջ օգնեցի փողոցը անցնել։

Զավենն ասաց.

-Այդտեղ ես ոչ մի մեծ բան չեմ տեսնում: Օրինակ, երբ դու առավոտյան զարթնում ես, լվացվում ես, հաց ես ուտում՝ ամեն մեկին հանդիպելիս գլո՞ւխ ես գովում, որ այդ բաները արել ես: Իհարկե ոչ: Այդպես էլ այդ դեպքում: Դու արել ես այն, ինչ պետք է անեիր, այդտեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա:

 

Իմաստուն դառնալու ուղին

Երբ Զավենը իմաստուն էր դարձել, շատերն էին գալիս նրա մոտ: Մի անգամ մեկը նրան հարցրեց.

-Զավեն, իմաստուն դառնալը դժվա՞ր էր:

-Ոչ:

-Դու շատ գիտելիքներ ունես, այդ պատճառո՞վ ես իմաստուն:

-Ոչ:

-Դու շա՞տ գրքեր ես կարդացել:

-Ոչ:

-Իմաստունների հե՞տ ես զրուցել, նրա՞նց ես աշակերտել:

-Ոչ:

-Այդ դեպքում ինչպե՞ս ես իմաստուն դարձել:

-Ուղղակի ամեն օր առավոտ ծեգին, երբ մյուսները քնած են, ես վեր եմ կացել ու հող մշակել:

 

 

Անդին 5, 2016

 

Share

Կարծիքներ

կարծիք