Մեր ապագան մի քանի անգամ ավելի լավն է լինելու, քան այս օրն է. Բակո Սահակյան

17184_b

Հարցազրույց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

 

Մենք մի խումբ մտավորականներով այցելեցինք Արցախի Հանրապետություն, եղանք առաջնագծում, սեփական աչքերով տեսանք սահմանը հսկող հայ զինվորին խրամատում և դիտակետում: Մեր նպատակն էր ոգևորել մեր զինվորներին, բայց ավելի շուտ մենք ոգևորվեցինք նրանց անկոտրում կամքով ու հողին տեր լինելու վստահությամբ: Ինչպե՞ս եք գնահատում նման այցելությունները Արցախ և հատկապես առաջնագիծ:

-Այսօր դուք՝ այցելելով մեր սահմանային հատվածներ, կարծում եմ, համոզվել եք, որ մեր ելման կետը պիտի լինի մեր անվտանգությունը: Որովհետև այդ անվտանգությունն իր մեջ ամեն ինչ պարունակում է՝ և՛ մեր տնտեսության զարգացումը, և՛ մեր քաղաքացիական կյանքը, և՛ մեր գիտությունը, և՛ մեր մշակույթը: Հետևաբար, ինչքան շատ մենք ուշադրություն դարձնենք անվտանգության խնդիրներին, այնքան շատ հաջողություններ ենք արձանագրելու մեր կյանքի մյուս ուղղություններում: Դա իմ խորին համոզմունքն է:

Նաև կարծում եմ, որ դուք այսօր հնարավորություն եք ունեցել հանդիպելու մեր զինվորների, սպայական կազմի հետ, զգալու նրանց տրամադրությունը, համոզվելու, որ նրանք բոլորը, այդ գիտակցված ծառայությունը և առաքելությունն իրականացնելով, նպաստում են մեր այդ առաջադրանքների կատարմանը: Եվ, ինչու չէ, նաև այդ այցելությունները յուրահատուկ տրամադրություն են հաղորդում մեր զինվորներին, ինչը շատ ողջունելի է: Նաև ցանկալի է, որ շարունակական լինեն այդ աշխատանքները և նման այցելությունները:

Ձեզ հետ միասին շրջում էինք Ստեփանակերտի հրապարակում և ականատես եղանք, թե ինչպես եք Դուք առանց թիկնապահների ման գալիս և անկաշկանդ շփվում քաղաքացիների հետ: Հրապարակում քայլող երիտասարդներին անգամ անուններով էիք դիմում, ճանաչում էիք անուններով: Նրանք նույնպես Ձեզ հետշփվում էին անկաշկանդ, խնդրում էին լուսանկարվել, և հասկացանք, որ դա ամենօրյա շփում է: Ինչո՞վ են պայմանավորված Արցախի նախագահի և հասարակության այդպիսի կապն ու անմիջական հարաբերությունները:

-Արտառոց չեմ համարում նման հարաբերություններն իշխանությունների և ժողովրդի միջև: Վերջին հաշվով, մենք այդ նույն ժողովրդի մի մասն ենք կազմում, և ինչ-որ տեղ հաճելի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք ժողովրդի հետ լինելու նման կապի մեջ: Այդպիսի հնարավորությունը և նման կապը օգնում է մեր աշխատանքներն ավելի արդյունավետ կառուցելու: Այնտեղ, որտեղ հնարավորություն կա շփվելու անմիջապես ժողովրդի հետ, մենք օգտագործում ենք այդ հնարավորությունը: Եվ այսօր իշխանության ներկայացուցիչները նախընտրում են հնարավորության դեպքում այդ հարաբերությունները կառուցել: Մենք գտնում ենք, որ դա ճիշտ և արդյունավետ աշխատաոճ և ապրելակերպ է:

 

Մենք՝ հայերս, ապրելով Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, հոգով ու մտքով Արցախում ենք: Ի՞նչ է Արցախը հայության համար:

 

— Ղարաբաղը հավասարապես պատկանում է մեր յուրաքնաչյուր հայրենակցին՝ անկախ նրանից, թե մեր ազգակիցները, մեր հայրենակիցները որտեղ են ապրում: Հետևաբար, Արցախը յուրաքանչյուր հայի երկիրն է, և ես շատ ուրախ եմ, որ ընկալումն այդպիսին է հայության կողմից:

 

Մենք այցելեցինք դիրքեր, եղանք առաջնագծում, տեսանք, որ սպայի և զինվորի միջև կան ինչպես կանոնագրային, այնպես էլ մարդկային հարաբերություններ, և նույն մարդկային ու անկաշկանդ շփումը, ինչպիսին Ձեր և քաղաքացիների դեպքում էր, տեսանք նաև զինվորի ու սպայի միջև: Ինչո՞վ են պայմանավորված զինվորի ու սպայի նման հարաբերությունները:

 

-Բնականաբար կան կանոնագրային հարաբերություններ սպաների ու զինվորների միջև, և նրանց հարաբերությունները հիմնականում կանոնակարգվում են հենց այդ սահմանված կարգի համաձայն: Բայց մարդկային հարաբերությունները որևէ անգամ խոչընդոտ չեն եղել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելու համար: Միշտ էլ մարդկային հարբերությունները նպաստել են ծառայողական պարտականությունների կատարմանը: Երբ սպաներն ու զինվորները նախընտրում են այդպիսի հարաբերությունների շրջանակներում իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները՝ դա միայն կարելի է ողջունել:

 

Այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է Արցախի Հանրապետությունը և նրա ժողովրդի ճակատագիրը: Դուք՝ լինելով Արցախի նախագահը, ինչպիսի՞ն եք տեսնում այդ հանրապետության ապագան ու վաղվա օրը:

 

-Ձեր այս հերթական այցելությունը հնարավորություն է տվել մեզ ձեր առջև բացահայտելու, թե ինչպիսին է Արցախի քաղաքացիների տրամադրությունը ապագայի հետ կապված: Կարծում ենք, որ դուք օգտագործել եք այդ հնարավորությունը՝ մեկ անգամ ևս համոզվելու համար, որ մեր քաղաքացիները լավատեսությամբ են լցված դեպի ապագան: Եվ մենք շատ բնական ենք համարում այդպիսի տրամադրությունները, որովհետև մենք պայքարում ենք այնպիսի ակնկալիքներով, որ մեր ապագան լինելու է ավելի պայծառ, ավելի լուսավոր, քան այսօրն է: Այդ տրամաբանությամբ և նման մտադրությամբ ենք իրականացնում մեր պարտականությունները, հետևաբար՝ կարելի է ասել, որ մեր ապագան լինելու է մի քանի անգամ ավելի լավը, քան այսօրն է:

 

Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր համոզվածությունը հրաշալի է, բայց ողջ հայ ժողովուրդը ակնդետ սպասում է այն օրվան, երբ որևէ պետություն կճանաչի Արցախի անկախությունը: Արդյոք այս տարվա ընթացքում դա հնարավո՞ր եք համարում, և եթե այո՝ Ձեր կարծիքով, ո՞ր պետությունները կլինեն առաջինները:

 

-Խոսելով Արցախի միջազգային ճանաչման մասին՝ ուզում եմ ասել, որ ես և մեր ժողովուրդը և՛ լավատես ենք, և՛ իրատես: Լավատես ենք այն առումով, որ համոզված ենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անխուսափելիության մեջ և գիտենք, որ դա լոկ ժամանակի խնդիր է: Մյուս կողմից, նաև իրատես ենք և հասկանում ենք, որ դա երկարատև գործընթաց է և պահանջում է համառ, արհեստավարժ ու համախմբված աշխատանք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակներում: Մենք անպայման հասնելու ենք միջազգային ճանաչման, և այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին հանդես են եկել ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա, Հավայի և Ավստրալիայի Նոր Ուելս նահանգները, Բասկերի Երկիրը, Ֆրեզնո, Լոս Անջելես և մի շարք այլ վարչատարածքային միավորումներ: Առաջիկայում կունենանք նոր հաջողություններ ևս:

 

Հարցազրույցը՝ Հուսիկ Արայի

Լուսանկարը՝ Artsakhpress.am

 

Անդին 5, 2016

Share

Կարծիքներ

կարծիք