Հաղթելու բանաձևը

Հեղինակ:

IMG_9089Նվիրվում է Հայոց բանակին

 

Ամեն ինչ եղել է այսպես: 1990 թ. վաղ գարունն էր: Համաժողովրդական հուզում էր ու խռովք: Արդեն երրորդ տարին էր, որ Երևանը — Հայաստանը — ողջ հայ ժողովուրդն ալեկոծվում էր: Մի ողջ ժողովուրդ ոտքի էր ելել հանուն արդարության ու պատվի, հանուն Արցախի:

Ակադեմիայի հումանիտար գիտությունների մասնաշենքի վեցերորդ հարկում հանդիպեցի ՀՀՇ նախագահության անդամ Բագրատ Ասատրյանին: Տխուր էր:

-Դժվար իրավիճակ է,- ասաց մտահոգ,- Գետաշենը հայթափվում է, անհրաժեշտ են չորս կողմից պաշարված գյուղ մեկնող կամավորներ, որպեսզի հուսահատված ժողովուրդը լցվի հավատով, հուսադրվի, որ մայր Հայաստանն իրենց չի մոռացել: Կամոն ու Ազատաշենն արդեն հայաթափվել են, մնացել են միայն Մարտունաշենն ու Գետաշենը, եթե նրանք էլ ընկնեն, ապա Ղարաբաղի հյուսիսային դարպասը կբացվի, առանց այն էլ ծանր վիճակն էլ ավելի կբարդանա: Գետաշենցիները հերոսական ժողովուրդ են, սակայն շրջափակված են, Հայաստանից ու աշխարհից կտրված: Եթե ադրբեջանական ելուզակները հարձակվեն, ապա միակ հյուսն իրենց վրա է: Գիտեն, որ մոտակայքում տեղակայված խորհրդային բանակի զինվորները չեն միջամտի: Երբեմն-երբեմն կարողանում ենք ռացիայով կապվել ռադիստ Լենայի հետ, հուսադրել, բայց դա քիչ է, շատ քիչ է: Մարդիկ խուճապահար են ու հուսահատված…

Ընդհատեցի.

-Քանի՞ հոգի է անհրաժեշտ, և ե՞րբ պետք է մեկնել:

Ես այն ժամանակ ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի Հայոց Համազգային Շարժման խորհրդի անդամ էի, կազմակերպել էի 11 հոգուց բաղկացած ջոկատ, և ամեն օր մարզվում էինք: Ռուբենը սկսել էր վերականգնել կամ ռուսերենից հայերեն թարգմանել ռազմարվեստի տերմինները: Գիտակցում էինք, որ պատերազմն անխուսափելի է:

Բագրատի դեմքին մի ժպիտ խաղաց ու հանգավ:

-Վաղ առավոտյան ուղղաթիռ է մեկնելու Գետաշեն՝ ուղարկում ենք ծանրոցներ, դեղորայք, գրքեր, սակայն գյուղից բավականին հեռու, բարձունքի գագաթին գտնվող հարթությունը, որը ծառայում է որպես ուղղաթիռների օդնավակայան, հսկում է Կիրովաբադի զինվորական պարեկախումբը՝ համալրված ադրբեջանական ՕՄՕՆ-ականներով: Նրանք, ովքեր տեղաբնակներ չեն, կարող են հայտնվել Գյանջայի բանտում: Այդ դեպքում ավելի նախընտրելի է մահը: Պատկերացնո՞ւմ ես վտանգի չափը:

Հանդիպեցի ընկերներիս: Գրեթե բոլորը պատրաստ էին ինձ հետ մեկնել Գետաշեն, սակայն ուղղաթիռում մեզ ընդամենը երեք տեղ էին հատկացրել: Ընտրեցի բանաստեղծ Գագիկ Սահինյանին և ճարտարապետ Միքայել Մկրտչյանին: Ինստիտուտի տնօրեն, հիանալի գիտնական ու հայրենասեր Լևոն Հախվերդյանը շտապ ինչ-որ գրություն պատրաստեց, թե իբր մենք մեկնում ենք ուսումնասիրելու Գետաշենի և Մարտունաշենի հայկական հուշարձանները: Հիմա եմ միայն հասկանում, թե ինչ անհեթեթ պատրվակ էր՝ մեկնել Ադրբեջան՝ ուսումնասիրելու հայկական հուշարձանները, երբ դա պարզապես կընկալվեր որպես սադրանք: Սակայն ուրիշ ինչո՞վ կարող էինք հիմնավորել մեր մեկնումը, այդ պահին դժվար էր հորինել:

Առավոտյան վաղ Չարբախի օդնավակայանում էի: Հեռվից չճանաչեցի ընկերներիս: Այն ժամանակ բոլորս ի նշան անհնազանդության և ի հեճուկս Գորբաչովի, որը մորուքավոր հայերին անվանել էր ծայրահեղականներ, փարթամ մորուքներ էինք կրում: Ընկերներս սափրվել էին: Արդեն իսկ զգացվում էր լարվածությումը: Մեզ հաջողվեց հետներս տարած քաղցրավենիքով սիրաշահել խորհրդային զինվորականներին և հասնել գյուղ:

Գնացել էինք ընդամենը մի քանի օրով, սակայն ուղղաթիռը, որն ամեն թռիչքի ժամանակ գնդակոծվում էր ադրբեջանական կրակակետերից (թռչելիս մեզ ցույց տվին ձորերից մեկում ընկած հայկական խոցված ուղղաթիռի կմախքը), կարողացավ վերադառնալ միայն 17 օր հետո:

17 օր չորս կողմից շրջափակված հայկական երկու գյուղերում:

17 օր անվերջանալի լարված իրավիճակում, երբ ընդամենը 150 մ հեռավորությամբ շրջում էին սև ժապավեններով գլուխները կապած ադրբեջանցի մարդասպան ՕՄՕՆ-ականները, և կային գյուղացիներ, որոնք սարսափից գլուխները կորցրած՝ մտածում էին մեզ հանձնել թշնամուն, հույսով, որ իրենց կխնայեն:

17 օր, երբ խորհրդային զինվորներին հրահանգված էր ոչ թե հսկել հայ գյուղերը, այլ խոչնդոտել կապը Գետաշենի և Մարտունաշենի միջև:

17 օր, երբ զինվորները գիշերը կրակահերթեր էին արձակում և խուճապի մատնվածներին մեծ փրկագնով առավոտյան անցկացնում Հայաստան: Երբ գյուղից դուրս ելնող անզեն հայերին ադրբեջանցիները դարանակալում և անասելի չարչարանքների էին մատնում:

17 օր Գետաշենում ու Մարտունաշենում:

Այդ ժամանակ Աստված մեր մտքին ճկունություն ու լեզվին ճարտարություն պարգևեց, և մեզ հաջողվեց կանխել խուճապը: Դրանից հետո մեկ տարի, մինչև խորհրդային բանակի Кольцо գործողությունը, հայկական այս երկու գյուղերը տոկացին և չգաղթեցին: Դա բավական էր, որ Ղարաբաղը սթափվի:

∗∗∗

Լքելով համեմատաբար անվտանգ Գետաշենը՝ մեկնեցիք Մարտունաշեն: Այդ փոքրիկ գյուղում հուսալքությունն ավելի մեծ էր: Խորհրդային զինվորականները կանգնեցրին մեր ավտոմեքենան: Ամեն մի օտար հայ ընկալվում էր որպես ծայրահեղական, որը խռովարար էր ու հակասովետական: Արդեն պատրաստվում էին ձերբակալել և ուղարկել Կիրովաբադ, երբ հրամանատարի խոսակցականում ընկալեցի լենինգրադցիներին հատուկ առոգանության երանգներ: Ներկայացա, որ ուսանել եմ Լենինգրադում: Պարզվեց, որ նրա տունը մեր հանրակացարանի մոտ էր, և ինչպես մեր, այնպես էլ նրա սիրած ժամանցի վայրը «Սպուտնիկ» հյուրանոցի սրճարանն էր: Իրադրությունը փոխվեց:

Գետաշենում հաստատվեցինք դարբին Գևոնի տանը: Այն լարված ու հուզական օրերին, երբ գիշերը քնում էինք հագնված, բարձի տակ դանակ, իսկ ձեռքներիս՝ որսորդական հրացան, քանզի դարբնի տունը, գյուղից զատված, կանգնած էր մեկուսի, թշնամու հնարավոր ներխուժման ճամփին, գիտակցելով վտանգը՝ հենց այդ տանը ապաստանեցինք, որպեսզի գյուղը հանգստանա, լցվի հավատով: Այդ հուզական ու լարված օրերին ծնվեց այս հոդվածը, որը հետո տպագրվեց «Հայրենի եզերք» ամսագրում: Այդ օրերի մտայնությունն ու շունչը պահելու համար որոշեցի որոշ լրացումներով վերահրատարակել այն, քանզի այստեղ տրոփում է այն բախտորոշ ու տագնապալից օրերի շունչը, երբ ամեն մի հայ պրկել էր միտքը և խորհրդային ու ադրբեջանական հայաջինջ նկրտումներից խոցված՝ փորձում էր գտնել փրկության և հաղթանակի, հայրերի հողի վրա արժանապատիվ ապրելու բանաձևը: Եվ այսօր գրեթե ոչինչ չի փոխվել: Փոխվել են քաղաքական գործիչները, կործանված ԽՍՀՄ-ին փոխարինել է Ռուսաստանը, սակայն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները մնացել են նույնը: Բացառությամբ մի շատ կարևոր հանգամանքի. մենք այսօր ունենք մարտունակ բանակ, որի մասին 1990-ին երազում էինք:

∗∗∗

Պատմությունը թերևս ամենախիստ ուսուցիչն է: Եվ եթե որևէ ժողովուրդ ժամանակին անհրաժեշտ հետևություն չի անում, թերանում է լուծել իր առջև ծառացած խնդիրները, ապա դրանք պատմության պարուրաձև զարգացման օրենքով կրկին ու կրկին առաջադրվում են նրան: Այս անգամ ավելի աննպաստ պայմաններում, ավելի խիստ հարցադրմամբ: Հայ ժողովրդի առջև 20-րդ դարում որպես ամենաէական խնդիր դրված էր անկախ պետականության վերականգնումը իր բնօրրանում: Դարասկզբին ապրելով մեր «լուսավոր» ժամանակներում իրագործված առաջին ցեղասպանությունը՝ մենք այնուհետև չկարողացանք ուշքի գալ և օգտվել իրավիճակի բարենպաստ ակնթարթից. Ռուսաստանը հեռու էր և ամբողջ երեք տարի զբաղված ներքին քաղաքացիական պատերազմով, Թուրքիան արյունաքամ էր եղել չորս տարի տևած գոտեմարտում, իսկ նրա անվերապահ կապիտուլյացիային ամիսներ էին մնացել: 1918 թ. հայ-թուրքական առճակատման ժամանակ ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար էր: Թուրքական բանակների դեմ, որոնք արշավում էին Հայաստան, մենք կարող էինք կենտրոնացնել գրեթե նույնքան, առաջին աշխարհամարտի բովով անցած, որակյալ սպաների կողմից ղեկավարվող զինուժ: Եվ այստեղ պարզվեց, որ ռուսական դրոշի ներքո քաջաբար մարտնչող հայ զինվորները հոգեբանորեն պատրաստ չէին միայնակ պայքարելու հայրենի հողի համար: Կրկնում եմ՝ հոգեբանորեն, քանզի ոչ ռազմական ուժով և ոչ էլ զենքով մենք չէինք զիջում թշնամուն: Մեկը մյուսի հետևից, առանց լուրջ դիմադրության, թուրքական բանակներին զիջեցինք հիանալի ամրացված Կարինը, Կարսը, Ալեքսանդրապոլը, ռուսական բանակի կուտակած զինամթերքի ու պարենի հսկայական պաշարները հանձնեցինք թշնամուն ու նահանջեցինք մինչև Երևանի մատույցները և ապա ուժերի հսկայական լարումով կասեցրինք թուրքական բանակի մահացու հորձանքը…

Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը և ղեկավար կուսակցությունները որպես կենդանի, գործող մարմիններ պետք է ունենային և ունեին սխալներ: Մեր կարծիքով՝ դրանցից մեծագույնը, աններելին հավատն էր արտաքին ուժի՝ հաղթանակող եվրոպական պետությունների նկատմամբ, և դրանից բխող երազանքը՝ օտար ուժի հովանու ներքո խաղաղ ապրելը: Փաստորեն, երազելով Մեծ Հայաստանի մասին՝ նրանք ճակատագրի շնորհած բարենպաստ 2,5 տարիների ընթացքում (հսկայական ժամանակամիջոց հայ իրականության և սոսկալի քիչ՝ 600 տարի պետականությունից զուրկ, ահավոր ջարդերից չապաքինված և սովի մատնված ժողովրդի համար) չկարողացան ստեղծել հոգեբանորեն մարտունակ ազգային բանակ: Որպես իմ ժողովրդի մեծագույն ամոթ 1920 թ. 40-հազարանոց հիանալի զինված հայկական բանակը Կարաբեքիրին ցույց չտվեց քիչ թե շատ լուրջ դիմադրություն և մեկ ամսից քիչ ավելի ժամանակամիջոցում վայր դրեց զենքերը թուրք-բոլշևիկյան դավադիր դաշինքի առաջ: Դրությունը ծանր էր, օրհասական: Սակայն նման պահերին ժողովուրդները կատարում են անհնարինը, քանզի պարտվելու իրավունք չունեն, այլապես դատապարտված են կործանման: Մեր դեպքում հրաշք չկատարվեց: Այդ խուճապային օրերին չգտնվեց և ոչ մի կամային ղեկավար, որը պատասխանատվությունն իր վրա վերցներ, դառնար ժողովրդի հավաքական, անզիջում կամքը (Սյունիքը և Նժդեհը բացառություն էին, սակայն Հայաստանի բախտը վճռվում էր Երևանում): 1920 թ. կուսակցական գործիչների ողջ հանրագումարը չկարողացավ փոխարինել մեկ մարդու՝ Արամ Մանուկյանին: Ժողովուրդը չէր ցանկանում մարտնչել, և չկար մեկը, որ նրան արթնացներ խուճապից: Հայաստանի առաջին Հանրապետության ղեկավարները ժողովրդին թշնամու դեմ հանելու, պայքարը կազմակերպելու փոխարեն մուրացկանի նման թակում էին հաղթած պետությունների դռները՝ աղերսելով արդարություն և օգնություն: Հայ զորահրամանատարները փոքրոգիներին պատժելու, դասալիք զինվորներին և բոլշևիկյան քարոզիչներին տեղում գնդակահարելու և դրանով բանակի մարտունակությունը բարձրացնելու փոխարեն, դառնացած դեպքերի խայտառակ ընթացքից, իրենք էին ինքնասպան լինում: Ունենալով սեփական պետություն և բանակ՝ մենք չցանկացանք կռվել ու զոհվել հանուն հայրենիքի, այդ դեպքում ի՞նչ իրավունքով էինք օգնություն խնդրում օտարից: Եվ մի՞թե երիցս իրավացի չէր Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջր, որ հայտարարեց. «Եթե ազգը բոլորովին ի վիճակի չէ պաշտպանելու իրեն, ապա Անտանտը նրան չի տա նույնիսկ մեկ գումարտակ»:

Ազգը կառավարության կողմից չստացավ հակաթույն բոլշևիկյան վարակին դիմակայելու համար, զրկվեց մարտնչելու կորովից և պարտվեց: Աոանց պայքարի կորցվեց տիտանական լարումով, միլիոնավոր զոհերի գնով ձեոք բերված դարերի երազանքը՝ անկախ պետությունը: Մեր պապերը «աստեղային» ժամին չկարողացան դիմակայել թշնամուն, և որպես պատիժ մաքառում ու տառապանք կտակեցին: Մենք այժմ քավում ենք մեր պապերի մեղքը և մի՞թե իրավունք ունենք նման ժառանգություն կտակելու մեզ հաջորդող սերնդին։

∗∗∗

Սակայն 20-րդ դարի վերջին քառորդում պատմությունը կարծես կրկնվում է: Կես միլիոնից ավելի հայեր, ենթարկվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր պարբերաբար կրկնվող ջարդերի սարսափին, տեղահան են եղել, լքել հայրենի օջախները, երկար տարիների տքնաջան աշխատանքով ստեղծած տուն ու տեղը, պապերի շիրիմները: Նորից հին ուրվականի նման վերակենդանացել ու մեր դեմ է կանգնել գաղթականը:

Մասնավորապես ցավալի է Կուր գետից հարավ ընկած պատմական Հայաստանի հսկայական տարածքների հայաթափ լինելու փաստը: Սա ցեղասպանություն է բառիս բուն իմաստով, որն իր ընդգրկումով և ծավալով գերազանցում է Աբդուլ Համիդի արյունոտ գահակալության ողջ տարիներին իրագործված բռնությունները: Բռնագաղթված է ավելի քան կես միլիոն մարդ, պատմական Հայաստանի հազարավոր քառակուսի կիլոմետրեր ընդգրկող տարածքներում այժմ չի ապրում և ոչ մի հայ: 1988-1990 թթ. մեր ղեկավարները և պատգամավորները տարբեր ամբիոններից խոսելով հայկական նոր ցեղասպանության մասին՝ ակնարկում էին Սումգայիթի և Բաքվի ջարդերը՝ անտեսելով իր հետևանքներով շատ ավելի ծավալուն և ժողովրդի կենսական շահերին արմատապես առնչվող դաշտային Արցախի և Ուտիքի հայաթափ լինելու փաստը: Երասխում, Զանգեզուրում, Գետաշենի ենթաշրջանում ջարդ կերած թշնամին գիտակցեց, որ բաց մարտում չի կարող հասնել հաջողության, այժմ դիմել է իր ցեղին հատուկ քաղաքականությանը՝ կաշառք, ահաբեկում, շրջափակում, ապատեղեկատվություն, սուտ, խորհրդային բանակի օգտագործում: Պայքարը թևակոխել է մի նոր, երկարատև և անասելի հոգեմաշ շրջան: Ադրբեջանցի վերանվանված կովկասյան թաթարները խորհրդային բանակի աջակցությամբ հավակնում են նվաճել Մարտունաշենը և Գետաշենը: Այնուհետև հերթը հասնելու է Շահումյանի շրջանին, ապա Լեռնային Արցախին… Եթե մենք չսթափվենք, եթե ամեն հայ չհասկանա, որ անկախ մեր կամքից մենք ներքաշվել ենք մի համապարփակ պատերազմի մեջ, ուր չկա ճակատ և թիկունք, քանզի ամենուր և պայքարի ամեն մի բնագավառ առաջնագիծ է: Եվ անասելի դաժան այս պայքարը կարող է ավարտվել լոկ կողմերից մեկի հաղթանակով: Միջինր չի տրված, և անհնար է, որ այս պայքարում չլինեն հաղթողներ և պարտվողներ, ինչպես մեզ փորձում են համոզել խորհրդային քարոզչական մեքենան, ապա և եվրոպացի դիվանագետները: Կկարողանա՞նք և կհասցնե՞նք հոգեպես ու ֆիզիկապես նախապատրաստվել այս պայքարին: Եթե այո, ապա նախնյաց հողի վրա կապրենք որպես ազատ ժողովուրդ:

∗∗∗

Այժմ, թերևս, ոչ մի ժողովրդի կենսականորեն այնքան անհրաժեշտ չէ խաղաղությունը, որքան մեզ՝ հայերիս: Մի կողմից հրեշավոր երկրաշարժի հասցրած մարդկային, նյութական և բարոյական կորուստները, գրեթե համապարփակ շրջափակումները, ապիկար ղեկավարումը, որի արդյունքում փոշիացվեց խորհրդային տարիներին ձևավորված տնտեսական համակարգը, ապա դրան հաջորդած պետական մակարդակով իրականացված թալանը հանգեցրին Հայաստանի տնտեսության աննախադեպ կրճատմանը: Մյուս կողմից՝ հարյուր հազարավոր անօթևան գաղթականները, աշխարհագրական դիրքը՝ իր թշնամական կամ անբարյացակամ հարևաններով, արտաքին աշխարհի հետ ծովային կապի բացակայության գործոնը, հոգեկան անընդմեջ ցնցումներ պատճառող և դեռ արդարացի լուծման երկարատև ճամփա անցնելիք Արցախի խնդիրը: Այս ամենը լուծելու համար մեզ ժամանակ է պետք: Սակայն որքան էլ պարադոքսալ հնչի, ներկա քաղաքական իրավիճակում օդի և ջրի պես անհրաժեշտ խաղաղությունը կարող ենք ձեռք բերել միայն պատերազմով, նվաճել անզիջում և համառ մաքառումով:

Քաղաքական արդի անկայուն իրավիճակում, երբ դեպքերի ընթացքը համաշխարհային մասշտաբով կարող է ընթանալ կտրուկ շրջադարձումներով, մեզ՝ ճգնաժամային իրավիճակում հայտնված ժողովրդին անհրաժեշտ է մշակված ռազմավարություն և գործողությունների հստակ հայեցակարգ, դրանք հետևողականորեն իրականացնող իշխանություն: Մեզ այն ներկայանում է երկու առավել կարևոր գործոնով. ա) ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովող ռազմական ուժի կազմավորմամբ և բ) տնտեսական «հրաշք» կանխատեսող պայմանների ստեղծմամբ:

∗∗∗

1988-1990 թթ. դեպքերը բացահայտեցին խնամքով քողարկված ճշմարտությունը՝ խորհրդային բանակը ոչ միայն չի ցանկանում, այլև կոչված չէ պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը: Խորհրդային գորքերը ոչ երեք ժամ, ոչ էլ երեք օր ուշացան Սումգայիթում կամ էլ յոթ օր՝ Բաքվում (ըստ Գորբաչովի հայտարարությունների): Նրանք միշտ էլ տեղում էին և աննշան ուժերով իսկ ի զորու էին կանխել ջարդերը, սակայն ունեցել են որոշակի հրահանգ՝ չմիջամտել:

Հետագայում ևս հայ-ադրբեջանական առճակատումները խրախուսվելու են արտաքին ուժերի կողմից: Հետևաբար՝ հայ ժողովուրդն ինքը պետք է լուծի իր անվտանգության հարցը, և քանզի զինված է հակառակորդը, մենք առանց սեփական կանոնավոր բանակի իրավունք չունենք ապրելու: Բանակ, որը պետք է զինել ամենաարդիական զինատեսակներով և հագեցնել դրանք կիրառել կարողացաղ հմուտ զինվորականներով:

1988-1989 թթ. մենք բազմաթիվ առիթներ ունեցանք ուժին դիմակայելու ուժով և պաշտպանելու ինքներս մեզ, սակայն դրանից հետո, ինչ-որ անկամ մոլորությամբ, հույսներս օտար ուժի վրա դրած, արդարությունը դրոշ դարձրած վազում էինք գանգատի Մոսկվա: Իսկ Մոսկվան ոչ մի ցանկություն չուներ ավելորդ գլխացավանքի մեջ ընկնելու, մասնավորապես այն պարզ պատճառով, որ լինելով մեծ գաղութատեր՝ չի կարող և չի ցանկանում սաստել փոքր գաղութատիրոջը՝ Ադրբեջանին: Սակայն բավական էր, որ մենք ելնեինք ինքնապաշտպանական կռիվների Կռոնիձորում, Երասխում, Մանաշիդում, Գետաշենում և այլուր, որ Մոսկվայի վերաբերմունքը մեր նկատմամբ դառնար հարգալից, իսկ ոչ մի պայման չընդունող ազերը համաձայնեն բանակցությունների (հիշենք վիլնյուսյան հանդիպումները): Քանզի ժողովուրդները հարգանքն իրենց նկատմամբ նվաճում են կռվի դաշտում:

Հայկական ինքնավար հանրապետության առաջնահերթ խնդիրներից է ազգային կանոնավոր բանակի ստեղծումը. օրինավոր, երկաթյա կարգապահություն ունեցող բանակի, որի առկայությունը հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ապրող յուրաքանչյուր հայի վստահություն կներշնչի, որ կա իրեն ապավեն մի զորեղ ուժ:

Ազգային բանակի գերագույն խնդիրը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության պահպանումը թե՛ արտաքին և թե՛ ներքին վտանգից: Հանրապետությունը երկնքից իջած մանանա չէ: Այն ձեոք է բերվել տառապանքով և պայքարով: Չլինեին Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի, Սյունիքի հերոսամարտերը, հեղափոխական Մոսկվան չէր ճանաչի Հայաստանը որպես ինքնիշխան պետություն:

Որքան էլ սուղ լինեն հանրապետության ֆինանսական հնարավորությունները, ազգապահպանության գործի համար միջոցներ չի կարելի խնայել, քանզի «ով չի ցանկանում կերակրել սեփական բանակը, կերակրելու է օտարինը» (Նապոլեոն): Կանոնավոր ազգային բանակը պետք է համալրված լինի որակյալ սպաներով, զինվորական գործի քաջահմուտ մասնագետներով: Այս գործում մեծ դեր կարող են խաղալ նաև սփյուռքահայերը: Քանի դեռ դեմոկրատիան չի հաղթանակել մեր հարևան երկրներում, կենաց ու մահու գոտեմարտը շարունակվելու է: Հանրապետությունը միշտ ունենալու է որակյալ սպաների կարիք: Սփյուոքահայերը, լինելով զարգացած երկրների հպատակներ, իրավունք ունեն ծառայելու նրանց զինված ուժերում: Եթե սփյուռքահայ կազմակերպությունները, ծրագրված կերպով, ընդունակ և հայրենասեր երիտասարդների ուղարկեն սպայական դասընթացների, ապա վերջիններս, տիրապետելով մարտավարության ամենաառաջադեմ մեթոդներին, անհրաժեշտության դեպքում անգնահատելի ծառայություն կարող են մատուցել հայրենիքին: Հիշենք, թե որքան նշանակալից դեր խաղացին հայ կադրային զինվորականները 1915-1921 թվականների իրադարձությունների ժամանակ:

∗∗∗

Այժմ ավելի ու ավելի համարձակ են հնչում քննադատություններն այն հայ գործիչների նկատմամբ, ովքեր որդեգրել էին օտար, մասնավորապես ռուսական ուժերով Հայաստանն ազատագրելու գաղափարը (Իսրայել Օրի, Հովսեփ էմին և այլն): Գաղափար, որ առաջին անգամ հնչելով միջնադարում, որպես մարգարեություն, թե հայ ժողովրդին անօրենների լծից փրկելու է հյուսիսում ապրող քրիստոնյա մի ժողովուրդ, աստիճանաբար նվաճելով հայ ուղեղները, նոր և նորագույն շրջանում վերաճեց սևեռուն գաղափարի: Մի կողմ թողնելով այս գործիչների նկատմամբ կիրառվող վիրավորական արտահայտությունները, որոնք, մեր կարծիքով, անընդունելի են, քանզի աներկբա է այդ գործիչների՝ ազգային ցավով տառապած լինելը և ինքնակամ տատասկոտ պայքարի ճամփան ընտրելը, հավաստում ենք, որ հայ պատմագրության մեջ անառարկելի ճշմարտություն համարվող ավանդական մի շարք տեսակետներ կարիք ունեն սրբագրման:

17-18-րդ դդ. հայ դատը պաշտպանելու ելած օտարամետ գործիչներից շատերը ոչ թե Հայաստանում ապրող, հայ իրականությունն ու ցավը իմացող, հայերեն կրթված և հայեցի մտածող մարդիկ էին, այլ օտար միջավայրում ապրող, օտար լեզվով և բարքերով կրթված անհատներ էին: Որպես այս իրավիճակից ծնված և սրանից բխող հետևություն Հայաստանի ազատագրության նախագծերում բացակայում էր սեփական ուժերով ազատություն ձեռք բերելու քաջությունը: Եվ նրանք ծրագրում էին Հայաստանի ազատագրումը քրիստոնյա որևէ պետության միջնորդությամբ: Մոռանալով մի պարզ ճշմարտություն, որ եթե ինքդ պատրաստ չես մեռնելու հանուն քո ազատության, ապա օտարը քո փոխարեն, քո ժողովրդի ազատության համար առավել ևս չի ցանկանա զոհվել:

Մյուս կողմից՝ պետականությունից զուրկ Հայաստանում ապստամբության դրոշ պարզելուց առաջ անհրաժեշտ էր երկարատև «սև» աշխատանք՝ նախապատրաստել մարտնչող ուժը: Մինչդեռ հայ ազատության գաղափարով ներշնչված գործիչները նախընտրեցին առաջին հայացքից հեշտ ու դյուրին ճամփան, այն է՝ ձեռք բերել անկախություն ուրիշի օգնությամբ, ուրիշի, որն արդեն ունի պատրաստի հզոր բանակ: Մինչդեռ Հայաստան հասած օտարն իր հերթին մտածում էր ոչ թե հայերին ազատելու, այլ Հայաստանը և հարակից շրջանները նվաճելու մասին: Եվ այդ պայքարում հնարամտորեն օգտագործել է հայերի ինքնախաբեության աստիճանի հասնող հավատը, որ քրիստոնյա պետությունը, իրեն ընկալելով որպես մինչև ուղն ու ծուծը նվիրված դաշնակցի, չի կարող չփրկել իրեն այլակրոն լծից: Եվ երեխայի նման զարմանում ու վրդովվում էինք, երբ իր շահերից ելնելով՝ Ռուսաստանը դրժում էր իր խոստումները: Հայերի՝ օտար դրոշի ներքո մարտնչելու ինքնակամ ձգտումը հիանալի օգտագործում էին թուրքերի և պարսիկների դեմ պատերազմների ժամանակ: Սակայն հաղթական պատերազմից հետո մենք արդեն խանգարում էին նոր նվաճողին: Եվ այստեղ բազմիցս կրկնվում էր դեպքերի մեզ համար անհասկանալի ընթացքը: Ռուսական զորքի դեմ կռված թաթարները, որոնք կարողանում էին շտապ գունափոխվել, արժանանում էին նորին պայծառափայլություն կայսեր բարեհաճությանը որպես հակակշիռ ուժ ռուսական դրոշի տակ մարտնչած հայերի, որոնք չնայած իրենց հավատարմությանը՝ իրավունք ունեին պահանջներ ներկայացնելու մատուցած ծառայությունների դիմաց: Սկիզբ էին առնում հայերի նվաստացման, իշխանական հողերի օտարման, զգոն քաղաքական գործիչների աքսորման և այլ հայահալած՝ բացահայտ կամ քողարկված գործողություններ (Խաչատուր Աբովյան, Ներսես Աշտարակեցի): Եվ իրադարձությունների այս շրջապտույտը կրկնվել է ավելի քան 250 տարի: Եվ ողբերգական, պարբերաբար խաբվելու գործում, որպես մեր ազգի աչքերը պարուրած փառ, իր դերն է խաղացել օտար ուժի միջոցով ազատություն ձեռք բերելու գաղափարը, օտարին հերոսացնելը և սեփական ազգին նյութապաշտ, դավաճան և թերարժեք համարելը: Գաղափարներ, որոնք որպես բացարձակ ճշմարտություն քարոզվել են ժողովրդին՝ ջլատելով սեփական ազատությունը սեփական արյան գնով ձեռք բերելու ոգին: Այս՝ օտար ուժերի շնորհիվ ապահովված լինելու վնասակար գաղափարից օր առաջ հրաժարվելը կձևավորի իր ճակատագիրն իր ձեռքը վերցնելու ժողովրդի վճռականությունը, վերջակետ կդնի հայոց արյունը վաճառասեղան հանելու անվերջ գործընթացին: Ամեն մի ժողովուրդ իր գոյությունը պահպանելու և ազատ ապրելու իրավունքը կարող է նվաճել լոկ սեփական ուժերով՝ ծնելով և դաստիարակելով սերունդ, որը ոչ թե դավանանքի համար կամ օտար բանակի կազմում, այլ հայրենիքի ազատության և անկախության համար պատրաստ կլինի զոհել կյանքը: Պատերազմների և ճակատամարտերի ելքը հաճախ վճռում է ոչ թե գերակշիռ ուժը, այլ մարտնչող կողմերի հոգեբանական պատրաստությունը, մինչև վերջ մաքառելու պատրաստակամությունը: Այդ նկատառումով մեր իրավիճակը գերադասելի է, քանզի նվաճողական պատերազմի ելած ադրբեջանական զորքի բարոյական մակարդակը չի կարող բարձրանալ թալանչիական ծարավից մինչև ինքնազոհության մակարդակի:

∗∗∗

Անկասկած, Հայաստանի այժմյան վիճակը ծանր է, եթե չասենք օրհասական: Եվ անկասկած է, որ Հայաստանի զգալի մասը նվաճած թուրքական տարրերի դեմ մղվող գոյամարտում մեզ անհրաժեշտ են դաշնակիցներ: Ով կլինի մեր դաշնակիցը կոնկրետ իրավիճակում՝ ցույց կտա կյանքը: Թուլամտությունը, անզիջում պայքարից ինքնակամ հրաժարումը մեզ կարող է զրկել նույնիսկ հնարավոր դաշնակիցներից: Որպես չգրված օրենք մաքառող կողմերից երկուսն էլ ունենում են դաշնակիցներ, քանզի նախահարձակ կողմը ձգտում է խախտել գոյութուն ունեցող ուժերի հավասարակշռությունր, որից դժգոհ են վերջին կայունացման ժամանակ կորուստներ ունեցած երկրները, մյուս՝ շահած կողմը՝ այն պահպանել: Պայքարի ժամանակ այս երկու խմբավորումներից մեկի շահերն անպայման կհամընկնեն մեր շահերի հետ: Հարկավոր է միայն արագ կողմնորոշվել, դեն նետել քարացած ՙհավերժական՚ դաշնակից հասկացությունը և, որ ամենակարևորն է, մարտնչելիս հանդես բերել ուժ և վճռականություն:

Երկրաշարժին հաջորդած դեպքերը ի ցույց հանեցին քաղաքակիրթ ազգերի համակրանքը մեր ժողովրդի հանդեպ: Իսկ համակրանքից մինչև դաշինք մեկ քայլ է: Դրան հասնելու համար անհրաժեշտ է նրանց ապացուցել, որ մենք ինքներս մեզ պաշտպանելու համար պատրաստ ենք ելնել օրհասական պայքարի: Դաշնակիցներ ձեռք են բերում ոչ թե մուրալով կամ արդարությունը վկայակոչելով, այլ նվաճում են մարտնչելու վճռականությամբ և քաջությամբ: Արդարության մասին խոսելու համար անհրաժեշտ է լինել զորեղ, քանզի արդարությունն ինքը կարիք ունի պաշտպանության, այլապես «կբռնաբարվի՝ քանզի մերկ է ու գեղեցիկ» (Հակոբ Պարոնյան): Արիակամ, քաջորեն կռվող ժողովրդի հետ շատերը հաճույքով կդաշնակցեն: Նման ժողովրդի հետ առաջինը բանակցությունների նստել կձգտի հենց ինքը՝ մահացու թշնամին:

∗∗∗

Հիշենք պատմական 1918 թվականը: Թուրքերն Անդրկովկասյան սեյմի հետ սկսեցին բանակցություններ վարել ռուսական բանակի հեռանալուց անմիջապես հետո: Լինելով ճկուն դիվանագետներ և սթափ ռազմավարներ՝ նրանք հասկանում էին, որ էրզրումի, Կարսի և Ալեքսանդրապոլի հիանալի ամրացված գծերի ճեղքումը դյուրին չէ: Եվ քանի որ հաջողության հասնելը մշուշոտ էր, թուրքերը սկսել էին դիվանագիտական գործընթաց՝ ներկայանալով որպես վերափոխված, հեղափոխական ժողովուրդ: Այս քայլով նրանք մի կողմից բթացնում էին պայքարի ելած զինվորականների և քաղաքական գործիչների զգոնությունը, մյուս կողմից հող նախապատրաստում՝ որոշակի աստիճանի հասցված բանակցությունների հիման վրա կնքելու թուրքական կողմի համար շահավետ հաշտության ռազմաբեմում կրած անհաջողության դեպքում: Ռազմաճակատում չհանդիպելով լուրջ դիմադրության՝ թուրքական կողմն անընդհատ ձգձգում էր բանակցությունների ավարտը՝ մեզ առաջադրելով ավելի ու ավելի խիստ պայմաններ: Եվ միայն Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում կրելով զգալի կորուստներ՝ կնքեց խաղաղության դաշնագիր: Մյուս կողմից՝ մեզ դաշնակից կամ դաշնակից ձևացող վրացիները և ազերը, որոնք մինչ այդ պատկառանք էին տածում հայկական ռազմուժի հանդեպ, հրաժարվեցին դաշնակցությունից կամ վերածվեցին թշնամու: Իսկ մենք պարտության պատճառները մեր մեջ փնտրելու փոխարեն սկսեցինք մեղքը բարդել ուրիշների վրա: Բայց չէ՞ որ կային ոչ միայն Էրզրումն ու Կարսը հանձնելու Անդրսեյմի, այլև Երևանը հանձնելու հայոց պարագլուխների հրամանները: Ամեն ժողովուրդ իր շահն ունի: Վրացին և ռուսը կամ եվրոպացին այնպիսին են, ինչպիսին կան: Պետք չէ նրանց ո՛չ հավատալ և ո՛չ էլ մեղադրել: Էրզրումը և Կարսը, ապա նաև Ալեքսանդրապոլը մենք թուրքերին զիջեցինք առանց մարտի ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունեին դրանք հանձնելու Անդրսեյմի հրամանները, այլ այն պատճառով, որ ժողովուրդը և զորքը տառապում էր դասալքությամբ և ցանկություն չուներ կռվելու: Մինչդեռ օրհասական պայքարի ելնելով Սարդարապատում՝ մենք կռվեցինք և հաղթեցինք: Եվ Երևանը հանձնելու որոշումը ոչ մի նշանակություն չունեցավ:

∗∗∗

Սարդարապատի հրաշքը շատերը պատճառաբանում են Արամ Մանուկյանի հորդաբուխ էներգիայով, բացառիկ կազմակերպչական տաղանդով, հաստատակամությամբ, Երևանն առանց մարտի հանձնելու հրամանը չկատարելու աննխադեպ վճռականությամբ, ապա և Դանիել բեկ Փիրումովի ու Սիլիկյանի ռազմական տաղանդով, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ա-ի և Գարեգին Հովսեփյանի գլխավորությամբ հայ հոգևորականության անձնազոհությամբ, որոնք Աստծո անունը շուրթերին, կարմիր խաչով զարդարված սպիտակ պարեգոտներ հագած շրջեցին գյուղ առ գյուղ, հաղթանակի հավատ ներշնչեցին և ոտքի հանեցին ժողովրդին անհավասար գոտեմարտի: Առանց այս գործիչների ինքնանվիրման չէր կոփվի Սարդարապատի հրաշքը: Սակայն հաղթանակի ամենաէական և վճռող գործոնը Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի բնակչության վճռականությունն էր՝ կյանքի գնով պաշտպան կանգնել իր հողին, իր տանը, իր պատվին և ոչ թե բռնել գաղթականի կործանարար ցուպը: Ժողովրդի՝ զանգվածային կամավորական գնդեր կազմելը, հայրենիքի զինվորին որպես հերոս մեծարելն ու իր վերջին հոգեպահուստը զորքի առաջ լիաբուռ փռելը, Երևանից մինչև Սարդարապատ կենդանի կամուրջ կազմած՝ զինվորներին ջուր և սնունդ հասցնող հայ կանանց ու աղջիկների օգնությունը, իր հողի վրա ապրելու հավատով մարտի ելած, մահվան գնով կյանքը փրկելու մարտիկների վճռականությանը որոշեց ճակատամարտի ելքը:

Հայոց պատմության ողջ ընթացքր, մասնավորապես վերջին տարիների իրադարձությունները վկայում են, որ այնտեղ, ուր ժողովուրդը ոչ թե խուճապի մատնված լքել է իր հողն ու ջուրը, տունն ու նախնյաց շիրիմները, այլ ելել է կենաց ու մահու պայքարի, թշնամին այնտեղ ընկրկել է, դարձել հեզ, պատրաստ բանակցությունների, իսկ հայ զինվորի ոգին բարձրացել է, անձնազոհությունը դարձել հանապազօրյա երևույթ: Հիշենք Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի, Ախալցխայի, Զանգեզուրի հերոսամարտերը, Մանաշիդի, Ազատի, Կռոնիձորի, Երասխի հաղթանակները: Իսկ այնտեղ, ուր ժողովուրդը համակված է եղել գաղթի ախտով և թշնամուն ենթարկվելու տրամադրությամբ, հայ զինվորը դարձել է դասալիք կամ պարտվել: Նման դեպքերում փախուստի պատրաստվող ժողովրդի սարսափը փոխանցվում է զորքին, պայքարը դարձնում աննպատակ, քանզի այլ բան է կռվել հանուն մարդկանց կյանքի փրկության, բոլորովին այլ՝ պաշտպանել թեկուզ հարազատ, սակայն բնակիչներից լքված գյուղը: Որպես օրինակ հիշենք 17-րդ դարի պարսկա-թուրքական բազմաթիվ ընդհարումներից մեկը, երբ պարսից շահը նահանջող զորքի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հրամայում է ճակատամարտի վայր բերել զինվորների կանանց և երեխաներին: Եվ մարտունակությունը կորցրած բանակը, հայացքի տակ ունենալով հանդիպակաց բլրի գագաթին հավաքված հարազատներին, որոնց պարտության դեպքում սպառնում էր գերություն ու ստորացում, վերափոխվել և անհավատալի սխրանքներ է գործել:

∗∗∗

Ափաչափ ու չորս կողմից թշնամիներով շրջափակված Հայաստանում չկա թիկունք, չկա ապահով վայր: Հայոց ապահովությունն ամեն պահ մահացու վտանգը դիմագրավելու կամքի մեջ է: Եվ եթե ճակատագիրն այսօր քեզ է ընտրել աոաջամարտիկ, դու իրավունք չունես լքելու ճակատագրով քեզ վերապահած դիրքը, մեկնել ապահով երկիր՝ մենակ թողնելով ընկերոջդ: Միևնույն է, ճակատագրից փախչել հնարավոր չէ: Կարելի է միայն վաստակել դասալիքի ամոթալի խարանը և քո պահվածքով նպաստել, որ առանց այդ էլ աներևակայելի չափերով փոքրացած Հայաստանը էլ ավելի փոքրանա: Եվ եթե վաղը վտանգ կախվի քո նոր բնակավայրի վրա, դու նորից ես փախչելու՝ քո գաղթելու ախտով վարակելով մյուսներին: Հարկավոր է մեկընդմիշտ վերջ դնել առուփախի, սեփական գլուխը մի կերպ ազատելու տրամադրությանը:

«Հայաստանը ամեն տեսակ վատսիրտ մարդկանց ու դասալիքների հանրակացարան կամ հյուրանոց չէ, ոչ էլ պերճ արոտավայր ցոփ հարուստների» (Ավետիք Իսահակյան): Հայաստանր սրբավայր է, ուր յուրաքանչյուր ոք ապրելու իրավունքը պետք է նվաճի: Այստեղ պետք է ապրեն արիակամ, իրենց հողի տեր զգացող ու այդ հողը կյանքից առավել սիրող հայեր: Մենք նման ենք դրախտում, սակայն հրաբխի վրա ապրող ժողովրդի: Մի կողմից Թուրքիան է, որը ոչ մի կերպ չի ընդունում հայ ժողովրդի դեմ գործած հրեշավոր ոճրագործությունը և իր ժողովրդին ներարկում է հակահայկական տրամադրություններ, մյուս կողմից՝ դարասկզբի Թուրքիային իր նենգ քաղաքականությամբ չզիջող Ադրբեջանը, երրորդ կողմում՝ անտարբեր վրացին, ռուսը և եվրոպացին: Նման պայմաններում ազգային կառավարությանը անհիմն վարկաբեկող ամեն մի քայլ, ի վերուստ հաստատված կարգ ու կանոնին չենթարկվելը, եթե նույնիսկ ընդունված որոշումը լավագույնը չէ, հավասարազոր է ինքնասպանության: Առավել աններելի հանցանք է սեփական շահը պետականից և ազգայինից գերագնահատելու՝ պետական գործիչների ու վարչարարների պահվածքը:

∗∗∗

Պանթուրքիզմը ռեալ իրողություն է: Ուզենք թե չուզենք, ընդունենք թե ոչ, ջայլամի նման գլուխներս թաքցնելով և իրականությանը չնայելով՝ վտանգից չենք խուսափի: Պանթուրքիզմը կա և գործում է, երբեմն պետական մակարդակով, երբեմն ընդհատակ անցած: Որպես դրա առհավատչյան ունենք Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլուր իրագործված անմարդկային դաժանությունները ոչ մի հանցանք չգործած մարդկանց նկատմամբ: Ազերի ատելության աննախադեպ դրսևորումները միայն ժողովրդի բնավորությամբ և գենոֆոնդով դժվար է մեկնաբանել: Այստեղ հստակ է պանթուրքիզմի գաղափարախոսության ազդեցությունը: Դա նախ և առաջ թուրք քաղաքական գործիչների և մտավորականների կողմից հարյուր տարուց ավելի քարոզվող, սեփական ժողովրդին մանուկ հասակից անդադար սերմանվող հակահայկական տրամադրությունների դրսևորումն է: Հանրահայտ է, որ եթե մենք նույնիսկ մոռանանք մեր հանդեպ գործած նրանց հանցանքները, ապա թուրքերը չեն մոռանա և քանի որ մեղավոր են, նրանց ատելությունը զոհի հանդեպ երբեք չի մարի: Որ հակահայկական մոլուցքով վարակված է ոչ միայն ազերի վերնախավը, այլև ժողովուրդը՝ վկայում են Ադրբեջանում ծայր առած դեպքերը: Ադրբեջանի բոլոր քաղաքական ուժերը ժողովրդական զանգվածներին իրենց կողմը գրավելու համար հակահայկական քարոզարշավ են սկսում: Եվ պետք չէ ցանկալին իրականի տեղ ընդունել: Նույն հակահայ քաղաքականությունը կշարունակեն Ադրբեջանում իշխանության եկած բոլոր ուժերը՝ անկախ արևմտամետ կամ արևելամետ, կարմիր կամ սպիտակ, ժողովրդավար կամ միապետական լինելուց: Ինչպես 1920 թ. Աթաթուրքը իր խարխուլ քաղաքական վիճակը շտկելու նախապայմանը տեսնում էր Հայաստանի Հանրապետության դեմ մղվող հաղթական պատերազմը, այնպես էլ Ադրբեջանի այժմյան ղեկավարները իշխանությունը պահելու միակ պայմանը դիտում են հայերին հալածելը և նրանց իրենց պապենական հողերից քշելով՝ Արցախի հարցը լուծելը: Քանզի ադրբեջանցի կոչվող խառնածին թուրքերի մեջ հայատյացությունը գերակա է նույնիսկ անկախության ձգտումներին: Հայերի դեմ թույնով լցված թուրքական տարրին վերադաստիարակելու համար տասնյակ, գուցե հարյուրավոր տարիներ են անհրաժեշտ, մինչդեռ Հայկական հարցը թուրքական եղանակով լուծելու համար բավական է շատ կարճ ժամանակահատված, եթե նրա ճամփին չկանգնի հայոց սպառազեն ոգին:

∗∗∗

Ես ինքս մեր հարևան երկրների և առաջին հերթին Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակիցներից եմ: Սակայն Թուրքիան մեզ հետ լրջորեն բանակցությունների կնստի միայն այն դեպքում, եթե մենք պաշտոնապես հրաժարվենք հայոց ցեղասպանությունից և շուրջ հինգ հազար տարի մեր բնօրրանը հանդիսացող տոհմիկ հողերից ու մշակույթից: Ինչ խոսք, հայկական հողերը վերադարձնելու պահանջը պետականորեն այսօր բարձրացնելն անմտություն է, սակայն դրանից հրաժարվելու իրավունք մեզ ոչ ոք չի վերապահել: Տիեզերական բարոյականության նորմերով, զոհվածների արյունը աճուրդի հանել և ի վերուստ վերապահված առաքելությունից հրաժարվելը դատապարտելի է: Իսկ ամեն մի պետություն, որը խարսխված է անբարոյականության հիմքերի վրա, վաղ թե ուշ դատապարտված է կործանման:

Մեր իսկ կողմից մեր իրավունքներից կամովին հրաժարվելու ստրկաբարո քաղաքականութունը կշարժի ոչ միայն հակառակորդի արհամարհանքը, այլև ախորժակը: Գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերություններում թուրքական կողմը դեռ դարասկզբին հարցը դրել է ամենայն սրությամբ, որը փակագծերը բացելուց և սիրալիրության դիմակը հանելուց հետո կհնչի այսպես՝ Հայոց լեռնաշխարհում պիտի իշխի կամ հայը, կամ թուրքը, այստեղ կարող է ապրել կամ Հայկազյան, կամ Օղուզի զարմը՝ միջինը տրված չէ:

∗∗∗

Հայ ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը, վտանգի մեծությունը, որպեսզի հոգեբանորեն նախապատրաստվի և ի զորու լինի իր ուժերով դիմակայելու վտանգը: Առանց ժամանակակից, կանոնավոր, հզոր բանակի Հայաստանն ի վիճակի չէ իրականացնելու իր քաղաքական և տնտեսական անկախությունը: Բանակն է ազգի ազատ և անկախ գոյության գրավականը:

Սթափ մտածող քաղաքագետներից ոչ ոք չի կարող ժխտել, որ իրավիճակն այսօր ողջ աշխարհում ծայրահեղ լարված է: Մեր ժողովրդի նման, թշնամական երկրներով շրջափակված Իսրայելում զինծառայության են կոչվում բոլոր երիտասարդները՝ առանց սեռի և սոցիալական խտրականության: Եվ նրանց համար ծառայությունը ոչ թե պարտք է, այլ պատիվ: Միայն բանակում ծառայածները կարող են հավակնել պետական բարձր պաշտոնների: Նման հոգեվիճակի շնորհիվ է, որ մի քանի միլիոն բնակչություն ունեցող Իսրայելը կարողացավ դիմակայել և հաղթել 150 միլիոն ընդհանուր բնակչությամբ արաբական երկրների դաշնակցությանը: Չի կարելի ասել, թե մեր վիճակը ավելի վատթար Է: Մենք նույնպես կարող ենք ազատ ապրել մեր երկրում, եթե ամեն մի հայ գիտակցի, որ հայրենի հողում ապրելու իրավունքը մենք կարող ենք նվաճել միայն զենքով: Հայկ Նահապետից մինչև մեր օրերը Հայաստանում, որը միշտ կռվախնձոր է եղել ագահ և աշխարհակալ ազգերի համար, հայ ժողովուրդն անվերջ պայքարել է: Եվ այսօր էլ Հայոց հողի վրա իրավունք ունեն ապրելու միայն պայքարի պատրաստ արիասիրտ այրեր՝ արիներ, և ոչ թե հայրենի հողը աճուրդի հանող անձնաշահ չարչիներ: Մեզ այժմ, ինչպես երբեք, անհրաժեշտ է ոչ թե քանակ, այլ որակ: Հոգու զորություն, որը կոփելու համար երկարատև տքնաջան աշխատանք է պահանջում: Յուրաքանչյուր հայ պետք է իմանա սեփական ժողովրդի իրական պատմությունը, մշակույթը և այն հոգևոր արժեքները, որոնց դավանել են մեր աշխարհակալ նախնիները: Դրանց հիման վրա ամեն մի անհատ կերտելու է սեփական, օտարամոլ ախտերից զերծ իր ներքնաշխարհը և ծառայելու է հայրենիքին: Այդ սերունդը պետք է ստեղծի երազի երկիր Հայաստանը՝ որպես լույսի փարոս համատարած խաբեության և ստի օվկիանոսում: Ստեղծելու ենք այն երկիրը, որի քաղաքացի լինելը հպարտություն պետք է ներշնչի, և որտեղ ապրելը յուրաքանչյուր հայի երազը պետք է դառնա:

 

 

Անդին 5, 2016

Share

Կարծիքներ

կարծիք