Ռազմիկի կտակը

Հեղինակ:

Մի դատապարտեք ինձ: Ես ապրեցի չափազանց կարճ, որ կարողանայի տարբերակել չարը բարուց: Ես մեկն էի այն մոլորյալներից, որ կարծում էին, թե հնարավոր է քչացնել չարը՝ պատժելով այն, մինչդեռ ամեն բռնություն միայն ավելացնում է տառապանքը, վրեժն ու կսկիծը…

Ես սիրում էի քայլել մայրամուտին, ամառվանից հետո, երբ աշունը ուշաթափ ընկնում է հազարավոր տերևներով, խշխշում, փսփսում, թե դու էլ կանցնես անհետ, և կգա ձմեռը, իսկ հետո գարունը, և ամեն բան նորից կկրկնվի, քանի դեռ բաբախում է ժամանակի սիրտը, և քանի դեռ բաց են նրա երկնագույն աչքերը, որ նայում են մեզ վերևից…

Էական չէ, թե երբ կամ որտեղ ես ապրեցի՝ միջնադարյան Ճապոնիայում, թե Բրիտանական կայսրության հեռավոր անկյուններում, եղա խաչակիր, թե խաղաղապահ, վսեմ պաշտպան, թե մոլեռանդ նվաճող: Բավական է իմանալ, որ ես կռվեցի ու ընկա մարտի դաշտում: Ես փորձեցի, փորձեցի փոխել այն, ինչ անփոփոխ է, փորձեցի սաստել չարը պատժի սպառնալիքով, չհամակերպվելով, որ մարդու հոգին մթնում է վախից ու կսկիծից, երբ այն լցվում է աշխարհի բռնությամբ ու հազար ցավերով, երբ նրա աչքերը պղտորվում են անելանելիությունից, էլ չեն նայում երկնքին, երբ նրա սիրտը մեռնում է նախքան կանգ առնելը, մոռանալով Աստծուն և ատելով մերձավորին, ցանկանալով միայն սպանել, որքան հնարավոր է շատ ու տանջալի՝ սպանել…

Ես չափազանց երիտասարդ էի, որպեսզի հասկանայի այդ ամենը, չափազանց սիրահարված ու երազկոտ: Մի փնտրեք իմ գերեզմանը: Իմ ոսկորներն ընկած են Չինաստանից մինչև Եվրոպա և Ամերիկա տարածվող անծայրածիր դաշտերում, իմ ականջներում հնչում են հռոմեական փաղանգների խրոխտ քայլերթը և երկու աշխարհամարտերի պայթյունների որոտները: Ես զինվոր եմ, որ կռվեց հանուն պատվի, հանուն սիրո, կռվեց չարի դեմ, անհուսալի ճակատամարտում, որտեղ միակ հաղթողը մահն է:

Կարևոր չէ իմ անունը: Բավական է իմանալ, որ ես չխոնարհվեցի ու չընկրկեցի մահվան ու վախի առջև: Անթաղ իմ ոսկորներն ընկած են իմ զինակից եղբայրների ոսկորների կողքին հարավից մինչև հյուսիս, արևելքից մինչև արևմուտք:

Կյանքի հանդեպ սերն այնքան մեծ էր մեր հոգում, որ մենք զոհաբերեցինք մեր կյանքը հանուն մեր սիրելիների: Ուրեմն մի դատապարտեք մեզ, քույրեր, որ ձեզ անտեր թողեցինք, մի դատապարտեք մեզ, եղբայրներ, որ ցույց չտվինք ձեզ մեր արցունքները, երբ մեկնում էինք պատերազմի, մի դատապարտեք մեզ, մեր չքնաղ տիկնայք, որ ստեցինք ձեզ՝ ասելով, թե ետ կգանք, մի դատապարտեք մեզ, զավակներ, մենք զոհեցինք ամեն բան, որպեսզի դուք ապրեք և ունենաք այն, ինչ չունեինք մենք՝ ազատ ապրելու և ստեղծելու հնարավորություն:

Մենք չունեինք ընտրություն, ռազմիկը երբեք չունի ընտրություն, որովհետև նա միշտ գիտի, թե ինչ պիտի անի, գիտի, թե ուր է տանում իր ճանապարհը. դեպի փառավոր մահ: Մահվան շեփորներից ավելի զորեղ մեր ականջներում հնչեցին շեփորները սիրո, քանզի չկա ավելի մեծ սեր, քան, երբ մեկը զոհում է իրեն հանուն մերձավորների:

Մենք ընկանք բոլոր ժամանակներում՝ քարի դարից մինչև տիեզերական դարաշրջանի բոլոր մարտերում, բոլոր դաշտերում, բոլոր լեռներում, բոլոր ծովերում: Շատերն անծիեցին մեզ, համարելով մարդասպան և պատերազմ սանձազերծող, բայց մենք չէինք կռվում հանուն փառքի ու հիշատակի, մենք կռվում էինք հանուն մեր սիրելիների և մեր զինակից ընկերների:

Մեզ պետք չեն ձեր հետմահու շքանշանները: Լավագույն շքանշանը մեր վերքերն են, քանզի մեզանից ոչ ոք չզարկվեց թիկունքից:

Ուրեմն մի դատապարտեք մեզ՝ կուռ շարքով կանգնածներիս: Զինյալ ու անզեն, խրոխտ ու հուսահատ՝ մենք բոլորս կռվեցինք, մենք ընտրեցինք լավագույն մահը՝ ինքնազոհաբերումը, մահվան համար լավագույն տարիքը, երբ ամեն ինչ դեռ առջևում է, և կյանքը դեռ նոր է ծլարձակում՝ հախուռն ու անբեկանելի:

Մի դատապարտեք մեզ, որովհետև մենք միշտ այնտեղ ենք, որտեղ արդարության կարիք կա, այնտեղ, որտեղ մարդը զենք է վերցնում՝ պաշտպանելու համար այն, ինչ թանկ է իրեն: Մենք ձեզ հետ ենք, եղբայրներ, մենք ձեզ հետ ենք, քույրեր: Մեր վերքերից արյան տեղ վաղուց հոսում է մյուռոն, իսկ մեր խոշտանգված մարմինները վաղուց ծածկված են չքնաղ ծաղիկներով:

Մենք սպանեցինք, բայց չեղանք մարդասպան, մենք խոցեցինք, բայց չատեցինք երբեք: Ուրեմն մի մեղադրեք մեզ, ով խոնարհ սրտեր, քանզի մենք խոնարհվեցինք մինչև գերեզման, մի մեղադրեք մեզ սիրող սրտեր, մեր սերն այնքան զորեղ էր, որ թևեց-անցավ բոլոր ցավերի ու մահերի վրայով: Մի մեղադրեք մեզ խաղաղասերներ, թնդանոթները լռում են միայն հաղթանակից հետո, երբ պոետները փառաբանում են կյանքը, արևը, կինն ու գինին և այն ամենը, ինչ մենք այլևս երբեք չենք ճաշակելու:

Մի մեղադրեք մեզ և մի դատապարտեք մեզ պատերազմների համար, մեզանից առաջ լույսի որդիները մարտնչեցին ըմբոստ հրեշտակների դեմ, նետեցին նրանց ցած, դեպի երկիր, դեպի մարդկանց աշխարհը, դատապարտելով մեզ անվերջանալի պատերազմների:

Մի դատապարտեք մեզ՝ զինվորներիս, քանզի մենք չենք դատապարտում պոետներին, որ գովերգում են կանանց և գինին, հացթուխներին, որոնց հոգին ճերմակ է իրենց ալրապատ դեմքերի պես, ողբերգակներին, որ հորինում են սրտառուչ պատմություններ, ռեժիսորներին, որ նկարահանում են ֆիլմեր պատերազմների մասին, որոնց երբեք չեն մասնակցել: Մենք սիրեցինք ձեզ այնքան, որ զոհեցինք մեր կյանքը, մեր հոգիները գալարվեցին պայթյունների որոտից, որպեսզի դուք լսեք առվակների կարկաչն ու գունազարդ թռչնակների զրինգ դայլայլը:

Մի դատապարտեք մեզ, քանզի մենք չենք կարող խոսել և արդարացնել մեզ: Մեր խոսքը մեր գործն էր, և մեր սիրո միակ ապացույցը՝ մեր զոհաբերումը: Քար մի նետեք մեզ վրա, մեզ, որ մեռանք կրակից ու փամփուշտից, որ ջրահեղձ եղանք բոլոր ծովերում ու օվկիանոսներում, որ սառցահար եղանք ու մեռանք տապից, որ նախքան մեռնելը տեսանք մեր անդամահատված մարմինները և մեր ընկերների աչքերը, որ նայում էին մեզ վերջին անգամ:

Մի դատապարտեք մեզ այն բանի համար, որ մենք չկանք, քանզի մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ, սիրո, արդարության ու պատվի համար կռվող յուրաքանչյուր զինվորի հետ: Ձեր կրծքին սուրացող փամփուշտը նախ խոցում է մեր եթերային սիրտը, որ մաքուր է բյուրեղի պես… եթե միայն կարողանայինք գեթ մեկ պահ նյութեղեն դառնալ և մեր կրծքով ևս մեկ անգամ ծածկել ձեզ…

Մենք եղանք ռազմիկ և միշտ կլինենք ռազմիկ, որքան էլ մեզ սպանեն, որտեղ էլ մեզ սպանեն: Մենք ընդունեցինք մահը և հավերժացանք: Մահը թեև խոցեց մեզ, բայց չտեսավ մեր թիկունքը: Նա հարգանքով խոնարհվեց մեր առջև, երբ վերցնում էր մեր հոգին, ուրեմն դուք էլ մի մեղադրեք մեզ այն բանի համար, որ սիրեցինք ձեզ ավելի, քան մեր կյանքը…

Հիշեք մեզ ձեր աղոթքներում և զգացեք ձեր կողքին մեր ներկայությունը, քանզի մենք երբեք չենք լքում նրանց, ում սիրում ենք, ում համար պատրաստ ենք մեռնել նորից ու նորից…

Մենք ապրեցինք, որ սիրենք և մեռանք մեր սիրելիների համար: Մեր աչքերում արևը խավարեց, և մենք երբեք չենք դիմավորի արշալույսը: Բայց մենք չտրտնջացինք, մենք ժպտացինք ձեզ գերեզմանից և շշնջացինք՝ երանի ձեզ՝ ողջերիդ, որ դեռ կարող եք փոխել աշխարհը: Ապրեք մեր փոխարեն: Մեր շուրթերը շշնջացին ձեզ հազար օրհնանք: Մենք արեցինք մեր ընտրությունը և չենք զղջում: Ուրեմն մի մեղադրեք մեզ… ապրեք, շնչեք լիաթոք, բայց մի մոռացեք մեր վերջին հոգոցը:

Երկինքն ու երկիրը լցված են մեզանով, դժոխքն ու դրախտը լցված են մեզանով, և չկա մի վայր, որտեղ չլինենք մենք՝ հազար ու մի մարտում ընկած ռազմիկներս: Հիշեք մեզ, եղբայրներ, բոլոր աղոթքներում ու բոլոր գալիք կռիվներում, հիշեք մեզ, մայրեր, ամեն անգամ, երբ գրկում եք ձեր զավակներին: Չափազանց շատ մարդ մեռավ, որպեսզի դուք կարողանաք թույլ տալ ձեզ լինելու անհոգ և դժգոհելու կյանքից: Մենք տարանք անլուր տառապանքներ, որպեսզի մեղմենք ձեր ցավը: Սիրեք մեզ այնպես, ինչպես մենք ձեզ սիրեցինք: Աղոթեք մեր համար և մի մոռացեք մեզ…Մի մոռացեք մեզ….

 

Անդին 5, 2016

 

 

Share

Կարծիքներ

կարծիք