Վաշինգտոնի հայերն ու Արցախյան պատերազմը. 1990-ականներին և հիմա

10306549_10152528973252363_9025208680380179493_nՎանեցի Սեդայի տանը, Վաշինգտոնի արվարձաններում, ղարաբաղցու տարազով մի տիկնիկ կա, որը նա պատրաստել է նախորդ դարի յոթանասունականներին: Հայրը՝ Վահրամ Տեր-Բարսեղյանը, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մերձավորն էր, մայիսյան հերոսամարտերի օրերին՝ տասնապետ: Անկախության անկումից հետո Բոսթոնում ապաստանած գործիչը դստերը պատմել էր Ղարաբաղի ու տեղի տարազի մասին, պատմությունը լրացրել էին տուն այցելող հյուրերը, որոնց թվում հայկական դրամների կամ «ճախարակների» հեղինակ տրապիզոնցի Արշակ Ֆեթվաճյանը: «Այն ժամանակ Ղարաբաղի անունն այստեղ շատ չգիտեին: Գիտեին Վանը, Խարբերդը, Արաբկիրը, բայց արցախցի հայեր ԱՄՆում քիչ կային, ու Արցախի թեման չէր շոշափվում»,- հիշում է վանեցի Սեդան, որի «Ղարաբաղցին» տիկնիկն այդ օրերին իր ապրած նահանգում Արցախը հիշեցնող եզակի պարագաներից կարող էր լինել:

Եվ երբ 88-ին ծավալվեց «Միացում» շարժումը, ապա պատերազմը, ամերիկյան ափի շատ հայեր փորձում էին թերթերից, քարտեզներից, հանրագիտարաններից կամ ծանոթ պատմաբաններից հասկանալ, թե ինչո՞ւ են մեկ միլիոն հայեր Երևանում գնում հանրահավաքների, և ինչո՞ւ է այդ «Ադրբեջան» անհասկանալի անվամբ պետության քաղաքներում ամբոխը սպանդի ենթարկում իրենց խաղաղ հայրենակիցներին:

13233283_10154174175997363_1263331371_nՎաշինգտոնի Հայ դատի գրասենյակի աշխատակիցներից լոբբիստ Եղիսաբեթ Չուլջյանը, համեմատելով նախորդ դարի իննսունականներն ու հիման, ասում է, որ, տասնամյակների կտրվածքով, շատ է փոխվել նաև լոբբինգի մեխանիզմը: Լրատվության փոխանակման ներկայիս ծավալն ու արագությունը և համայնքի հետ ավելի արագացված աշխատելու հնարավորությունը դյուրացնում ու արագացնում են Ղարաբաղյան ճակատում վաշինգտոնահայ «զինվորների» աշխատանքը:

Ըստ Չուլջյանի՝ «Իննսունականների սկզբներին Դաշնակցությունը տեխնոլոգիապես առաջատար վիճակում էր»: Այն ժամանակների համար ինտերնետի պես մի բան էր գործում, որը հնարավորություն էր տալիս թվային եղանակով կապ պահպանել Երևանի հետ ու գոյություն ունեցող միակ պրինտեր-սարքով տպել Երևանից եկող լուրերը: «Հետաքրքիր ձևով էինք տարածում լուրերը. ձայնագրում էինք Հայ դատի գրասենյակի հեռախոսի ինքնապատասխանիչի վրա, ու երբ քաղաքացիները զանգահարում էին, մենք հեռախոսը չէինք վերցնում, և նրանք ձայնագրվածն էին լսում, որը փոխում էինք ամեն օր»,- հիշում է Չուլջյանը:

Թեև այն ժամանակ ՀՅԴ-ն ուներ այդ օրերի համար «տեխնոլոգիական գլուխգործոցներ», մեր օրերում արդեն տեղեկություն ստանալն ու տարածելը րոպեների հարց է դարձել: «Ապրիլի 2-ին, երբ ադրբեջանցիների հարձակումը սկսվեց, մենք առավոտյան ժամը 5-ին ունեինք լուրը, 8-ին տարածեցինք հաղորդագրությունը, կեսօրին արդեն համայնքը զանգահարում էր ամերիկյան իշխանություններին՝ պահանջելով միջամտություն: Նույն օրը սկսեցին ստացվել կոնգրեսականների հայտարարությունները: Զուգահեռ Արամ Համբարյանը «live» տարբերակով աշխատում էր Facebook-ով հասարակությանը տեղեկացնելու ուղղությամբ»,- քառօրյա պատերազմի առաջին ժամերն է հիշում Եղիսաբեթ Չուլջյանը:

90-ականների սկզբներին ամերիկահայ (ինչպես նաև հայաստանյան) թերթերում հայտնվող քարտեզները շատ անգամ մատիտով էին նկարվում՝ մուգ ներկելով ադրբեջանական ասկյարի հսկողության տակ մնացած արցախյան հատվածը: Դեպի 1993 թ. գորշ մասը գնալով պակասում էր, սպիտակն՝ ավելանում… Ու նույն ձևով, քայլ առ քայլ, ԱՄՆ-ում տարածվեց հայկական նորագույն գոյապայքարի թեման, «Հայ դատ» հասկացությունն ավելի լայն ընդգրկմամբ իր մեջ ներառեց Թուրքիայի կովկասյան մասնաճյուղ Ադրբեջանի ագրեսիայի դեմ նաև Վաշինգտոնում կռիվ տալու գաղափարը:

«Փաստը, որ ինֆորմացիան ստանում ենք գրեթե իրական ժամանակի ռեժիմով, մեր աշխատանքը դարձնում է ավելի հորիզոնական, ոչ ուղղահայաց, եթե կարող եմ այսպես ասել: Ուղղակի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների լուրերից, սոցցանցերից հավաքում ենք վերջին տեղեկությունը: Օրինակ՝ երբ քառօրյա պատերազմի օրերին պետք է հանդիպեինք Ջեյմս Ուորլիքի հետ, հայկական մամուլում տեսանք, որ հայկական բանակի էթնիկ եզդի զինվորական Քյարամ Սլոյանին գլխատողին Ալիևը պարգևատրել է: Սույն փաստը Ուորլիքին ավելի հավաստի ներկայացնելու համար մենք պետք է վկայակոչեինք ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական աղբյուր: Իսկ հանդիպմանը ուղղակի րոպեներ էին մնացել: Էլեկտրոնային նամակ գրեցինք Արցախ, և րոպեներ անց պատասխանը ստացանք՝ ադրբեջանական լինքով: Այդ աղբյուրն ավելացրեց տեղեկատվության հավաստիության աստիճանը Ուորլիքի աչքում»,- հիշում է Հայ դատի կառույցի պատասխանատուն:

Քառօրյա պատերազմի ծավալմանը զուգահեռ թափ առան ադրբեջանական ներկայացուցչությունների դեմ համայնքային հանրահավաքները: Ապրիլի 9-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հավաք Ադրբեջանի դեսպանատան մոտ, նույն օրը՝ նաև Նյու Յորքում: Ընդ որում, Նյու Յորքում ալիևները, իրենց (իշ)խանության ցոփ ու շվայտ բնույթն արտահայտելով, Ադրբեջանի դիվանագիտական գրասենյակը բացել են ճիշտ ՄԱԿ-ի կենտրոնակայանի կողքին, որտեղ անշարժ գույքի գինն աստղաբաշխական թվերի է հասնում: Նման տեղակայումն օգնում է հայ ցուցարարներին: ՄԱԿ-ի քանի՞ պաշտոնյա կիմանար հայկական միտինգի մասին, եթե, փոքր-ինչ համեստություն անելով, ալիևներն օֆիս վարձեին ավելի հեռու հատվածում: Իսկ այսպես ստացվում է, որ բողոքում ես միաժամանակ իրենց դեմ և ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքի մոտ:

Հայ դատի տարածքային մասնաճյուղի պատասխանատուները ապրիլի 9-ին նաև գործընկերության պայմանագիր ստորագրեցին Ամերիկա-հունական ղեկավար խորհուրդ լոբբիստական խմբի հետ՝ Կիպրոսից նախարար Փոտիոս Փոթիոյի ներկայությամբ, որի պաշտոնը գրեթե հավասարազոր է ՀՀ սփյուռքի նախարարի հաստիքին: Առաջին դեպքն է, երբ ԱՄՆ հունական լոբբին ազդարարեց նաև Արցախյան հարցում հայկական կողմին սատարելու մտադրության մասին: Նախկինում հայ-հունական միաբանությունը վերաբերում էր գերազանցապես Հայոց ցեղասպանության դատապարտման հարցին:

Նոր ժամանակներում, 90-ականների համեմատ, դյուրացել ու աշխուժացել է նաև դրամահավաքի կազմակերպումը: «Անմիջապես կարողացանք որոշակիացնել կարիքները և ամերիկահայ համայնքի հնարավորությունները՝ մասնակցելու Հայաստանի պաշտպանության գործին»,- ասում է Չուլջյանը:

ԱՄՆ Արևելյան ափին դրամահավաքը սկսվեց անմիջապես: «11 հազար դոլարից ավելի հավաքեցինք, որ արդեն ուղարկել ենք»,- պատմում է Համաշխարհային բանկի հայկական ակումբի ներկայացուցիչը:

Ֆինանսական հանգանակություն սկսեց «Հիշողություն, Պատիվ, Արդարություն» («Memory, Dignity, Justice») միությունը: Այս նորաստեղծ կառույցի անդամ, Նյու Հեմփշիրից Էդվարդ Ֆանդունյանը Արցախ է ուղարկում բեռնատար մեքենա, Օհայոյից Տիգրան Սաֆարյանն ու իր քույրը՝ բժշկական մեքենա: Երկու մեքենաներն էլ այս օրերին ուղևորվում են դեպի Արցախ:

«Նաև գումար հավաքեցինք Քոնեքթիքուտ, Մասաչուսեթ, Քենթուկի, Ռոդ Այլենդ, Մեն, Հարավային Դակոտա, Նևադա ու Ֆլորիդա նահանգներում և կառաքենք այն, ինչ Ղարաբաղին առաջին հերթին է անհրաժեշտ»,- ասում է միության նախագահ Կարեն Բաղդասարյանը: Memory, Dignity, Justice-ը գործում է շուրջ կես տարի և կենտրոնացել է հատկապես ադրբեջանական մեքենայություններին հակահարված տալու գործի վրա: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ միության անդամները Հայ դատի գրասենյակի հետ մեկտեղ մասնակցություն ունեցան Քենթուկի նահանգի սենատում խիստ ադրբեջանանպաստ ու խիստ հակահայ երեք էջանոց փաստաթուղթն օրակարգից հանելու, այն recycle bin (աղբարկղ) ուղարկելու կարևոր գործում: Նոր միության կորիզը կազմում են նախկին ադրբեջանահայերը, որոնցից մեկն է Կարեն Բաղդասարյանը: Արագ ծավալվող կառույցն արդեն ներկայացուցիչներ ունի մեկ տասնյակից ավելի նահանգներում:

Նոր ամերիկահայ միությունն ու հունական կողմի հետ ամերիկահայերի վերջին պայմանագիրը նույնպես գալիս են երևակելու իննսունականների և մեր օրերի տարբերությունները: Ինչպես մի անգամ Վաշինգտոնում համայնքային ժողովի ժամանակ նշեց դաշնակցական գործիչներից մեկը, մոտ 20 տարի առաջ, երբ ԱՄՆում լսում էին «Ադրբեջան» բառը, շատերը, այդ թվում նաև քաղաքական գործիչները, կարծում էին, թե խոսքը գուցե ինչ-որ վիտամինի մասին է: Հիմա ԱՄՆ-ում կա ադրբեջանական լոբբինգ հիշեցնող ինչ-որ բան, որն աշխատում է կամ գոնե փորձում է աշխատել մեր դեմ՝ երբեմն գրանցելով թեև ոչ շոշափելի, բայց հաջողություններ: Եվ ուրեմն պետք է ուժեղացնել հակազդման աշխատանքը: Հունական համայնքի աջակցությունը կամ Բաքվի հայերի մեկտեղումը նոր միության մեջ այդ քաղաքականության բաղկացուցիչն է: Նահանգներում բնակվող նախկին ադրբեջանահայերը Ադրբեջանի դեմ պայքարի լավագույն մարտիկները կարող են լինել: Չէ՞ որ անձամբ են անցել ադրբեջանական վայրագությունների միջով, հենց այդ ջարդերի հետևանքով են որպես փախստական դատարկաձեռն հասել ԱՄՆ՝ հետևում թողնելով, որպես կանոն, Բաքվի կենտրոնում լավ կահավորված բնակարանները, «դաչաներն» ու ավտոմեքենաները: Նրանք ազգայինից բացի նաև անձնական խնդիր ունեն Ալիևի հետ…

«Եթե Բաքուն նոր արկածախնդրությունը կրկին փորձարկի, ապա ամեն ինչ անելու ենք՝ ստիպելու համար, որ Ադրբեջանի հանցավոր ղեկավարությանը պարտադրենք խաղաղություն»,- ասում է համայնքային գործիչ Կարեն Բաղդասարյանը:

 

Պատերազմի օրերին ու ավելի ուշ տասի չափ կոնգրեսականներից ստացվեցին Ադրբեջանին դատապարտող ելույթներ՝ Ադամ Շիֆ, Ֆրենք Փալոն, Ջիմ Կոստա, Ջուդի Չու, Բրեդ Շերման, Ռոբերտ Դոլդ, Դեյվիդ Թրոտ և այլն:

«Ամերիկյան օգնությունն Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ այդ երկիրը չի կասեցրել ագրեսիան և բռնությունը՝ նվիրվելով հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հայտարարեց Բրեդ Շերմանը: Եվ հավելում է, որ Ադրբեջանից կրճատվող ամերիկյան օգնությունը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղին: Հատկանշական է, որ հօգուտ Արցախի և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի խոսեցին նաև էթնիկ հույն կոնգրեսակաները. հնարավոր է, որ գործ ունենք հայ-հունական նոր պայմանագրի առաջին պտուղների հետ …

«Դատապարտում եմ ադրբեջանական ուժերի անցումը 1994 թ. հրադադարի գծից այն կողմ և Օբամայի վարչակազմին ու Կոնգրեսի գործընկերներիս կոչ եմ անում նախագահ Ալիևից պահանջել վերջ տալ իր անխոհեմ քաղաքականությանը»,- հայտարարեց էթնիկ հույն կոնգրեսական Ջոն Սարբեյնսը:

Ապրիլի 24-ի երեկոյան, երբ ամերիկահայերը Կապիտոլիումի բարձրունքում կազմակերպել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման ամենամյա ձեռնարկը, կոնգրեսական Լորետա Սանչեզը, որը նաև զինված ուժերի կոմիտեի անդամն է, ընդհատեց այդ հանձնաժողովում նիստը և եկավ մասնակցելու հայկական ձեռնարկին: Լրացնելով Բրեդ Շերմանի արծարծած թեման՝ նա ելույթի ժամանակ նշեց, որ վերադառնալով ռազմական կոմիտե՝ առաջարկելու է օրենսդրորեն արգելակել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը: «Ադրբեջանը երկիր է, որին մենք ներկայում աջակցում ենք ռազմավարժական ծրագրերի միջոցով, թեև նրանց քաղաքականությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ վատն է: Փոխանակ արդարադատության առջև կանգնեցնելու Ռամիլ Սաֆարովին, որը հայի էր սպանել ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ, Ադրբեջանը նրան պարգևատրեց և տոնախմբությամբ դիմավորեց Բաքվում»,- նշեց Սանչեզը՝ իր խոսքում հիշելով նաև վերջին պատերազմի սանձազերծման մասին: Նահանգները, ըստ օրենսդրի, պետք է դադարեցնի օգնությունն Ադրբեջանին ու հետաքննի Բաքվի կողմից մարդու իրավունքների ոտնահարման և պատերազմական պայմաններում ոճրագործություններ կատարելու փաստերը:

Քաղաքական իշխանության մյուս թևում՝ գործադիրում, գնահատականներն ավելի զուսպ էին, կողմերի միջև հավասարության նշան դնելու արատավոր սովորույթը մնաց ուժի մեջ: Անգամ երբ Թուրքիայի խորհրդարանում գրոհեցին պոլսահայ քաղաքական գործիչ Գարո Փայլանի վրա, և պետքարտուղարությունում կրկնակի հնչեցին հարցադրումներ նրա ապահովության մասին, իսկ Հայ դատի գրասենյակը նույն թեմայով նամակ ուղարկեց Անկարայում ամերիկյան դեսպանատուն, լավագույն պատասխանը, որ ստացվեց, պասիվությունից քիչ տարբերվող ընդհանուր եզրույթներով դատապարտումն էր: «Իհարկե, քաղաքական կուսակցության անդամի դեմ հարձակումը, ծեծը և ձերբակալությունը Թուրքիայում մեզ համար մտահոգիչ է»- հայտարարեց պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները լրագրողական հարցմանն ի պատասխան:

Ապրիլյան նոր պատերազմի էպիկոնտրոնը Արցախն էր, Թալիշից մինչև Վարազաթումբ (Լալե Թեփե), սակայն էպիկենտրոնից ցնցումները հասան նաև օվկիանոսի մյուս կողմ՝ զորաշարժի բերելով մեր բոլոր համայնքային ռեսուրսները, ինչ-որ տեղ նույնիսկ օգնելով նոր ռեսուրսների ձևավորմանը, ինչպես, օրինակ, ակտիվացող Memory, Dignity, Justice միությունն է: 70-ականներին Մերիլենդում թերևս մեկ հատ արցախյան տարազով տիկնիկով սահմանափակվող Արցախյան թեման 2016-ին նույն նահանգի ու շրջակայքի հայերի համար դարձել է կենտրոնական հարց:

Այս օրերին ամերիկահայերի զրույցները շատ անգամ սկսվում են «ի՞նչ է կատարվում Արցախի սահմաններին» խնդրի քննարկմամբ…

 

Անդին 4, 2016

Share

Կարծիքներ

կարծիք