Բանաստեղծություններ

SHOTA

 

***

Եվ ինչ գաղտնիք տվինք մենք իրարու

ահա

աստղերը մեկ-մեկ գայթակղիչ ցոլքով

ձգում են մեզ վերև

այնտեղ սավառնելուց ցրտի համ է փչում

և սառչում են կողքիս

աստղերը

հույսի

ու մայրության հույսի

մերկ ու շիկահեր այս աղջիկը

որ համբուրում է ինձ առանց սփոփելու

սթափեցնում է միայն

տեսարանը միստիկ է ու պաղատող

ինչպես անձրևը հյուսիսի

ինչպես ձայները հյուսիսի

քշեք քամիներին հարավ

և աստղերին մեկ-մեկ քշեք

այնտեղ

երազող հոգիները

խմում են հյութը կյանքի

ուտում են կյանքն իրենց

իրեղեն տխրության առաջ

օրորվում են հարբած

օրորվում են հարբած ու լուռ

 

 

***

 

Գծերը ծռվեցին

զանգերը լռեցին

երբ ժամհարը խփում էր հա խփում

ինչ մնաց ձյուներից երեկվա

ինչ մնաց այն մոմից

որ վառվեց լույսի մեջ

այն պահից

պահերից

օրերից

տարիներից

անվերջ

անվերջանալի

բոլոր գծերը ծռվեցին

արցունքները հոսեցին կորագծով

և ուռած դեմքերից

լվացին ու տարան

իզուր տառապանքի հետքերը

և լուռ

հաշվենկատ

երջանկության վրա

Աստված նոր տերև դրեց

որ նոր Ադամ լինի

ու նոր Եվա

 

 

 

***

 

Առաքյալները

լինում են մերկ

լինում են մեկ-երկու

ու վերջ

հետո նրանք

համբառնալուց առաջ

արտասվում են թաքուն

իրենց տխուր բախտի

անմահության համար

ու համբառնում հլու

որ չլսի ոչ ոք

նրանց սիրո տխուր

պատմությունը կիսատ

պատմությունը մաքուր

և ամուլ անմահության

ճերմակ ֆոնի վրա

նրանց բաժին կյանքը

վերջացավ

 

 

Քարանձավներ

                Գրոտեսկներ

 

Նա խելագար չէր

Երբ բացեց դուռը իր տան

Մտավ նախասրահ

Բարձրացրեց վարագույրը/

Նա խելագար չէր

Երբ տեսավ կնոջը մերկ

Աղոթում էր ծնկած

Ւսկ նկարիչը նկարում էր

Նա դեռ խելագար չէր

Սակայն ուշ էր ծնվել

Համարվում էր կիրթ

Շարժումները նրբին

Սովորականի պես մտավ խոհանոց կերավ մի պատառ հաց ու պանիր հետո մեկնվեց թախտին կարծես ոչինչ էլ չէր պատահել հետո վեր կացավ կարծես ոչինչ էլ չէր պատահել հետո խելագարվեց կարծես ոչինչ էլ չէր պատահել:

 

* * *

 

կա՞ սփոփանք արդյոք

կա՞ հագեցում

տառապանքից

հոգնել եմ ես

կեղծամներից ու քրջերից

մի ազատիր

ոչ իմ հոգին ոչ քո

չեն շողշողա

բարի եղիր մի պահ

հեռացրու իմ աջը որ չշոյեմ այլևս

անհեթեթ զգացում է

անհեթեթ սեր ու ահ

կգա՞ս ինձ հետ միթե

իմ աշխարհը

այնտեղ

անհուսորեն

աղոթում են

ծառերը

թախծում են

թռչունները

և արածող բոլոր չորքոտանիք

երաշտ տարիներին արտասվում են

 

***

 

Նամակ իմ նախշուն աղջկան, որ հուզվելու է անշուշտ կարդալու պահին և պահելու է նամակս, մինչև նորից գրվի երջանկության մասին:

Ես քեզ գրում եմ ամեն օր մտքում ամեն սկսվող խոսքից առաջ

հոսող մտքերից առաջ գարնան քամիների պես հոսող

որոնք տանում են ինձ տանջող միակ հարցը իմ երկար ճանապարհի միակ հարցը այս հրաշալի դադարի պահին

իմ սկզբի և ավարտի միջև Աստծուց ինձ տրված հիմա քեզ ինչ ասեմ երջանկության մասին որի գաղտնիքը կարոտի մեջ է

բաժանումի արցունքների և սպասման մեջ է արևոտ օրվա առավոտի չլսվող մեղեդու մեջ է գիշերային երկնքի աստղազարդ ծածկոցին

նայող հայացքի մեջ է

հիմա քեզ ինչ ասեմ երջանկության մասին ամենօրյա ռիթմով

աճող ծառերի քամիների սրսփացող սիզախոտերի մեջ է թափանցիկ օդի մեջ ճախրող թռչունների երգի

մեջ է:

Սիրիր այն ինչ ունես

և մեզ մի մոռանա

ցտեսություն ուրեմն

կհանդիպենք անշուշտ

երջանկության սպասումով որը հենց կյանքն է մեզ ընծայված սկզբի և ավարտի միջև ձգվող

դադարի պահին:

 

***

Ընտելացրու կյանքդ

Այնտեղ, ուր որոնում էի քեզ,

Ուռչում էր սերմը ատելության:

Այնտեղ, ուր որոնում էի քեզ,

Ուռչում էր սերմը սիրո:

Այնտեղ, ուր գտա քեզ,

 

Գերանդին շվոցով հնձում էր խոտերը,

Եվ ցուլը որոճում էր երկար

 

Առանց տարբերելու սեր և ատելություն:

 

***

 

Կոստան Զարյանը

Կվերադառնա Մեզ

Ժամանակը կարծր է և մենք այնտեղ չենք մտնի

նրան թողեցինք միայն այնտեղ

երբ նա թափառում էր աշխարհով մեկ

իր ուսերին տանում էր այդ թվացյալ ակնթարթը:

Ձգենք այն և այնտեղ կմնա երկար

մինչև նրա բառը և պատկերը հասու լինեն մեզ

հիմա և հետո

և հոգիները կցնծան նրա վերադարձից

և կտեսնեն ու կլսեն նրա ժամանակը,

երբ այսօր էլ

«հայոց դաժան լեռների վրայով քայլում են

Աստվածները բարկացած»

 

Անդին 4, 2016

Share

Կարծիքներ

կարծիք