Ոսկի

Հեղինակ:

primolevi

Հայտնի բան է, որ Միլանում «պատվաստված» թուրինցիներն այնտեղ արմատներ չեն տալիս, իսկ տվածներն էլ շատ թույլ են լինում: 1942-ի աշնանը Միլանում էինք յոթ թուրինցի ընկերներով՝ տղաներ և աղջիկներ, որ տարբեր պատճառներով խարիսխ էինք գցել պատերազմից անհյուրընկալ դարձած մեծ քաղաքում: Մեր ծնողները (ումը դեռ կային) ցրվել էին գյուղերով ռմբակոծությունից փրկվելու համար, իսկ մենք հասարակ կյանք էինք վարում: Էուջեն ճարտարապետ էր, ցանկանում էր վերակառուցել Միլանը և ասում էր, որ լավագույն քաղաքաշինարարը Ֆրիդրիխ Շիկամորուսն է եղել: Սիլվիոն դիպլոմավոր իրավաբան էր, բայց փիլիսոփայական տրակտատ էր գրում նրբաթղթերի վրա և աշխատում էր փոխադրումների և առաքումների ընկերությունում: Էտտորեն ինժեներ էր «Օլիվետտիում»: Լինան սեր էր անում Էուջեի հետ և ձեռքի հետ զբաղվում էր արվեստասրահներով: Վանդան ինձ պես քիմիկոս էր, բայց աշխատանք չէր գտնում և այդ պատճառով մշտապես զայրացած էր, քանի որ ֆեմինիստ էր: Ադան իմ զարմուհին էր և աշխատում էր «Կորբաչչո» տպագրատանը. Սիլվիան նրան երկդոկտոր էր անվանում, որովհետև երկու համալսարան էր ավարտել, իսկ Էուջեն նրան անվանում էր կուջիմո, ինչը նշանակում էր Պրիմոյի զարմուհի, ինչից Ադան մի քիչ նեղանում էր: Ջուլիայի ամուսնությունից հետո ես մենակ էի մնացել իմ ճագարների հետ, ինձ այրի և որբ էի զգում և երևակայում էի, որ կգրեմ ասք ածխածնի ատոմի մասին, որպեսզի հասարակ մարդկանց բացատրեմ միայն քիմիկոսներին հայտնի քլորոֆիլային ֆոտոսինթեզի հանդիսավոր պոեզիան. իրականում ես այն գրեցի, բայց շատ տարիներ անց, և այդ պատմությունը եզրափակում է այս գիրքը:

Եթե չեմ սխալվում, բոլորս բանաստեղծություններ էինք գրում՝ բացի Էտտորեից. նա ասում էր, որ դա ինժեներին պատիվ չի բերում: Մեզ տարօրինակ կամ ամոթալի չէր թվում տխուր և մռայլ բանաստեղծություններ գրելը, ընդ որում՝ ոչ այնքան լավ, մինչդեռ աշխարհը հրո ճարակ էր դառնում. մեզ ֆաշիզմի թշնամիներ էինք հայտարարում, բայց իրականում ֆաշիզմն ազդել էր մեզ վրա, ինչպես գրեթե բոլոր իտալացիների՝ մեզ օտարացնելով և դարձնելով մակերեսային, պասիվ և ցինիկ:

Չարախնդությամբ էինք ընդունում չափաբաժնով տրվող սնունդն ու առանց ածուխի մնացած տների ցուրտը և թեթևությամբ էինք ընդունում անգլիացիների գիշերային ռմբակոծությունները. դրանք մեզ համար չէին, այլ մեր հեռավոր դաշնակիցների գազանային ուժի նշան էին, թող անեն, ինչքան ուզում են: Մտածում էինք այն ժամանակվա բոլոր նվաստացված իտալացիների պես. գերմանացիներն ու ճապոնացիներն անհաղթ են, բայց ամերկացիները՝ նույնպես, և որ պատերազմն այսպես կշարունակվեր ևս քսան կամ երեսուն տարի՝ արյունոտ և անվերջանալի, բայց հեռավոր փակուղի, որի մասին հայտնի կդառնար միայն պատերազմի կեղծված տեղեկագրերից և երբեմն իմ որոշ հասակակիցների ընտանիքներում ստացվող մռայլ ու բյուրոկրատական նամակների միջոցով, որտեղ կասվեր՝ «իր պարտքը կատարելիս հերոսաբար…»: Մահաբեր պարը լիբիական ափի երկայնքով, Ուկրաինայի ստեպներում երբեք չէր ավարտվի:

Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր իր գործն էր անում՝ ծուլորեն, առանց հավատալու, ինչպես լինում է նրանց հետ, ովքեր գիտեն, որ իրենց ապագայի համար չեն աշխատում: Գնում էինք թատրոն և համերգ, որոնք երբեմն ընդհատվում էին, որովհետև օդային տագնապ էր հնչում, և սա մեզ զվարճալի ու հաճելի էր թվում. դաշնակիցները երկնքի տերերն էին, գուցե ի վերջո կհաղթեին, և ֆաշիզմի վերջը կգար, բայց դա նրանց գործն էր, նրանք հարուստ էին և հզոր, ունեին ավիակիրներ և «Լիբերատորներ»: Մենք՝ ոչ, մենք մեզ «ուրիշ» էինք հայտարարել և ուրիշ էինք. աջակցում էինք, բայց մեզ հեռու էինք պահում արիացիների հիմար և դաժան խաղերից, քննարկում էինք Օ’Նիլի կամ Թոնրթոն Ուայլդերի դրամաները, մագլցում էինք Գրինիե լեռները, մի քիչ սիրահարվում էինք միմյանց, ինտելեկտուալ խաղեր էինք հնարում և երգում գեղեցիկ երգեր, որոնք Սիլվիոն սովորել էր իր որոշ վալդենս ընկերներից: Այն ամենի մասին, ինչ այդ ամիսների ընթացքում կատարվում էր գերմանացիների կողմից օկուպացված Եվրոպայում, Աննա Ֆրանկի տանն Ամստերդամում, Բաբի Յարում Կիևի մոտ, Վարշավայի գետտոյում, Սալոնիկում, Փարիզում, Լիդիցում, այն աղետի մասին, որը շուտով պատելու էր մեզ, ոչ մի ճշգրիտ տեղեկություն չէր հասել, միայն անորոշ և չարագուշակ նշաններ, որոնք բերում էին Հունաստանից կամ ռուսական ֆրոնտից վերադարձող զինվորները, և որոնք մենք սովորաբար անտեսում էինք: Մեր անգիտությունը մեզ թույլ էր տալիս ապրել, ինչպես այն ժամանակ, երբ լեռներում ես, և քո ճոպանը մաշված է ու շուտով կպոկվի, բայց դու դրա մասին չգիտես և քեզ ապահով ես զգում:

Բայց նոյեմբերին դաշնակիցներն ափ ելան Հյուսիսային Աֆրիկայում, դեկտեմբերին վրա հասավ ռուսների դիմադրությունը, իսկ հետո հաղթանակը Ստալինգրադում, և մենք հասկացանք, որ պատերազմը մոտեցել է ավարտին, և պատմությունն իր ճանապարհն է շարունակում: Մի քանի շաբաթվա ընթացքում բոլորս հասունացանք ավելի, քան նախորդ քսան տարիների ընթացքում: Ստվերից դուրս եկան մարդիկ, որոնց ֆաշիզմը չէր կոտրել՝ փաստաբաններ, պրոֆեսորներ և բանվորներ, և նրանց մեջ ճանաչեցինք մեր ուսուցիչներին՝ նրանց, որոնց դասերը մինչ այդ անօգուտ փնտրել էինք «Աստվածաշնչում», քիմիայում, լեռներում: Ֆաշիզմը նրանց քսան տարի լռեցրել էր, և նրանք մեզ բացատրեցին, որ ֆաշիզմն ընդամենը իշխանության խեղկատակային և անհեռատես չարաշահում չէր, այլ արդարության լռեցնողը, այն ընդամենը Իտալիան չէր ներքաշել անարդար, չարաբաստիկ պատերազմի մեջ, այլ կառուցվել և ամրապնդվել էր՝ որպես զազրելի օրենքների ու ռեժիմի պահապան, որոնք հիմնված էին աշխատավորների ճնշման, ուրիշների աշխատանքը շահագործողների անվերահսկելի շահույթի, մտածողների և ստրուկ լինել չցանկացողների հարկադրված լռության, համակարգված և հաշվարկված ստի վրա: Մեզ ասացին, որ մեր ծաղրական անհանդուրժողականությունը բավական չէ, այն պետք է վերածվի վրդովմունքի, իսկ վրդովմունքը պետք է դրսևորվի օրգանապես: Սակայն նրանք մեզ չսովորեցրին՝ ինչպես ռումբ պատրաստել կամ ինչպես կրակել հրացանով:

Մեզ պատմում էին անծանոթների մասին՝ ովքեր էին Գրամշին, Սալվեմինին, Գոբետտին, Ռոսելլիները: Այսինքն՝ գոյություն ուներ երկրո՞րդ պատմություն՝ զուգահեռ նրան, ինչ գիմնազիան մեզ ստիպում էր սովորել: Այդ մի քանի ջղաձիգ ամիսների ընթացքում իզուր փորձում էինք վերակառուցել, վերաբնակեցնել վերջին քսանամյակի պատմական դատարկությունը, բայց այդ նոր կերպարները մնում էին «հերոսներ», ինչպես Գարիբալդին և Նացարիո Սաուրոն, չունեին մարդկային կերպ և բովանդակություն: Մեզ ժամանակ չտրվեց մեր պատրաստությունն ամրապնդելու համար. մարտին սկսվեցին Թուրինի գործադուլները՝ ապացուցելով, որ ճգնաժամը մոտ է, հուլիսի 25-ին ֆաշիզմը փլուզվեց ներսից, հրապարակները լցվեցին եղբայրացած բազմություններով, անսպասելի և վաղաժամ ուրախությամբ մի երկրի, որին ազատություն էր տրվել պալատական խարդավանքի արդյունքում, իսկ սեպտեմբերի 28-ին նացիստական դիվիզիաների մոխրականաչավուն օձը շարժվեց Միլանի և Թուրինի փողոցներով՝ դաժան արթնացում. կատակերգությունն ավարտված էր, Իտալիան օկուպացված երկիր էր, ինչպես Լեհաստանը, ինչպես Հարավսլավիան, ինչպես Նորվեգիան:

Այս կերպ՝ խոսքերով երկար արբեցումից հետո, համոզված մեր որոշման արդարացիության մեջ, չափազանց անվստահ մեր միջոցների վրա, սրտներումս ավելի շատ հուսահատություն, քան հույս, և քանդված ու բաժանված երկրի համապատկերի վրա մենք դաշտ դուրս եկանք, որ չափենք մեր ուժերը: Բաժանվեցինք միմյանցից մեր ճակատագրին հետևելու համար՝ յուրաքանչյուրս հայտնվելով մի հովտում:

Մրսած ու քաղցած՝ մենք Պիեմոնտեի ամենաանզեն պարտիզաններն էինք և, հավանաբար, նաև ամենաանփորձները: Վստահ էինք, որ ապահով ենք, որովհետև դեռ չէինք հեռացել մեկ մետր ձյան տակ թաղված մեր ապաստանից: Բայց ինչ-որ մեկը մեզ դավաճանեց, և 1943-ի դեկտեմբերի 12-ին արթնացանք շրջապատված. նրանք երեք հարյուր էին, մենք՝ տասնմեկը, ունեինք մեկ ավտոմատ առանց փամփուշտների և մի քանի ատրճանակ: Ութը կարողացան փախչել և ցրվեցին լեռներում, մենք չկարողացանք: Զինվորները բռնեցին մեզ երեքիս՝ Ալդոյին, Գուիդոյին և ինձ՝ դեռ քնաթաթախ: Մինչ նրանք ներս էին մտնում, ես հասցրի վառարանի մոխրի մեջ թաքցնել ատրճանակը, որ պահում էի բարձիս տակ, և որը դժվար թե օգտագործել իմանայի. փոքրիկ էր, ամբողջովին սադափապատ, նրանցից, որոնք ֆիլմերի մեջ հուսահատ տիկիններն են օգտագործում ինքնասպան լինելու համար: Ալդոն, որը բժիշկ էր, ոտքի կանգնեց, հանգիստ մի ծխախոտ վառեց և ասաց. «Ափսոսում եմ քրոմոսոմներիս համար»:

Մեզ մի քիչ ծեծեցին, զգուշացրին, որ«ՙչմտածված քայլեր չանենք», խոստացան, որ հետո մեզ կհարցաքննեն իրենց համոզիչ ձևով և անմիջապես կգնդակահարեն, հանդիսավոր կերպով շարվեցին մեր շուրջը, և սկսեցինք քայլել դեպի լեռնանցքը: Ժամեր ձգված երթի ընթացքում կարողացա երկու բան անել, որոնք ծանրացել էին սրտիս. մաս առ մաս կերա դրամապանակիս մեջ պահած ակնհայտ կեղծ անձնագիրս (լուսանկարը հատկապես զզվելի էր) և, ձևացնելով, թե սայթաքեցի, ձյան մեջ թաղեցի հասցեներով լի նոթատետրս, որ գրպանումս էր: Զինվորները զինվորական հպարտ երգեր էին երգում, ավտոմատով կրակում էին նապաստակների վրա, նռնակներ էին գցում գետը իշխան որսալու համար: Ներքևում՝ հովտում, մեզ մի քանի ավտոբուս էր սպասում: Մեզ ստիպեցին բարձրանալ, նստեցրին առանձին, իսկ շուրջներս միայն զինվորականներ էին՝ նստած և կանգնած, որոնք մեզ ուշադրություն չէին դարձնում և շարունակում էին երգել: Մեկը՝ կանգնած ուղիղ իմ դիմաց, մեջքով էր շրջվել, և գոտուց կախված էր գերմանական ձեռքի նռնակներից մեկը՝ փայտե բռնակով, որոնք որոշ ժամանակ անց պայթում էին. շատ հանգիստ կարող էի ապահովիչը բարձրացնել, պարանը քաշել և իմ ու նրանցից մի քանիսի վերջը տալ, բայց քաջություն չունեցա: Մեզ տարան Աոստայի ծայրամասում գտնվող զորանոց: Նրանց հարյուրապետի անունը Ֆոսսա էր, և տարօրինակ է, անհեթեթ է և մռայլորեն զվարճալի, որ նա տասնամյակներ ի վեր պառկած է պատերազմական ինչ-որ անհայտ գերեզմանում, իսկ ես այստեղ եմ՝ ողջ և հիմնականում առողջ, և գրում եմ այս պատմությունը: Ֆոսսան օրինապաշտ էր և հանուն մեզ անմիջապես կազմակերպեց կանոնադրությանը համապատասխանող բանտային համակարգ. մեզ տեղավորեց զորանոցի ներքնահարկում՝ յուրաքանչյուրիս մի խցում՝ մահճակալով և զուգարանով, ժամը տասնմեկին ճաշում էինք, զբոսանքի ժամ ունեինք և իրավունք չունեինք շփվելու միմյանց հետ: Այս արգելքը ցավալի էր, որովհետև մեզնից յուրաքանչյուրի մտքում մի գաղտնիք էր ծանրացել՝ նույն գաղտնիքը, որը բացահայտել էր մեզ՝ մի քանի օր առաջ մեր մեջ մեռցնելով դիմադրելու, նույնիսկ ապրելու ցանկությունը: Մեր խիղճը մեզ ստիպել էր դատավճիռ իրականացնել, և իրականացրել էինք, բայց այն մեզ թողել էր ոչնչացված, ճնշված: Ցանկանում էինք, որ ամեն ինչ ավարտվեր, և որ մեր վերջն էլ գար, բայց նաև ցանկանում էինք տեսնել միմյանց, խոսել, հերթով օգնել իրար՝ հեռու վանելու այդ դեռևս այնքան թարմ հիշողությունը: Մեր վերջը եկել էր, և մենք դա գիտեինք. թակարդում էինք, յուրաքանչյուրս մեր թակարդում, ներքև ընկնելուց բացի այլ ելք չկար: Ես արագ համոզվեցի դրանում՝ թիզ առ թիզ ուսումնասիրելով իմ խուցը, քանի որ այն վեպերը, որոնցով սնվում էի տարիներ առաջ, լի էին զարմանահրաշ փախուստների նկարագրություններով: Այստեղ պատերը կես մետր հաստություն ունեին, դուռը հսկայական էր և հսկվում էր դրսից, պատուհանը ճաղապատ էր: Եղունգների խարտոց ունեի, կկարողանայի սղոցել մի ճաղը, գուցե բոլորը. այնքան նիհար էի, որ գուցե կկարողանայի դուրս գալ: Բայց հայտնաբերեցի, որ պատուհանի դիմաց ցեմենտի մի ամուր պատ էր կանգնած օդային ռմբակոծությունների բեկորներից պատսպարվելու համար:

Երբեմն մեզ կանչում էին հարցաքննության: Երբ հարցաքննողը Ֆոսսան էր, ամեն ինչ բավական լավ էր ընթանում: Ֆոսսայի տեսակի մարդու դեռ չէի հանդիպել. նա դասագրքային ֆաշիստ էր՝ հիմար և քաջ, որի մեջ զինվորականի մասնագիտությունը (կռվել էր Աֆրիկայում և Իսպանիայում ու մեզ մոտ պարծենում էր) ամրապնդել էր տգիտությունը և հիմարությունը, բայց չէր փչացրել կամ անմարդկային դարձրել նրան: Հավատացել և ենթարկվել էր ողջ կյանքի ընթացքում և միանգամայն համոզված էր, որ երկրի ողբերգության մեղավորներն ընդամենը երկուսն էին՝ արքան և Գալեացցո Չանոն, որին հենց այդ օրերին գնդակահարեցին Վերոնայում: Բադոլիոն մեղավոր չէր, նա էլ էր զինվոր, երդում էր տվել արքային և պետք է հավատարիմ մնար երդմանը: Եթե արքան ու Չանոն չլինեին և ամենասկզբից ֆաշիստական պատերազմը նենգադուլի չենթարկեին, ամեն ինչ լավ կընթանար, և Իտալիան կհաղթեր: Ինձ համարում էր թեթևամիտ, վատ շրջապատի ազդեցության տակ ընկած, իր կլասիստական հոգու խորքում համոզված էր, որ համալսարանավարտը չի կարող իսկապես «ապստամբ» լինել: Ինձ հարցաքննում էր ձանձրույթից, որպեսզի քարոզ կարդար գլխիս և իրեն կարևոր զգար, որևէ լուրջ հարցաքննության նպատակ չուներ. նա զինվոր էր, ոչ թե ոստիկան: Ինձ անհարմար հարցեր չտվեց ու երբեք չհարցրեց, թե արդյոք հրեա՞ եմ:

Մինչդեռ Կանյիի հարցաքննությունները սարսափելի էին: Կանյին այն լրտեսն էր, որ մեզ բռնել էր տվել. իսկական լրտես՝ բոլոր բջիջներով, լրտես բնույթով և հակումներով, ոչ թե ֆաշիստական համոզմունքներից կամ շահերից ելնելով, լրտես վնասելու, մարզական սադիզմի համար, ինչպես որսի գնացողներն են կրակում մանր կենդանիների վրա: Ճարպիկ մարդ էր. լավ երաշխավորականներով հասել էր մեր հարևան պարտիզանական խմբավորմանը, հավատացրել էր, որ տեղյակ է գերմանական կարևոր ռազմական գաղտնիքների, բացահայտել էր դրանք, թեև ամբողջովին կեղծ էին և պատրաստված Գեստապոյի կողմից: Կազմակերպել էր խմբավորման պաշտպանությունը, անցկացրել էր մանրամասն զորավարժություններ (որի ընթացքում զինամթերքի մեծ մասը սպառվել էր), հետո փախել էր հովիտ և կրկին հայտնվել՝ ֆաշիստական հարյուրյակների գլուխ անցած, տարածքը «սանրելու» համար: Մոտ երեսուն տարեկան էր՝ գունատ, կախված դեմքով, հարցաքննությունը սկսում էր «Լյուգեր» ատրճանակը գրասեղանի վրա լավ երևացող տեղում դնելով, շարունակում էր ժամեր շարունակ, առանց հանգստի, ցանկանում էր ամեն ինչ իմանալ: Անընդհատ տանջանքներով և գնդակահարությամբ էր սպառնում, բայց, բարեբախտաբար, ես գրեթե ոչինչ չգիտեի, իսկ այն քիչ անունները, որ գիտեի, մտքումս պահեցի: Կեղծ սիրալիրության պահերին հաջորդում էին նույնքան կեղծ զայրույթի պոռթկումները: Ինձ ասաց (հավանաբար ստում էր), որ գիտի՝ հրեա եմ, բայց որ դա ինձ համար լավ է. կա՛մ հրեա էի, կա՛մ պարտիզան: Եթե պարտիզան էի, կկանգնեի գնդակահարության պատի տակ, եթե հրեա էի՝ լավ, Կարպիում հավաքակայան կար, նրանք արյունախում չէին, կմնայի այնտեղ մինչև վերջնական հաղթանակը: Խոստովանեցի, որ հրեա եմ, մասամբ հոգնածությունից, մասամբ անտրամաբանական համառ հպարտությունից ելնելով, բայց նրա խոսքերին ընդհանրապես չէի հավատում: Ինքը չէ՞ր ասողը, որ այս զորանոցի ղեկավարումը մի քանի օրից անցնելու էր ԷսԷսին:

Իմ խցում միայն մի խավար լամպ կար, որը գիշերն էլ էր միացած մնում. հազիվ էր բավականացնում կարդալու համար, բայց ես, միևնույնն է, շատ էի կարդում, որովհետև կարծում էի, որ ինձ քիչ ժամանակ է մնացել: Չորրորդ օրը՝ զբոսանքի ժամին, գրպանս թաքուն մի մեծ քար դրեցի, որովհետև ցանկանում էի փորձել շփվել Գուիդոյի և Ալդոյի հետ, որոնք հարևան խցերում էին: Կարողացա, բայց չափազանց հոգնեցուցիչ էր. մեկ նախադասություն հաղորդելու համար մեկ ժամ էր անհրաժեշտ՝ բաժանիչ պատին հարվածելով, ինչպես «Ժերմինալում» հանքում թաղված հանքափորները: Ականջս պատին սեղմելով, որպեսզի հասկանամ պատասխանը, լսում էի միայն մեր գլխավերևի ճաշարանում նստած զինվորների զվարթ երգերը՝ «Ալիգիերիի տեսիլքը» կամ «Գնդացիրը չեմ լքի», կամ ամենախլացուցիչը՝ «Արի, անտառում մի կածան կա»:

Խցումս մի մուկ էլ կար: Ընկերակցում էր ինձ, բայց գիշերները հացս կրծում էր: Ծալովի երկու մահճակալ կար, իրար միացրի և ստացա մի լոնժերոն՝ երկար ու հարթ: Այն ուղղահայաց կանգնեցրի և գիշերները հացը դնում էի վերևում, բայց մի քիչ փշրանք էի թողնում գետնին մկան համար: Ինձ նրանից ավելի մուկ էի զգում. մտածում էի անտառների կածանների մասին, ձյան մասին, անտարբեր լեռների մասին, հարյուրավոր հրաշալի բաների մասին, որոնք կարող էի անել, եթե ազատ լինեի, և կոկորդս սեղմվում էր:

Շատ ցուրտ էր: Դուռը ծեծեցի, մինչև եկավ զինվորը, որը ոստիկանի պարտականություններն էր կատարում, և խնդրեցի, որ կապվի Ֆոսսայի հետ: Ոստիկանը հենց այն մեկն էր, որ ինձ հարվածել էր բռնվելուս պահին, բայց երբ իմացել էր, որ համալսարանավարտ եմ, ներողություն էր խնդրել. Իտալիան տարօրինակ երկիր է: Ֆոսսայի հետ չկապվեց, բայց ինձ և մյուսների համար ծածկոց բերեց և թույլ տվեց, որ ամեն երեկո ավարտակոչից առաջ կես ժամ տաքանանք կաթսայատան ջերմահաղորդչի մոտ:

Նոր օրակարգը մեկնարկեց հենց այդ երեկո: Ոստիկանը եկավ իմ հետևից, բայց ոչ միայնակ. նրա հետ մեկ այլ բանտարկյալ կար, որի գոյության մասին չգիտեի: Ափսոս: Եթե Գուիդոն կամ Ալդոն լինեին, շատ ավելի լավ կլիներ: Ամեն դեպքում մարդ արարած էր, որի հետ կարելի էր մեկ-երկու խոսք փոխանակել: Մեզ տարան ցածր առաստաղով մրոտ կաթսայատուն, որը գրեթե ամբողջովին զբաղեցրել էր կաթսան: Բայց, հուրախություն ինձ, այնտեղ տաք էր: Զինվորականը մեզ նստեցրեց մի նստարանի վրա, իսկ ինքը տեղ գրավեց դռան շեմին դրված աթոռին, որպեսզի փակի մեր ճանապարհը: Ավտոմատը ուղղահայաց դրել էր ծնկների միջև, բայց մի քանի րոպե անց արդեն աչքը կպել էր՝ մեզ մոռացած:

Բանտարկյալը հետաքրքրությամբ ինձ էր նայում:

-Այդ դո՞ւ ք եք ապստամբները,- հարցրեց:

Մոտ երեսունհինգ տարեկան էր, նիհար էր ու մի փոքր կուզիկ, գանգուր, գզգզված մազեր ուներ, սափրված չէր, մեծ, կեռ քիթ ուներ, անշուրթ բերան և փախչող հայացք: Ձեռքերն անհամաչափորեն մեծ էին, կոշտուկներով, կարծես հողմահարված և արևից այրված լինեին: Դրանք երբեք հանգիստ չէր պահում. մեկ շփում էր իրար, մեկ տրորում էր, կարծես լվանալիս լիներ, մեկ թմբկահարում էր նստարանը կամ ազդրը: Նկատեցի, որ ձեռքերը թեթևակի դողում էին: Վրայից գինու հոտ էր գալիս, և դրանից եզրակացրի, որ նոր է ձերբակալվել: Հովիտների առոգանությամբ էր խոսում, բայց գյուղացու տեսք չուներ: Նրան ընդհանրական պատասխան տվեցի, բայց չհուսահատվեց.

-Սա, մեկ է, քնած է, կարող ես խոսել, եթե ուզում ես: Ես կարող եմ դուրս լուրեր տանել, երևի շուտով դուրս գամ:

Ինձ այնքան էլ վստահելի չէր թվում:

-Ինչո՞ւ ես այստեղ,- հարցրի:

-Մաքսանենգություն. չուզեցի նրանց հետ կիսվել, ահա և վերջ: Վերջիվերջո համաձայնության կգանք, բայց մինչ այդ ինձ փակի տակ են պահում: Վատ է իմ մասնագիտության համար:

-Վատ է բոլոր մասնագիտությունների համար:

-Բայց ես յուրահատուկ մասնագիտություն ունեմ: Մաքսանենգությամբ էլ եմ զբաղվում, բայց միայն ձմռանը, երբ Դորան սառչում է: Մի խոսքով, շատ գործեր եմ անում, բայց տեր չունեմ: Մենք ազատ մարդիկ ենք. հայրս էլ էր այդպիսին, պապս էլ և բոլոր ապուպապերս դեռ այն ժամանակներից, երբ այստեղ եկան հռոմեացիները:

Չհասկացա սառած Դորայի մասին ակնարկը և հարցրի, թե արդյոք ձկնո՞րս է:

-Գիտե՞ս ինչու է գետի անունը Դորա,- հարցրեց ինձ:- Որովհետև ոսկուց է: Պարզ է՝ ոչ ամբողջովին, բայց ոսկի է բերում, իսկ երբ սառչում է, այլևս հնարավոր չէ ոսկի ստանալ:

-Խորքում ոսկի՞ կա:

-Այո, ավազի մեջ, ոչ ամեն տեղ, որոշ հատվածներում: Ջուրն այն ներքև է բերում լեռներից, թողնում է որտեղ պատահի. մի ոլորանում կա, մյուսում չկա: Մեր ոլորանը, որը հորից որդի է փոխանցվում, ամենահարուստն է. լավ է թաքնված, աչքից հեռու, բայց միևնույնն է՝ ավելի լավ է գիշերը գնալ այնտեղ, որ ոչ մի հետաքրքրասեր չտեսնի: Այդ պատճառով, երբ գետն ուժեղ սառցակալում է, ինչպես, օրինակ, անցած տարի, աշխատել չի լինում, որովհետև հենց սառույցը փորում ես, նորն է հայտնվում, հետո ձեռքերդ էլ չեն դիմանում: Եթե դու իմ տեղը լինեիր, իսկ ես՝ քո, քեզ նույնիսկ կբացատրեի, թե որտեղ է մեր տեղը:

Նրա այս խոսքից ինձ վիրավորված զգացի: Լավ գիտեի, որ գործերս լավ չեն, բայց հաճելի չէր անծանոթից լսել դա: Զրուցակիցս, որը նկատել էր իր սխալը, փորձեց շտկել վիճակը.

-Մի խոսքով, ուզում էի ասել, որ սա գաղտնիք է, անգամ ընկերներիդ չես ասի: Ես սրանով եմ ապրում, աշխարհում ուրիշ բան չունեմ, բայց բանկիրի աշխատանքի հետ չէի փոխի: Այնպես էլ չէ, որ ոսկի շատ կա, ավելին՝ շատ քիչ է, ամբողջ գիշեր կարող ես լվալ, ու մեկ-երկու գրամ դուրս գա, բայց երբեք չի վերջանում: Վերադարձիր երբ ուզում ես, հաջորդ գիշեր կամ մեկ ամիս անց, երբ ցանկություն ունենաս, ու ոսկի նորից կա, ասես աճում է: Եվ այդպես միշտ և ընդմիշտ, ինչպես մարգում խոտն է աճում: Այդ պատճառով մեզնից ազատ մարդ չկա. ահա թե ինչու խելագարվում եմ այստեղ փակված: Հետո պիտի հասկանաս, որ բոլորը չեն, որ կարող են ավազ լվանալ, և սա շատ հաճելի է: Ինձ հայրս է սովորեցրել. միայն ինձ, որովհետև ամենաճարպիկն էի, մյուս եղբայրներս գործարանում են աշխատում: Եվ միայն ինձ է թողել իր սկիհը:- Հսկայական աջ ձեռքը գավաթի տեսքով ծալեց՝ ցույց տալով մասնագիտական շրջանաձև շարժումը:- Ամեն օր չէ, որ բախտդ բերում է. ամենալավ օրերը հանգիստ եղանակին են, երբ լուսինը վերջին քառորդում է: Չեմ կարող ասել՝ ինչու, բայց այդպես է, եթե հանկարծ մտքովդ անցնի փորձել:

Լուռ գնահատեցի բարեմաղթանքը: Իհարկե կփորձեի, ի՞նչ չէի փորձի: Այդ օրերին, երբ բավական խիզախորեն մահվան էի սպասում, ամեն ինչ փորձելու սուր ցանկություն ունեի՝ մարդկային բոլոր հնարավոր փորձառությունները, և անիծում էի իմ անցած կյանքը, որից, իմ կարծիքով, քիչ և վատ էի օգտվել, զգում էի, որ ժամանակը փախչում է մատներիս արանքով, հեռանում է մարմնիցս րոպե առ րոպե, ինչպես անկասելի արյունահոսություն: Իհարկե ոսկին կփնտրեի. հարստանալու համար չէ, այլ նոր արհեստ փորձելու, հողին, օդին ու ջրին վերադառնալու համար, որոնցից ինձ օրեցօր ավելի ահագնացող անդունդ էր բաժանում, կփնտրեի քիմիկոսի մասնագիտությունն իր հիմնական և առաջնային ձևի մեջ վերագտնելու համար՝ այսինքն Scheidekunst-ը՝ մետաղը անպետք ապարներից բաժանելու արվեստը:

-Ամբողջը չեմ վաճառում,- շարունակեց դիմացինս,- շատ եմ սիրում: Մի քիչ պահում եմ, տարեկան երկու անգամ հալում եմ և մշակում, արվեստագետ չեմ, բայց ինձ դուր է գալիս ոսկին ձեռքումս պահել, մուրճով հարվածել, փորագրել, քերծել: Չեմ ուզում հարստանալ, ինձ համար կարևորն ազատ ապրելն է, շան նման վզափոկ չունենալը, աշխատել, երբ ցանկանում եմ, որ ոչ մեկը չգա ու ասի՝ դե, առաջ: Այդ պատճառով էլ այստեղ ներսում տառապում եմ, հետո էլ օր եմ կորցնում:

Զինվորը ցնցվեց քնի մեջ, և ավտոմատը, որ պահում էր ծնկների միջև, աղմուկով ընկավ գետնին: Անծանոթը և ես մի արագ հայացք փոխանակեցինք, միանգամից հասկացանք միմյանց ու զսպանակի պես վեր թռանք նստարանից: Բայց չհասցրինք մի քայլ էլ անել, երբ զինվորը վերցրեց զենքը: Ուշքի եկավ, ժամին նայեց, հայհոյեց Վենետոյի բարբառով և կոպտորեն մեզ ասաց, որ խուց վերադառնալու ժամանակն է: Միջանցքում հանդիպեցինք Գուիդոյին և Ալդոյին, որոնք մեկ այլ հսկիչի ուղեկցությամբ գնում էին կաթսայատան փոշոտ տոթի մեջ մեր տեղը գրավելու. գլխի շարժումով ինձ ողջունեցին:

Խցում ինձ նորից դիմավորեցին միայնությունը, լեռների՝ պատուհանից թափանցող սառցե և մաքուր շունչը և վաղվա օրվա համար տագնապը: Եթե ականջ դնեիր՝ պարեկային ժամի լռության մեջ լսվում էր Դորայի՝ կորած ընկերուհու մրմունջը. բոլոր ընկերներս էին կորել, և՛ երիտասարդությունս, և՛ ուրախությունս, և՛ գուցե կյանքս: Գետը հոսում էր կողքովս, անտարբեր՝ ոսկին հետը քարշ տալով դեպի իր սառցե որովայնը: Զգում էի, թե ինչպես է ինձ խեղդում նախանձը իմ կասկածելի ուղեկցի նկատմամբ, որը շուտով կվերադառնար իր անկայուն, բայց սարսափելիորեն ազատ կյանքին, ոսկու իր անսպառ առվակին, անվերջ օրերի շարանին:

Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Հակոբյանի

 

Անդին 4, 2016

Share

Կարծիքներ

կարծիք