Սայաթ-Նովա. փաստեր, հորինվածքներ և բանդագուշանքներ

Ishxan-StepanyanՀանճարեղ Սայաթ-Նովայի մասին գրականության պակաս չկա: Նրա բանաստեղծությունների (խաղեր) առաջին ուսումնասիրող և հրատարակող երջանկահիշատակ Գևորգ Հախվերդյանից հետո տպագրվել են բազում մենագրություններ, հոդվածներ ու գեղարվեստական ստեղծագործություններ, սակայն հանուն արդարության նշենք, որ դրանց միայն մի մասը գիտական լուրջ արժեք ունի, առանձնապես Նիկոլ Աղբալյանի և Մորուս Հասրաթյանի աշխատությունները, իսկ մյուսները կամ չփաստարկված հորինվածքներ են, կամ խիստ կասկածելի մեթոդների կիրառմամբ արված բանդագուշանքներ և կամ այլ հեղինակներից կատարած պարզ արտագրություն: Այդպիսի հորինվածքներ են արքայադուստր Աննա Բատոնաշվիլու նկատմամբ տածած սիրո կոլխոզակինտոյական առասպելը, որ զարմացրել և զայրացրել է Հովհաննես Թումանյանին ու արժանացել Նիկոլ Աղբալյանի սարկազմին, Սայաթ-Նովային բռնի հոգևորական կարգելու սրբապիղծ սուտը, նրա ըմբոստ խառնվածքը հեղափոխականի վերածելու բոլշևիկյան դատարկաբանությունները և այլն։

Սայաթնովագիտության մեջ Գևորգ Ասատուրից սկսած շրջանառվում է այն կեղծ թեզը, թե իբր նա իր խաղերում ծածկագրել է ինչ-ինչ անուններ ու թվականներ: Ահա դրանից ելնելով մեր որոշ հեղինակներ Սայաթ-Նովայի խաղերից առանձնացնում են որոշ կամայական բառեր և այդ բառերը կազմող տառերի հետ թվաբանական ձեռնածություններ անելով կատարում «դարակազմիկ բացահայտումներ»:

 

Հարկ եմ համարում կատարել որոշ ուղղորդող դիտարկումներ:

Սայաթ-Նովան իր բոլոր հայերեն խաղերը գրել է վրաց տառերով, իսկ թուրքերեն (այլ ոչ ադրբեջաներեն) խաղերի մի մասը վրացատառ են, մյուսը՝ հայատառ:

Հարց է առաջանում. եթե հայերենով, վրացերեն տառերով գրված խաղից առանձնացնում են ինչ-որ բառ (որը հաճախ արաբական, պարսկական կամ թուրքական ծագում ունի) և այդ բառը կազմող տառերի թվային արժեքների հետ թվաբանական ձեռնածություններ են անում, այդ ո՞ր լեզվի այբուբենի թվային արժեքներն են հիմք ընդունում՝ հայերե՞ն, վրացերե՞ն, պարսկերե՞ն, թե՞ թուրքերեն կամ արաբերեն£

Այդպիսի հակագիտական մեթոդի ամենաակնառու կիրառողն ու տարածողը ոչ այլ ոք էր, քան Պարույր Սևակը: Երանի թե մեծ բանաստեղծը գրած չլիներ իր «Սայաթ-Նովա» դոկտորական թեզը և կամ գոնե դրա առաջին՝բանասիրական մասը, որում (մոտ 100 էջ) փորձում է ճշգրտել Սայաթ-Նովայի ծննդյան թվականը: Թվում է, թե 300 տարի առաջ ծնված մարդու ծննդյան թվականի հարցում մի քանի տարին որևէ դեր չի խաղում, սակայն Պարույր Սևակը իր առաջ գերխնդիր է դրել ապացուցել, որ Սայաթ-Նովան ծնվել է ոչ թե Գևորգ Հախվերդյանի նշած 1712-ին, այլ 1722-ին: Բանն այն է,որ Սայաթ-Նովան ունի «Ինձ ու իմ սիրեկան եարին մէ տարի բերած գիդենաք» սկսվածքով մի հայերեն խաղ (խաղի բնագիրն ու իմ կատարած արդի հայերեն թարգմանությունը կարող եք գտնել www.sayat-nova.am կայքի «Խաղեր» բաժնում): Քանի որ վրաց պատմագրությունից հայտնի է, որ Աննա Բատոնաշվիլին ծնվել է 1722 թվին,Պարույր Սևակը տասնհինգ «անառարկելի» ապացույցներ է բերում, որ Սայաթ-Նովան էլ ծնվել է այդ թվին, և նրա «սիրեկան եարը» Աննան է:

Նախ՝ «յար» օսմաներեն բառը հիմա մեզանում միայն «սիրած էակ» նշանակությունն ունի, իսկ օսմաներենում այն բազում իմաստներ ունի, օրինակ՝ հավատարիմ ընկեր, արդար գործընկեր, սրտով սիրած գործ և այլն: Ուշադիր ընթերցողը կնկատի, որ այդ խաղում Սայաթ-Նովան խոսում է իր բանաստեղծական տաղանդի մասին, որն ի ծնե է «մէ տարի բերած» և նկարագրում է իր ստեղծագործական տառապանքը («Ուշք ու միտքըս խառնվեցավ խուռըն-խուռըն խաղ հանիլեն») և վերջում, ինչպես բոլոր հանճարեղ մարդիկ, դժգոհում է իր ստեղծածից («ծառըս չըխերածգիդենաք»): Այս առիթով հիշենք Բորխեսի այլաբանությունը Շեքսպիրի մասին, հիշենք Ումբերտո Էկոյի և Մարկեսի խոստովանությունները, հիշենք վերջապես սուրբ Նարեկացուն:

Եվ հետո. վաղուց փաստված է, որ Սայաթ-Նովան պարսկական հզոր բանաստեղծական դպրոցի սուֆիական ուղղության հետևորդ է, իսկ երբ սուֆի բանաստեղծը խելակորույս գովերգում է ինչ-որ կնոջ գեղեցկություն, ապա արևելքցի միջին ընթերցողն անգամ գիտի, որ նա փառաբանում է Աստծուն, քանզի ըստ սուֆիզմի՝ Աստված անտեսանելի և անընկալելի է, և կնոջ գեղեցկությունը Աստծուց բխող այն ճառագայթներից մեկն է, որ մարդը կարող է տեսնել ու դրա միջոցով փառաբանել Աստծուն: Ասվածից հետևում է, որ Սայաթ-Նովայի խաղերում ինչ-որ որոշակի կնոջ փնտրտուքն առնվազն գավառամտություն է:

Պարույր Սևակը չապացուցվողը ապացուցելու համար թվագրված է հայտարարում չթվագրված խաղերը, թուրքերենից կամայական և տարօրինակ թարգմանություններ անում (օրինակ՝ «յաշումըզի թոքաք» արտահայտությունը թարգմանում է, թե իբր տարիքս «թոքաք» բառի տառերի թվային արժեքների գումարն է, այնինչ այն պարզապես նշանակում է «արտասուքս հոսեց»), Սայաթ-Նովայի կողմից հաճախ օգտագործվող «Հինդ ու Հաբաշ» (Հնդկաստան ու Հաբեշստան) տեղանունները համարում է ոչ թե գոյական, այլ ածական և այլն և այլն:

Մերկապարանոց չլինելու համար բերեմ Պարույր Սևակի՝ զավեշտի մոտեցող օպուսներից մեկը:

Սայաթ-Նովայի ինքնագիր «Դաֆթարի» 14-րդ էջում կա վրացերեն տառերով գրած մի թուրքերեն թեջնիս («Շեմք ու երդիկ չունեցող խուց է սիրտը»), որի բոլոր տները վերջանում են ՅԱԴ ԱՆԱ հանգակիր բառով:

Եվ ահա, Պարույր Սևակը գրում է «թե իբր այդ խաղում Սայաթ-Նովան մի քանի անգամ «ուղղակի ճչում է», որ իր յարի անունը Աննա է (թուրքերեն՝ ադ Աննա): Մեջբերում եմ խաղի տների վերջին տողերի բնագրերը և դրանց՝ վաղամեռիկ արևելագետ Նիկոլայ Գևորգյանի կատարած ճշգրիտ տողացի թարգմանությունները:

 

…Նաշի օլան սանի բիլմազ, նաղս էդար,

Սաթմագինան ղադըր բիլմազ ՅԱԴԱՆԱ

[Անգետ մարդը գինը չի իմանա, կփչացնի.

Մի վաճառիր գինը չիմացող օտարին]

 

Զուրիաթին նե՞ջա ղիար հազր աթա,

Օղուլ իչուն հաչան աղլար ՅԱԴԱՆԱ

[Զավակին ինչպե՞ս կսիրի խորթ հայրը,

Որդու համար ե՞րբ լաց կլինի խորթ մայրը]:

 

Հար քիմ փիր ուստադուն ղահրի չաքմամիշ,

Դորթ այաղլու յա բըզովդուր ՅԱԴԱՆԱ

[Ով չի տարել փիր-վարպետի փորձությունը,

Չգիտի չորքոտանին հորթ է, թե մոզի]:

 

Սայաթ-Նովա դիար՝ աթամուն վաթանի,

Սորուշանլար, յա Հալաբդուր, ՅԱԴԱՆԱ

[Սայաթ-Նովան ասում է՝ հորս հայրենիքը,

Թե հարցնեն, Հալեպն է կամ Ադանան]:

 

Ընթերցողի ճաշակին եմ թողնում որոշելու, թե Սայաթ-Նովայի «սիրեկան յար Աննան» Հալեպից եկած մի տգետ օտարակա՞ն էր արդյոք, թե՞ խորթ մայր կամ հորթ ու մոզի:

Հոդվածս գրելիս բնավ նպատակ չեմ հետապնդել վիճարկելու Պարույր Սևակի անվիճելի ավանդը մեր գրականության մեջ, պարզապես Սայաթ-Նովայի պես համամարդկային արժեք ներկայացնող բանաստեղծի մասին գրված ցանկացած տող պետք է ստանա իր արժանի գնահատականը:

Հիմա ևս մի ցավոտ հարցի մասին. երբեմն-երբեմն մեր հարևան վրացիներն ու թաթարները (իմա՝ ադրբեջանցիները) փորձում են «գիտականորեն» վիճարկել Սայաթ-Նովայի ազգային պատկանելիության հարցը: Առանց մեկնաբանությունների ներկայացնում եմ Սայաթ-Նովայի ինքնագիր «Դաֆթարի» 62-րդ էջում գտնվող մի վրացատառ թուրքերեն խաղի ֆոտոպատճենը:

 

 

Անդին 4, 2016

Share

Կարծիքներ

կարծիք