Իմ նկարներում Ռախմանինովի երաժշտությունն է. Հասմիկ Գասպար

kk

Դաշնակահարուհի Հասմիկ Գասպարը (Գասպարյան) սկսել է նկարել 90-ականների այն տարիներին, երբ նկարելու համար ոչ պայմաններ կային, ոչ էլ հնարավորություններ: Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Մոսկվայում՝ արվեստանոցի վերածելով բնակարանի սենյակները: Արդեն չորս տարի է՝ դաշնակահար նկարչուհին վերադարձել է հայրենիք: Ստեղծագործում է նկարիչ ընկերներից մեկի արվեստանոցում:

Կոմիտասում գտնվող այդ գողտրիկ անկյուն էր այցելել նաև Անդինը: Կտավների, վրձինների ու ներկերի աշխարհ, որտեղ կարելի է գտնել նաև Խորեն Աբրահամյանի դաշնամուրը՝ նկարազարդված կլասիցիստական ոճով:

Հասմիկ Գասպարի հետ զրուցել ենք երաժշտության և նկարչության հետ անցած ճանապարհի, ստեղծագործական դադարների ու պոռթկումների մասին:

 

Կոնդում եմ ծնվել

Արմատներս Վան-Վասպուրականից են: Հայրս, մայրս երևանցիներ են: Ծնվել եմ Կոնդում: Կոնդը Երևանի, իսկական երևանցու խորհրդանիշ է: Նկարների շարք ունեմ Կոնդին նվիրված, որ պիտի ավարտեմ:

Առաջին ուսուցիչս քեռիս էր

Մորական պապիկս գրականագետ, պատմաբան էր, տատիկս՝ երգչուհի: Քեռիս՝ Վահագն Հյուսյանը, հիանալի նվագում և երգում էր: Ծնված օրվանից ականջներումս նրա երգն ու նվագն է: Առաջին ուսուցիչս քեռիս էր: Եղբոր պես էր ինձ համար: Ցավոք, մեկ տարի առաջ կորցրի նրան:

Քեռուս հետ կապված ամեն ինչ հիշում եմ: Իմ նվագի մեջ նա անընդհատ ներկա է՝ այն, թե ինչ եմ նվագում, ինչպես եմ նվագում, ինչ հարմոնիաներ եմ վերցնում․ ամեն տեղ նա կա: Շատ գեղեցիկ էր նկարում: Նկարչությունն էլ է իրենից անցել: Փորագրություններ էր անում: Մի հատիկի վրա կարող էր մեծ վանք փորագրել: Չճանաչված և համեստորեն հեռացավ:

 

Երբ մոտեցա դաշնամուրին..

Երեք տարեկան էի: Դաշնամուրի չէի գնում, դասատու չունեի: Ուղղակի մոտեցա դաշնամուրին ու նվագեցի: Երևի բացառիկ լսողության հետևանք էր: Այն ժամանակ քիչ էին դեպքերը, երբ շատ վաղ հասակում սկսում էին նվագել:

 

1Ջիգարխանյանն ասաց, որ բախտս բերել է

Մի առիթով Արմեն Ջիգարխանյանն ինձ ասաց՝ քո բախտը բերել է, իմ մի ականջը խուլ է: Չհասկացա՝ ինչ նկատի ունի: Հարցրի՝ ինչո՞ւ: Նա էլ թե՝ այ բալա, մի ականջս հորս ականջն է, մյուսը՝ մորս:

Ջիգարխանյանի խոսքով՝ բախտս բերել էր, որ և հորս, և մորս կողմից լավ լսողություն էի ժառանգել:

Դեպի երաժշտական դպրոց

Բարիտոն Արշավիր Կարապետյանը մորաքրոջս ամուսնու ընկերն էր: Հաճախ էր մեզ հյուր գալիս: Ես էլ նվագում էի: Ասում էր՝ այս երեխան Չայկովսկու դպրոցի սան պիտի լինի, այլ կերպ հնարավոր չէ: Ժամանակի լավագույն երաժշտական դպրոցն էր: Հանձնեցի քննությունները և երեք 5-ով ընդունվեցի դաշնամուրային բաժին:

Մեծ մարդ էր Արշավիր Կարապետյանը: Նման երգիչներ շատ քիչ կան: Երջանիկ եմ, որ նման լեգենդի հետ շփվելու առիթ եմ ունեցել: Հիշում եմ՝ ինչպես ուրախացավ, երբ եկավ Սերգեյ Քյոսայանը և ասաց՝ բռավո, ձեր երեխան հույսերն արդարացրեց:

Ջազը

Չայկովսկու երաժշտական դպրոցում նվագում էինք միայն դասական: Հենց ակադեմիական երաժշտությունից դուրս բան էինք նվագում, ասում էին՝ էս ինչ յալանչիություն (յալանչի՝ խեղկատակ, ծաղրածու — խմբ.) եք անում:

Ջազն ինձ գրավեց այն ժամանակ, երբ 1979 թ․ընդունվեցի «Արևիկ» անսամբլ: Ինձ շատ էր գրավում Մարտին Վարդազարյանի նվագը: Այն ժամանակ քիչ կային ջազ նվագողներ:

Այնքան սիրեցի ջազը, որ որոշեցի այդ ուղղությամբ շարունակել կրթությունս ԽՍՀՄ հանրապետություններից որևէ մեկում: Իմացանք, որ Կիևում կա ջազային բաժին, հետո ասացին՝ ոչ, Ռոստովում է: Ուսուցիչներս ինձ անընդհատ ասում էին՝ չնվագես, ձեռքերդ փչացնում ես, չի կարելի: Դաշնակահարներին չէր կարելի ջազ նվագել, ավելի ճիշտ՝ ցանկացած ոչ ակադեմիական երաժշտություն: Ասում էին՝ եթե նվագեք, ձեր ձեռքերի դիրքը կփչանա, բայց ես չէի լսում:

Մինչև օրս էլ Օսկար Պիտերսոնն ինձ համար ամենալավն է: Պիտերսոնը, Քեթ Ջարեթը իմն են, իմ ականջի համար են: Նկարչի լեզվով ասած՝ իմ գույնն են:

Հայրենիքից հեռու

Ինձ սկզբում թվում էր՝ չեմ կարողանա Ռուսաստանում ստեղծագործել: Չեմ սիրում այնտեղի եղանակը, իսկ ես եղանակային հակվածություն ունեցող մարդ եմ, արև ու ջերմություն եմ սիրում: Եղանակը թույլ չէր տալիս, որ երկար ժամանակ դրսում լինեի, շատ էտյուդներ անեի, ինչը շատ կարևոր էր ինձ համար: Աշխատանքից հետո փակվում էի տանը և նկարում, նատուրայից էտյուդներ անել չէի կարողանում, որովհետև ինձ համար այդ մթությունը ահավոր ծանր բան էր:

Մի շրջան եղավ Մոսկվայում, երբ ես մի տարվա մեջ 70-ից ավելի կտավ նկարեցի: Երաժշտություն էի դասավանդում, ուսանող երեխաներ ունեի, բայց չէի կարողանում կտրվել նկարչությունից: Ավարտուն գործերը մեկը մյուս հետևից ստեղծվում էին: Ստեղծագործական պոռթկում էր:

3Ուր էլ գնամ, «Կակաչներն» ինձ հետ են

Մութ ու ցուրտ տարիներն էին: Ամուսինս վատառողջ էր: Ես էլ չէի կարողանում հարկ եղածի չափ վաստակել: Երկու կտավ ունեի, մի քանի ներկ ու մի վրձին․ամուսնուս եղբայրն էր բերել: Առաջին կտավս՝ «Կակաչները», կարելի է ասել՝ մատներով եմ նկարել: Մտածում էի՝ կնկարեմ, Վերնիսաժում կվաճառեմ:

Փորձեցի նկարել: Հետաքրքիրն այն է, որ վախով չսկսեցի: Վրձնահարվածներս վստահ էի անում: Երբ նկարն ավարտեցի, ամուսինս չթողեց, որ վաճառեմ: Այդ նկարը նրան ուժ էր տալիս:

«Կակաչներն» ամեն տեղ մեզ հետ են: Հիմա էլ մեր տանն են: Երբ նայում եմ, տեսնում եմ՝ ինչքան ոչ պրոֆեսիոնալ բաներ եմ արել, բայց այնքան անկեղծություն կա այդ նկարի մեջ:

Արվեստը չափումներ չունի

Արվեստն այնքան հետաքրքիր բան է, չափումներ չունի, օրենքներ չունի: Ես ինձ երջանիկ եմ զգում արվեստի մեջ: Ճիշտ է՝ բարդ է, մեծ զոհողություններ է պահանջում, պիտի կարողանաս դիմանալ արվեստին, որ նա էլ քեզ դիմանա:

Երբ պետք է նկարել, երաժշտությունն ինձ փրկում է, որ վեր կենամ, սկսեմ նկարել: Չեմ կարող նկարելու ընթացքում մտածել, թե նվագում եմ, բայց նվագելու ժամանակ նկար եմ պատկերացնում:

Մայիսի  2-ը

Տարվա ամենասիրելի օրն է մայիսի 2-ը՝ պապիկիս ծննդյան օրը: Սպասում էի այդ օրվան, որովհետև մեր տուն էին գալիս շատ հետաքրքիր մարդիկ՝ արվեստի գործիչներ, գրականագետներ, պատմաբաններ, ակադեմիկոսներ: Սիրում էի նրանց հետ շփվել, հիանալ նրանցով:

Առաջին ցուցահանդեսս 2002 թվականին էր: Խնդրեցի, որ մայիսի 2-ին լինի: Առաջինը միշտ ամենախորհրդավորն է, ինչքան էլ նեղ միջավայրում լինի, ինչքան էլ քիչ ճանաչված լինես: Մյուս բոլոր ցուցահանդեսներին ավելի փորձված ես, կարելի է ասել՝ երես առած:

Առաջին ցուցահանդեսս ինձ համար ամենակարևորն էր: Վախվորած էի, բայց փքուն կարծիքներ չեղան: Արվեստագետները ջերմ մոտեցում ցուցաբերեցին հենց առաջին ցուցահանդեսից: Շատ սեր տեսա մարդկանց կողմից: Ավելի շատ սիրեցի գեղանկարչությունը և որոշեցի, որ պարտավոր եմ ստանալ ակադեմիական կրթություն:

Իմ նկարներում Ռախմանինովի երաժշտությունն է

Միշտ ասել եմ, որ նկարներումս Ռախմանինովն է: Սնվում եմ նրա երաժշտությամբ: Ռախմանինովով եմ սկսել նկարել: Նրա ստեղծագործությունները ինձ միշտ հուզել են: Կարող եմ ժամերով լսել, ինչպես ջազը:

Երաժշտության մեջ էլ Ռախմանինովն ինձ հեշտ է տրվում: Իմ կոմպոզիտորն է: Երբ Ռախմանինով եմ նվագում, աշխարհից վերանում եմ:

Չկա սեր՝ չկա ոչինչ

Չեմ պատկերացնում՝ մարդ ինչպես կարող է ապրել առանց սիրո: Եթե չկա սեր՝ չկա ազնվություն, չկա մաքրություն, չկա ոչինչ: Առանց սիրո կյանք չկա, մահացած ես:

Չսիրող մարդու ստեղծածն ավելի շուտ չստեղծագործություն է, քան ստեղծագործություն:

2

 

Զրուցեց Աննա Կարապետյանը

Անդին 4, 2016

Share

Կարծիքներ

կարծիք