Լուրջ ստեղծագործությունը հեշտ չի ծնվում: Մովսես Մանուկյան

 

MOSO-TsakhkadzorԱնդինի հյուրն է Հայաստանի գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը

Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգամյակը: Անկախությունը սկսվեց պատերազմով և մութ ու ցուրտ տարիներով: Այդ ընթացքում Ծաղկաձորի գրեթե բոլոր հանգստյան տներն ավերվեցին: Ձեզ ինչպե՞ս հաջողվեց պահպանել գրողների տունը և ոչ միայն պահպանել, նաև զարգացնել:

-Գիտեք, ավերվելու պատճառը ոչ այնքան պատերազմը, մութ ու ցուրտ տարիներն էին, որքան մեր տնտեսությունը. այն պատրաստ չէր շուկայական հարաբերությունների: Մեր տնտեսությունը պլանավորված տնտեսություն էր, և ցանկացած հյուրանոց, հանգստյան տուն, պիոներական ճամբար պլանային կառավարման համակարգում էր և՛ ֆինանսական հոսքերի, և՛ ծանրաբեռնվածության ապահովման, և՛ ներդրումների ու զարգացման առումով: Տնտեսվարողներին մնում էր միայն ապահովել հյուրանոցների տնտեսական ընթացիկ գործունեությունը: Ազատ տնտեսական շուկայական հարաբերություններում շատերը պատրաստ չեղան դիմագրավելու ծագած դժվարություններին: Խնդիր ծառացավ տնտեսվարման և բիզնեսի համար ինքնուրույն միջոցներ հայթայթել և միջոցներն այնպես բաշխել, որ երկարաժամկետ պարապուրդների հետևանքով տնտեսությունը չփլուզվի: Այդ տարիներին մենք կարողացանք ճկուն գտնվել: Օրերին, երբ էլեկտրաէներգիան գրաֆիկով էր տրվում (օրական երկուսից չորս ժամ), մենք կարողացանք դիզելային գեներատորների միջոցով մեր հյուրերի համար շուրջօրյա էլեկտրաէներգիա ապահովել: Այդ տարիներին մեզ մոտ կարծես դրախտ լիներ, քանի որ միշտ հոսանք ու տաք ջուր կար, որն այդ ժամանակների համար անիրական էր թվում: Ընդամենը շուկայական հարաբերությունների մեջ ճիշտ կողմնորոշվելու ու դիրքեր գրավելու խնդիր էր:

Այդ տարիներին ովքե՞ր էին Ձեր հիմնական հյուրերը:

-Հիմնական հյուրերը միշտ, բոլոր ժամանակներում մեր գրողներն են: Սա գրողների ստեղծագործական տուն է, և նպատակը շատ հստակ է՝ նպաստել մեր գրողների ստեղծագործական աշխատանքին, և կարծես դա մեզ մոտ ստացվում է, քանի որ գնահատականն այս տանը ծնված բարձրարժեք գրական ստեղծագործությունների առկայությունն է: Այս գործընթացը մինչ օրս էլ շարունակվում է՝ սկիզբ առնելով դեռևս 1920-ականներից, երբ հիմնվեց «Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տունը»: Այն ժամանակ դա մի փայտաշեն, փոքրիկ, երկհարկանի տնակ էր, որտեղ հյուրընկալվել են այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ժան Պոլ Սարտրը, Եղիշե Չարենցը, Օսիպ Մանդելշտամը, Ավետիք Իսահակյանը, Վիլյամ Սարոյանը: Այս ավանդույթները պահպանելն ու զարգացնելը դիտարկում ենք որպես մեր այսօրվա բիզնես ծրագրի հիմնական ուղենիշ: Մեր ժամանակներում էլ այս առումով հպարտանալու շատ բան ունենք, արդի հայ գրականության շատ հայտնիներ՝ Հրանտ Մաթևոսյան, Լևոն Խեչոյան, Մուշեղ Գալշոյան, Սիլվա Կապուտիկյան, իրենց ստեղծագործական ծրագրերը մեծավ մասամբ կապում էին Ծաղկաձորի գրողների տան հետ: Օրինակ՝ երջանկահիշատակ Լևոն Խեչոյանը մոտ յոթ տարի աշխատում էր մի վեպի վրա, և այդ ընթացքում տարին առնվազն երկու ամիս գրողների տանն էր, քանի որ վեպ գրելը մեծ կենտրոնացում էր պահանջում: Այստեղ է գրվել Միքայել Շաթիրյանի («Նվագախմբի տղաները» ֆիլմի սցենարիստ) «Արծաթե դարը» պատմավեպը: Երբ գրողը կտրվում է առօրյա հոգսերից, ամբողջովին կարողանում է խորանալ ստեղծագործական ընթացքի մեջ, դա ավելի է նպաստում ստեղծագործական աշխատանքին: Մուշեղ Գալշոյանի լավագույն ստեղծագործությունները ևս գրվել են այստեղ:

Քանի որ խոսեցինք Ձեր հյուրերից, հայտնի է, որ Դուք գրողների տանը անվճար պահել եք շատ գրողների: Նրանց թվում նաև Հուսիկ Խանդամուրին, որին մահից հետո ինքներդ էլ հուղարկավորել եք

-Նախ նշեմ, որ գրողների միության բոլոր անդամները ստեղծագործական տան ծառայություններից որոշակի ժամկետով օգտվում են անվճար, իսկ ստեղծագործական ծրագրերով ժամանած գողներին տրամադրվում են նաև հավելյալ օրեր: Դառնալով Հուսիկ Խանդամուրի ճակատագրին՝ ասեմ, որ այն մեր ազգի ողբերգական անցյալի ելևէջներից էր: Մի ամբողջ գերդաստանից փրկված միակ մանուկը որբանոց էր ընկել, հետագայում, ցավոք, ադպես էլ չէր կարողացել ընտանիք կազմել ու մենակ էր մնացել: Նա շնորհաշատ գրող էր, բայց միայնակ այս աշխարհում:

Հայտնի է նաև, որ Դուք պաշտոնական պարտականություններից զատ մարդկայինընկերական ջերմ հարաբերություններ ունեք բոլոր գրողների հետ, հատկապես ուշադիր եք կարիքավորների հանդեպ:

-Չէի ուզի հատկապես գրողներին առանձնացնել, քանի որ կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուր մարդ պիտի ուշադրության արժանանա: Ես արդեն երկար տարիներ «Երեխաների աջակցության հիմնադրամի» հոգեբարձուների խորհրդի նախագահն եմ: Այդ կազմակերպությունը ստեղծվել է կարիքավոր ընտանիքների կողքին գտնվելու և նրանց հնարավորինս օժանդակելու համար: Այն շատ օգտակար գործունեություն է ծավալում Սևանում և Հրազդանում: Մեր շրջապատում հարյուրավոր անապահով ընտանիքներ կան, որտեղ երեխաները սոված են անկողին մտնում, շատերը նույնիսկ հագուստի դժվարություն ունեն դպրոց գնալու համար: Այս կազմակերպության և հնարավոր բոլոր այլ միջոցներով փորձում ենք օժանդակել այդ ընտանիքների երեխաներին, օգնության ձեռք մեկնել: Այս մասին չէի ցանկանա ծավալվել, քանզի բարեգործությունը պետք է լռելայն արվի:

Դուք մարդ եք, ով, կարելի է ասել, պահել և պահպանել է Ծաղկաձորի արժանապատիվ պատմական ընթացքը: Վերջին տարիներին շատ բան փոխվեց Ծաղկաձորում. ինչպե՞ս է Ձեզ պատկերանում Ծաղկաձորի ապագան:

-Գիտեք, արժանապատվություն պահելը իհարկե բարձր է հնչում: Արժանապատվիվ կեցվածքը պետք է բոլորով պահենք, ազգովի, քանի որ դա հանրության խնդիրն է: Ասեմ միայն, որ Ծաղկաձորում, իրոք, Ձեր նշած ցուրտ ու մութ տարիների մեր գործունեությունը մի թել էր, որով կարողացանք հին ու նոր ժամանակները իրար շաղկապել, ինչը հնարավորինս նպաստեց քաղաքի հետագա զարգացմանը: Պետք է հիշենք, որ Ծաղկաձորը եղել է արքայական հանգստավայր դեռևս Արշակունիների ժամանակներից, և դարերի ընթացքում միջավայր ու ավանդույթներ են ձևավորվել, որոնք անհրաժեշտ է պահպանել: Ծաղկաձորը մեծ զարգացում ապրեց վերջին տասը տարիներին: Ցավոք, մենք շատ հաճախ կորցնում ենք չափի զգացողությունը: Այդ հախուռն զարգացումն իր հետ մի շարք բնապահպանական խնդիրներ բերեց, և ցուրտ ու մութ տարիներին կործանումից դժվարությամբ փրկված Ծաղկաձորի անտառները հեշտությամբ զոհաբերեցինք անխոհեմ ու անհաշվենկատ ծավալվող բիզնեսի շահերին: Բնության պահպանությունը միշտ ու ամենուր պետք է գերակա լինի Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրի համար ընդանրապես և Ծաղկաձորի նման հանգստի ու զբոսաշրջության հնարավորություններով օժտված քաղաքի համար մասնավորապես: Կուզենայի արձանագրել, որ թե բնության, թե պատմական հուշարձանների պահպանության առումով որոշակի հաջողությունների այնուամենայնիվ հասել ենք: Վերջին տարիներին մեր միջամտությամբ ու հնագիտության ինստիտուտի ջանքերով Ծաղկաձորում հայտնաբերվեց ու պեղվեց երկու միջնադարյան ամրոց, կասեցվեց Կեչառիս վանական համալիրի անմիջական հարևանությամբ ծավալվող ռեստորանային համալիրի շինարարությունը, դադարեցվեց քաղաքից ընդամենը երկու-երեք կիլոմետր հեռավորության վրա երկաթի հանքի շահագործման գործընթացը:

Մնջախաղի փառատոնի ժամանակ դահլիճ եք տրամադրում, այլևայլ միջոցառումներ եք անցկացնում, իսկ ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում երիտասարդ գրողների համար:

-Մնջախաղի փառատոն արդեն չորրորդ անգամ ենք նախաձեռնում Ժիրայր Դադասյանի հետ, դրանք շատ լավ են անցնում, ժողովրդայնություն վայելում: Ունենում ենք հետաքրքիր հյուրեր արտասահմանից, կազմակերպվում են ֆլեշմոբեր, բայց սա մեր գործունեության ընդամենը մի դրվագն է: Մենք նմանատիպ շատ միջոցառումներ ենք կազմակերպում, խորհրդաժողովներ, սեմինարներ ու խորհրդակցություններ անցկացնում: Մենք բոլոր պայմանները տրամադրում ենք միջոցառումների համար, ունենք համալրված դահլիճներ, համապատասխան տեխնիկա, սպասարկման բավական մեծ փորձ:

Ժամանակակից գրողների հետ կապված մի նախաձեռնություն ունենք, որը ևս պատմություն ունի: Երջանկահիշատակ Լևոն Անանյանի հետ նախաձեռնեցինք միջոցառում և մտածեցինք, որ, չնայած ինտերնետային կապերին, այնուամենայնիվ գրողների անմիջական շփումը կարևոր է, քանի որ երիտասարդ գրողները կյանք են մտնում, և շփումը անհրաժեշտ է միմյանց ճանաչելու համար: Այստեղ մենք իբրև հովանավոր ենք հանդես գալիս, այս միջոցառումներին մասնակցում են նաև ավագ սերնդի գրողները: Կարծում եմ, որ սա օգտակար նախաձեռնություն է:

Ասում են՝ գրողները փոքրինչ խռովկան ու քմահաճ մարդիկ են: Ձեզ համար դժվար չէ՞ նրանց գոհացնելը:

-Կա այդպիսի բան, բայց խնդիր չէ, քանի որ գիտենք, որ մարդը ստեղծագործական գործընթացի մեջ է և մի քիչ ավելի դյուրագրգիռ է դառնում: Թե ինչպես է հաջողվում՝ չեմ կարող մեկնաբանել, ուղղակի մի օրինակ կպատմեմ երջանկահիշատակ Մուշեղ Գալշոյանից: Երբեմն, երբ ստեղծագործողի արածն իրեն չի գոհացնում, նա նյարդայնանում է: Հաճախ էր պատահում, որ Գալշոյանը օրերով չէր քնում, աշխատում էր, չէր ստացվում և անընդհատ տրտնջում էր, թե իրեն խանգարում են: Ահա այդպիսի պահերին պետք է կարողանաս այնպես անել, որ մարդուն հանգստացնես: Այդ օրերին համոզում էի Մուշեղին, որ գնանք անտառ: Զբոսնում էինք, զրուցում, մի բաժակ բան խմում: Ու կարծես որոշ բաներ կարգավորվում էին, հունի մեջ ընկնում: Մենք հասկանում էինք, որ լուրջ ստեղծագործությունները հեշտ չեն ծնվում:

 

Զրույցը՝ Մանե Հովհաննիսյանի

Անդին 3, 2016

 

 

Share

Կարծիքներ

կարծիք