Բանաստեղծություններ

IMG_5348

***

Ուղիղ ու ճկված փողոցներ կան իմ քաղաքում,

Մայրուղիների վրա սպիտակ աղավնիներ կան,

Որ ամեն գարնան սկիզբ

Մեզ մոտ են շտապում՝

Ձնծաղիկների սերմեր կտուցներին պահած:

Իմ թաղերում

Մարդիկ երջանկությունը

Աղուհացով,

Սիրով են պատկերացնում՝

Ավելորդ ճոխություններից զուրկ.

Ամռանը քաղցր խաղողի ոստերով

Ու ձմռանը բուխարու կողքին կարտոֆիլի շերտերով,

Խառնված ծիրանենու վառվող փայտի բույրով

Ու ծխախոտի թանձր ծխով:

Իմ քաղաքում մարդիկ չեն քնում

Որ չտեսնեն հեռու մնացած սերը՝

Կարոտի քուլաներով փաթաթված,

Ամպ դարձած,

Ու մարդիկ աշնանային անձրևին

Թաքնվում են կամարների տակ պրոսպեկտների,

Որ երկնքից թափվող մոռացված կարոտով

Չփաթաթվեն նորից,

Ու ինձ նմանները լուսացնում են

Մոնումենտների ամենաբարձր կետերում,

Ուր լուսնին հասնելու համար

Ձեռքը երկարել ու հավատալ է պետք,

Իսկ հավատը մեծ քաղաքներում

Չճարվող սեր է դարձել,

Ու հավատ են ծախում

Մարմնավաճառներն ու պոռնիկները

Անկյուններում օպերաների ու կրկեսների:

Լավ գինի ու գարեջուր առնող չկա,

Մենակ թե թմրեցնող հեղուկը

Շատ լինի,

Շուտ լինի,

Էժան լինի:

Իմ քաղաքում

Մենք անկյուններ ունենք պահած,

Համայնքից անջատ,

Համայնքին անպատկան,

Որովհետև ես համայնքին պարտվել

Ու փախել եմ:

Քաղաքում ամեն ինչ այլ է,

Միշտ մի տեղ կգտնես փախչելու,

Միշտ մի մեքենա կգտնվի

Քեզ աշխարհի մյուս ծայրը հասցնելու համար:

 

 

 

***

 

Ես տեսել եմ ստվերը քո՝

Սևազգեստ կին հիշեցնող

Այս մթության արգանդում փակված,

Ու դու,

Պորտալարով իմ մարմնին կապված,

Ինձ համար թե՛ օդ ես, թե՛ ջուր:

Ես,

Ուրու դարձած,

Շրջում եմ նրբանցքներով քաղաքի,

Ու քո ստվերի հետքը բռնած՝

Քեզ հասնել եմ փորձում:

Ես քո հետևից արագընթաց չղջիկներ

Ու հարություն առած թիթեռներով եմ եկել,

Որոնք իրենց նախշուն գույներով

Քեզ գտնել են փորձում,

Որ պարուրեն սպիտակի բոլոր երանգներով.

Ու կարմիրով ներկված սավանիդ,

Որ կիպ գրկել է իրանդ ու կուրծքդ,

Մենք տիրանալ ենք փորձում:

Ես՝

Որպես թափանցիկ ուրու,

Սևազգեստ մթությունն ու դու,

Գաղտնիքների ու կողպեքների հետևում փակված,

Սպասում ենք,

Որ ուր որ է

Երկնքից երեք կարմիր խնձոր կընկնի,

Ու մեկն ու մեկիս հեքիաթի վերջաբանը բարի կլինի:

Մինչդեռ չղջիկները մեզ հետ մինչև վերջ հասան,

Ու ես,

Քո ձեռքը բռնած,

Մյուս հեքիաթ մտա,

Որտեղ մեզ համար տեղ չկար,

Մեզ հարմար դեր չկար,

Որտեղ արև էր,

Ու լուսինը միայն գիշերներն էր ծագում…

Մենք փախանք հեքիաթների գրքից,

Քաղաքի՛ց ցնցված,

Պատերի՛ց քառակուսի,

Ու արթնացանք սիրո բույրից՝

Ես՝ որպես թափանցիկ ուրու,

Սևազգեստ մթությունն ու դու:

 

***

Գիշերը կիսվել է,

Ու ինչ-որ մեկը իր բութ դանակով լուսինն է կիսել,

Ես նորից քեզ հիշել եմ,

Ու ինչ-որ մեկի սուտ ներկայությամբ

Քեզ մոռանալ եմ փորձում։

Ես մտածում եմ

Լեգենդների մասին չգրված,

Որի հերոսները մենք չենք լինի…

Ես ուզում եմ սեղանի շուրջ նստել

Աշխարհի հետ

Ու քեզնից պատմել,

Բայց քո մասին վերջանում են բառերս բոլոր,

Ու մարդասպան լռությունն է ինձ տիրանում։

Մռայլ գիշեր է,

Ու աստղերը բոլոր

Ինչ-որ մեկի ցանցե կարթում են քարշ գալիս,

Ու ես հանգում եմ աչքերում քո՝

Խճճված աստղափոշի դարձած։

Ցաված սիրտս կծկվում

Ու արյուն է լալիս,

Երբ կուրացող աչքերով տեսնում եմ

Կատարելությունը,

Որին դու հասար

Ինձանից հեռու։

Կատարելությունը,

Որ ո՛չ իմ անունն ուներ,

Ո՛չ էլ քեզ հետ

Մի էսպիսի կեսգիշերին

Ջազզ կլսեր

Ու կծխեր կծու շուրթերդ

Ճաքճքված…

Մի էսպիսի կեսգիշերին

Ես կլանում եմ տարածությունն անտես,

Ու կատվի փափկությամբ անկողինդ եմ մտնում,

Մի էսպիսի կեսգիշերից հետո

Ես քեզ նորից կորցնում եմ…

***

Քո համը ճաշակելուց հետո,

Հիմա երբ գնացել ես

Տանս առաստաղից

Պուտ-պուտ դառնահամ է կաթում

Ու քարկապ ընկնում

Անկողնուս թելերին:

Հիմա, երբ էլ չկաս,

Ծորակիցս փշատենու սուր-սուր փշեր են հոսում

Ու լցվում մարմինս,

Ու հասնում սրտիս:

Հիմա երբ էլ չկաս,

Պատիս կախված խատուտիկները կախել են գլուխները

Ու քո ողբն են կապել:

Հիմա, երբ էլ չկաս,

Լուսինն ամեն օր մի նոր մեղեդի է նվագում քեզ համար,

Որ ո՛չ քո մասին է, ո՛չ էլ մեր մասին,

Չափազանց գեղեցիկ`

Մերը լինելու համար:

Հիմա, երբ ճամփաների վրա կանգնած

Բոլոր ցուցափեղկերի վրա քո անունն է գրված,

Ու քայլերս միշտ նույն ուղղությունն ունեն,

Ու հայացքս միշտ մեկին է փնտրում,

Առավոտներն առանց քեզ եմ դիմավորում

Ու մտորում,

Թե դեռ ինչքա՞ն է լեզվիս կանգնած քաղցրահամը

Դառը լեղի թվալու սրտիս:

 

***

Ես արդեն քանի առավոտ է

Քո սուրճի բույրից եմ արթնանում։

Ինձ պատում է սառը դող

Սուրճս սառած գտնելու վախից։

Ես սիրում եմ քնել,

Երբեմն ամենից ավելի,

Ես քեզ գիշերներ ունեմ պարտք,

Ու բարի լույսեր մոռացված։

Ես արդեն քանի առավոտ է

Քո ծլվլոցից եմ արթնանում:

Մարմինս պատվում է կանաչ մամուռով,

Քեզ վանդակված գտնելու վախից:

Մարմինս կապող թելերը

Կտցում ես հատ առ հատ,

Կտուցիդ հասցրած հարվածներից,

Մարմնիս վերքերը

Թարմություն են շնչում:

Ես արդեն քանի առավոտ է

Քո մեղմիկ նվագից եմ արթնանում,

Ջութակ է ձեռքիդ,

Ու նյարդերս ջութակիդ վրա:

Մարմինս պատվում է կծու քրտինքով

Նյարդերս պոկված գտնելու վախից:

Ինձ արդեն քանի առավոտ է

Արթնացնողը դու ես:

Մարմինս պատվում է վազող հիշողություններով

Ինձ մենակ թողած սերերիս մասին:

 

 

 

Անդին 4, 2016

Կարծիքներ

կարծիք