Անհայտի անվերջ բանաձևը

Հեղինակ:

IMG_5253Տիեզերական անհունության ո՜ր անկյունում ես լույս դարձել, Վիլյամ Սարոյան, որ ասում էիր՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:

Սխալն այդ անհայտ է, եղել է և վախենում եմ, որ դեռ շատ կլինի, քանի դեռ Մոլորակը, որտեղ ապրում ենք, սոսկ տարածք է՝ գունավոր կտորներով երկրների բաժանած, Հայրենիքը՝ քառակուսի կիլոմետր, մայրաքաղաքը՝ ավազե շինհրապարակ:

Ժամանակին զարմանալի մի նկարիչ՝ Գոգեն ազգանունով, գնաց ապրելու իր նախաստեղծ հիմքին մերձ մի ցեղի մոտ և այնտեղ էլ ձևակերպեց Մոլորակի անվերջ անպատասխան հարցը՝ ով ենք մենք, որտեղից են գալիս և ուր ենք գնում:

Եվ մարդկային ցեղը, արդեն որերորդ հազարամյակն է,  չի գտնում այդ հարցի պատասխանը և որքան ուզում է ավելի շուտ տեսնել, թե ուր է գնում, այնքան ավելի է հեռանում որտեղից-ից:

Կարճամիտ չէին մեր փառավոր նախնիները, որ գիր էին ստեղծում, որ սերունդները հիշատակեն նրանց գործն ու պատմությունը, որ արձաններ, տաճարներ էին կանգնեցնում աստվածների սիրույն և աղոթում երկնային բարեխոսության համար, որովհետև… որովհետև վախենում էին անհետք մնալուց:

Ապա եկան ժամանակներ, երբ մարդը, թվում է, թե դարձավ մեծագույն արժեքը, և աշխարհը պտտվեց մարդու շուրջը, որպեսզի նա իրեն տրված մի կտոր երկրային կյանքը ապրի առանց անտեղի ժամանակ կորցնելու: Եվ ինքնաբերաբար նրա երկրային ձգտումները, փառասիրությունը, տարածքապաշտությունը դարձան հանուն մարդու:

Սակայն ինչ-որ բան, իսկապես, ինչ-որ տեղ սխալ էր: Եվ մարդիկ Ա կետից Բ-ն տանող իրենց կյանքի կարճ ու արագացված ճանապարհին ցանկացան անպայման խառնել մարդկության հիշողության ընթացքը, ինչպես Հերոստրատը, որ այրեց Եփեսոսում Արտեմիսի տաճարը, որպեսզի… մնա մարդկանց հիշողության մեջ:

Մարդկության պատմության ամբողջ ուղեծիրն եմ նայում ու մտածում. այն ե՞րբ էր, որ հանուն Խաչյալի ճշմարիտ ուսմունքի փուլ էին գալիս հին ազգերի աստվածների մեհյանները, հզորագույն գրադարանը… Եվ չկար ոչ մի միջազգային ատյան, բարձր ամբիոն, որտեղից կոչեր պիտի հնչեին հանուն պահպանության հոգևոր մշակույթի:

Իսկ այսօր կան…

Եվ կան հերոստրատներ:

Եվ չկա այլևս ասեղնագործ խաչքարերով Ջուղա, կար ու արդեն չկա հինավուրց Նիմրուդ, կար արևելքի ու արևմուտքի աստվածներին տեսած Հաթրա, կային Բուդդայի բամիանական հզոր արձաններ և բազմակետեր, այլ բազմակետեր:

Եվ նորից կան մշակույթի պահպանման միջազգային ատյաններ…

Իսկ Ռուսա Բ արքան, որ հույսը չէր դրել ո՛չ ատյանների, ո՛չ էլ սերունդների բարյացակամության վրա, Զվարթնոց խոնարհված տաճարի տեղում, որտեղ ուրարտական կոթող էր շինել, արձանագրություն էր թողել.

Արգիշթորդի Ռուսան

ասում է. Ով որ այս արձանագրությունը

փչացնի, ով փշրի,

հողում թաղի, ով ջուրը գցի,

ով տեղից իր շարժի,

ով արևի առջևից

առանձնացնի կամ ասի «ոչնչացրու»,

ով ուրիշին ասի.

«Ես կատարեցի», ով որ

Անունս ջնջի և իր անունը

գրի, — լինի նա

Վանեցի, լինի Լուլուրեցի,

թող որ Խալդե, Թեյշեբա,

Շիվինե աստվածները չխնայեն,

Թե անունը, թե սերունդը

երկրի վրա չթողնեն։

Այո: Թե անունը, թե սերունդը երկրի վրա չթողնեն: Եվ այսօր, պատմության անպատ միջանցքներում, մարդկային ցեղի մի աննկարագիր, քոչվորածին տեսակ՝ հանուն իր աստծո, հանուն իր երազած տարածքների, որոնք հայրենիք չեն ձևակերտում, ասում է՝ ես կատարեցի, ասում է՝ ոչնչացրու…

Մեզ պատմությունը սոսկ կոտորածի թվաբանություն է  սովորեցնում: Ասում է՝ մի մարդու մահը ողբերգություն է, իսկ հարյուրինը՝ վիճակագրություն: Իսկ մշակո՞ւյթը: Մի լինի, թե հարյուր, մշակույթը չի կրկնվում ու չի վերարտադրվում, մարդու հետ վերանում է նաև այդ մշակույթի վերարտադրողը, ստեղծողը:

Եվ այսպես խախտվում է տիեզերքի զարկերակի ռիթմը, ինչպեսև եղավ, երբ այրվեց Ալեքսանդրիայի հզոր գրադարանը՝ իր հետ տանելով հին ժամանակների բոլոր իմաստնությունները՝ բնափիլիսոփայական, բժշկագիտական… Ու մարդկությունը ստիպված էր անցնել Մթին դարերի միջանցքով ու նորից փիլիսոփայել ու բժշկելու նոր ձևեր հորինել:

Ու ինձ անվերջ հետապնդում է որտեղից ենք գալիս հարցը, որն արդեն չի ծնում ով ենք մենք և այնպե՜ս հեռու է ուր գնալուց՝ այսպես անհիշողություն, այսպես անհետևանք ու անպատմություն:

Եվ եթե մի օր անգամ մարդկությունը վերածնի իր տեսած բոլոր պատերազմների զոհերին, ոչ մի հուշարձան չի վերածնվի, որովհետև ինչ-որ տեղ մեր սխալը դեռ անհայտ է…

 

Անդին 3, 2016

Share

Կարծիքներ

կարծիք