Գիտափորձ

DSC00204---Մաս I. «Մորս մահը»:

2015 թվական: Մեծ Բրիտանիա: Ատոմային ֆիզիկայի հատուկ հսկողության լաբորատորիա: Հայրս այստեղ է աշխատում արդեն 20 տարի:

Ես երաժիշտ եմ, բայց իմ ընտանիքի պատմության մեջ ամեն ինչ այնպես էր դասավորվել, որ ես, ըստ տոհմական ավանդույթի, պետք է դառնայի ատոմային ոլորտի հերթական գիտնականներից մեկը: Բայց ես չեմ թաքցնի այն փաստը, որ ինքս դա չէի ուզում, քանի որ բնավ գլուխ չէի հանում գիտական աշխատանքից: Տանը ամբողջ օրը ես ու հայրս վիճում էինք, քանի որ նա չէր ուզում, որ իր որդուց սկսվի ամեն ինչ և իր ընտանիքով դադարի Մարտինեզ գիտնականների շարքը:

Եվ այսպես, ես հետաքրքրվում էի երաժշտությամբ: Այնպես էր, որ հայրս դեմ չէր դրան, բայց միայն սիրողական մակարդակի պայմանով:

Մի քանի բան պատմեմ իմ կյանքից, դեպքեր, որ փոխեցին ամեն ինչ:

Երբ մայրս մահացավ քաղցկեղից, ես ուղղակի դատարկվեցի: Նրա հետ շատ կապված էի և կարծես կորցրի ընկերոջս: Առաջին անգամ նվագել եմ նրա մահվան օրը: Ամեն ինչ շատ պատահական ստացվեց, այնքան, որ ես չհասցրի նկատել, որ առաջին օրն եմ նստում դաշնամուրի առջև:

Մորս մահվան վայրկյանը այսօրվա պես հիշում եմ: Այդ պահին ես նրա կողքին էի, և նա խնդրեց, որ ջուր բերեմ: Ես արագ շրջվեցի, որ գնամ ջրի, երբ հասա դռան մոտ, որոշեցի ճշտել, թե ջուրը սա՞ռն է ուզում: Ամառ էր, և բնական կլիներ, որ սառը ուզեր: Հարցիս համար ակնկալած պատասխանը շատ ուշացավ. մի պահ քարացա՝ գիտակցելով կարծես այդ պահը, դանդաղ շրջվեցի և նրան անշնչացած տեսա:

Սկզբում մտածում էի, որ քնել է, բայց երբ կանչեցի տատիս, նա ասաց, որ մայրս հեռացավ մեզանից: Խնդրեց, որ զանգեմ հորս, որ այդ պահին իր լաբորատոր աշխատանքներով էր տարված, և կանչեմ տուն: Բայց, ինչպես և ակնկալում էի, նա չպատասխանեց զանգին:

Այդ պահին ես միայն մի բան էի ուզում՝ մենակ մնալ, իսկ դա անելու ամենից լավ ձևը կլիներ նկուղ իջնելը: Ես այդպես էլ արեցի:

 

Մաս II. «Փոշոտ դաշնամուր»

2010 թվականի սեպտեմբերի 15-ն էր, երբ ես նկուղում հայտնաբերեցի մեր տան դաշնամուրը, որը մի քանի տարի առաջ ուղղակի անհետացել էր իմ տեսադաշտից:

Մայրս շատ էր պատմում, թե ինչպես է նվագել ու երգել ինձ համար, երբ ես փոքր եմ եղել:

Ես մոտեցա, նստեցի դաշնամուրի առջև, բացեցի այն և սկսեցի մեղմորեն սեղմել ստեղները: Ամեն րոպեի հետ այդ ձայնը իմ հոգում ավելի ու ավելի էր խորանում, և ես չգիտեմ ինչպես, բայց սկսեցի նվագել:

Նվագելու ընթացքը այնքան ցավոտ էր. արցունքներն ուղղակի հորդում էին աչքերիցս՝ լվանալով դաշնամուրի վրա տարիներով կուտակված փոշին: Ամեն վարկյանի հետ մի օր էի ապրում՝ աղոտ հիշելով մորս երգերը: Այնքան ցավ էր կուտակվել մեջս այդ օրվա ընթացքում, որ կարծես մի ամբողջ կյանք էր անցել:

Երեք օր հետո մորս հողարկավորությունն էր: Այդ օրերին ես ոչինչ չէի կերել: Տատս և ես ցավով ապրեցինք այդ օրերը: Իսկ հորս մասին չեմ էլ խոսում, ես նրան երբեք այդ վիճակում չէի տեսել: Նա մի շաբաթ ուղղակի անցկացրեց առանց սնվելու: Ես ու տատս ամեն ինչ անում էինք, որ նա մի պահ մոռանա պատահածը, բայց նա շատ էր տանջվում: Միայնակ փակվում էր սենյակում և ոչ մեկին չեր ուզում տեսնել: Ես նրա հետ այդքան էլ մոտ չէի, այդ իսկ պատճառով չէի կարողանում խոսել նրա հետ: Բայց այս ցավը մեր կյանքում փոխեց մի բան. մենք ավելի մտերմացանք: Մեկ շաբաթ հետո նա նորից սկսեց գնալ լաբորատորիա:

 

Մաս III. «Հորս նվերը»

Մորս հուղարկավորությունից անցել է մեկ տարի:

Ես ամեն օր նկուղում եմ անցկացնում օրս, նվագում եմ, հիշում մորս հետ անցկացրած օրերը, եզրեր փնտրում հորս հետ խոսելու և վերջապես հայտնելու նրան երաժիշտ դառնալու իմ ցանկության մասին:

Բայց ես չհասցրի խոսել նրա հետ, քանի որ ինքը առաջինը խոսեց: Որքան էլ զարմանալի էր, հայրս երկուշաբթի առավոտյան արթնացավ և չգնաց լաբորատորիա: Լաբորատորիայի փոխարեն նա եկավ նկուղ և իր հետ բերեց երաժշտական մի նոր գործիք: Գործիք, որը նվագել ես դեռ չգիտեի: Նա ջութակը տվեց ինձ և, ի զարմանս ինձ, խնդրեց, որ սովորեմ նվագել այդ գործիքով (իր ասելով՝ նա շատ էր սիրում այդ գործիքի ձայնը):

Ես ապշած էի, բայց միևնույն ժամանակ նաև սիրով լեցուն: Ավելի վստահ էի դարձել երաժիշտ դառնալու իմ ցանկության մեջ և հենց այդ առավոտից սկսեցի ջութակի մասին նյութեր ուսումնասիրել:

Երկու օր հետո հայրս հորդորեց, որ հաճախեմ ջութակի մասնավոր դասերի՝ ասելով, որ ինքը կֆինանսավորի: Նրա խոսքերը շատ որոշակի էին, և, իր ասելով, արդեն մոռացել էր իմ՝ գիտնական դառնալու մտքի մասին՝ տեսնելով իմ սերը երաժշտության հանդեպ:

 

Մաս IV. «Հորս օրագիրը»

Ջութակի պարապմունքներս սկսվեցին մեկ շաբաթ հետո. հայրս ամեն ինչ կազմակերպել էր, որպեսզի հնարավորինս շուտ սկսեմ դասերը, և նախապես վճարել էր մեկ տարվա գումար պարապմունքների համար:

Եթե անկեղծ, շատ դժվարությամբ էի հավատում, որ նա միտքը փոխել է իմ՝ գիտնական դառնալու հարցում: Բայց, ինչպես ասում են, փաստը մնում է փաստ. ես հորս հորդորով և ֆինանսավորմամբ հաճախում էի ջութակի անհատական դասերի:

Հերթական մի օր առավոտյան արթնացա հորս ձայնից: Նա խնդրեց, որ իր հետ գնամ լաբորատորիա և նվագեմ այնտեղ իր համար: Ես մոտ երեք ամիս արդեն հաճախում էի պարապմունքների և քիչ թե շատ նվագում: Ես դեմ չեղա, նույնիսկ ուրախացա, քանի որ հայրս ինձ խնդրում էր նվագել: Ես առաջին անգամ հորս կողքին նստած գնում էի լաբորատորիա:

Երբ հասանք, նա բացեց դուռը, մենք մտանք ներս, և ես սառեցի: Լաբորատորիայում պատից կախված գտա մեկ այլ երաժշտական գործիք: Դա անակնկալ էր, որ հայրս ինձ համար էր պատրաստել:

Մի պահ գործիքը ուսումնասիրելուց հետո գրկեցի հորս, համբուրեցի այտը՝ շնորհակալություն հայտնելով անակնկալի համար:

Այդ պահին նա ասաց, որ մեքենայի մեջ է մոռացել իր թղթապանակը և խնդրեց բերել այն: Ես ժպտացի նրան, ջութակը դրեցի սեղանին և վազեցի թղթապանակի հետևից: Երբ թղթապանակն էի փնտրում մեքենայի մեջ, մի տետրանման բան ընկավ աչքիս: Չգիտեմ ինչն էր պատճառը, բայց այն ինձ հետաքրքրեց:

Բանալուց հետո հասկացա, որ հորս օրագիրն էր: Որոշեցի չկարդալ՝ մտածելով, որ այն հորս անձնականն է, և ես իրավունք չունեմ կարդալու: Բայց իսկույն միտքս փոխեցի, երբ աչքիս մի վերնագիր ընկավ. գրված էր՝ «Փորձ համար 99. կնոջս մահը»:

Այս տողը կարդալուց հետո օրագիրը թաքցրի, որ երեկոյան նկուղում կարդամ, և հայրս չտեսնի:

Այդ օրը շատ ուրախ անցավ: Հայրս շատ հավանեց իմ նվագած գործերը: Նույնիսկ պահեր եղան, որ երգեցինք միասին: Ես սկսել էի վստահել հորս և շատ ուրախ էի դրա համար:

Երեկոյան ուշ վերադարձանք տուն: Հորս ասացի, որ գնում եմ նկուղ՝ պարապելու վաղվա դասի համար, և բարի գիշեր մաղթեցի: Գնացի նկուղ. օրագիրը մոտս էր:

 

Մաս V. «Վրեժի ծնունդը»

Այս մասը, երբ գրում էի, ցավը պատել էր ինձ: Այնքան հարց էր կուտակվել հոգումս: Ամեն վայրկյան դիմում էի Աստծուն նույն հարցով. ինչո՞ւ, տեր իմ, ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ հենց իմ ընտանիքը: Ի՞նչ էինք արել քեզ կամ աշխարհին, որ այսքան ցավ տվեցիր մեզ:

Այս վիճակում ես հայտնվեցի օրագիրը կարդալուց հետո: Երբ կարդում էի, ամեն պահի, ամեն բառի հետ կարծես մի սուր էր խոցում սիրտս: Այդ օրագիրը միայն ապացույցն էր այն բանի, որ հայրս խելագարվել էր՝ լաբորատոր հետազոտությունների մեջ խորանալով:

Օրագիրը ինձ րոպե առ րոպե պատմեց մորս հիվանդանալու ընթացքը և մահը:

Նա գաղտնի փորձարկում էր կատարել՝ մորս օգտագործելով որպես փորձակենդանի: Իսկ հետո օրագրում մանրամասն նկարագրել էր անհաջող փորձի արդյունքը՝ մորս մահը:

Բայց սա դեռ ոչինչ է այն բանի համեմատ, ինչ իմացա հետո: Շարունակելով կարդալ՝ հասա մի նոր վերնագրի. «Փորձ համար 100. Ջեք»:  Ջեքը ես եմ:

Օրագրում մանրամասն նկարագրված էր ամեն ինչ՝ իրեն մոտեցնելու, խաբելու և ուղղված փորձը (նույն փորձը, որ մորս սպանեց) հետո արդեն ինձ վրա դնելու մասին:

Օրագրում ասվում էր, որ երկուշաբթի առավոտյան նա պետք է փոխի մահճակալիս կողքի ջուրը նորով, որի մեջ կլինի փորձարկվող նյութը:

 

Մաս VI. «Հաջողված գիտափորձ»

Ես որոշում կայացրի: Այդքան բան կարդալուց հետո ես ուղղակի սկսեցի խաղալ հորս կանոններով: Հոգիս և միտքս միայն վրեժ էին ուզում:

Սպասեցի մինչ երկուշաբթի՝ ցույց չտալով, որ ամեն ինչ գիտեմ: Երկուշաբթի օրը ես հետևեցի նրան և տեսա, թե նա ինչպես փոխեց ջուրը:

Հետո, երբ նա գնաց լաբորատորիա, ես այդ ջուրը տարա և դրեցի իր սենյակում՝ մահճակալի կողքին: Այսպես ես սկսեցի իմ առաջին գիտափորձը, որի անունը դրեցի «Փորձ համար 1. ցավոտ վրեժ»:

Չգիտեմ՝ ցավ զգամ, թե ափսոսանք, բայց փորձը շատ կարճ տևեց: Երկու օր հետո հայրս մահացավ սրտի անբավարար աշխատանքից:

Ես ավարտեցի իմ առաջին և վերջին գիտափորձը՝ արձանագրելով դրա հաջողությունը:

 

Անդին 3, 2016

Share

Կարծիքներ

կարծիք