Ծիծեռնակները վերադարձել են

Հեղինակ:

DSC_0243

Սպիտակած գլուխը ափերի մեջ առած նստել էր գրասեղանի առջև: Նոր ծաղկած եղրևանու ճյուղերը ներս էին մտել բաց լուսամուտից, հայացքը բակում էր՝ եղրևանու տակ խաղացող թոռնիկների կողմը:

…Երբ ծնվեց առաջնեկը, ինքն իր ձեռքով կառուցած տան բակում եղրևանի տնկեց ու երեսունհինգ տարվա մեջ ոչ ոքի երբեք թույլ չտվեց քաղել ծաղիկները…

Հայացքը թոռների կողմն էր, մտքերը՝ անցյալում…

…Սոնայի վարսերից եղրևանու բույր էր գալիս: Անձրև էր, թաց հագուստը կպել էր մարմնին, բայց Սոնան նստել էր մի քարի ու խաղում էր գետի ալիքների հետ, թե՞ ալիքներն էին խաղում Սոնայի գեղեցիկ ոտքերի հետ: Աղջիկն ուսերին թափված թաց մազափնջերը քամում էր գետի մեջ, ծիծաղում, ծիծաղում, ծիծաղում… Հեռվում կանգնած հետևում էր նրա ամեն մի շարժմանը, ոտքերը մեխվել էին տեղում, հանկարծ սիրտն ուզեց դառնալ վարար անձրև ու երկնքից թափվել, փաթաթվել Սոնայի մազերին, մարմնին, ոտքերին… Ուշքի եկավ ընկերոջ ձայնից, անձրևը խանգարեց բնության գիրկն եկած ուսանողների հանգիստը, պիտի վերադառնային քաղաք, մոտեցավ, անձրևանոցը մեկնեց աղջկան ու հեռացավ, քիչ հետո ավտոբուսն արդեն բռնել էր քաղաք տանող ճանապարհը…

Սոնան հանկարծ, առանց զգուշացնելու, առանց համաձայնության խուժել էր իր կյանք ու իր հետ բերել էր քունը խանգարող մոխրագույն աչքեր ու եղրևանու բույր…

Հենց առաջին սեպտեմբերի 1-ին հազար աղջիկների մեջ նկատեց նրան, ուրախությանը չափ չկար, երբ Սոնան մտավ նույն լսարանը, քիչ ուշացած մտավ և արագ տեղավորվեց առաջին նստարանին, ու եղրևանու բույրը շուրջ հինգ տարի մնաց լսարանում… Սոնան վերջում նստող Սուրենին չէր նկատում… Քանի-քանի անգամ փորձեց մոտենալ, քանի-քանի անգամ Սոնայի համար բերած եղրևանիները բաժանեց կուրսընկերուհիներին՝ արդեն չի հիշում… Ավարտեցին, ավարտական երեկոյի ընթացքում խմեց, շատ խմեց ու մոտեցավ Սոնային, երկար խոսեց, բայց մոռացավ գլխավորն ու կարևորը…

Եղրևանու բույրով արբած` տուն եկավ, քնեց, առավոտյան տունը բուրում էր վարդերի բույրով. մոր ընկերուհին աղջկա հետ եկել էր շնորհավորելու համալսարանն ավարտելու կապակցությամբ, իբր պատահաբար մայրն ու ընկերուհին դուրս եկան, ինքը օդում փնտրեց եղրևանու բույրը, բայց վարդի բույր զգաց, ու ձեռքերը ծակեցին վարդի փշերը… Անցել էր կես տարի, զանգահարեց ուսանողական ընկերն ու ասաց, որ Սոնային գնացքով ճանապարհում են այլ երկիր, սիրտը փուլ եկավ, դադարեց բաբախել, փլվեց բազկաթոռին, եղրևանու բույրը լցվեց սենյակն ու խառնվեց վարդի բույրին… Ճանապարհելու եկել էին մոտ ընկերներն ու բարեկամները: Աղջիկները հուզվել էին, իսկ Սոնան ծիծաղում էր, բոլորը հերթով հրաժեշտ էին տալիս, ինքն ամենավերջում մոտեցավ, Սոնայի հայացքը տխրեց, ինքը մի պահ կարկամեց, բայց գրկեց՝ դեմքը թաղեց աղջկա երկար վարսերի մեջ, երկու խոշոր արցունք թրջեցին իր պարանոցը… Գնացքը շարժվելուն չսպասեց, եղրևանու բույրով պարուրված, երկու կաթիլ արցունք պարանոցին՝ հեռացավ կայարանից… Տանը դարձյալ վարդի բույր էր ու վարդի փուշ: Մայրը՝ իբր նեղացած, սենյակից սենյակ էր անցնում. մոտեցավ մորն ու սկսեց համբուրել ճակատը, այտերը, մայրը դա համաձայնության նշան համարեց ու ընկերուհուն աղջկա հետ դարձյալ տուն հրավիրեց… Մի քանի օր անց թեթև նշանդրեք, մի քանի ամիս անց հարսանիք ու ճամփորդություն…

Ինքն ու կինը կանգնած են նույն կայարանում, սպասում են նույն գնացքին, որով Սոնան գնաց հեռու, հեռու… Թեև ձմեռ էր, բայց կայարանը եղրևանու բույրով էր հարուստ… Օգնեց կնոջը բարձրանալ գնացք, իսկ երկու օր անց՝ օտար երկիր, օտար քաղաք ու նորապսակներ… Վերադարձի նախորդ օրը հուշանվերների խանութում ականջին մայրենի լեզվով խոսակցություններ հասան, շրջվեց, քարացավ՝ Սոնայի եղբայրներն էին, մոտեցան, ողջագուրվեցին բարեկամաբար, ներկայացրեց կնոջը, ասացին, որ վաղը վերադառնում են տուն, ու շուրջը նայելով՝ ինքն իրենից թաքուն հարցրեց Սոնայի մասին…

…Կնոջը մի կերպ հյուրանոց հասցրեց…

Քիչ հետո ինքը Սոնայի եղբայրների հետ կանգնած էր թարմ հողաթմբի մոտ… Երեք ամիս առաջ Սոնան ու ամուսինը մեքենայով բախվել էին բեռնատար մեքենայի…

Սպիտակած գլուխը ափերի մեջ առած նստել էր գրասեղանի առջև…Հուշերի տետրը վերնագրեց «Եղրևանու բույրը» և սկսեց գրել.

«Սոնան իմ…»

…Եվ բակից լսեց Սոնա թոռան կանչը.

-Պապիկ, մեր ծիծեռնակները վերադարձել են…

 

Անդին 3, 2016

Share

Կարծիքներ

կարծիք