Բանաստեղծություններ. Պաղեստինյան գրականություն

Հեղինակ:

91438606273601442880

Վաթսունականներից սկսած՝ պաղեստինյան պոեզիան նոր երանգ ու շունչ ստացավ՝ հաստատուն դիրքեր գրավելով արաբական պոեզիայում: Պաղեստինյան արյունոտ պայքարի ժամանակաշրջանը բազմաթիվ նոր անուններ տվեց: Անուններ, որոնք միայն արդեն խորհրդանիշ դարձած պաղեստինյան բանաստեղծներ չէին, այլև պայքարի մարտիկներ, զինվորներ: Մահմուդ Դարվիշը այդ անուններից մեկն է:

Ծնվել է 1941թ. մարտի 13-ին Պաղեստինի Բարվա գյուղում: 1948 թ. ընտանիքը ստիպված է լինում լքել հարազատ գյուղը, քանի որ այդ տարածքը մտնում է Իսրայել պետության սահմանների մեջ: 1949-ին Դարվիշի ընտանիքը հարկադրված վերադառնում է Դայրու ալ-Ասադ գյուղը, որը հայտարարված էր որպես նորաստեղծ Իսրայել պետության բաղկացուցիչ մաս: 1970 թ. Մոսկվայի համալսարանում մեկ տարի սովորելուց հետո որոշում է այլևս չվերադառնալ Իսրայել և հաստատվում է Կահիրեում: 1972-ին Դարվիշը տեղափոխվում է Բեյրութ, աշխատում է Պաղեստինի ազատագրության կազմակերպության «Շուուն Ֆիլիստին» /Պաղեստինյան գործեր/ ամսագրում: 1975թ. Դարվիշը նշանակվում է Պաղեստինի ազատագրության կազմակերպության Հետազոտությունների կենտրոնի տնօրեն: 1982թ.Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը, Իսրայելի հարձակման հետևանքով, արտաքսվում է Բեյրութից, Դարվիշը ստիպված մեկնում է Կիպրոս:

Ստանում է Իբն Սինայի անվան մրցանակ: 1983թ. ստանում է Լենինի անվան Խաղաղության մրցանակ: 1987թ. Դարվիշը ընտրվում է Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար: 1993թ., հակառակ Պաղեստինի ազատագրության կազմակերպության համաձայնագրի, նա հրաժարվում է ղեկավարի պաշտոնից: 1996թ. Դարվիշը բնակության է տեղափոխվում Ռամալլահ:

 

Անձնական թերթիկ

 

 

Գրանցիր՝

Ես արաբ եմ,

Անձնական թերթիկիս համարը՝ 5000,

Ութ երեխա ունեմ,

Իններորդն էլ կծնվի ամռանից հետո,

Զայրանո՞ւմ ես:

 

Գրանցիր՝

Ես արաբ եմ,

Բանվոր ընկերներիս հետ քարհանքում եմ աշխատում:

Ութ երեխա ունեմ,

Որոնց համար ժայռերից

Հաց, հագուստներ ու տետրեր եմ պոկում…

Քո դռնից ողորմություն չեմ խնդրում,

Չեմ նսեմանում

Ձեր ապարանքի շեմին,

Զայրանո՞ւմ ես:

 

Գրանցիր՝

Ես արաբ եմ,

Իմ անունն առանց տիտղոսի է,

Համբերատարությունն էլ իմ երկրում է ապրում, ուր ամենքն

Ապրում են պոռթկացող զայրույթով:

Իմ արմատները

Ժամանակի ծննդից առաջ,

Դարաշրջանի սկսվելուց առաջ,

Ձիթենիներից ու արմավենիներից առաջ,

Մինչև իսկ խոտի աճելուց առաջ են արմատակալել:

 

Հայրս հողագործների ընտանիքից էր,

Իշխող ազնվականներից չէր սերում.

Պապս շինական էր՝

Առանց ազնվական ծագման:

Սովորեցրու ինձ արևի հպարտությունը,

Մինչ գիրք ընթերցել կսովորեմ,

Իսկ տունս՝ ասես պահակի հյուղակ,

Եղեգից ու փայտից պատրաստված,

Գոհացնո՞ւմ է քեզ արդյոք,

Իմ անունն էլ է առանց տիտղոսի:

 

Գրանցիր՝

Ես արաբ եմ,

Դու գողացար նախնիներիս որթատունկն

Ու հողը, որը ես եմ մշակել,

Ես և իմ բոլոր որդիները,

Գողացար՝ոչինչ չթողնելով ինձ ու իմ սերունդներին

Բացի այս ժայռերից…

Կվերցնի՞ արդյոք դրանք էլ

Ձեր իշխանությունը…ինչպես ասել էր:

 

Ուրեմն

Գրանցիր… հենց առաջին էջի վերևում.

Ես մարդկանց չեմ ատում,

Նախահարձակ չեմ լինում որևէ մեկի վրա,

Սակայն ես… եթե սոված լինեմ,

Կուտեմ իմ զավթիչների միսը,

Զգուշացիր…

Զգուշացիր…

Իմ սովից

Եվ իմ զայրույթից:

 

 

 

 

Մարդու մասին

 

Նրա բերանին շղթա դրեցին,

Մահվան ժայռով ձեռքերը կապեցին

Ու ասացին՝ դու մարդասպան ես:

 

Վերցրեցին նրա սնունդը, հագուստն ու դրոշները,

Նետեցին նրան մահվան բանտախուցն

Ու ասացին՝ դու գող ես:

 

Վտարեցին նրան բոլոր նավահանգիստներից,

Վերցրեցին նրա փոքրիկ սիրելիին,

Հետո ասացին՝ դու վտարանդի ես:

 

Օ, իմ ափերի ու աչքերի արյուն,

Իսկապես, գիշերը հավերժական չէ,

Չկա հավերժական սպասասրահ,

Չկա շղթանների օղազրահ,

Ներոնը մահացավ, բայց Հռոմը չմահացավ…

Իր աչքերով է պայքարում.

Հասկի սերմերը մեռնում են,

Որ արտը ցորենով լցվի:

 

 

 

Նամակ աքսորավայրից

 

 

Ողջույն ու համբույր.

Այլևս ասելու ոչինչ չունեմ:

Որտեղի՞ց սկսեմ, որտե՞ղ ավարտեմ.

Ժամանակի պտույտն է առանց սահմանի,

Իմ ողջ պանդուխտ կյանքն ամփոփված է

Իմ ուղեպայուսակում, ուր չորացած հացի նկանակներ են,

Իմ մասին պատմող մի քանի տետրեր.

Այն ամենի, ինչ որ կրել եմ,

Թքել եմ նրանց էջերին՝ ատելությունից նեղսրտելով:

Որտեղի՞ց սկսեմ.

Այն ամենը, ինչ ասվել է և կասվի վաղը,

Չի վերջանում գրակախառնությամբ կամ ձեռքի թեթև հպումով.

Պանդուխտը տուն չի վերադառնում,

Անձրև չի թափվում,

Փետուր չի աճում

Մոլորված թռչնի թևերի վրա:

Որտեղի՞ցսկսեմ.

Ողջույն ու համբույր.

Մեգաֆոնին ասում եմ՝ ասա մորս, որ ես լավ եմ,

Ճնճղուկին ասում եմ՝

Եթե հանկարծ մորս հանդիպես, ով թռչնակ,

Չմոռանաս նրան ասել, որ ես լավ եմ:

Ես լավ եմ

Ես լավ եմ

Աչքս շարունակում է տեսնել,

Լուսինը շարունակում է մնալ երկնքում,

Իմ հնամաշ հագուստն էլ մինչև հիմա շարունակում է գոյություն ունենալ,

Փողքերը բզկտվել են,

Սակայն ես կարկատեցի, ու այն շարունակում է մնալ լավը…

Դարձա քսան տարեկան երիտասարդ,

Պատկերացնո՞ւմ ես, դարձա քսան տարեկան,

Մայր, ես արդեն հասուն երիտասարդ եմ.

Կյանքին կանգնում եմ դեմ առ դեմ

Ու ծանրությունն էլ կրում եմ տղամարդու նման:

Աշխատում եմ

Ճաշարանում, ամաններ եմ լվանում,

Սուրճ պատրաստում հաճախորդների համար

Եվ ժպիտներ սոսնձում թախծոտ դեմքիս վրա

Հաճախորդներին ուրախացնելու համար:

Ես լավ եմ,

Արդեն քսան տարեկան եմ դարձել,

Արդեն հասուն երիտասարդ եմ, մայր,

Ծխախոտ եմ ծխում, ծուխն էլ փչում եմ պատերի վրա,

Սիրունիկների ետևից ծպպացնում եմ հաճույքով,

Ինչպես ուրիշներն են անում:

Եղբայրներս, աղջիկներից ավելի լավ ուրիշ ի՞նչ կա,

Պատկերացրեք՝ որքան դառն է կյանքը,

Առանց նրանց որքան դառն է կյանքը:

Ընկերս ինձ հարցրեց՝ մի կտոր հաց ունե՞ս մոտդ,

Եղբայրներս, որքա՞ն է մարդու արժեքը,

Եթե նա ամեն գիշեր սոված է քնում…

Ես լավ եմ

Ես լավ եմ

Մի կտոր սև հաց ունեմ՝

Քաղաքակրթությունից մի փոքրիկ վտակ:

Մեգաֆոնով լսեցի՝

Փախստականները ողջունում են փախստականներին,

Խմբված ամբոխն ասաց՝մենք բոլորս էլ լավ ենք,

Ոչ մեկն էլ տխուր չի:

Ինչպե՞ս է հորս առողջությունը,

Դեռ շարունակո՞ւմ է, իր սովորության համաձայն, սիրել Աստծո հիշողությունը,

Որդիներին, հողը, ձիթապտուղը:

Ինչպե՞ս են եղբայրներս,

Դարձե՞լ են արդեն պաշտոնյաներ:

Մի օր լսեցի, որ հայրս ասում էր՝

Նրանք բոլորն էլ ուսուցիչներ կդառնան:

Լսեցի, որ ասում էր՝

/Սոված կմնամ այնքան ժամանակ, մինչև նրանց համար գիրք գնեմ/,

Մեկը չկար մեր գյուղում, որ տառաճանաչ լիներ:

Ինչպե՞ս է մեր քույրիկը,

Մեծացե՞լ է, արդեն խոսո՞ւմ է:

Ինչպե՞ս է տատիկիս առողջությունը:

Դեռ շարունակո՞ւմ է, իր սովորության համաձայն, նստել դռան մոտ՝

Մաղթելով մեզ

Բարիք, կորով, հաջողություն:

Ինչպե՞ս է մեր տան վիճակը:

Նրա սայթաքուն շեմը, օջախը, դռները,

Մեգաֆոնով լսեցի՝

Փախստականների նամակները՝ ուղղված փախստականներին,

Բոլորն էլ լավ են,

Սակայն ես տխուր եմ,

Թվում է, թե մտքերն ինձ ուտում են.

Մեգաֆոնը ձեր մասին ոչ մի լուր չասաց,

Թեկուզև տխուր

Թեկուզև տխուր

 

5

Գիշերը, մայր, սոված, արյունարբու գայլ է,

Հարձակվում է անցնող օտարականի վրա,

Գիշերը նաև ուրվականների համար հորիզոններ է բացում,

Մինչ ուռենիների անտառը շարունակվում է պարուրվել քամուն:

Ի՞նչ հանցանք գործեցինք, մայր,

Մինչև որ մեռնում ենք երկու անգամ.

Մի անգամ մեռնում ենք կյանքի ժամանակ,

Մի անգամ մեռնում ենք մահվան ժամանակ,

Գիտե՞ս արդյոք, որ արցունքն է ինձ մխիթարում.

Գիշերը հիվանդացա, հիվանդությունը կոտրում է մարմինս,

Հիշո՞ւմ է այս մասին ալ-Մասան*:

Փախստականները այստեղ են գալիս… և հայրենիք չեն վերադառնում,

Հիշո՞ւմ է այս մասին ալ-Մասան:

Փախստականը մեռնում է առանց պատանքի:

 

 

* ԱլՄասաԿահիրեում գործող թերթի անվանում /ծ.թ./:

 

 

Արաբերենից թարգմանեց Ռուզաննա Մանուկյանը

Share

Կարծիքներ

կարծիք