Երվանդ Ղազանչյան. Կյանքս այսպես անցնում է թատրոնում

DSC09500---копия

Թիկունքիս ետևում թողած տարիներն ու թատերական փորձը, հարյուր հիսունից ավելի բեմադրությունները Գաբրիել Սունդուկյանի, Գյումրիի Վ. Աճեմյանի, Երևանի դրամատիկական և Պատանի հանդիսատեսի, Կապանի և ուրիշ թատրոններում՝ ինձ իմ գործընկերներից փոքր-ինչ ավելի երջանիկ են դարձրել: Եվ ոչ թե կենսագրական ճոխ ու լեցուն թերթիկ լրացնելու, այլ ժամանակի հզոր արվեստագետներին, տաղանդավոր ու հետաքրքիր անհատականություններին ճանաչելու և նրանց իմ բարեկամների թվում ունենալու համար:

Զարմանալի տարիներ էին. ասես Աստված մի հսկայական փունջ էր դրել ամեն թատրոնում: Բոլոր թատրոններում մեծեր կային:

Ժողովուրդն իզուր չի ասում՝ եթե տանը մեծ չկա, գնա դրսից մի մեծ քար բեր, դիր տանդ ներսում, թող լինի տան մեծը: Գյումրիի թատրոնում Արտավազդ Փաշայանն էր, Ժաննա Թովմասյանը, Արզո Արզումանյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Նինա Մանուչարյանը, Պարույր Սանթրոսյանը, Գևորգ Ստամբոլցյանը, Երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Մայիս Կարագյոզյանը և ուրիշ շատ հանճարեղ դեմքեր, որոնք թատրոնը դպրանոց էին դարձնում:

Շատ թանկ հիշողություններ ունեմ Գյումրիի թատրոնից: Եվ միայն թատրոնի շենքը չէր, ամբողջ քաղաքն էր թատրոն՝ լեցուն մշակույթով:

Բեմից դուրս աշխատողներն էլ էին զարմանալի մարդիկ: Գյումրիում Ուստա Խաչիկ կար՝ դեռևս Աճեմյանի հետ աշխատած: Երբեմն տունդարձիս ճամփին այցելում էի նրան: Մի օր մտա նրա արհեստանոց, տեսնեմ՝ ինչ-որ բան է փնտրում: Հարցրի՝ ինչ է որոնածը: Ասաց.

-Քառասուն սանտիմնոց փեդ է պետք:

Ասացի.

-Ի՞նչ դժվար բան կա, այս հիսուն սանտիմետրանոցը քառասուն դարձրեք:

-Չէ՜,- ասաց,- բա որ էգուց էդ հիսուն սանտիմնոցը պետք գա:

Գյումրու թատրոնի, Սունդուկյանի, Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների պատմության մեջ Վարդան Աճեմյանի ներկայությունը ոսկեդար է կերտել: Ես բախտ եմ ունեցել նրա մոտ ավարտել և՛ դերասանական բաժինը, և՛ ռեժիսորական: Մեր ռեժիսուրայի բոլոր ժամանակների խոշորագույն ասպետն էր:

Նա շատ էր լռում, բայց այդպես շատ բան էր ասում:

Մեկ բառով՝ նա հանճարեղ էր:

Եվ հետաքրքիր է, որ արդեն չորս տասնամյակ է՝ վարպետն այս աշխարհում չէ, բայց երբ ես դահլիճում փորձ եմ անում, իմ թիկունքում զգում եմ նրա շունչը:

Աճեմյանի մասին շատերն ասում էին, թե նա ոչ մեկին չէր սովորեցնում: Բայց սովորեցնել բառն իր իմաստով ես չեմ հասկանում: Պիտի ինքդ սովորես, եթե ուզում ես: Նրանից շատերս էինք սովորում, շատերն էլ հավանաբար սպասում էին, որ պիտի ինքը սովորեցնի:

…Երբ ասում ես Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ապա աչքիդ առջև պատկերանում են Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Բաբկեն Ներսիսյանը, իսկ հետո՝ Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Լյուսյա Հովհաննիսյանը, Վարդուհի Վարդերեսյանը…

Ինձ զարմացնում էր մի դեպք՝ կապված Ավետ Ավետիսյանի հետ: Սովորաբար աշխատավարձի օրն առաջինն ինքն էր ստանում, իսկ հետո՝ մյուսները: Եղավ այնպես, որ հիվանդացել և Դիլիջանում մի քանի օր բուժվում էր: Թատրոն, պարզ է, չէր գալիս: Ահա այդ ամսվա աշխատավարձի սպասված օրը բոլորը հավաքված սպասում են՝ Ավետ Ավետիսյանը գա, առաջինն ստանա, որ հետո հերթն իրենց հասնի: Սակայն Ավետ Ավետիսյանը չի գալիս և լուր է ուղարկում.

-Չէ՜, չեմ գալիս, այս ամիս հինգ օր չեմ աշխատել:

Մենք՝ երիտասարդներս, սովորաբար հավաքվում էինք Ավետ Մարկովիչի շուրջը, և այդ պահերին նա պատրաստ էր աշխարհի ճշմարտությունները պատմելու: Նուրբ հումոր ուներ: Պատմում էր, որ մի գիշեր ժամը երեքին հեռախոսը զանգել է, կնոջն ասել է՝ Սիրա՛ն, կա-չկա սահմանը խախտել են:

Մի օր գրիմանոցում տղաներից մեկը հենց այնպես հարցրեց.

-Ավետ Մարկովիչ, ի՞նչ պիտի լինի կարագի վիճակը, կարագ չկա:

Ասաց.

-Ասել եմ, վաղվանից կլցնեն խանութները:

Ո՞ւմ էր ասել կամ թե ինչու պիտի իր ասելուց հետո կատարեին…

Սունդուկյան թատրոնում մի հետաքրքիր բանվոր կար՝ Ուստա Կոստանը: Մի անգամ աշխատավարձ ստանալու հերթի ժամանակ Ուստա Կոստանը Արման Կոթիկյանի հետ անկեղծացել էր և ասել.

-Արդեն քանի տարի է թատրոնին այսպես նվիրված աշխատում եմ, բայց ախր աշխատավարձս շատ ցածր է:

Արման Կոթիկյանը, որ շատ սրամիտ մարդ էր, Ուստա Կոստանին սփոփելու ձևը գտել ու ասել էր.

-Է, ոչինչ, Կոստան, բայց փոխարենը պետությունը ձեր անունով կկոչվի: Նկատի ուներ՝ բանվորագյուղացիական պետությունը:

Շատ սրամիտ էին դերասանները: Հիշում եմ՝ իմ դիպլոմային աշխատանքը՝  Արթուր Միլերի «Դեպքը կատարվել է Վիշիում» գործն էի բեմադրում հեռուստատեսությամբ: Խաղում էին Սոս Սարգսյանը, Էդգար Էլբակյանը, Խորեն Աբրահամյանը: Դավիթ Մալյանն էլ գերմանացի սպայի դերն էր խաղում:

Ես անհանգիստ երիտասարդ ռեժիսոր էի, անընդհատ միջամտում էի, որ Մալյանը այս կամ այն կերպ խաղա, որպեսզի իմ ուզած կերպարը ստանամ: Մի օր էլ Դավիթ Մալյանը չդիմացավ, ինձ ասաց.

-Այ տղա, դու կարծում ես, ես կարող եմ անել ու չե՞մ կարողանում: Էսքանն է:

Իհարկե դիտավորյալ էր ասում, որ հոգին ազատի ինձանից:

Իսկ Բաբկեն Ներսիսյանի մասին ժամանակակիցներն ասում էին, թե մեծամիտ մարդ է: Բայց նա պարզապես ճշմարտախոս էր: Նրանով է ավարտվում հայ դերասանական ընտանիքի վերջին շղթան, նա մեր մեծերի վերջին օղակն էր:

Հիշում եմ՝ մի օր Ժիրայր Անանյանի, Մանուկ Մնացականյանի և Բաբկեն Ներսիսյանի հետ գնացել էի ռեստորան: Հանկարծ Մանուկը գնաց և կողքի սեղանի տղաներին մոտեցավ՝ կրակ խնդրելու: Երբ վերադարձավ, նրա ետևից այդ տղաները մի կապիտանի հետ եկան և վրա տվեցին, թե՝ ինչո՞ւ ես նման բան ասել, ինչպե՞ս թե մեր կապիտանը մայոր չի դառնա:

Պարզվեց՝ Մանուկն այդ կապիտանին ասել է, որ նա մայոր չի դառնա: Տեսնելով՝ ուր որ է կարող է կռիվ բորբոքվի, ես և Ժիրայր Անանյանը փորձեցինք հանդարտեցնել տղաներին՝ ասելով՝ չէ՜, ի՜նչ եք ասում, իհարկե կդառնա, մայոր էլ կդառնա, դեռ մի բան էլ ավել, ահա Բաբկեն Ներսիսյանն է այստեղ նստած, Սայաթ-Նովա ֆիլմը տեսել եք, չէ՞, այ իրեն հարցեք:

Բաբկեն Ներսիսյանը, որ արդեն մի քիչ արբած էր, հոնքը բարձրացրեց ու ասաց.

-Չի՛ դառնա:

…Նրանք՝ այդ մեծ դերասանները, ավարտուն անհատականություններ էին, և ինչքան էլ մեկը մյուսին չսիրեր, երբեք այդ հակակրանքը թատրոնին չէր առնչվի: Թատրոնը մեծ արժեք էր բոլոր համար, և անձնական հարաբերությունները միշտ մնում էին դռների ետևում: Պարզապես անհնար է, որ բոլորն իրար սիրեին, այդպես անհետաքրքիր էլ կլիներ: Բայց նրանք ամենայն լրջությամբ էին վերաբերվում իրենց գործին, թատրոնին:

Ես ջերմությամբ եմ հիշում Կարպ Խաչվանքյանին, այդ հետաքրքիր մարդուն: Գալիս էր իմ առանձնասենյակ ու ժամերով անձայն նստում բազմոցի ծայրին: Այդ օրերին Ավստրալիայից ընկերս էր ինձ հյուրընկալվել, երբեմն թատրոն էր գալիս ինձ մոտ: Մի օր ասաց.

-Եղբայր, ներողություն, իհարկե, բայց խորհուրդ մը պիտի տամ. ան քո առաջին դերասանից զգույշ եղիր, ինծի կթվա ան КГБ-ի աշխատող է:

-Խաչվանքյա՞նը: Ինչո՞ւ:

-Բոլորը կխոսին, ինքը կլռե,- ասաց:

Սակայն Խաչվանքյանը հրավառություն էր, մեր Կոմեդիայի թատրոնի անձնագիրը:

Վառ կերպար էր Մելինե Համամջյանը: Հատուկ օր ուներ ինձ հետ կռվելու: Ես սովորաբար իմ աշխատասենյակի դուռը չեմ փակում: Երբեմն միջանցքից լսում էի նրա կրունկների ձայնը: Գալիս-նստում էր ընդունարանում, սպասում, որ ներս հրավիրեմ՝ հետս կռվի: Ես էլ այդ պահին վերցնում էի լսափողը և իբր թե կարևոր մեկի հետ եմ խոսում, ասում էի.

-Լսե՛ք, մեր թատրոնում կա մի դերասանուհի Մելինե Համամջյան անունով: Եթե նա այս թատրոնում չլինի, փակե՛ք այս թատրոնի դռները, մի մեծ կողպեք դրեք: Այլևս այդ մասին չխոսե՛ք:

Եվ ես լսում էի նրա կրունկների հեռացող ձայնը…

Ես անթիվ պատմություններ եմ հիշում մեր մեծերից, թե ինչ հետաքրքիր և նուրբ հումորով են նրանք վարվել տարբեր իրավիճակներում, ինչ իմաստուն մարդիկ են եղել, սակայն եղել է մեկը, ում մասին չեմ կարողանում այսպես թեթև խոսել: Այդ մարդը Վահրամ Փափազյանն էր: Լենինգրադում ուսանելուս տարիներին երկու տարի գրեթե ամեն շաբաթ նրա կողքին էի, բայց այսօր էլ չեմ կարողանում նրան մահկանացուների շարքում տեսնել:

Փափազյանը մի այլ բարձունքում էր: Նա հզոր երևույթ էր, սատանա էր, քուրմ: Անբացատրելի մի երևույթ, նա մարդ չէր…

 

 

 

Գրի առավ Լազարևա Մարիան

 

 

Անդին 3, 2016

Share

Կարծիքներ

կարծիք