Քաղաքի պոետը

23

«Անդինի» զրուցակիցն է բանաստեղծ, լրագրող Հուսիկ Արան (Ֆելիքս Եղիազարյան):

 

Ծնվել եմ Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում

Գյուղ աշխարհ, դաշտերում թափառել, դպրոց, խաղ ․․․․ Երբ ծիածան էր լինում, վազում էի, որ ծիածանին հասնեմ, այդպես էլ չհասա։ Ձմռանը, երբ հորիզոնը փակ էր լինում, ինձ թվում էր՝ մենք երկրագնդի ներսում ենք։ Սահնակը քշում էի, սահում, որ ծակեմ, դուրս գամ։ Տարիներ շարունակ չէի կարողանում հավատալ, որ մենք ոչ թե երկրագնդի ներսում ենք, այլ երկրագնդի վրա։

Հիշում եմ հորս ազատվելը բանտից. երեք տարեկան էի: Մեծ բանկայով խտացրած կաթ էր բերել. կերա բանկայից, վազեցի փողոց և ուրախ թռվռալով հայտարարեցի` արդեն ես ել պապա ունեմ:

Հայրս Հրազդանից էր։ Ամռան ամիսներին էլ տատիս հետ յայլա էի գնում` այդ չքնաղ անտառների ու ձորերի մեջ։ Բնաշխարհն այդպես եմ սիրել: Զարմանալի է, բայց իմ պոեզիայում բնաշխարհը պակասում է․ քաղաքային պոետ եմ։

 

Մինչև ծնվելս էլ անունս Հուսիկ էր

Ֆելիքսը քեռիս էր, ով երեք տարեկանում ջրում խեղդվել է։ Մայրս է անունս Ֆելիքս դրել։ Մինչ իմ ծնվելը հայրս ասել է՝ տղա եմ ունենալու, անունը Հուսիկ է լինելու։ Մայրս պատմում էր, որ դեռ մեկ-երկու ամիս կար իմ ծնվելուն, փողոցի երեխաները գալիս, հարցնում էին՝ Հուսիկը երբ է ծնվելու։ Գյուղում էլ ինձ Հուսիկ գիտեն։ Ինձ Ֆելիքս ասում են իմ դպրոցական և համալսարանական ընկերները։

Դպրոց եմ գնացել, նոր եմ իմացել, որ անունս Ֆելիքս է։ Առաջին օրերին, երբ ուսուցչուհին Ֆելիքս Եղիազարյան էր կարդում, ներկա չէի ասում, հարվածում էր վզակոթիս, թե՝ անունդ էլ չգիտես, այ տղա։

 

Հուսիկ VS Ֆելիքս տասնամյակների կռիվ

Հուսիկն ու Ֆելիքսը ներսումս անընդհատ կռվում են։ Շատ հետաքրքիր կռիվ է տասնամյակներ շարունակ։ Ֆելիքսը մի քիչ խուլիգան, փողոցի տղա, Հուսիկը`՝ կարգին, պոետ, անընդհատ ասում է՝ նստի, կարդա, գրի, խելոք մնա, Ֆելիքսն էլ, թե՝ չգնա՞նք մի քիչ խմենք, չգնանք էս աղջկա հետ։ Ֆելիքսը կարողանում է գայթակղել խեղճ Հուսիկին, տանում ու փորձանքների մեջ է գցում։

Բայց Ֆելիքսն էլ արդարանալով մի հարց է տալիս Հուսիկին, ասում է ՝ լսիր, եթե ես այդպես չապրեի կյանքը, դու ինչ էիր գրելու, չէ որ ես քեզ գրելու թեմա, նյութ եմ տվել։ Ե՛վ օգնում են իրար, և՛ վնասում։ Մեկը մյուսով է պայմանավորված, բայց իրար հետ լեզու չեն գտնում։ Հուսիկը արհամարհում է Ֆելիքսին, մարդատեղ չի դնում, ասում է՝ դու ինչ մարդ ես։ Նա էլ ասում է՝ դե պոետ մարդ է, ես նրա հետ ինչ խոսեմ։

Կյանքը, իմ օրն ընդունել եմ այնպես` ինչպես եկել է ընդառաջ. անկանոն, չհաշվակված, խելառ: Եթե այլ կյանքով ապրեի` առանց բոհեմի, ուրիշ բանաստեղծ կլինեի: Մի շարք գործերիս համար պարտական եմ հենց խմելուս, ներառյալ հերթական բոհեմից հետո ունեցած մեղքի զգացումը` գրված սաղմոսների տեսքով, հատկապես «Քոռ բու» պոեմը:

 

Երևանն ինձ բանաստեղծ դարձրեց

Վերջին երկու տարին դպրոց եմ հաճախել Երևանում։ Թիվ 10 դպրոցն էր` հայագիտական թեքումով։ Անհետաքրքիր դասերից ընկերներիս հետ փախչում էինք ու գնում Գրողների միության միջոցառումներին։

Քաղաքային միջավայրը փոխեց ամեն ինչ։ Երևանն ինձ համար ամեն ինչ էր և է. մշակույթի, գրականության կենտրոն, հատկապես 1980-ականների երկրորդ կեսին` իմ պատանության շրջանում։ Մի ուրիշ քաղաք էր՝ մշակույթով շնչող, տրոփող․ ներկայիս հակագրական ժամանակները չէին։

Երևանն ինձ բանաստեղծ դարձրեց։ Ամեն ինչի համար Երևանին եմ պարտական։ Շատ սիրում եմ Երևանը։ Ամեն գրքում էլ ունեցել եմ երևանյան շարք։ «Երևան քաղաք» վերնագրով առանձին գիրք ունեմ։ Երեք տարի է՝ «Անտարես» հրատարակչությունում է։ Հուսամ՝ մի օր կտպագրեն։ «Երևան քաղաքում» իմ տարբեր գրքերից հավաքված քսանհինգ բանաստեղծություններն են և մեկ պոեմ։ Իմ գրքերում միշտ քաղաքն է եղել բանաստեղծության աշխարհագրական տարածք, բացառությամբ դեռևս վերջին՝ «Տան դուռը» գրքի, որտեղ այդ տարածքն արդեն երկիրն է։

Ինձ համար ամեն ինչ է Երևանը։ Մեկ-երկու օր գյուղում մնալուց հետո պիտի գամ, թափառեմ Երևանում ու նորից ետ գնամ։ Գյուղում ընդամենը քնում, արթնանում եմ։ Կարելի է ասել՝ իմ ննջարանն է, իսկ Երևանում ապրում եմ։

 

Ուզում էի բժիշկ դառնալ

Դպրոցական տարիներին ուզում էի բժիշկ դառնալ։ Լավ գիտեի՝ քիմիա, կենսաբանություն։ Մինչև հիմա ափսոսում եմ, որ բժիշկ չեմ։ Նախ՝ շատ սիրում եմ այդ մասնագիտությունը, հատկապես՝ վիրաբուժությունը, և հետո՝ այսօր ապահով կապրեի։ Դեկտեմբերին նորից գործազուրկ դարձա, տարվա երեք-չորս ամիսը աշխատանք ունեմ, յոթ-ութ ամիսը՝ չունեմ։

Մինչ «Կայծ» բանաստեղծությունը տարվա մեջ երկու-երեք բան էի գրում, թողնում։ Մտքովս չէր անցնում, որ բանաստեղծ եմ, շատ վեհ էր հնչում։ Տասնհինգ տարեկանից հետո սկսեցի ավելի շատ գրել, բայց արձակ։ Մի քանի վեպ եմ գրել, հիմարություններ էին, զուգահեռ սկսեցի պոեզիա գրել։

Ավարտեցի դպրոցս, երեք-չորս տարի չէի ընդունվում համալսարան։ Մրցույթից էի դուրս մնում, անընդհատ մի միավոր պակասում էր։ Շատ դժվար էր այդ տարիներին ընդունվելը, մի քիչ էլ բախտս չէր բերում։

Լրագրությանը ես պարտական եմ․ իմ հացը լրագրությամբ եմ վաստակում։ Այսօր գրական մամուլում հոնորար չկա։ Գիրքն էլ պետության աջակցությամբ է տպագրվում, այսինքն տրվում է ծախսի կեսը։ Նախորդ գրքից 50.000 դրամ եմ հոնորար ստացել, նոր գրքից՝ 80.000։ Ամեն գրքի վրա հինգ-վեց տարի աշխատում եմ։ Ռադիոյում հաղորդաշար եմ վարում, 50.000 դրամ աշխատավարձ եմ ստանում։

 

Առաջին բանաստեղծությունը

Տասնմեկ տարեկանում եմ «գրել»։ Չգիտեմ՝ ինչ հանդգնությամբ փչացրել էի Ավետիք Իսահակյանի «Հե՜յ ջան, հայրենիք» բանաստեղծությունը, կարդացել էի և այդ ազդեցությամբ «գրել»։

 

Ամեն ինչ սկսվեց «Կայծից»

Տասնյոթ տարեկան էի, երբ տասնմեկ ամիս «Ավանգարդի» գզրոցներում մնալուց հետո տպագրվեց իմ «Կայծ» բանաստեղծությունը։ Առաջին անգամ «Ավանգարդում» տպագրվելը Խորհրդային միության ժամանակ մեծ հաջողություն էր։ Հինգ քառատող էր բանաստեղծությունը, բայց երկուսը տպագրեցին։ Ասել էին՝ առաջին անգամ տպագրվողի համար բավական է։

Հսկայական տպաքանակ ուներ «Ավանգարդը»։ Շատ էին կարդում։ Տպագրվելուց հետո նամակներ ստացա իմ հասակակիցներից։ Առաջին տպագրությունից հետո վեց տարի չտպագրվեցի։ Անընդհատ ինձ վրա աշխատում էի, ինձ չէր բավարարում գրածս, չէի ներկայացնում որևէ տեղ։ 1980-ականներին չափանիշները խիստ էին, մինչև դրանց չհամապատասխանեիր, չէիր տպագրվի։ Այն ժամանակ տպագրվելը նեղ դռնով, ասեղի ծակով անցնելու պես էր։ Հիմա շատ հեշտ է։ Մի կողմից՝ լավ է, որ այդպես է, մյուս կողմից՝ կարող է վատ լինել, եթե հեղինակը չփորձի զարգանալ։ Չնայած, եթե իսկապես գրող է, կզարգանա։

1990 թվականին «Ազատության ծիրանի» վերնագրով մի ժողովածու տպագրվեց․ բանաստեղծություններ էին Արցախյան շարժմանը նվիրված։ Ժողովածուում ընդգրկել էին նաև իմ երկու բանաստեղծությունները. առաջին անգամ այդտեղ եմ Հուսիկ Արա ստորագրել։ Երկու տարի անց «Ասք պատերազմի» պոեմը «Գարուն» ամսագրում տպագրվեց, որ մինչ այդ` Շուշիի ազատագրման օրը, ուսանողական խնջույքի սեղանին էի կարդացել։ Ամաչում էի, չհամարձակվեցի ինքս տանել խմբագրություն, ընկերս՝ պատմաբան Արտակ Մովսիսյանը տարավ Կարինե Խոդիկյանին ներկայացրեց, ով շատ էր հավանել։ Ամսագրային երեք էջ տպագրեցին։ Առաջին անգամ տպագրվողներին մի էջ էին հատկացնում։

 

Գրականությունը՝ դժվարին ճանապարհ

Ուսանողական տարիներին «Գարունի» գրականության բաժնի խմբագիրն էի։ Հետո ամուսնացա, այնտեղ շատ քիչ էր աշխատավարձը, դուրս եկա։ Ծանր ժամանակներ էին, հացի խնդիրն ահավոր էր ։

«Գարունում», արդեն երկրորդ անգամ, աշխատել եմ այն սենյակում, որտեղ աշխատել էր Վազգեն Սարգսյանը, հետո Կարինե Խոդիկյանը։ 2004-2008 թվականներին ամսագրի հրապարակախոսության բաժնի խմբագիրն էի, իսկ մինչ այդ երկու տարի էլ «Գրական թերթում» եմ աշխատել։

Ապրել չէր լինում։ Կիսամեռ-կիսաքաղց, բայց մենք կարողացանք նվիրյալի պես մնալ գրականության մեջ, գրականություն ստեղծել։ Անկախ նրանից՝ ինչ չափանիշների հասնող, ինչ որակի գրականություն է, գոնե դրվատանքի խոսքի արժանի ենք հենց այդ նվիրվածության համար։ Մեզ զոհաբերելով, մեր ընտանիքները դատապարտելով, տրանսպորտի, հացի փող չունենալով մնացինք, լավ, թե վատ գրականություն ստեղծեցինք։ Շատերը թողեցին, դուրս եկան, որովհետև գրականությունն արդեն շահեկան չէր, փող չէր բերում։

Հեշտ էր թողնել-գնալ ամբողջովին լրագրություն։ Կարող էի լավ հեռուստալրագրող դառնալ, բայց չէի կարող կորցնել գրականությունը։ Ոչ թե հավակնություններս էին մեծ, այլ առանց գրելու չէի կարող ապրել։ Հիմա էլ է այդպես։ Գրելն իմ ապրելակերպն է։ Երբեմն ասում եմ՝ ես այսպես ապրում եմ, գրելն ինձ փրկում է, ինքնապաշտպանության ձև է։ Հերն էլ անիծած՝ կտպվես, չես տպվի, քեզ կգովեն, չեն գովի, փող կտան, չեն տա, բայց առաջին հերթին ես ապրում եմ դրանով, իմ կյանքն է։ Հիմա իմ ապրելու համար ում գլուխը ջարդեմ։ Կասեն՝ քո կյանքն է, լավ ես անում, ապրում ես, մի հատ էլ մրցանակ ու փող տա՞նք դրա համար։

 

Որոշել էի՝ պիտի գնամ, զոհվեմ

Ազգայնական, հակասովետական սերունդ էր, ինքնագիտակցման եկող սերունդ։ 1986թ․-ին գնացինք Արցախ՝ շարժում բորբոքելու, մոլորվեցինք, թալիշեցի փայտահատները մեզ գտան անտառում։ Ասում էինք՝ շարժում, Ղարաբաղ, իրենք էլ, թե՝ էդ մեր երազանքն ա, բայց լինելու բան չի։ Բնական է, դեռ մեկուկես տարի կար, պիտի պահը գար, որ շարժումը բռնկվեր։

Երբ շարժումը սկսվեց, հիվանդ պառկած էի տանը։ Ընկերս՝ Արտակ Մովսիսյանը, եկավ, ասաց՝ սկսվել է։ Մի կերպ վեր կացա ու գնացինք Օպերայի բակ։ 1988թ.-ի փետրվարն էր։ Գնացինք ու մնացինք այնտեղ։

Բանակում չեմ ծառայել, բայց իրավիճակն այնպիսին էր, որ բոլորս պիտի գնայինք կռվելու։ Որոշել էի՝ պիտի գնամ, զոհվեմ․ իմ արյունը ոչ մեկի արյունից ավելի կարմիր չէր։ Ընկերս՝ Կարեն Ավետիսյանը, երեք անգամ դիմում գրեց, գնաց Աֆղանստան։ Ասում էինք՝ ուր ես գնում, գժվել ես։ Ասում էր՝ մեզ վաղը զինվոր է պետք։ Գնաց, եկավ: Ինձ չթողեց պատերազմին մասնակցեմ։ Ասում էր՝ մենք ավելորդ դիակ չենք կարող քարշ տալ։ Իսկապես, ոչ զենքի էի տիրապետում, ոչ կռվել գիտեի, արյուն տեսնելուց էլ մինչև հիմա թուլանում եմ։ Ընկերս չթողեց, չստացվեց գնալս, բայց ինքը զոհվեց: Սրտիս ծանրացել է, որ իմ ընկերները չկան, ես կամ։ Այսօր էլ, երբ կռված տղա եմ տեսնում, ոտքի եմ կանգնում․ նրանք ինձանից մի քանի անգամ ավելի լավ տղաներ են։

Փառք Աստծո, հաղթեցինք Արցախյան ազատամարտում։ Այսօր էլ մեր բանակի տղաներին այդ շարժման ոգին է առաջնորդում։

 

Չկարողացանք գնահատել մեր հողի արժեքը

Մարդը սոցիալական էակ է։ Մեր հասարակության 90%-ը, եթե ոչ ավելին, ստամոքսով է դատում. չես կարող մեղադրել։ Նրանք միայն շատ սուր պահերին, ինչպես օրինակ՝ Սարդարապատն էր, կամ հենց Արցախյան ազատամարտն էր, կարող են վեր կանգնել «հացիվ» դատողությունից։ Ծանր շրջան էր, բայց պատերազմի ժամանակ արտագաղթ չեղավ․ մարդիկ համախմբված էին, իսկ հիմա թիկունք ենք դարձնում մեր երկրին։

Ստամոքսով դատելը թույլ չտվեց լիարժեք գնահատել այն ձեռք բերածը, ինչն 800 տարի երազել էինք։ Եթե 100 տարի առաջ մահացած մարդիկ հարություն առնեն և անկախ Հայաստան տեսնեն, երևի ուրախությունից սրտաճաք լինեն ու նորից մեռնեն։ Պետություն ունես, բանակ… Ճիշտ է՝ ձգտում ենք ավելիին։ Բնական է, պետք է ձգտենք։ Մենք չկարողացանք հասկանալ, գնահատել մեր հողի արժեքը, այս աստվածաշնչյան հողի, և ճամպրուկները կապած՝ առանց հասկանալու մեր ձեռքբերումները, խորհրդանիշերը, որ դարեր շարունակ չէինք ունեցել, փախչում ենք։ Հիմա կասեն՝ դժվար է, դաժան է, բայց մնալով, պայքարելով` մենք 10 տարի առաջ արդեն լավ երկիր ստեղծած կլինեինք։

Մենք 800 տարի պետություն չենք ունեցել։ Պետականորեն անդաստիարակ ժողովուրդ ենք։ Ժամանակ է պետք, որ ամեն բան գա ու իր տեղն ընկնի, քաղաքականապես դաստիարակվենք, պետության, պետականության արժեքը հասկանանք։

 

Հուսիկ Արայի Հայաստանը

Կան գրողներ, որ ասում են՝ ինչու՞ ես գրում այդ թեմայով, քեզ պե՞տք է, ի՞նչ տվեց անկախությունը, սոված ենք և այլն։ Դարեր շարունակ երազել ենք անկախ պետություն, այսօր ունենք և չենք տեսնում։ Միայն ստամոքսով չպիտի դատենք։

Արցախյան շարժումը մեծ ազդեցություն ունեցավ իմ գրականության վրա, հստակ ձևավորեց ու ամրացրեց աշխարհայացքս, ինքնությանս գիտակցումը։ Առաջին գիրքս՝ «Մարդու որդիները», շարժումն ու պատերազմն է։ Հետո` «Լուսանցքի մարդիկ», քաղաքն է հետպատերազմյան ընկճախտի մեջ: Իսկ «Աստծո հետ խոսելու ժամանակը» այդ մարդկանց մենության ու մոռացվածության ընդվզումն է առ Աստված: Թեմատիկ շարունակություն և ամբողջացում է վերջին՝ «Տան դուռը» գիրք։ Ոչ միայն անկախության շրջանում գրված, այլև անկախությունը ներկայացնող, արժևորող գիրք է։ ։

Փորձել եմ ստեղծել իմ Հայաստանը, իմ ընկալած հայրենիքը։ Գործեր կան, որոնցով իրոք հիացած եմ, գործեր էլ կան, որ ինձ չեն բավարարում։ «Անաբասիս» պոեմում գրել եմ՝ դու այն ձեռնափայտն ես, որին ծնողներս ծերության տարիքում հենվում են, այն խաղալիքն ես, որով երեխաս աչքիս առաջ խաղում, մեծանում է, այն ծաղկեփունջն ես, որն իմ սիրած աղջկան եմ նվիրում տոն օրերին։ Փորձել եմ նման պատկերներով հասկանալ՝ ինչ է հայրենիքն ինձ համար. իմ ծնողի լավ ծերությունն է, իմ երեխայի մեծանալն է, իմ սիրած կինն է։ Եթե այդ պատկերները Խորհրդային միության ժամանակ գրեի, հնարավոր է գիրքը գլխիս խփեին, ասելով՝ վերցրու, ռադդ քաշիր։

Չկա պաթոս, վերամբարձ հայրենասիրություն, շինծու երանգներ, կան նաև բանաստեղծություններ, որոնցում չհասկացվածություն է, անհաշտություն, հիասթափություն, մինչև իսկ անհատի տապալվելը սեփական երկրում: Հայաստանը տարածք է` ուր ես ապրում եմ, իմ և՛ լավը, և՛ վատն է այստեղ. դրանով է ինձ հարազատ: Փարիզը հրաշալի քաղաք է, բայց իմը Երևանն է. իմ օրը այստեղ է տեղավորված:

Մենք կամ անցյալով ենք ապրում կամ ապագայի երազով։ Միշտ ներկայից խուսափել ենք, ներկան չենք ապրել։ Իմը ներկան է՝ այս Հայաստանը։ Երեկը հաշվի առնելով ու այսօրից գնալով է հնարավոր ստեղծել այն Հայաստանը, որը քաղաքացիական հասարակություն կունենա, որտեղ մենք մեր երկրի տերը կլինենք։ Ժամանակ է պետք, որ այդ Հայաստանը գա, բայց այսօրվանից պետք է սկսենք, ոչ թե ասենք՝ վաղվա Հայաստան, և փախչենք, արտերկրում սպասենք, թե վաղվա Հայաստանը երբ է գալու, որ վերադառնանք ու ապրենք այդ Հայաստանում։ Այդպես վաղվա Հայաստանը չի գա։ Պետք է մնանք ու պայքարենք մեր իրավունքների համար։

 

Ես իմ ժամանակի վկան եմ

Եթե ժամանակ հետո` առանց տարեթվերին նայելու և իմ մասին իմանալու, կարդան իմ բանաստեղծություններն ու պոեմները, ակնարկներն ու էսսեները, հստակ կարող են ասել, որ այս հեղինակը ստեղծագործել է 1988-2015 թվականներին: Ժամանակն անդրադարձել է որպես դեպք ու իրադարձություն, հոգեվիճակ ու բախում, փաստ ու կոնկրետ անձեր: Չեմ ձգտել վերերկրային պոեզիա ստեղծել` շրջանցելով պատմության օրն ու մարդու ժամերը:

 

Չունեցա սերունդ, որին պատկանեմ

Ես գրական աշխարհ մուտք գործեցի 1990-ականների սկզբին, երբ շատերը թողեցին գրականությունը, սերնդակից գրողներ էլ չկային․ ինձ կամ դնում էին ավագների պոչին կամ երիտասարդների սկզբում։ Մահից ամիսներ առաջ` Սլավոնական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Լևոն Անանյանն իմ մասին մի հետաքրքիր բան ասաց՝ որպես գնահատական. «Երբ բոլորն ասում էին՝ մեռավ գրականությունը, կեցցե գրականությունը, Հուսիկը եկավ, ցույց տվեց՝ կա գրականությունը, շարունակվում է․ նա կամուրջ եղավ ավագ և երիտասարդ սերունդների միջև»։

Իմ հասակակից, սերնդակից գրողները հետո եկան, մինչ այդ՝ ասես մարդ չկար։ Միայնակ շուն կամ գայլ էի։ Ընկերություն էի անում և ավագների, և երիտասարդների հետ։ Ամեն մեկն իր խմելու խումբն ուներ, բայց բոլորն էլ ինձ հրավիրում էին։

Անցումային շրջան էր։ Պատերազմի և խաղաղության արանքում միշտ երկու-երեք սերունդ կորչում է։ Իմ սերնդի ողբերգությունն էր․ մի մասը զոհվեց, մի մասն արտագաղթեց, ովքեր էլ մնացին, գումար չունեին, որ ամուսնանային, մի մասն էլ խմիչքի մեջ կործանվեց։ Կորած սերունդ է՝ և՛ կյանքում, և՛ գրականության մեջ։ Զոհ էր պահանջվում։ Մենք եղանք այդ զոհը։

 

Երբ սերերը դառնում են բանաստեղծություններ

Սիրային բանաստեղծությունները, սաղմոսները մշտապես ուղեկցել են ինձ։ Միստիկ խառնվածք ունեմ։ Իմ լեզուն անհաշտ աղոթքի լեզուն է։ Սիրային բանաստեղծություններիս խորքում էլ սաղմոսային, աղոթքանման բան եմ զգում։ Պատահական չէ, որ մի շարք աստվածաշնչյան թեմաներ սիրային բանաստեղծությունների եմ վերածել։

Պոեզիան ցավի, տառապանքի ծնունդ է։ Չեմ ասում՝ անընդհատ տառապանք գրես, վատատես լինես, բայց պետք է բռնկումից, ցավից ծնվի։ Կան բանաստեղծներ, որ ամբողջ կյանքում չաղ ու բախտավոր ապրել են, կարդում ես, չկա այդ տառապանքը, կայծը, ցավը, հույզը։ Ամեն ինչ տեղն է, գրագետ, հիանալի գրված, բայց երբ հասնում ես վերջին, մեջդ բան չի մնում։

Երբ կյանքում բուռն, գեղեցիկ բաների չենք հասնում, փորձում ենք դրանք ապրել գրականության մեջ։ Գրականությունը նաև պակասի, չունեցածի գտնումն է, երբեմն էլ ինքնախաբեություն: Նույնն էլ սերն է։ Երբ քո սիրային կյանքը տարբեր դրվագներում չի հաջողվում, այդ սերերը դառնում են բանաստեղծություններ։ Հակառակ դեպքում կվայելեինք` գրելու փոխարեն:

Ողջ սիրերգությունը սա է՝ «ես սիրում եմ քեզ, բայց դու ինձ լքեցիր»։ Լուսահոգի Լևոն Ներսիսյանը պատմում էր, որ առաջին սիրային բանաստեղծությունը Բաբելոնի պատին մի զինվոր է գրել, երբ վերադարձել է պատերազմից ու չի գտել սիրած աղջկան։ Գրել է՝ «Բաբելոնը մեծ քաղաք է, բայց մենակ եմ ես, որովհետև դու չկաս»։

Սերը հիվանդություն է՝ հստակ ախտորոշված։ Սիրո առաջ բոլոր ուժերն անզոր են։ Սերը դրախտ և դժոխք է․ ինչպես ուզում ես նայիր, չի կարող միայն դրախտ լինել․ լույսն էլ է ստվեր ունենում անգամ ամենապայծառ ժամանակ։ Բայց սերը տառապանքով շատ ավելի գերադասելի է, քան անսեր վիճակը։ Սերը լույս է։ Տարբեր էակների մեջ լույս ու մաքրություն ենք փնտրում այս ճահճացող աշխարհում։ Տեսնում ենք այս աղջկա մեջ, անցնում է մի որոշ ժամանակ, ասում ենք՝ չէ, ինքը չէր, սխալվել էի, և այդպես շարունակ։ Մինչ օրս այդպես սխալվում եմ։ Չգիտեմ՝ կգա այդ էակը, թե ոչ։ Սերը լույսի և մաքրության փնտրտուքն է մրի ու կեղտի մեջ, բայց հաճախ ինքնախաբեություն է․ մենք ենք մեզ ներշնչում, որովհետև առանց սիրո չենք կարող: Գոնե երկու-երեք տարի քեզ խաբելով ապրում ես, հետո զգում ես՝ խաբվել ես, բայց՝ դե, ապրեցիր։

Ես շնորհակալ եմ այն աղջիկներին, որոնց սիրել եմ։ Նրանք հաճախ են ինձ լույս տվել։ Այդ լույսով եմ ապրել, զգացել ու ճանաչել։ Ցավ էլ են տվել, ոչինչ ․․․․

 

Ընթերցողի հետ պետք է քայլես

Գրողի աշխատանքը միայն գրասեղանի առաջ չէ։ Նա մտավորական է, ամեն տեղ պետք է լինի։ Եթե պատերազմ է, պետք է պատերազմի դաշտում լինի։ Եթե ժողովրդի հետ չես, նա ինչու պետք է քեզ հետ լինի, քեզ կարդա։ Ընթերցողին նկարագրություններ հարկավոր չեն, տողատակում զգում է՝ դու իր հետ ես, թե ոչ։ Մեր գրողները հաճախ են ասում՝ չեն կարդում։ Հարցնում եմ՝ քանի անգամ ես գնացել հանրահավաքի, դժվար պահերին եղել հրապարակում, ասում են՝ ոչ մի, ես էլ, թե՝ իրենց հետ չես, զգում են ու չեն կարդում։ Տողատակում այդ ջիղը պետք է լինի:

Արձակագիր Լևոն Խեչոյանը Հրանտ Մաթևոսյանի խոսքն էր կրկնում։ Ասում էր՝ եթե քո ազգից հինգ հոգի մի տեղ հավաքված են, անկախ նրանից սխալ են, թե ճիշտ, ինչ են անում, ուր են գնում, դու ազգի գրողն ես, պետք է լինես նրանց կողքին։

Լինի կինո, թատրոն, կերպարվեստ, գրականություն, դու ստեղծում ես հասարակությանը տալու համար, ուրեմն նաև նրա հետ պետք է քայլես։ Ով ասաց՝ ես պետք է նստեմ պալատում, հասարակությունը՝ փողոցում, ու ես պալատում փողոցում քայլողի համար բան ստեղծեմ։ Այդպես չի կարող լինել։ Սա փոքր ազգի բարդույթ չէ. Սարտրն էլ էր մասնակցում փողոցային երթերի:

 

Հայաստանում գրականությունը ձախողված երևույթ է

Բազմաժանր գրականություն է ստեղծվում։ Եթե մաղում ես, կարգին արժեքներ են մնում։ Շատ կան թեմաներ, և կան լավ գրողներ։ Եթե մեզ ներկայացնեին արտերկրում, մեր գրողներից այսօր համաշխարհային ճանաչման հասածներ կլինեին։

Արտերկրի համար նույնպես մեր գրականությունը հետաքրքիր կլիներ, քանի որ մարդու խնդիրներն են վեր հանում, ներաշխարհը, հոգեվիճակները։ Ցավոք մեր լեզուն միայն մենք գիտենք. մենք էլ մեզ չենք կարդում:

Գրաքննություն չկա, քանի որ գրականությունն այսօր լայն տարածում չունի, ոչ ոքի չի հետաքրքրում։ Մեկուսացված է գրականությունը, արժեք չէ։ Ձախողված երևույթ է գրականությունը Հայաստանում և միշտ էլ ձախողված երևույթ է եղել, ուղղակի Խորհրդային միության ժամանակ ռուսական բումն էր՝ «պաշտել Լենին, կարդալ գիրք»։ Պարտադրանքը մոդա էր դարձրել, կարդում էին։

Գրականությունը ձախողված է նախ նրանով, որ հայերեն միայն հայերը գիտեն։ Օտարը մեր տեղը չգիտի, մենք էլ մեր ներսում փտում ենք: Ուզում ես Նարեկացի եղիր, քեզ աշխարհում չեն ճանաչի: Դրա համար պետք է հզոր Հայաստան ունենանք` սեփական արժեքներով ապրող ու տարածող: Նախ մեզ պետք է մեր ներսում կարդան, որովհետև մեր գիրը մեր կողքի մարդուն է հասցեագրված: Իսկ կողքինդ ասում է` քո գիրն ինձ պետք չէ. ինքն այլ արժեքներով է ապրում: Կա չգիտեմ ում կողմից թելադրված մի սպանող մոտեցում, հայացք, թե այսօր գրականություն չունենք:

Կա նաև օտարամոլություն. եթե օտար հեղինակ է՝ լավն է, եթե հայ է՝ վատն է։ Եթե մենք մեր արժեքներին տեր չենք կանգնում, ուրիշն ինչու պետք է տեր կանգնի։ Գրականությունը չի կարդացվում, չի արժևորվում, որովհետև պետական մոտեցումն է այլ. գրականությունը թիրախային չէ։ Այսօր ոչ մի հեռուստաալիքով չես կարող ժամանակակից գրականության մասին որևէ բան ասել ու լսել, մարդիկ չգիտեն՝ կա, թե չկա։ Դեկտեմբերին հյուր էի «Առավոտ լուսո» ծրագրին. մի սիրային բանաստեղծություն կարդացի և արձագանք ունեցավ։ Մարդիկ զանգում են, փնտրում են, դրա կարիքն ունեն։ Բայց նոր սերունդ է գալիս, երիտասարդները կարդում են։ Ուսանողները գումար են հավաքում, գիրք են գնում մեկի ծննդյան օրվա առթիվ, բայց ասում են՝ մենք հերթով կարդանք, վերջում կնվիրենք քեզ։

 

Գոյություն չունեցող գրաքննադատությունը

Գրաքննադատություն պարզապես գոյություն չունի, այնինչ պետք է առաջնային դեր ունենար, ինչպես օրինակ՝ Պուշկինի ժամանակ Բելինսկին էր, վաթսունականների հայ գրական սերնդի համար՝ Ալեքսանդր Թոփչյանը։

Երբ մամուլում բանաստեղծական շարք, պատմվածք է տպագրվում, պետք է ներկայացվի գրականագետի կողմից, էլ չեմ ասում գրքերի մասին։

Մեր գրականագետներից շատերը մտածում են՝ «Հուսիկը քանի՞ գիրք է գրել, լավ, կգրեմ էլի, բա որ ես այսօր գրեմ Հուսիկի մասին, վաղը նա մեծ գրող, դասական չդառնա, գրածս գնա` կորչի»։ Մինչդեռ գրաքննադատի աշխատանքը գրական ընթացքը ներկայացնել, արժևորելն է. նա այդ առումով մեծ դերակատարում ունի: Գրողներն արդեն ձեռնափայտով են քայլում, նրանք դեռ ասում են՝ կգրեմ էլի։ Ավելի հեշտ է անդրադառնալ դասականներին` դոկտորի աստիճան ստանալու համար։

Մի հետաքրքիր դեպք ինձ գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյանը պատմեց, որ Սարոյանն ԱՄՆ-ում գնում է ժամանակի ամենաճանաչված գրաքննադատին հյուր։ Աղախինը դուռը բացում է, հարցնում՝ ի՞նչ զեկուցեմ, ո՞վ է եկել։ Սարոյանն էլ մի քիչ գինովցած է լինում, ջահել աղախնով հիացած ասում է՝ գնա, ասա Ամերիկայի մեծագույն գրողը Ամերիկայի մեծագույն գրաքննադատին է հարցնում։ Աղախինը գնում, հետ է գալիս, ասելով՝ համեցեք, պարոն Սարոյան։ Դեպքը Սարոյանի առաջին գրքի լույս տեսնելուց հետո է տեղի ունեցել։ Եթե նույն բանը մեր միջավայրում կատարվեր, գրականագետը կասեր՝ ո՞վ ես, երեկ՝ մեկ, այսօր՝ երկու, արդեն մեծագու՞յն դարձար։

Զրուցեց Աննա Կարապետյանը

Անդին 3, 2016

 

Share

Կարծիքներ

կարծիք