Կոնցերտ պարանի համար

555Կլոր, փայտե ծանր, հոգնած ոտքերով, դար տեսած սեղանը նորից զարթնում է, նրա գլխին ամեն օր, ա՜յ այսպես, ճիշտ ժամը յոթին ասես առաստաղից վայր է ընկնում դեռ քնած, երեսը տեղ-տեղ ճմռթած կաթնամորթ սփռոցը, սեղանի հարթակին է կանգնում եռման ջրից փքված փորով ինքնաեռը, իրենց տեղն են զբաղեցնում քիչ առաջ ծառից քաղված կարմրաթուշ որբացած խնձորիկները, թերխաշ ձվերը, շրխկում են վաղուց ճերմակությունը կորցրած, խազ-կնճիռներով, բաց կապույտ եզրագծերով ափսեները՝ տիկին Բելլայի նախապատերազմյան՝ մորից հասած օժիտը…

-Ра-ри-тет,- առիթը բաց չի թողնում ամեն անգամ ընտանիքի անդամներին զգուշացնելու, որ ուշադիր ու նրբանկատ վարվեն դրանց հետ: Տիկին Բելայի ընտանիքի անդամները շատ չեն. ամուսինն է, տան հայրը՝ Կառլենը՝ հսկա, շաքար-բամբակ մազերով, փղոսկրե ցցված ատամներով, խոժոռ դեմքով, տան ամբողջ թթվածինը կլանող ռունգերով, ի հեճուկս բրոունյան շարժման մեջ գտնվող կնոջը, նա իր վանդակավոր, փափուկ հողաթափերը հատակից չկտրելով, քստքստացնելով տեղափոխվում է տան մի կողմից մյուսը: Ա՜խ, երբեմն թվում է՝ 180 աստիճանով գլուխը կպտտի, աչքերով կշանթահարի, կգոռա, երբ կինն անվերջ ցուցումներ է տալիս, բայց չէ՜, համատեղ կյանքի հիսուն տարիների ընթացքում նա միայն կարողացավ տիրապետել այս հայացքին, քթի տակ մռթմռթալ կնոջ կարգադրություններին ու գոռգոռոցներին ի պատասխան, սև-սպիտակ էկրանից տուն ներս թողնել բեղավոր զվարթախոս տխամարդուն, ով չգիտես որտեղից քսան տարի անընդմեջ նվերներ է բաժանում ոչ պակաս կենսախինդ ու հրաշքներին հավատացող հյուրերին: Այդժամ Կառլենի հարթաշուրթ բերանը բացուխուփ է լինում այդ կապակցությամբ, շաբաթը մեկ անգամ միջից դուրս է գալիս «Իիի՜, իշշակներ» արտահայտությունը, ու լռություն՝ տևող մինչ հաջորդ ուրբաթ…

Սեղանի ձախակողմյան հատվածում տեղավորվել է Նյուտան՝ քառասուներեքամյա, կարճահասակ, աշխարհի անարդարությունից զարմացած ու փոքր-ինչ վախեցած սալոր-աչուկներով, դեղին, տեղ-տեղ մաշված ու կարկատվածությամբ ռեկորդակիր վերնաշապիկով, կամուրջ հիշեցնող ոտքերն ամբողջությամբ ծածկող լայնափեշ կիսաշրջազգեստով, նա, հորից ու մորից, աշխարհից թաքուն, հասցնում է երբեմն փակվել իր տասներեք քառակուսիանոց ննջարանում, մահճակալի տակից դուրս բերել իր սև-սև, մեծ-մեծ, լռակյաց ճամպրուկը, հանել այնտեղ մշտական բնակություն հաստատած, Նյուտային չայցելած երջանկությամբ բուրող «Елена» կրծկալները, շատ վաղուց ճամպրուկի ներսում խելոք խռփսացնող ու այդպես էլ «ծիծեռնակի» չվերածված թումբանները, գիշերազգեստներ ու էլի շատ, արդեն ժամանակի շավղից վաղուց դուրս սայթաքած իրեր, որոնց նորաոճ լինել-չլինելը, մեր մեջ ասած, քիչ է հուզում Նյուտային, սալոր աչքերով Նյուտային: Ա՜խ, թե հանդգներ, թե այդքան չսիրեր ծնողներին, թե չմտածեր նրանց ճնշումների երկուստեք վայրիվերումների, հազարագույն հաբերի մասին, հաստա՛տ, թեկուզ հենց հիմա որևէ պատրվակ կգտներ, կգրկեր հոգնությունից ու անբանությունից փոշոտված, արև չտեսած սև-սև, մեծ-մեծ ճամպրուկը, կփախչեր նրա հետ, կվազեր եղևնիների ծովերի միջով, բոկոտն կպարեր անձրևից հետո դեռ չցամաքած հողի վրա, կվազեր դեպ իր դաշնամուր լարող, լարի պես վտիտ փեսացուն, ճամփան կկտրեր, կսլանար նրա հետ, կճեղքեր մառախլապատ հորիզոնը, կկլաներ անձրևի կաթիլները ու կսիրե՜ր, կսիրե՜ր…

-Չէ՛, ոչ մի դաշնամուր լարող փեսացու, սիրունս,- նախատում էր մայրը: Էտ անարժանի՞ն ես գնում հանդիպելու, он нищий алкаголик: Օ՜, չես իմանա գլխիդ հանկարծահաս ինչ տեսակ ամպեր կկուտակեմ, տնից կզրկեմ, մեզնից կզրկեմ, հոր ու մոր երես չես տեսնի: Լա՛ց, кровинушка моя, ро՛днушка моя, քեզ բժիշկ է պետք՝ ինտելիգենտ, սիրուն, ջենթլմեն: Համբերի՛ր, ջահել ժամանակ բոլորն էլ կարողանում են պսակվել, անհամբեր են, տղաներին վալպուրգյան վհուկների պես ընտրում ու շաբաշի են տանում: Դա քեզ պե՞տք է, հասուն տարիքում որոշումները ճիշտ են, ընտանիքները՝ կայուն: Լա՛վ, ես մի կողմ, բա խեղճ հա՞յրդ, սիրտը թույլ, ոտքերն՝ էլ ավելի, դու մեր մասին մտածե՞լ ես: Մեզ էն աշխարհ կճանապարհես՝ ուր ուզում ես գնա, Նյուտոչկաս, քիչ մնաց, մեկ- երկու տարին ի՞նչ է:

Նյուտան վախվորած փակում է ճամպրուկի շատախոս բերանը, դրա մեջ խցկում իր դաշնամուր լարողի վտիտ ուրվականը, ամպը, կաթիլը, թաց հողն ու ծիծաղկոտ երկինքը:

Քը՜շ, վատ մտքեր, քը՜շ, փակվեք, մոռացվեք, անէացեք, կողքի սենյակից գոռում է բեղավոր մարդը, դե, պտտի՛ր, պտտի՛ր անիվը, դե՛, կյանքում գեթ մեկ անգամ ուրախացիր, որ համարձակվել ես հեռու հեռուներից հասնել, տանել քեզ հասանելիք նվերը, բեղավորին հակառակվում է ամբողջ բազկաթոռով մեկ, ճերմակ շաքար-բամբակ մազերը տարածած հայրը՝ «Իիի՜, իշակներ…», «ֆը՜ռթ… ֆը՜ռթ», եռման թեյի ումպից ջերմանում է մայրիկի կոկորդը՝ «օխա՜յ», լիալուսինը այս գիշեր էլ կմտնի կոն-կրծքերը ցցած եղևնիների ծոցն ու կթաքնվի հեռվում լիալուսնի հայելին փնտրող գայլերի ոռնոցին համընթաց: Ծնողներին դեղահաբերը բաժանելու, նրանց թել-թել կնճիռները համբույրով հարթելու ու միայնակ բարձը գրկելու ժամանակն է, Նյուտա՛:

Հետո նորից կճչա նորածին արևը, կճառագի, Բելան կկրկնի ամենօրյա ծիսական նախաճաշը, կլոր սեղանի շուրջ բարկացկոտ ձայնով կհորդորի աջ ու ձախ կողմերում տեղավորված ընտանիքի անդամներին.

-Նյուտա՛, կարագն այդքան հաստ չեն քսի, հացը դանդաղ ծամիր, որ մարսես, Կառլեն, քանի՞ անգամ ասեմ, րարիտետ է, այսինքն՝ դու քո գեղջկական դաստիարակությամբ որտեղի՞ց իմանաս, դա ինչ բան է, «ֆըռթ, ֆըռթ, օխա՜յ», նորից եռման թեյի ումպը կջերմացնի Բելայի յոթանասունչորսամյա կոկորդը, օխա՜յ:

Տիկին Բելան բժշկի աղջիկ է, ճիշտ է, հայրը գնաց պատերազմ, երբ աղջնակը երեք տարեկան էր, ու նա գրեթե չէր էլ հիշում հորը, մայրն էլ զօր ու գիշեր արցունք էր թափում, գործ չէր անում, իր ունեցած թանկարժեք զարդերն ու սպասքը մի կողմ էր դնում, աղջկան ապտակում՝ րարիտետ է:

-Ձե՛ռք տաս, մատներդ կաքցանեմ հատ-հատ:

Աղջիկը մեծանում էր աքցանված մտապատկերներով, մոր հիստերիաների սիմֆոնիաների ներքո: Տասնութը լրանալուն պես ընդունվեց աշխատանքի քաղաքի գլխավոր անատոմիկում, իբրև սանիտար:

-Կառլե՛ն, կիրթ մարդիկ արմունկով չեն հենվի սեղանին, Նյուտոչկա, սապատդ ուղղիր, մեծ աղջիկ ես, աթոռդ էլ առա՛ջ քաշիր:

Մեծ, քառասուներեքամյա աղջիկը լսում է մորը… Մա՛յր, Մամա՜… աշխարհի ամենաքաղցր բառը Նյուտան հնչեցնում է օրական հարյուր անգամ, որ հասկացնել տա, հաստա՛տ, երբե՛ք և ոչ ոք չի կարող տանել իրեն իր ծեր, մի քիչ բծախնդիր, մի քիչ խստաբարո, մի քիչ բռնկուն, բայց անփոխարինելի Մորից, որը անվերջ տրտնջում է ճնշման տատանումներից, սրտի սեղմոցներից, անուժ զոհին գիշատչի պես հետապնդող գլխացավերից:

Սփռոցը ծալվում, քնում է դարակի մեջ, սեղանին դրված մթերքներն արագ թաքնվում են պահարանում, ինքնաեռը գլխավոր դերում կլինի նորից, ուշ երեկոյան: Եկել է աշխատելու, հողը վարելու, ծաղիկները ջրելու, ծեր ծառերի հոգսը թոթափելու, վաղուց հասած խնձորները զամբյուղների մեջ տեղավորելու, խանութում «բժշկական» երշիկ խորհուրդ տալու, տաք հաց ու թխվածքաբլիթ վաճառելու, չարաճճի լակոտներին քսան դրամանոց ծամոններով խանութից արագ ճանապարհելու ժամանակը:

Երկհարկանի փոքրիկ ամրոց տան առջև կրպակ-խանութն է: Տիկին Բելան գիտի ինչպես, իրական վաճառողուհուն վայել կրել կապտաթույր, սպիտակ փոռիկներով եզրագծված գոգնոցը, ինչպես հաշվարկել եկամուտը, ում առջև բանալ սևամորթ տետրի բերանը:

-Մա՜յր, մամա՜, ես էլ արդեն կարող եմ օգնել քեզ, ամբողջ օրը միայն գործում ու գործում եմ:

-Նյուտա, кровь с молоком, ро’днушка ты моя, սա քո բանը չէ, դու գնա մորդ համար տաք շալ գործիր, դիմացը ձմեռ կա, ցուրտ: Մայրդ տաք հագուստ չունի, բա որ մրսե՞մ, բա որ անկողին ընկնե՞մ, բա որ…

Չէ՜, ափերը հանկարծ ծածկում են աչքերը, չէ՛, «չէ»-ն Գնդլիկ Բոքոնիկի պես փախչում, գլորվում է, անցնում յոթ սարի հետևը, չէ՜, դղրդում է երկինքն ու խոժոռադեմ ամպեր կուտակում, չէ՜, անձրև է տեղում, թրջում դեմքը, հագուստը, հողն ու Մոր կապտաթույր, ճերմակ փոռիկներով եզերված գոգնոցը: Չէ՜, քրտնքի մեջ վեր է թռչում Նյուտան, մղձավանջ էր, ի՞նչ պատահեց, ի՞նչ գոռգռոց է, ո՞վ է զայրացրել Մորը: Լավաշ կրծքերը թրջված փռվել են Նյուտայի որովայինին, Նյուտան վազում, հասնում է խոհանոց:

-Մա՜յր, Մամա՜, ի՞նչ է եղել:

-Ատո՛ւմ եմ, ատո՛ւմ եմ: Կատունե՜րը…

-Կատունե՞րը, ի՞նչ են արել քեզ այս մոխրագույն «Աստծո թաշկինակները»:

-Нету бога. Есть материя, есть мать-природа, жжженского рода, природа, мать вашу…,- վառարանի առջևից ճյուղը վայր է նետվում:

Ցրվե՛ք, կատուներ, սեր չկա: Մռռռ, սերն ընդհատված է, սիրախաղ չկա, Մայրը թույլ չի տա, Մայրը արգելում է, փը՜շտ, կատուներ, փը՜շտ: Մի՛ լացիր, Նյուտա, մի՛ լացիր, սալորաչ հասուն աղջնակ: Փռի՛ր քո թաց շորերը, փռի՛ր ծիծեռնակ չդարձած թումբաններդ, փռի՛ր երազանքներդ, քանի դեռ ցեցերը չեն կերել…

Թեյը պարպվում է, բեղավոր մարդը ոլորում է բեղը, շաքար-բամբակ մազերով հայրը բացուխուփ է անում հարթաշուրթ բերանը, տանտիկինները չրերը թաքցնում են պահարաններում, կարմրում են տարվա վերջին ազնվամորիները, արևը… արև չկա, ամպերը հերթապահում են երկինքը, մեկ-երկու, մեկ-երկու՝ թրքելով ու կեսքուն լայնափեշ փողոցով անցնում են կովերը… Մո՜ւ, մո՜ւ…

-Նյուտա, Նյուտոչկա, кровь с молоком, ստո՛պ: Սպասեցիր մութն ընկնի՞, անշնորհակա՛լ աղջիկ: Լքում ես, հա՞, ծեր հորը, ծեր մորը լքո՞ւմ ես, ես մի կողմ, իսկ հա՞յրդ, մտածե՞լ ես: Մեկ-երկու տարի էլ չդիմացար: Տեսե՛լ եմ, էլի ես գնացել, շատ ես գնում, լռում էի, մտածում կհասկանաս, որ էտ անմակարդակները քեզ ընկերուհի չեն կարող լինել: Անշնորհակա՛լ…

Չէ՛, նա շնորհակալ է, նա ընդամենը 10-15 րոպեով է գնում… Չէ՛, դղրդում ու ճաքում են տան պատերը, չէ՛, ցուցամատն են տնկում ու հիասթափված նախատում Նյուտային շրջանակի մեջ տեղավորված տատն ու պապը:

Լա՛ց, լա՛ց, кровушка, լա՛ց, дурнушка, լա՛ց, ինչպես լաց եղավ գլխիս մայրս ու քիչ գումար տուն բերելու համար վռնդեց հորդ տուն, լա՛ց, ինչպես լացեց վրաս մեծ քույրս ու սևամորթի հետ փախավ բանան ուտելու, լա՛ց, լա՛ց, երկինք, լա՛ց ինձ վրա, ալբոմներից ծիկրակող ջահել Բելա: Պոլկա, կադրիլ, ես եմ ընտրել ում հետ պարել, ես եմ ընտրել, երբ հեռանալ պարահրապարակից, ես եմ ընտրել՝ ում պահել կողքիս: Պարե՛ք, հետպատերազմյան ջահելություն տեսած իմ ոտքեր, հետ, առաջ, աջ, ձախ, պարե՛ք…

-Մա՛յր, մեղավոր եմ, մեղսավոր եմ, Մա՜յր, իմ պատճառով ճնշումդ վեր գնաց, կբռնեմ, թույլ չեմ տա, Մա՜յր, հիմա ոտքերդ տաք ջուրը կդնեմ, հիմա ամեն բան լավ կլինի:

Խը՜ռ-փը՜ս, խը՜ռ-փը՜ս, ճը՜ռ-ճըռ, ճը՜ռ…

Ա՜հ, նորից օր եկավ, Մա՛յր, շնորհակալ եմ, հոգատար Մա՜յր:

-Փայլում ես, ի՞նչ կա, Նյուտա, խանութում ինձ են սպասում, սեղանը հավաքիր, հացի մեքենան եկավ, աղջի՛կ, պոկվիր, ի՞նչ ես գրկել, վաա՜յ…

-Մամա՛, պահարանի այն կանաչ, մոխրագույն մանր ծաղիկներով նոր զգեստը…

-Հա, ու ի՞նչ, ինչո՞ւ ես բացել պահարանս:

-Պատահական, շատ պատահական, լվացքդ չորացել էր, արդուկեցի, դասավորում էի, մտածեցի դարակում տեղավորեմ: Ապրե՜ս, ծննդյանս կապակցությա՞մբ ես գնել: Հագել եմ, անթերի նստեց: Հենց այսօր կհագնեմ:

-Հագնե՞ս: Նվե՞ր: Մենք այնքան հարուստ չենք, որ մեզ թույլ տանք նոր զգեստներ գնել, Նյուտա՛: Հորդ հին սվիտրները քանդիր, հինը նոր արա:

-Իսկ պահարանո՞ւմ…

-Դա մեռնելուս զգեստն է, գոնե կյանքում մի անգամ պիտի նոր զգեստ հագնեմ: Գիտես, տանել չեմ կարողանում սևը, գնա՛, գնա՛, հորդ դեղն ընդունելու ժամն է:

Նյուտա, ա՜յ սալորաչ ու վախվորած աղջիկ, հագի՛ր կանաչ զգեստը, թաքուն, այսպե՜ս, զմայլվիր քեզնով հայելու առաջ, ժամանակը հետ դառնալու ցուպը կորցրել է, վախից առաջ է փախչում, հագի՛ր ու հետ մի՛ նայիր, հագի՛ր, մինչ Մայրն իր խանութում ցուցահանդեսի է դրել անուշահամ երշիկեղենը, անուշեղենն ու մրգերը: Մինչ ցուցումներ է տալիս ափում ետաղադրամ վերահաշվող հաճախորդներին:

-Սո՞ւրճ, թե՞ կոնֆետ, երկուսը չեմ տա, էլ պարտատետրս չի դիմանում քեզ, աղջիկ ջան, գնա հավաքարար աշխատիր, շպրտիր գրողի ծոցն էտ դիպլոմը, ինձնից լավը չլինես… Իսկ հիմա ոչ սուրճ կտամ, ոչ էլ կոնֆետ: Մակարոն՝ կես կիլո, տա՛ր, եփի՛ր, վաղն էլ ծուռվիզ չես գա, մտածես՝ երեխեքիդ ճաշի համար ի՞նչ գրվես: Սը՜սս…

Սը՜սս, Բելլան հաշվարկ է անում, սը՜սս, իր եկամուտը ինքը գիտի, սը՜սս, կողպում է խանութի, տան, պահարանի դռները, կողպում է շատախոս հարևանների բերանները, կողպում է…

Աշունը գլխապտույտ ապրեց, մազաթափություն ախտորոշմամբ ճաղատացան ծառերը, եղևնիները հռհռացին, ու լուսինը աչքով արեց, մրգերը չիր դարձան, սարդոստայն շալերը գործվեցին, սեղանին հայտնվեց թթու վարունգն ու խաշած կարտոֆիլը:

Բը՜ղկ, բը՜լթ, բը՜լթ, բը՜ղկ, բը՜լթ… Նյուտա, հո հղի՞ չես, Նյուտա, ուշքի՛ արի, կսպանե՛մ, կվռնդե՛մ, կանիծե՛մ, Նյուտա՜…

-Բա՛ց թող, Մա՛յր, մազերս թող…

Փախի՛ր, փախի՛ր, Նյուտա, դուռը բաց, զգույշ… Ա՜խ, հիմար, երկարալեզու աստիճաններ, բռնե՜ք, պահեք, մի՛ տարեք, մի՜ տարեք, տարե՜ք, տարե՜ք….

Կատուներ՝ փը՜շտ, փը՜շտ, ինքնաե՛ռ, բերանդ փակ, կուլ չի գնա, էլ չի տաքացնի ոչ մի կոկորդ քո եռմանը, եղևնիներ, ամո՜թ է, ամո՜թ, ծածկեք ձեր կանաչը ձյան սպիտակ պատանքով: Լռություն. կրա՛կ, հանգիր, ջո՛ւր, պաղիր, ձյո՛ւն, ամուր գրկիր եղևնիներին: Կանաչը նրանն է, նրանցն է, այս երկուսինը, ա՜հ, հանում են, հանում են տանից, Նյուտան, ոտքերն առաջ ցցած, հագին՝ մոր թաղման զգեստը կանաչ, զգեստի տակ՝ չկանաչած ևս մի կյանք, գնում են հորիզոնական քայլքով:

Քառասուներեք տարի առաջ էր, պորտալարը կտրեցին, սպիրտով մշակեցին, օղի, բերեք, օղի՛, այս ի՞նչ ձիգ պարանով են իջեցնում:

Շաքար-բամբակ մազերով հայր, կյանքում առաջին անգամ մազերդ ցից-ցից են, Մա՛յր, մի կողմ անցիր, կանանց չի՛ կարելի, չի՛ կարելի…

Ձյունը տաք է, ձյունը կծածկի, կսիրի, չեն մրսի, իսկ գարնանը ծաղիկներ դուրս կգան, կարմիր-կարմիր՝ կանաչ ցողուններով….

Իսկ հիմա՝ լռի՛ր, լռություն…

 

Անդին 3, 2016

 

 

Կարծիքներ

կարծիք