Տա-տա, տա-տա… և այլն

Nahapetyan-Հարգելի հեռուստադիտողներ, մեծարգո հանդիսատեսներ, տիկնայք և պարոնայք,- ձեռքերը տարածելով ու շողարձակ ժպտալով սկսում է շոումենը,-նախ հայտնեմ, որ «Աշնանային նորաձևություն» մեր այս ինքնատիպ և բացառիկ շքեղ միջոցառումը կազմակերպել և հովանավորել են «Վարվառա-Էդիթ-Նոյեմզար» համատեղ ձեռնարկությունը, «Մոդեռնո-Շատ Սիրունո» իտալա-հայկական բաժնետիրական ընկերությունը, իր գթասրտությամբ հռչակված «Ինձնից ձեռ քաշիր» բարեգործական միությունը և սոցիալական ապահովության նախարարությանը կից գործող «Գլխիդ ճարը դու տես» պետական գրասենյակը: Ծափահարություններով ողջունենք նրանց, բարեկամներ…

Թնդում է երաժշտությունը, հանդիսատեսները ոգևորված ծափահարում են, դահլիճում հայտնվում են կարճ շրջազգեստներ հագած երկարոտն գեղեցկուհիներ, որոնք մատուցարաններով կոկա-կոլա, «Հոլստեն» գարեջուր և աղով բոված նուշ են հրամցնում ներկաներին: Բեմահարթակում վազվզող շոումենը շողարձակ ժպտում է, անընդհատ գլուխ տալիս և խոսափողը արագ-արագ մի ձեռքից մյուսը տեղափոխում: Մի անպատկառ տղամարդ փորձում է շոյել գեղեցկուհիներից մեկի ոտքը, սակայն վերջինս, շարունակելով ժպտալ, դատարկ մատուցարանով հասցնում է նրա գլխին: Դահլիճով մեկ տարածվում է մատուցարանի զրնգոցը և հանդիսատեսների կենսախինդ, առողջ ծիծաղը: Շոումենը, փաստն օգտագործելով, աշխատում է փայլել մասնագիտական բարձր վարպետությամբ:

— Այ թե զրնգոց էր,- բացականչում է նա, — այ թե զրնգաց… միայն չհասկացա ինչը՝ դատարկ մատուցարա՞նը, թե՞ դատարկ գլուխը:

— Որ դրսում բռնեցի՝ կհասկացնեմ,- բղավում է դահլիճում նստած անպատկառ տղամարդը՝ շարունակելով շոյել տուժած գլուխը:

-Հիանալի պատասխան,- փորձում է ժպտալ գունատված շոումենը,- ձեր նուրբ ակնարկը հասկացա: Եվ այսպես, բարեկամներ,- ձեռքի մի շարժումով դահլիճում լռություն և կարգուկանոն հաստատելով՝ ասում է շոումենը,- սկսում ենք «Աշնանային նորաձևություն» տոնական ցուցադրությունը: Առանց կեղծ համեստության ասեմ, որ նման ցուցադրություն դեռ չի եղել աշխարհի և ոչ մի երկրում: Ինչպես ամեն ինչում, և ինչպես միշտ՝ մենք դարձյալ առաջինն ենք, — հանկարծակի բռնկվելով՝ բղավում է շոումենը ու նրա բարեհամբույր կերպարանքը ակնթարթորեն փոխվում է՝ կախ ընկած բեղերը սպառնալիորեն վեր են ցցվում, աչքերը ճարճատում են ֆոսֆորային վայրի կրակներով, իսկ ականջները, դահլիճում թշնամական ինքնաթիռներ որոնող ձայնորսիչների նման, ինքնուրույնաբար այս ու այն կողմ են շարժվում՝ դրանով շոումենը ում որ պետք է հասկացնում է, թե հարկ եղած դեպքում կարող է թունդ հայրենասերի դեր խաղալ,- նման թատերականացված ցուցադրումներով հայտնի, — կրկին խաղաղվելով և բարեհամբույր տեսք ստանալով՝ շարունակում է շոումենը, ու նրա բղավոցից, թունդ հայրենասիրական տեսքից ցնցված – սարսափած դահլիճը սկսում է կամաց-կամաց հանգստանալ,- քաղաքակիրթ Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Անգլիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և վերջապես, ինչպես ասում են, Ճապոնիան այսօրինակ միջոցառումներով այլևայլ կարգի նպատակներ են հետապնդում, մինչդեռ մերը զուտ գործնական է, և համոզված եմ, որ հագուստների ցուցանմուշները, որ այսօր դուք տեսնելու եք՝ խանդավառությամբ կընդունվեն հասարակության լայն շրջանակների կողմից և մեծ տարածում կգտնեն: Առաջին ցուցանմուշը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, կոչվում է,- շոումենը նայում է ձեռքի ծոցատետրին ,- «Կոստյում ունիվերսա՛լ» … այն նախատեսված է ժամանակակից գործարար կնոջ համար, իսկ ցուցադրում է ժամանակակից գործարար կին, նախկինում միջնակարգ դպրոցի բնագիտության ուսուցչուհի, այժմ կենտրոնական մարզադաշտին կից տոնավաճառի առևտրականուհի Կարմելա Մելիք Գասպարյանը … ծափահարություններով ողջունենք Կարմելայի մուտքը, բարեկամներ… երաժշտությո՜ւն…

Թնդում է երաժշտությունը, բեմահարթակը լուսավորվում է թրատող լուսարձակներով, դահլիճը ինքնամոռաց ծափահարում է: Կուլիսների ետևից հայտնվում է Կարմելա Մելիք Գասպարյանը, որն իր առջևից հրում է արկղերով ու պարկերով ծանրաբեռնված շողշողուն, նիկելապատ մի ձեռնասայլակ: Կարմելա Մելիք Գասպարյանի տեսքը հպարտ է, ձիգ, վստահ:

-Ինչպես տեսնում եք,- հիացած նայելով փայլուն ձեռնասայլակին՝ հայտարարում է շուոմենը, — «Կոստյում ունիվերսալի» հեղինակները մոռացության չեն տվել ժամանակակից գործարար կնոջն անհրաժեշտ և ոչ մի մանրուք: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք Կարմելա Մելիք Գասպարյանի ձեռնասայլակին: Այն ծալովի է, կառուցված է թեթև ու դիմացկուն խողովակներից և կարող է տեղափոխել մինչև 170 կիլոգրամ ապրանք: Արկղերի և պարկերի ամրացման համար ձեռնասայլակի վրա նախատեսված են հատուկ կեռիկներ, ամրացման սեղմիչ-կապող թոկեր, որոնք այսօրվա մեր  խայտառակ փողոցներում… ներեցեք ուզում էի ասել, որոնց օգնությամբ հաջողությամբ հաղթահարելով փողոցային զանազան բնական արգելքները, ինչպիսիք են՝ փոսերն ու ցեխալճակները, գործարար կինը ապրանքը, միանգամայն անկորուստ ու անվնաս, կհասցնի վաճառքի օբյեկտ: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք նաև Կարմելայի կոշիկներին, բարեկամներ, նորաձև, ճաշակով և ժամանակակից լինելով հանդերձ այդ կոշիկների ներբանները և կրունկները երեսպատված են «Սիպտոմեքս» հատուկ նյութով, որը գործարար կնոջը հնարավորություն կտա, չկորցնելով արժանապատվությամբ լի կեցվածքը, վստահորեն հրել ձեռնասայլակը և՛ սայթաքուն. սառույցի, և՛ կիսահալված ասֆալտի վրայով: Բացի դրանից, կոշիկի գերամուր նյութերից ստեղծված կրունկը, վտանգի պահին, գործարար կնոջը կարող է ծառայել իբրև ինքնապաշտպանական ահարկու սառը զենք: Վերջերս, փորձերից մեկի ժամանակ, փխրուն ու նուրբ կազմվածք ունեցող Կարմելային հաջողվեց կոշիկի կրունկի մի հարվածով ծակել երեք միլիմետր հաստությամբ պղնձե կոփածո թիթեղը:

Դահլիճը խանդավառված ծափահարում է: Կարմելան գլուխ է տալիս ու ժպտում, բայց նրա ժպիտը այժմ բավականին հանդուգն ու լկտի երանգներ է ձեռք բերել:

-Ավելացնեմ միայն,- ինքն էլ ծափահարելով՝ ասում է շոումենը,- որ այս

սքանչելի և ճաշակով կոստյումը կարված է չպատռվող, հրակայուն, անջրաթափանց, հարվածադիմացկուն, հակամագնիսական, չար աչքը խափանող, թուղթ ու գրի ազդեցությունը չեզոքացնող կտորից, որը ստեղծել են մեր ինքնուս, բայց տաղանդավոր ջուլհակները: Շնորհակալություն, Կարմելա, դուք ազատ եք…իսկ այժմ ևս մի ցնցող նորույթ: Ձեր ուշադրությանն է ներկայացվում «Փողոցների արքա» տղամարդկային ամենօրյա աշխատանքայի կոստյումը, որը կցուցադրի «ԱՖՎՆԻԼԵՍ» նախկին գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, իսկ այժմ մայրաքաղաքի լավագույն գետնանցուղու վերին՝ ամենահարմար ու շահավետ հարթակի դրամասեր և փողահավաք Բենիամին Բոստանջյանը: Ծափահարություններով դիմավորենք անկեղծ դրամասերի և աննկուն փողահավաքի մուտքը, բարեկամներ…

Ֆանտասմագորիկ հպարտ կեցվածքով ու քայլքով բեմահարթակ է մտնում Բենիամին Բոստանջյանը և ոչնչացնող արհամարհական հայացք նետելով շոումենի, դահլիճում  նստածների վրա՝ սկսում է ցուցադրել «Փողոցների արքա» կոստյումը, որը բավականին բազմագույն, տարօրինակ տեսք ունի: Ներկաներին հատկապես ապշեցնում են նրա տաբատի նստատեղի գույնզգույն կաշվե կարկատանները ու անսովոր մեծության փաթաթան գլխարկը:

— «Փողոցների արքա» կոստյումի հնարամիտ ու հեղափոխական մտածողության տեր հեղինակները,- սկսում է շոումենը,- արտակարգ հոգատարությամբ են հաշվի առել հագուստը կրողների աշխատանքային պայմանները: Օրինակի համար ուշադրություն դարձրեք տաբատի, ներողություն արտահայտությանս համար, նստատեղի կաշվե պաշտպանական շերտերին: Աչք շոյող գունային լուծում ստանալուց բացի, գետնանցուղու աստիճաններին նստած դրամասեր-փողահավաքին կաշվե այդ շերտերը կպաշտպանեն աշնանային անձրևներից, որով և թույլ չեն տա, որպեսզի վերջինս թրջվի, մրսի, հիվանդանա: Բացի դրանից այստեղ նուրբ հոգեբանական հաշիվ կա՝ անձրևի ժամանակ, շնորհիվ կաշվե այս պաշտպանական շերտերի, աննկուն փողահավաքը կարող է շարունակել իր զբաղմունքը, մինչդեռ անկարեկից անցորդները, որ այլ եղանակին անտարբեր կանցնեին նրա կողքով, այժմ, տեսնելով, որ նույնիսկ նման ծանր պայմաններում անկեղծ դրամասերը չի լքել իր աշխատանքային դիրքերը, հարգանքով կամ կարեկցանքով կլցվեն նրա նկատմամբ և ինչ-որ բան անպայման կտան: Պակաս հնարամտության արդյունք չէ նաև այս անսովոր գլխարկը: Անձրևից, արևից պաշտպանելուց բացի, անհրաժեշտության դեպքում, այն կարող է վերածվել  պայուսակի, պարկի, բարձի. վերմակի, վրան-թիկնոցի, պարաշյուտի և նույնիսկ փոքրիկ, բայց հարմար մի նավակի: Շնորհակալություն, Բենիամին, դուք նույնպես ազատ եք…

Բենիամին Բոստանջյանը, արհամարհաբար նայելով բոլորին, դեպի կուլիսներ ուղղվեց: Ընդ որում, նրա շուրթերը, դահլիճի ու շոումենի հասցեին, անձայն, բայց շատ պարզ հասկացվող հայհոյանք արտաբերեցին: Շփոթվելով ու չիմանալով ինչպես արձագանքել հայհոյանքին՝ ներկաները ի վերջո գերադասեցին անհասկացող ձևանալ և այնուամենայնիվ ծափահարեցին:

-Իսկ այժմ, բարեկամներ, ձեր համակ ուշադրությանն ենք ներկայացնում «Պոետական բոցավառ սիրտ» ամենօրյա կոստյումը, որից վստահորեն կարող են օգտվել ոչ միայն գրողները, այլև արվեստի բոլոր բնագավառների ներկայացուցիչները: Ի միջի այլոց ասեմ,- շշուկի անցավ շոումենը,- որ նմուշը ներկայացնում է մեր անվանի մանկագիրներից մեկը, բայց տաղանդներին հատուկ համեստություն և ամոթխածություն դրսևորելով, մեր անվանի մանկագիրը ցանկացել է ինկոգնիտո հանդես գալ, հարգելով մեր խոստումը, նրան պայմանականորեն անվանել ենք պարոն Զեթ, ավելացնեմ միայն, որ նա «Ալան-թալանիկ, իմ բալիկ» հանրահայտ բանաստեղծության հեղինակն է: Բուռն ծափահարություններով ողջունեք պարոն Զեթի մուտքը, բարեկամներ… բավական է, բավական է… ես, իհարկե, հասկանում եմ. որ ձեր բուռն ու երկարատև ծափահարությունները ուղղված են ոչ միայն մեր անվանի մանկագրին, այլ նաև այս հետաքրքիր, հնարամիտ ու խիստ գործնական ամենօրյա կոստյումի հեղինակներին: Համաձայն եմ, բարեկամներ, ահա թե ինչ արդյունք կարող է ստացվել, եթե ունես պրպտուն-հեղափոխական միտք, հումորախառն նուրբ ճաշակ,կարեկցախառն-բարի սիրտ և արվեստասիրախառն-վեհ հոգի: Այստեղ նույնպես աչքաթող չի արված և ոչ մի մանրուք: Ուշադրություն դարձրեք պոետի կոշիկներին: Համարձակ, հանդուգն և, ես կասեի, ժամանակի պահանջները սթափ գնահատող միտքը միայն դրանք կարող էր ստեղծել: Հապա նայեք աջ կոշիկի ծայրի կողային անզուգական անցքին… ցույց տվեք, խնդրեմ, պարոն Զեթ… ահա, բոլորդ տեսեք, տեսեք, թե ինչ հպարտությամբ է այդ անզուգական անցքից դուրս ցցվել պոետի աջ ոտքի բութ մատը… իսկ ձա՜խը… պակաս հիացմունք չի պատճառում ձախ կոշիկի ճկութային գերնրբաճաշակ անցքը, որից դուրս ցցված չարաճճի ճկույթիկի աշխույժ շարժումները դիմացինին անմիջապես հասկացնում են, որ պոետը, ժամանակավորապես հայտնվելով նյութական ոչ այնքան փայլուն վիճակում, ոչ միայն չի կորցրել առողջ հումորի զգացումը և լավատեսությունը, այլև շուտով, շատ շուտով մի տաղանդավոր ստեղծագործությամբ կուրախացնի իր բազմահազար ընթերցողներին: Այդ զգացողությունը հատկապես ամրանում է, երբ դիտում ես բաճկոնի աջ թևատակի պատռվածքը… տեսեք, թե ինչպիսի բծախնդիր մանրամասնությամբ են ընդգծված պատռվածքից կախ ընկած աստառն ու թելերը: Հապա տաբատի ծնկամասերի ուռուցիկ, համարյա գալիֆեային լուծում ստացած շեշտադրումնե՜րը… Անմիջապես հասկանալի է դառնում, որ այս կոստյումը գրողների համար մասնավորապես, իսկ արվեստագետների համար՝ ընդհանրապես, անփոխարինելի է հովանավորներ որոնելիս, հրատարակչությունների տնօրեններին այցելելիս, սփյուռքահայ բարեգործների հետ հանդիպելիս: Շնորհակալություն, պարոն Զեթ, ազատ եք… իսկ այժմ… հերիք է ծափահարեք, հերիք է… հավատացնում եմ, որ նման հիացմունքի պահեր դուք այսօր շատ եք ունենալու… Եվ այսպես, պատիվ ունեմ ներկայացնելու «Բանվոր տղերք» կրկին ամենօրյա կոստյումը, որի անվանումից հավանաբար գլխի ընկաք, որ այն նախատեսված է գործարաններում, ֆաբրիկաներում և, ինչպես համառորեն պնդում է պաշտոնական վիճակագրությունը, ողջ հզորությամբ կամ կիսահզորությամբ աշխատող արդյունաբերական մյուս ձեռնարկություններում, ժամանակավորապես անգործ, բանվորների համար է: Պետք է ասեմ, որ հագուստը ցուցադրող անձը նույնպես ցանկացել է անանուն մնալ: Ոչ թե արվեստագետներին հատուկ համեստության կամ ամոթխածության պատճառով, այլ այս անգամ արդեն՝ բանվորական հպարտություն:

Բեմահարթակ է մտնում հսկայական ու ծալքերով լի թիկնոցով լայն-լայն հագուստներով մի հաղթանդամ տղամարդ:

— Առաջին հայցքից ձեզ, իհարկե, կզարմացնեն պարոն Օմեգայի հսկայածավալ թիկնոցն ու լայն հագուստները: Բայց միայն առաջին հայացքից: Մինչդեռ,-խորամանկորեն ժպտում է ու հիացմունքից լեզուն ճտտացնում շոումենը,- սա ամենաիսկականն սենսացիա է … և պրոլետարները բոլոր երկրների կմիանան մեր հիացմունքին. և քաղաքակիրթ Ֆրանսիայի, և Իտալիայի, և Ռուսաստանի, և Անգլիայի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների, և վերջապես, ինչպես ասում են Ճապոնիայի բանվոր դասակարգը միահամուռ կողջունի այս հագուստը, ու շուտով այն աշխարհի բոլոր երկրներում մեծ տարածում կգտնի: Բացահայտեմ գաղտնիքը: Այս հագուստով, միջին հզորության գործարանում աշխատող երեք առողջ և աշխատասեր ընկերներ, ընդամենը մեկ ամսվա ընթացքում կարող են մաս-մաս քանդել և խուզարկու հսկիչների աչքից աննկատ ողջ գործարանը տեղափոխել ապահով մի այլ վայր կամ հարևան որևէ պետություն ու կրկին հավաքել: Ամբողջությամբ: Պա՜տ-կե-րա՜ց-նու՜մ եք… մաս-մաս… երեք աշխատասեր, առողջ ընկերներ … ընդամե՛նը մեկ ամսում… ողջ գործարանը տեղափոխել ապահով մի այլ վայր կամ հարևան որևէ պետություն ու կրկին հավաքել: Ամբողջությամբ: Պա՜տ–կե՜-րա՜ց-նո՜ւմ եք… մաս-մաս… երեք աշխատասեր, առողջ ընկերներ… ընդամե՛նը մեկ ամսում… ողջ գործարա՜նը…ու ոչ ոք, ոչինչ չի նկատի… մաս-մաս…ողջ գործարա՜նը … և դեռ նախկին ռեժիմից մնացած «Պատվո տախտակն» էլ հետը: Իբրև վրադիր: Օրինակ հիմա, պարոն Օմեգայի թիկնոցի և հագուստի գաղտնարան-գրպաններում ժամանակակից, թվային հաշվարկով աշխատող հզոր մի հաստոցի մեկ երրորդն է խնամքով տեղավորված,- մոտենում է պարոն Օմեգային ու թիկնոցը քանդելով՝ նայում է խորքերը,- այո, այո… մեկ երրորդը, մնացած երկու երրորդը նրա ընկերները այժմ արդեն աչքից հեռու մի ապահով վայրում հավաքում են … և դեռ ինչքա՜ն տեղ կա, ինչքա՜ն տեղ… այս թիկնոցում հիմա շատ հանգիստ կտեղավորվի իմ կազմվածքի մի մարդ, դե, երևի միայն ձեռքերը քիչ կախ ընկնեն… այ քեզ հրաշք…

Ընդհատելով շոումենին՝ ողջ դահլիճը ոգևորված ցատկում է տեղից և սկսում ծափահարել: Շոումենը ցանկանում է հանդարտեցնել դահլիճը, սակայն այդ պահին կուլիսների ետևից դուրս է գալիս կերպարանափոխված Կարմելան ու վազքով մոտենալով շոումենին՝ սկսում է զայրացած ինչ-որ բան շշնջալ: Տեսնելով, որ Կարմելան հանում է կոշիկը և կրունկը շոումենին ուղղում, դահլիճը ակնթարթորեն հանդարտվում է և սկսում ականջ դնել: Ու չնայած շոումենը ձեռքով փակում է խոսափողը, սակայն հանդիսատեսները այնուամենայնիվ լսում ու հասկանում են որ ցուցադրման համար խոստացված քսան դոլարի փոխարեն Կարմելային վճարել են ընդամենը երեք հազար դրամ: Իրադրությունն ավելի է սրվում, երբ բացահայտ մտադրությամբ շոումենին է մոտենում պարոն Օմեգան: Զգալով, որ բեմահարթակում ցլամարտի պես մի բան է տեղի ունենում, և ուր որ է արյուն կհոսի, հանդիսատեսները քարանում են անթարթ աչքերով բեմ նայում: Հանկարծակի հանգում են լույսերը: Բեմահարթակից լսվում է ճիչ, աղաղակ, հայհոյանք և մի այնպիսի ձայն, ասես, ճռճռան թղթի մեջ ինչ-որ բան են փաթաթում: Չնայած պարզ զգացվում է, որ այնուամենայնիվ փաթաթում են: Կրկին վառվում են լույսերը: Բեմահարթակին Կարմելան և պարոն Օմեգան կարգի են բերում հագուստները: Կարմելան հագնում է կոշիկը, որի կրունկը կասկածելիորեն կարմրել է: Իսկ շոումենը չկա: Շոումենը անհետացել է: Կարմելա Մելիք Գասպարյանը և պարոն Օմեգան գլուխ տալով կուլիսների կողմն են ուղղվում: Եվ այստեղ բոլորը տեսնում են, որ պարոն Օմեգայի թիկնոցի ծայրից կախ է ընկել անօգնական, բայց խոսափողը ամուր սեղմած, մի ձեռք: Դահլիճում իրարանցում է սկսվում: Իսկ հեռուստաէկրանների վրայից անհետանում է պատկերը, ընդհատվում ռեպորտաժը: Անմիջապես հայտնվում է բոլոր կողմից սիրված հաղորդավարուհին, որը դեմքի հոգնած արտահայտությունը փորձում է քողարկել իր աննման ժպիտով:

— Հարգելի ուղևորներ,-հայտնում է հաղորդավարուհին,- անբարենպաստ եղանակի պատճառով, թիվ 905 ուղերթը Երևանից…

Հաղորդավարուհին միանգամից ու շփոթված լռում է, մեղավոր ժպտում, մաքրում կոկորդը:

-Ներեցեք խնդրեմ, — ասում է նա, — հարգելի գնորդներ, մեր տոնավաճառում դուք կարող եք ձեռք բերել …

Հաղորդավարուհին կրկին լռում է: Շիկնում: Եվ այս անգամ արդեն, սխալի համար ներողություն խնդրելով ու անժպիտ, արագ-արագ վրա է տալիս .

-Հարգելի հեռուստադիտողներ, տեխնիկական պատճառներով «Աշնանային նորաձևություն» միջոցառումը ընդհատվեց: Այն կշարունակվի մոտ օրերս, որի մասին նախապես տեղյակ կպահենք: Իսկ այժմ, Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Փոքրիկ կարապների պարը»:

Եվ էկրանին հայտնվում են չորս սքանչելի պարուհիներ՝ ձյունաճերմակ պարազգեստներով, որ չգիտես երբ, չգիտես ով էր մտահղացել: Ու չորս հրաշք պարուհիները, գլուխները կիսաթեք, փղոսկրե պարանոցները սիգաճեմորեն վեր պարզած, անհավատալիորեն գեղեցիկ, բայց միաժամանակ նաև իրական ու շոշափելիորեն ծանոթ, համաչափորեն սկսում են շարժել կախարդական ոտքերը: Հեռուստադիտողներից ոմանց կոկորդին, չգիտես ինչու, անհասկանալի ու խեղդող փղձուկ է դեմ առնում: Իսկ էկրանին տարածվում է անմահ ստեղծագործությունը՝ տա-տա, տա-տա, տա՜աաաա՜- տրաատա, տա-տա, տա-տա… և այլն:

 

Share

Կարծիքներ

կարծիք