Մեծ պատիվ է լինել մի երկրում, ուր այցելել է Աբբաս Քիառոսթամին. Հոմայուն Էրշադի

DSC01983Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացվող հերթական վարպետության դասը:Ներկաներն այս անգամ հնարավորություն ունեցան ունկնդրելու ազգությամբ իրանցի դերասան Հոմայուն Էրշադիին:

Իտալիայում ապրող և ստեղծագործող իրանցի ճարտարապետ Հոմայուն Էրշադին Աբբաս Քիառոսթամիի «Բալի համը» ֆիլմի գլխավոր դերակատարն է:

-Ինձ համար մեծ պատիվ է, որ այժմ գտնվում եմ մի երկրում, ուր այցելել է նաև իմ մեծագույն վարպետը,-նշեց դերասանը:

Ինչպես հայտնի է, Աբբաս Քիառոսթամին սովորաբար պրոֆեսիոնալ դերասանների հետ չէր աշխատում և իր ֆիլմերի համար, որպես կանոն, ընտրում էր «ոչ դերասանների»:

-Ես դերասան չէի և վախենում էի, որ ֆիլմում դերս չեմ հաջողի: Երբ այդ մասին ասացի Աբբաս Քիառոսթամիին, նա ասաց՝ մի մտահոգվիր, եթե չհաջողես, ուրեմն դա իմ մեղքն է: Ես դրանից դարձա միամիտ ու ավելի ազատ զգացի ինձ կինոխցիկի առջև, — պատմեց Էրշադին:

Առաջին անգամ նկարահանվելով Աբբաս Քիառոսթամիի ֆիլմում՝ Հոմայուն Էրշադին թողեց ճարտարապետի իր աշխատանքը և նվիրեց կինոյին և թատրոնին, ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում:

DSC01981-Ես կարծում եմ, որ ամեն դերասան պիտի թատրոնի միջով անցնի, քանի որ բեմի վրա դերասանը գլխից մինչև ոտքերի ծայրը շփման մեջ է հանդիսատեսի հետ, և այդ առումով թատրոնն ամենակատարյալ դպրոցն է դերասանի համար:

Իրանցի կինոռեժիսոր, լուսանկարիչ և բանաստեղծ Աբբաս Քիառոսթամիի ֆիլմերը Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնում ներկայացվել են տարբեր տարիներին, իսկ ինքը՝ ռեժիսորը 2005 թվին այցելեց Հայաստան՝ որպես Ոսկե Ծիրան կինոփառատոնի պատվավոր հյուր: 2016 թվականին 76 տարեկան հասակում Աբբաս Քիառոսթամին հեռացավ կյանքից
Եվ այս տարվա Ոսկե Ծիրանի շրջանակներում կցուցադրվի ռեժիսորի «Բալի համը» ֆիլմը՝ Հոմայուն Էրշադիի մասնակցությամբ:

Կարծիքներ

կարծիք