Բանաստեղծություններ

Հեղինակ:

13138819_1044649632260595_4607839251505095124_n

Փերիների գալուստը         

 

Օրվա այն ժամին,

երբ զգայարանդ հուշում է, որ դու զավակն ես լուսնի և

սերդ անէության ձևն է ստանում… հյուծեղանում ու ծորում հեղուկակերպ ու անկերպ…

քաղաքը քեզ հուշում է,

որ սիրո համար անելանելիի ժամանակներ են սկսվում…

 

ամենայնին փոխարինող դեղահաբերի ժամանակները,

որ կծխեցնեն հոգսերը օրվա…

օրվա հետ միասին…

զգայության համար անանցանելի ու

ապահով,

չծնված սաղմի պես ցանկալի…

 

լույսը բացվելուն պես կամ լույսը վառելուց առաջ

հեռու մնացեք օտարներից…

հանկարծ կարող է սիրեք երկուսին կամ մեկին, և լուրերում մեռնողները էլ չեն սփոփի

լուռ սրճաժամը լուսադեմի…

 

հետո էլ համընդհանուր իրականն է սկսվում…

ունայնության եռուզեռը տրոհում է սպասելիքիդ առօրյա ծեսը, և

դու տենչում ես նոր տեղանքներ, որոնց ներսում այլոց ժամանակն ու

պատմությունն է իշխում…

սակայն այդ նույն ընթացքում ինչ-որ բան մեռնում է քո ներսում և առավոտվա լուրերում չի արտացոլվում…

ու չես գտնում սփոփանք մեռնումիդ մեջ ու ոչ էլ այլոց մեռնումի…

ժամանակից զատ երակներումդ կան հոսանքներ, որ նույնպես կարող են հապաղել ու

կանգնել…

անօգուտ հայելիներ վերանորոգ քարանձավում, որ զննում են քեզ և

իրենց տեսնել բնավ չեն ուզում…

անօգուտ տեսիլներ ու տեսնողներ – ռումբերից առաջ, ռումբերից հետո…

տեսիլքներ, տեսիլքներ ու էլի տեսիլքներ… առանց տեսնող-տեսանողի…

անթագավոր գահեր…

մահեր առանց մեռնողների ու մեռնողի…

հարություններ՝ անձայն ու անլուռ,

նույնիսկ անտեսանելի…

 

անձրևով լվացվող արձաններ…

արձաններով լվացվող հոգիներ…

հոգիներ առանց տերերի ու լռության,

ներկայությունից առավել անշարժություն ու որդեր սովյալ, որ չունեն թևեր գաղթելու ու

քարավան ձգելու երևակայություն…

ու հենց այդժամ են փերիները ծնվում ու փթթում անտառում ծառերի թմբիրին համահունչ

ու բովանդակ է դառնում բույսի բնութքը լուռ ու անվրդով…

նորից ծնվում է տեսլային մի բան,

դառնում առավել իրական, հրատապ ու շարժուն…

ու զանազանում Տեսանողին իր բիբից սեփական…

 

 

 

Սրի՛ր անկյունը                     

                                                                                                           

Հայտնի չորս կողմ,

ու որ կողմ էլ նայես — փակվող վանդակաճաղ է…

— ձայն երկաթի, որ չի վերափոխվում լռության…

անէության…

 

ձյան փխրուն շերտի տակ արյուն է հոսում —

փողոցի երակն է կտրվել…

խաչված փայտի տակ արյուն է հոսում —

փայտի երակն է կտրվել…

 

լսվող լռությունից անդին…

ամբոխը հրճվեց կաթկթող արյամբ —

ու շունչ քաշեց թեթևացած…

հռոմեացի մի զինվոր քաջ գտնվեց մյուս զինվորներից…

 

դարեր հետո այդ Արյունը կորցնելով —

մենք կկտրենք մեր երակները, ու կամուրջները

մեզ կընկերանան…

 

սրի՛ր անկյունդ, և կողմերը կշատանան…

բայց ամեն կողմում փակվող վանդակաճաղ է…

 

 

 

Ես ենք

 

Նրան ասացին.- դու ես սպանել…

Ասաց.- ես չեմ…

Ասացին.- դո՛ւ ես…

Ասաց.- չէ ՛…

Ասացին.- ուրեմն ո՞վ էր…

Ասաց.- նա ով ես չեմ…

Ասացին.- ուրեմն ո՞վ ես դու…

Ասաց.- իսկ դո՞ւ…

Ասացին.- մենք շատ ենք…

Ասաց.- ես՝ ենք…

Ասացին.- բա մե՞նք…

Ասաց.- ես՝ էլ…

Ասացին.- ուրեմն դո՞ւ չես…

Ասաց.- չէ…

Ասացին.- շատ լավ, ուրեմն չենք…

 

 

  

Ծառատակի խնձորը նոր ջրհեղեղ է

 

Ջրհեղեղից քիչ հետո — մի նոր ջրհեղեղ…

ու մի նոր արարում ջրհեղեղից առաջ ու հետո…..

մի նոր ծառ… ու հին Արարիչ….

նոր ճյուղերում՝ նախկին Սատանա….

տերևներում խաղացող՝ նորապիրկ-հանդուգն Արև…

ու ջրերի երեսին թևածող նորանյութ հոգիներ…

 

հին դատարկության մեջ — հնացած մի մարմին փտած կողերով…

 

նորածառի տակ՝ մոռացված մի խնձոր…

 

Ջրերի վրայով քայլողը

 

գյուղացու ձեռքերը անձիս պես եմ սիրում…

ձեռքեր —

հողե սարդոստայնով…

փշոտ…

սադափե եղունգներով…

ամեն մատը մի ողնաշար երեխայի…

միակուռ…

առանձին…

երկկենցաղ արմատներ…

 

նրանք երեք սեխ ընտրեցին ձուլվելով կլորությանը պտուղի…

ձմերուկի քարանձավը զրնգաց…

արևայրուկով պոմիդորները դարձան ձեռքի կոշտուկներ…

բադրիջանները սևաթույր ճագարիկների ընտանիք,

որ իրար խանգարելով լցվեցին հնամաշ տոպրակի մեջ…

հետո գյուղացին սուզվեց սրածայր բիբարների պարկն ի վար

ու հասավ մինչև միջուկը երկրագնդի…

ճեղքեց տիեզերքի հեգնանք-խավարն

ու մի փարթամ կեսկարմիր բիբար դուրս հանեց…

դուրս հանեց Հռոմի պապից մեծ հավատքով առ կյանք ու

Հարություն…

դրեց տոպրակում սպասող մյուս բիբարների շարքում

ու մահը սրբեց ցեխոտ շալվարին…

 

գումարը խցկեց շապիկի գրպանի մեջ մինչև պատռումը տարայի…

ծխախոտն այրեց ասես Արև…

ներս քաշեց լուսատուն ու հենվեց իր մեքենային,

որի մետաղը վաղուց չկար…

հողին էր խառնվել…

ծլարձակել…

 

ու բեռնված՝ ես ու տղաս

քայլեցինք ծովի ջրերի վրայով…

 

 

 

Անդին 3, 2016

Կարծիքներ

կարծիք