Դառնամ, զօղորմին տի տամ

M. SimonyanԵվ ի՞նչ է փնտրում հայը…

Երևի թե ոչինչ ավելի, քան միայն իր կորուսյալ ամբողջությունն ու իր հոգևոր նմանակին: Քանի հավատացած է, որ ամենայն բանի սկիզբն ինքը գիտե, և դա է՝ Բանը: Եվ քանի կա, որ Բանը Արդարությամբ եղավ ու հաստատվեց: Ինչը, որ կառուցիկ պահի Ծիր մի՝ երկինք, ջուր, հող ու հուր:

Եվ ինչը, որ մարդուն պահի որպես բարեբեր հունցումի մի թթխմոր…

Եվ երբ հեթանոս՝ իր աստծո հառնումն այս բառերով էր պատկերվել.

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի,

Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ…

Եվ ի՜նչ մի տեսակ կամեցում էր, որ տողերը մնային ու ճանաչելի դառնային սերունդներին, ուր մեկտեղված՝ նախասկիզբ տարերք, մի հառնում՝ անդին և հմայքը անտիկ Խոսքի, հավերժորեն մնալու սրտերի մեջ սերունդների: Եվ ժամանակը, երբ Խոսքն առանց երկնի և առանց երկրի չէր և աստվածների անձնական անունների միջոցով, որ բացեր աշխարհը:

Անտիկ առասպելների ընդերքում, ուր որ Ծիրի իմաստները:

Նվաճող եղավ մի կարճ ժամանակով՝ դա վաղուց էր…

Եվ կային, որ արդեն անցել էին՝ մեռած ազգեր, և նա կար, ով՝ հրեան, հույնը, հռոմեացին, պարսիկը, չինացին և էլի քանիսը նորերից, ում հետ որ հայը կիսեր հազարամյակների ճամփորդի իր մենությունը:

Իր անունը տարածված կար մերձակա ժողովուրդների մեջ, բայց երբ ներս մտավ եկեղեցու դռնից, ինքը Հուսացողն էր, քանի ասված կար՝ ձեզի գանձեր մի դիզեք երկրի վրա, ուր որ ցեցն ու ժանկը կապականեն, ապա ձեզի գանձեր դիզեք երկինքը, ուր որ ոչ ցեցը և ոչ ժանկը կապականեն…

Հետո արդեն, երբ ժամանակը կորուստների էր…

Գրված չկա մի տեղ, թե ծունկը հողին առավ, բայցև իրողություն է, որ երկիրը մասնատվեց: Երկուս դարձավ, ինչը որ առաջներում ամբողջ էր ու մեկ էր: Երկիր ու հող և մարդը՝ բյուր, դար, որ տևեր՝ կորուստ մի անդառնալի, հազար տարի ու ավելի…

Այդժամ՝ թագավորներ ծնեց իր ընդերքից և վերին զորականներ, բայց միայն ուրիշների համար, քանի երկրի զորությունն էլ չէր բավում սնելու իր ներսից հառնածին, թե իր լրումին հասցներ նմանի կայացումը:

Պատերազմներ դաշտերի մեջ, գետի ափին ու լեռնոտ տեղի՝ իր օրհասական կռիվը, ինչը որ էլի ասվեր, թե հանուն հավատքի էր…

Իրողություն է, որ տոհմական ճյուղերը երկրի ներսում նախ ծանծաղեցին: Երկիրը պահող կառուցիկը, երբ դարձավ, որ աղճատումն արդեն սկսված էր… Առանձին հարց է, թե տեսակ՝ տոհմեր, ինչպես եղավ, որ մաշվեցին ու մնացողն՝ ով, որ դեռ փութար պահել երկիրը: Կարևոր է, որ տոհմականն իր դեմ հառնած վտանգը չըմբռնեց, ինչը, որ անիմացության վկայություն ու տեսակ՝ մի տկարություն էր: Եվ ցածինը, ով շինականն էր և էլի նույն հողը պահեր: Թվա, թե այս երկու թևերի հակադրությունը երկիրը յուրայինի ձեռքերով ավերելուն չբերեց: Բայցև չեղավ, թե իշխանական տոհմերի վաղաժամ նահանջն իրենով արդեն արդարություն էր: Տեսակ մի նահանջ, ինչի իրական արդյունքը բնավ նոր ժամանակները չէին, ապա՝ տոհմիկ տեսակի ուծացումը, քանի արդեն գալու կար, թե աշխարհի մեջ հայտնվեր ընդհանրական պատահածինը: Ինչը որ հետո եվրոպական քաղաքակրթության ու մարդու համար մտահոգ մեծ ֆրանսիացին այս բառերով պիտի ահազանգեր՝ բարոյականությունը մեր օրերում համառոտված է… Նշանակի, թե փույթ չէր այլևս, թե զանց համարվեր բարոյականի համարում ունեցող ամենայն բան, ինչը որ մարդուն կկաշկանդեր իր որևէ արարքի մեջ:

Երբ կար, որ տոհմականի տրոհումն իր լրումին էր հասել…

Եվ քանի հողներեսին արդեն խաշնարածի ժամանակն էր…

Եվ նրա, ով իրենից հեռու հողը կարևորեց…

Որքանը, որ ճանաչելու՝ օտար տեղանքը և ինչը, որ հեռու տեղի՝ բաց սփռված, որպես մի շտեմարան: Անհոգի յուրացնելու՝ նորատեսակ ու նորահամ բազում բարիքներ, որպես նվաճողի՝ իր բանուկ մտքի արգասիք, սեփականություն: Եվ անդրենածինը, ով հողի տերն էր, անպաշտոն՝ այլևս, մի գրաստ որպես: Տարածվեց, թե հենց սրանք էին, որ տեղանքներում, քաղաքակրթությունից անմասն՝ վայրենիներ: Ուստի և տարածքը բնակեցնող անդրենածինի համատարած սպանդը հազիվ թե որպես մեծ մեղք դիտվեց:

Այսօրինակ մի պարզ բանաձևումով եղավ մոլորակի առանձին կոչվածության՝ արյան մեծ տեղաշարժը…

Հազար տարի տևեց և ավելի, մինչև որ Եվրոպայի երեսից շղարշ քողը բարձրանար, և շշուկներ հնչեին, իբրև մի գաղտնագիր նպատակ և անհրաժեշտ վարք՝ իբրև, տեսակների ուծացումն ու պատահածնի առատությունը՝ հողից վեր…

Միջոցին, երբ հարավի սահմանագծին քրիստոնյա հայը դեռ մաքառեր…

Բայց զարմանք բան՝ իր Գրի ու Խոսքի հմայքը չեղավ, թե նահանջեր: Դառնար, որ արհավիրքի պահին, կինը իր երեխուն թողած, գիրքը փրկեր… Այսօրինակ կապվածությունն իր գոյակերպին, իմացական օտարին վտանգավոր մի բան հուշեր, ով որ հետո պիտի ասեր՝ այդ անտանելի հայերը…

Նախ, որ գրի լույս ճրագը, թե որտեղից, որ ճառագեր… Եվ աշխարհիկը, ինչի մեջ, որ հայը կար և էլի լույսով էր: Եվ որքան էլ որ ցածում, ով խութերում ու փապարներում, որպես օրհասական պահի՝ մարդ ճգնավոր ու բանաստեղծ:

Եվ հայոց Ներսես Շնորհալի կաթողիկոսը… Ով որ  «Հօրէ բըխումի» ներքո հուսար իրեն տեսնել և որպես հավերժական խոնարհումի մի վկայում, երբ գրեց.

Բըխումն ի Հօրէ,

Բըղխեա ի հոգւոյս

Բան քեզ ի հաճոյս…

…Եվ նրանք, որ նույն միջոցին որպես վերջին տոհմիկ իշխան կամ ընդհատված գահի մի գահակալ…

Նրանք, որ ջանային, թե մնացյալը փրկեին՝ երկիր, ինչ ժամանակ, որ ասպարեզ իջնեին ու ճիգ թափեին: Որքան էլ որ պատմիչներ պատճառ բերեին, թե օրհասական պահի թագավորի մի սեր, առ իշխանազուն տիկինը, պատճառ դառնար, թե խափաներ հույժ անհրաժեշտ ջանքը՝ երկիրը փրկելու, և կամ ժամանակներին «անհարիր» մարդկային էլի ուրիշ ապրումներ…

Եվ դառնար, որ հայոց անմիաբանությունը շահարկվեր, ինչը որ իրականում ավելին չէր, քան այլ ազգերի ներսում եղածը, ինչը որ մոտ տեղի ու հեռուներում կատարվեր:

Եվ ի՜նչ մի տեսակ կամեցում էր, օրերի՝ իր կատարյալ մեղեդին, որ ձև առած կար արդեն, իր քրիստոնեա օծվելու վաղ նախաբանին: Միայն լսելու չէր, ինչը որ հնչյունի շաղկապումների մի անսասան օրենք: Եվ ինչը, որ վերին մի ընդերք՝ մի տաղ, մի շարական, մի հայրեն, երկնածածկի բերում իբրև և նշան նաև երկնային տրվածության: Ինչը կայացնելով հայն իրականություն դարձներ տիեզերական մի պատվեր, քանզի մեղեդու կայացումի տեղը Էրկնուց ընտրված կար արդեն, և կրողը կար ընտրված, թե հետո նոր, որ հայը դառնար մարմնեղեն:

Հենց ինքն էր, որ անզարդ եկեղեցու կլոր գմբեթը քառակուսու վրա տեղադրեց…

Իր մեղեդին, ինչը որ համայն մարդուն պահեր Երկինք – Երկիր՝ անխոտոր առանցքին, մեղեդու ներսի նշխարքները նրան բաժաներ և դառնար, որ տաներ վեր մարդուն, ուրկից որ իջած կար հնչյունը…

Եվ ինչը որ հայը ծաղկեր մագաղաթի երեսին, նույն մի՝ եդեմական անանցություն…

Այդժամ եկեղեցու սպասավորը վկայեր, թե աշխարհիկ տառապանքը մարդուն տրված կա և հանուն տառապանքի պտուղի է, ինչը որ օծվելու՝ տառապանքի ուժի չափով, թե իրենով՝ աչքից դուրս եղածի ճշմարիտ խորքը բացվեր մարդուն:

Եվ հայը, ում գերագույն նպատակը մնար, որ երկնայինը…

Մնար, որ էլի անտեղյակ, օտարի հազար տարի ձգվող մտքի շաղկապումներին: Երբ արդեն մի կես բերան հուշվեր, թե պատմությունն ուրիշ մի բան չէ, քան առանձին տեսակ մարդու ձեռքի շարժումը, ինչով որ կատարվեր՝ մի պատերազմ, մի կործանում, գիր-ծածկագիր, հարյուր տարվա մի համբերում, մի խաչակիր, մի արշավանք երկրի սահմաններից անդին, խելագար մղումի մի նավարկություն և, անշուշտ, առանձին հոգևոր տեղանքներում մատյաններ, ուր որ վաղօրոք նշված՝ գալիքը…

Ասել է թե այնքան էլ պարզ չէ, թե իրականում ինչն է, որ կար՝ պատմություն, և ինչի մեջ տևեր հայը: Բայցև պատրաստ էր ըմբռնել, երբ չինացին ասեր՝ Դաոն դատարկ է, բայցև անսպառ՝ գործածության իր բնույթի մեջ…

Եվ ժամանակը, որ անթագավոր հայի ժամանակ էր…

Հետևանքը շատ չուշացավ, քանի կար, որ հայի տեսակը խաշնարածի մտքից դուրս էր: Եվ քանի տեղանքներում իմացական մտքի մեջ խմորված կար արդեն, որ աշխարհը մեկ ամբողջություն էր և սակայն այն չէր կառավարվում իբրև մի ամբողջություն: Եվ էստեղ էր, որ օտարի աչքին՝ ինչը որ իր ներսից բխեցրած կար հայը, դարձավ, որ հիմա արդեն՝ հայի մեղքը: Քանի կար, որ հայի արարումն աստվածապատկեր մարդու կոչումը պահեր, կրողի իր ոգին վկայերը և պահողի իր տեսակը, ինչը դառնար հանկարծ, որ մյուսներին օրինակ ծառայեր: Խոչընդոտ իբրև՝ հայը, դիմաց, ով գալու կար, թե կառավարեր: Եվ հիմա արդեն ոչ թե երկիր, առանձին մի տեղանք կամ ժողովուրդ, ապա մոլորակ՝ մի ամբողջություն…

Արհավիրքը հային պատած, ինչի իրական անունը ցեղասպանություն էր…

…Եվ ի՞նչ եղավ այդժամ՝ եղավ, որ հայ տեսակը գիտակցեց իր առանձին մարմինը…

Եվ իր մենությունը գիտակցեց, երբ արդեն կար աշխարհի մեջ, ուր որ ցեցն ու ժանկը կապականեն… Սկզբում էր, որ զարմացավ, երբ քչերն իրեն լսեցին: Առավել քչերը, որ տեղյակ էին արհավիրքին և ըմբռնեցին: Դեռ երբեք իր միտքն իր ներսում այդ ուժով մարմնեղեն հային չէր կարևորել, երբ թվաց, թե հասել էր, որ պատմությունը լքեր: Բարեբախտություն էր, որ հատվածներ՝ արդեն դուրս էին երկրից ու տեղանքից և շունչ առնեին՝ մուխը սրտների մեջ:

Եվ այդ ի՜նչ մի տեսակ երկնային կամեցում էր, այդժամ՝ որ հային տրվեց՝ փրկության արթուն հոգիներ…

Թվում է, թե անհնարին, որ մեկտեղի՝ զորավոր այրերի այդ բույլը: Ճիշտ անհրաժեշտ պահին, ասես թե արհավիրքն էր, որ նրանց իր ներսից ծնեց. ով՝ Կոմիտաս, Նժդեհ, Աճառյան, Թումանյան, Մյասնիկյան, Թամանյան, Իսահակյան, Տերյան, Բակունց, Չարենց, Սարյան, Երվանդ Քոչար և էլի տասնյակ ուրիշներ…

Իրողություն է, որ օրհասական պահի առանձին բնույթ առան հայի ճանաչումները: Ասես հիմա էր, որ գիտակցեց ու տեսավ պատմությունը շարժողի աներևույթ ձեռքը: Եվ ինչը, որ մութ տեղի՝ մտորվեր վերինների կողմից, թափվելու ազգերի գլխին իբրև ճակատագիր և իբրև մի «ինքնին պատմություն»… Ժամանակ էր, երբ արդեն բաց ասվեր, որ մի աշխարհամարտ՝ սպանդ, առանձին խումբ մարդկանց համար շահեկան մի ձեռնարկ էր: Մնար, որ արդարության կոչեր, խաղաղարարի ցուցանելի վարք, պացիֆիստներ և տարածվեր, թե հենց համայն քաղաքակրթությունն էր, որ կար վտանգված… Ինչը որ իր տեղի՝ հուսացող աչքի համար և ականջների… Եվ նաև հանուն պատմության շաղկապումների… Իրականում՝ ճշտելու, թե ով էր այն հեգեմոնը, որ կառավարելու՝ պատրաստ կար արդեն: Եվ կառավարումի նրա պարզ օրենքն ասեր՝ ինչը որ մեզանից, այն ճշմարիտ…

…Այդժամ, երբ ազգի դեմ կատարված ոճիրն այլևս իրողություն էր…

…Եվ ի՞նչ մի տեսակ առանձնակի կիրք էր, որ պատեց հային՝ օրհասական պահի իր արթնացումը: Դարձավ, որ իրենից վեր՝ հայը, երբ արդեն կար Առաջին Հանրապետության օրերին և Խորհրդային տերության ներսում՝ իր հառնումը… Մի երկիր, որ հայի կորուստների առանձին պատճառն ու պատճառների օրինականացումի հիմքն էր դրել և դաշինքի մեջ էր Եվրոպայի սրտի տակ անթաքույց գործող եղեռնագործի հետ: Եվ ժողովուրդներ պահեր իր «հիմնադիր օրենքներով» անիմացության ու կեղծիքի մեջ…

Երբ թվար, թե մի անիրողություն՝ հայի հառնումը…

Հենց նույն այդ անչափելի, մութ տարերքների ծոցում, երբ զատ դարձավ ու երևաց, իր ժամանակի ընդերքից, բերանը խուփ, ասես թե դեռ չկար իր գոյության հավատի մեջ: Գալիս էր, թե վերստին պարզվեր իրեն ու աշխարհին, ոգեղենի՝ իրեն տրված համայն չափերի մեջ: Քանի չէր հապաղել ըմբռնել իջած նշանը: Եվ երբ հասկացավ, որ դիմաց՝ գին էր վճարելու, թանկ գին, ինչը որ ճշմարտության և իր նվիրակ զավակների հաշվին: Եվ ժամանակը, երբ  հայը ձեռքը դուրս բերեց երկրի սահմաններից, փնտրեց ու հեռուներում գտավ ցրիվ իր արյունը: Եվ էլ զատ չէին՝ հայեր, ինչը որ հարկադիր գաղթն ու պանդխտությունը մի առանձին անունով էր կնքել՝ սփյուռք:

Ամենից մեծ բանը, որ օրերին՝ կատարվեց…

Թույլատրելի է ասել, որ քսաներորդ դարը, որ հայի Սրբադաս մեծ արյունով էր սկսվել, դարձավ, որ դարավերջին արդեն նրա հառնումը վկայեր:

Եվ երբ կար, որ պետություն հիմնեց և եղավ, որ գերեվարված հայրենի հողի մաս փրկեց, ինչը որ եղած չկար հազար տարի ի վեր: Եվ երբ պարզվեց նույն հենց իրեն՝ հային, որ մենակ ու առանձին պատերազմողի իր ոգին կար ու ապրեր:

Եվ եղավ, որ համայն հավատացյալ աշխարհի ներկայությամբ և մեր ներկայությամբ Վատիկան՝ տիեզերական կենտրոնում, Հռոմի պապի ձեռամբ և խոնարհումով պատարագի ծես մատուցվեց միլիոն և հինգ հարյուր հազար զոհերի հիշատակին, և խորոց խոսք հնչեց այդօրինակ խորանից:

Եղավ, որ Գրիգոր Նարեկացի՝ երկնամիտը, իր երկրային կյանքից հազար տարի ի վեր, սրբադասվեց Եվրոպայի հոգևոր սրտի մեջ, կանոնիկ եկեղեցու ծեսով ու օրենքով:

Եվ եղեռնված Լուսապսակ Զոհերը սրբադասվեցին մեր ներկայությամբ, Էջմիածին՝ համայն հայության հոգևոր կենտրոնում, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ձեռամբ և օրհնությամբ և խոնարհումով:

Եվ թող, որ հիմա նվաստիս բերանով.

 

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Վարդապետ Կոմիտասին, ով որ «Լոռվա գութաներգն» իր հողակոփ ձենով աշխարհ հանեց, ինչը որ մնա բարձր ու կանգուն շարվածք ու չշփոթվի աշխարհի ոչ մի ուրիշ տեղանքի մեղեդու հետ…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Նժդեհ Գարեգինին, ով որ ձեռքը հայոց ընդհանրական երակի վրա պահեց, ով ազգին քաղաքական միտք էր բերում, ով արթնացներ հայը և մղեր նրան արդար սխրանքի…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Աճառյան Հրաչյային, ով բարձր ուսումը կարևորեց, կանգնած էր Լեզվի պահապան դռներին և արթուն կար՝ իր կոչումին…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Թումանյան Հովհաննեսին, ով որ խաղաղության մունետիկ ու զինվոր էր նաև, ով որ հողածին՝ ժամանակի գրի ազատ շունչը տարածեր գրից վեր, աշխարհի հոգիներին՝ իբրև կամուրջ, որ իրար բերեր դեպի ներս ու դեպի դուրս՝  ամենայն տառապանք ու հասունացում…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Մյասնիկյան Ալեքսանդրին, ով որ իր ուսերին առավ երկիրը կառուցելու պանծալի գործը և իր նվիրական ջանքի հանուն, որ վաղաժամ վախճանվեց…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Թամանյան Ալեքսանդրին, ով որ հայոց քարը հոլուքի հանգույն հյուսեց և քար՝ նորագույն կառույցի բարձր ձևը գիտեր…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Իսահակյան Ավետիքին, ով որ հայդուկ եղավ անհրաժեշտ պահի և հետո նոր, որ անապատ անցներ, դառնալու Մեծ Արևելքի մեջ, ուր որ հառնած ազգի շունչը վերստին հասներ ու տարածվեր…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Տերյան Վահանին, ով որ՝ դալուկ ու ամեհի էր և արծաթաձեռըն, երբ հայոց բառի ներսում ճրագ վառեց, թե խոսքի շաղկապումները վեր դառնային տեղից, ուր եղած կային և ուրկից որ բացվեր բառ՝ մի նոր աշխարհ…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Բակունց Ակսելին, ով որ հայոց բառը արդար բաժանեց գյուղի մարդու ու քաղաքի մարդու մեջ, ամենքինն՝ իրենը, քանի հենց իրեն էր, որ իջած կար արձակ պատումի անմահական իմաստը…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Չարենց Եղիշին, ով որ «Ես իմ անուշ Հայաստանին» ներս բերեց, էլի մի հավերժական աղոթք՝ պապակ սրտերի մեջ…

Դառնամ, զօղորմին տի տամ էնա Սարյան Մարտիրոսին, ով որ Արևը առանձին դարձրեց Արևից, թե դառնար, որ գույնը մի վերջին անգամ հունցվեր և նոր, որ դառնար կտավին…

Դառնամ, զօղոմին տի տամ էնա Քոչար Երվանդին, ով որ հասած տեղի, ճամփի շարունակողը որպես, մնար արթնության մեջ և ժամանակի իրավունքը պահեր…

Ու հիմա, որ դառնամ, զօղորմին տի տամ էնա Արևնածին Տղերքին, որ ընկան և կան արթուն՝ Հավերժի մեջ…

Եվ դառնա, որ այլևս, չէ թե՝ ի՞նչ է փնտրում հայը, ապա՝ ի՞նչ պիտի անի հայը…

Եվ դառնա, որ հարցը լսած հոգի, ձայն առած, ասի.

Կառուցի իր երկիրը՝ որքան էլ որ աշխարհի ժամանակը տարտամ ու անորոշ, որքան էլ որ մեծարվի հիմա շահեկանի, աշխարհի մտքի ցինիզմը, կառուցի և էլի մի անգամ կառուցի իր երկիրը՝ ազգովի, ներսինն ու դրսինը մեկտեղ: Եվ կառուցի ազնվորեն, ինչպես որ օրհասական պահի իր նվիրակ զավակների ջանքն էր: Ազնվորեն… Այնպես, հանց տեղի համար, ուր որ ոչ ցեցը և ոչ ժանկը կապականեն…

 

Անդին 3, 2016

 

 

Share

Կարծիքներ

կարծիք