«Է» առաջին շարքից

Հեղինակ:

appollinaire

Ծաղկաքաղ

 

Ծաղկած պարտեզ եկանք ծաղկաքաղի,-

Գեղուհի՜, արդյոք գիտե՞ս՝ քանի՜ ծաղիկ անհամար՝

Սիրադալուկ վարդեր, որ պսակն են քո ճակատի,

Թերթաթափ են լինում ամեն ամառ:

 

Ցողունները նրանց կկքեն ելնող քամուն հանդիման:

Թերթիկներ վարդի ցիրուցան եղան ճամփին:

Օ, Գեղուհի՜, հավաքի՛ր դրանք՝ երազանքն ամռան,

Քանի չեն թոշնել էգուց՝ կեսօրին:

 

Պահպանիր նրանց սկահակի մեջ ու փակված պահիր,

Նվաղած ու դառը, խորհելով վասն մեռած օրերի,

Կայցելի մեզ սիրո վարդերի հոգեվարքը բասիր

Հևքախեղդ-խզզոցով հեղձուկ հոտերի:

 

Պարտեզը փարթամ թոշնել է, եսամոլուհիս,

Ցերեկվա թիթեռները դեպ ուրիշ ծաղիկներ են թռչել.

Գեթ թիթեռներ գիշերվա կգան խեղճ այգիս

Որպես տրտմության սյուք հոգիներ:

 

Եվ ծաղիկներն ուր որ է կմեռնեն սենյակում ապական:

Եվ վարդերը մեր հերթով բուրաթափ են լինում:

Գեղուհի՜, հեկեկա՛ մի քիչ… Ամեն ծաղիկ մահվան

Արդ սեր է, որ մա՜հ է դառնում:

 

 

Ջրանկարչուհի

    Օրիորդ Իվոն Մ…-ին

 

Իվոնան լրջմիտ դեմքով թերգունատ

Ձեռքն առավ ջրաներկեր ու թուղթ մի քանի հատ,

Ապա լցրեց խոհանոցում սրվակները պարզ ջրով.

Իվոնետն այսօր նկարել է ուզում: Միտք է անում. ինչպե՞ս,

Ինչպե՞ս նկարի յոթնամյա նկարիչը:

Կարո՞ղ է անել դիմանկար: Պետք են ժամեր ամենաքիչը,

Եվ հետո՝ նմանությունն է, որ դժվար է որսալ,

Ավելի լավ է՝ անշարժ բաներ նկարելուն անսալ:

Ու իր գլխում եղած անշարժ բաներից

Իվոնիկն ընտրեց գեղեցկագույնը բոլոր տներից,

Ու այն նկարեց ամբողջ մի ժամ՝ խելոք ու պարկեշտ:

Տնից այն կողմ բնապատկեր է ձգվում խաղաղ ու հեշտ՝

Ասես երջանիկ մանկան ճակատն երազկոտ,

Կանաչ հեռաստան՝ սարերով դարչնադեղնոտ:

Իսկ արնակարմիր տանիքից վեր՝ կապույտի տեղում,

Ելնում է երկինք մի խրուկ, որ երբեք չի լաջվարդում:

Երբ դեռ մանուկ էի պստիկ, երկայնավարս, երազկոտ,

Երբ աստղավորում էի երկինքը գնդակներով իմ արևոտ,

Ու նկարում էի քեզ պես, իմ Իվոնիկ,

Տեսարաններ կանաչ՝ տնակով փոքրիկ,

Արդ, տխուր, մովազուրկ երկնի տեղակ

Ես պատկերել եմ երկինքը՝ միշտ կապո՜ւյտ-կապուտակ:

 

 

 

Սիրո խոսքեր առ Լինդա

 

Անունը ձեր հույժ հեթանոս, փոքր-ինչ հավակնոտ,

Դրանից է ուստի, որ անույշ է այն ու մեղրոտ:

Իսպաներեն ասել է թե «սիրունիկ», և ինչպես

Որ կաք իրավ է, որ ձեզ հար կոչում են գեղատես:

 

Անունն այս գերմաներեն մելամաղձոտ է հույժ,

Ապրիլյան զեփյուռին քչքչում է մեղմույշ,

Այն մի ուռի է քնարական, մի ծառ առասպելական,

Որից խենթ ոգիներ են ելնում ոհմակներով ական:

 

Վերջապես, անունն այս գյուտ, որ շնչում է պատկերով ձեր գեղանի,

Եղել է նաև անվանումը հինավուրց մի շենի,

Որ ծաղկում է վաղուց վարդերի մեջ շենշող

Հռոդոս կղզում, ուր ղունղունում են աղավնիներ արևաշող:

 

 

 

***

Օ՜ մահամերձ քաղաք, դու՝ Ավան,

Որ նվաղում ես արևի տակ ամռան,

Դու, ում անունը նեխոտ՝ զարմանավոր,

Կրում ես Բարեգութի կերպը խորհրդավոր,

 

Կերպը Գորովագույնի՝ անսնապարծ,

Ով չի հասկացել երբեք ոչ ոքի,

Մշտապես Գեղեցիկը, ով լռում է անհարց,

Պաշտելին, ում թագն ինձ համար շունչ է, ոգի,

 

Ողջապես Զովասուն՝ գթաշարժորեն,

Ասես մի քաղաք ստվերոտ ու հեզ,

Թխահար, ով երբեք իրավ չէ, ասես

 

Մշտապես խոնարհ՝ նրբագեղորեն:

Տեսել եմ շուրթերը նրա անեմոն,

Բայց բնավ նրա Սիրտը՝ աստ և հոն:

 

Երբեք չեմ տեսել ես՝ Կարկասոն:

 

 

***

Լ ուսաստվերը հեզուհու ոգեկոչված է աստ

Ի բրև թե հույլ, բայցև ձևանում անձուկի փաստ.

Ն վաղալույս ու մեղմ սիրերգ, ինքն իր հոգին ուշաթափ է անում

Դ իադրոշմ շուքի մեջ, ուր մատներով երկար եղանակ է սպանում

Ա յն ջութակով, որ խեղճ մի կնոջ նվալ է ստիպում:

 

 

Հայելու զորությունը

 

Ես՝ նվաստս, մի օր սենյակում էի, մահճում սպիտակ,

Ուր Լինդան հայելու մեջ վայելում էր իր պատկերը,

Ու հետս տարա գնալով, շնորհիվ հայելուն շիտակ,

Ուխտազանց դառնալու առաջին մտաստվերը:

 

Լինդան այդպիսին չէր առաջ, բայց այսօր

Գիտեմ լավ՝ երկերես է նա, առնվազն հայելու շնորհիվ.

Սիրտն իմ, ուստի, ուր սերը նրա սողոսկում է ծուռ-կոր,

Ուխտադրուժ է այժմ՝ դարձերեսի արդիվ:

 

Ահա, այն օրվանից ի վեր ես հաճախ եմ համեմատում

Սենյակում, ուր հայելին ամփոփում է մի զուտ պատրանք,

Ասել է՝ երեսը՝ Լինդայի պատկերն արտացոլուն,

Սրտիս իմ ընտրելու համար պակասեց կորովանք:

 

Մեղքս ի՜նչ թաքցնեմ, եթե միշտ տատամսել եմ՝ ընտրել ի կատար.

Միայն հայելում չէ, որ կինը կարող է լինել ավելի գեղատեսական:

Սակայն ես պաշտում եմ նրան՝ իրականում լինելու համար

Ու նաև, որ նա մեռնում է, երբ ուզում է իր քույրը ձևական:

 

Լինդայի մեջ պաշտում եմ այդ արտացոլքը երևութէ,

Որ նրան ձև է տալիս ու դարձնում գրեթե առասպելական,

Սակայն իրապես ապրող, արդիական, ինչպես որ է.

Որքա՜ն չքնաղ է հայկելու մեջ այս կինը վերբնական:

 

Եվ հայելին, ուր քարանում է ամեն շարժում իրական,

Անտարբեր է մնում իր արած գործին հակառակ:

Արդ, զորությունը հայելու խաբեց մի սիրահարի հերթական,

Ով կարծեց՝ սիրում է իր գեղուհուն, բայց սիրեց մի պատրանք:

 

 

 

 

Ֆրանսերենից թարգմանեց Սերգեյ Մկրտչյանը

 

Անդին 3, 2016

Share

Կարծիքներ

կարծիք