«Աս ալ գրե՞մ»…

Հեղինակ:

10426621_1011944015531157_1846290445734623031_nՀանդիպումներ 60-ականներեն մինչև այսօր հատուկ Անդինին

 

Բեյրութ «Նաիրի» շաբաթաթերթի խմբագրատան մեջն էի: Խմբագիր Ծառուկյան Անդրանիկը հարց կուտա ինձի.

Թորոս, այս քո խանդավառությունը ե՞րբ պիտի վերջ գտնի:

Պատասխանեցի.

Անդրանիկ, այս հարցումը սխալ հասցեի մը ուղղեցիր:

Հապա որո՞ւն ուղղեի:

Լերան կողեն բխող աղբյուրի մը, որ ամառ-ձմեռ, գիշեր-ցերեկ անդադար կհոսի:

Ծո, սրիկա, լավ պատկեր մը նկարեցիր, թուղթին հանձնե անպայման:

Օր մը Անդինի խմբագրատանը գավաթի մը շուրջ աս պատմությունը ըրեցի, խմբագիր Տեր-Գուլանյան Մերուժանը ըսավ.

Գրե, Թորոս, գրե:

Մի քանի պատմություն էլ ըրի, ամեն անգամ ըսելով՝ «Աս ալ գրե՞մ»: Ըսին.

Գրե, Թորոս, գրե, ափսոս են, կկորչին:

Ահա, ես ալ կգրեմ, որ… չկորչին:

Փարիզ հայու մը դերձակատուն մտա: Մարդ չկար: «Ադամյա՜ն» կանչիս ներսի սենյակեն ծանոթս, մոտենալով ինձի, գրեթե գրկեց զիս՝ պոռալով. «Շան բախտ ունիս, Սարոյանը ներսն է»: Փութացինք ներս: Այո, բարի հսկան հոն էր: Ադամյանը ներկայացուց զիս: Սարոյանը թե՝ Ա՞ս է Թորանյանը, որ կըսեն, թե գրող է:

-Այո, այո…

-Թորանյան, դուն իտալացիի մը կնմանիս…

-Հայ եմ, հայ:

-Տեսա՞ր, փառավոր ճաշ մը կընենք ես և այս ընկերս:

Դերձակին մեծկակ սեղանին վրա լայն բացած սպիտակ թուղթերուն վրա փոքր սինի մը, վրան լոլիկ, պանիր, վարունգ:

Այդ էր փառավոր ճաշը:

Սարոյանն էր.

-Տաքթըր ես եղեր, եկուր, միացիր այս փառավոր ճաշին…

Միացա: Ուրախ ճաշի ավարտին Սարոյանն էր հարց տվողը.

-Դուն, տաքթըր, խումար կխաղա՞ս:

-Ոչ, Աստված չընե, պարոն Սարոյան:

-Ես պարոն չեմ, միայն Սարոյանն եմ, քեզի պես տիկրի չունիմ: Ադամյան, այս տիկրին հայերեն ի՞նչ կըսեն:

-Աստիճան, աստիճան…

-Աստիճան վեր բարձրանալու համար է. լավ, Թորոս, դուն խումար խաղցիր, մեկ ալ տեսար փարա չմնաց քովդ, գրպանդ ծակ է:

-Է՜…

-Կուրխնաս, հասկցա՞ր…

-Պարտվիլ և ուրխնալ կը՞լլա:

-Կըլլա, կըլլա, չէ՞ որ դիմացինդ ուրախացուցիր. դուն բան մը ըրիր՝ ուրախացուցիր, ատոր համար կուրախանաս…

Հալեպի մասին հարցում.

-Մայթի վրա հին գիրք կծախե՞ն Հալապ, աժան գիրք:

-Կծախեն, պարոն Սարոյան:

-Նորեն պարոն ըսիր, տիկրի՝ աստիճան տվիր, տիկրի չեմ սիրեր, բայց աստիճան, վե՜ր, վե՜ր ելլել շատ կսիրեմ: Մեր խոսքը գիրքի մասին էր, Նյու Յորք ալ մայթի վրա գիրք կծախեն, կառնեմ մեկ քանի հատ, կտանիմ իմ տուն…

-Ի՞նչ ընելու, վառարանին հանձնելո՞ւ:

-Դուն ա՞լ ինձի պես խելառ ես: Ես Ներո՞նն եմ, որ գիրք այրեմ, կկարդամ, կկարդամ, ապուշ բաներ…

-Բայց մեղք չէ՞ ձեր ժամանակին…

-Այդ գիրքերեն բան կսորվիմ:

-Ի՞նչ կսորվիք:

-Ապուշ չգրելը կսորվիմ:

Իրական Սարոյանն էր: Դարձյալ ինքն էր:

-Ադամյան դերձակ, վարպետ դերձակ է, կըսե՝ դուն գրող ես, փլեյ գրե, խաղ գրե թատրոնի համար:

-Թատերախաղ գրել չեմ գիտեր:

-Կսովրեցնիմ. կին ունի՞ս:

-Այո, ամուսնացած եմ:

-Օր մը սարխոշ գինով, լավ խմած գնա տուն, քու կինը կբարկընա, կպոռա, ծանր խոսքեր կըսե. այդ մասին երկու էջ գրե, դիր մի կողմ: Տղա ունիս, աղջիկ ունիս. օր մը ըսե՝ տղա, ինձի ջղարա մը բեր: Ան կըսե՝ հայր, ջղարայի տեղը գիտես: Ինչ կմտածես այդ տղայի մասին՝ գրե երկու էջ, դիր մի կողմ: Աղջիկիդ կըսես՝ կեսգիշեր եղավ, ո՞ւր ես, աղջիկ: Ան կըսե՝ պապ, ես տասնինը տարեկան եմ, ուր կուզեմ՝ կերթամ, ուշ, կանուխ, ի՞նչ է, ազատ չե՞մ. այս մասին գրե երկու էջ, դիր մի կողմ: Ընկերներ ունիս, մեկը կըսե՝ Թորոս, տուր ինձի հիսուն դոլար, մեկ շաբաթեն կուտամ: Տվիր, ամիս անցավ՝ տվող չկա. ինչ կմտածես անոր մասին՝ երկու էջ գրե: Ընկերներդ կխոսին պարի մասին, երգի մասին, փլեյի մասին, նկարչության մասին. ինչ որ խոսին՝ գրե քու կարծիքը: Մեկ ամիս հետո վերցրու կարդա բոլորը՝ փլեյ մը գրած ես: Այդ փլեյ խրկե Ճապոն՝ կխաղան, կխաղան, կըսեն՝ այս փլեյը հայ մը գրած է, Հալեպի փլեյ է: Հասկցա՞ր:

-Հասկցա:

-Թե հասկցար՝ գրե, խրկե ինձի, իմ հասցեն Ադամյանի քով կա:

Ես չկրցա հետևիլ Սարոյանի խորհուրդներին, փլեյ չկրցա գրել, բայց կյանքս եղավ փլեյ, ու օր մըն ալ, երբ Սարոյանը եղավ 70 տարեկան, ուզեցի նվեր մը խրկել մեծ գրողին: Ի՞նչ նվեր: Հալեպի մեջ 70 հայ տուներու զանգելով, ժամադրությամբ այցելեցի այդ տուներու բնակիչներուն, մեկական պատմվածք կարդացի Սարոյանի գործերեն ու այդ ունկնդիրների տպավորությունները գրի առնելով՝ գիրք մը հրատարակեցի սա անունով «Ուիլյամ Սարոյեան – 70»: Այս գրքեն խրկեցի 25 օրինակ Սարոյանի հասցեին: Նամակ ստացա գրողեն քարթի մը վրա: Սարոյանը գրած էր.

-Աս իրավ մեծ փլեյ է, կեցցես, դասդ սովրած ես…

Այսպես էր Սարոյանը, որ արձանի վերածված է Երևանի մեկ պողոտային վրա իր զարմանալի պեխով ու մտած յուրաքանչյուր հայի սիրտին մեջ, կարծեք գոչելով՝ երկինք ալ երթաս, պոռա հայ եմ:

 

Հելսինկի, Ֆինլանդիա, սովետական նավը քարափին է:

Տեսա ձկնորս ֆինն աղջիկը ձուկ կորսար: Ձուկերը զամբյուղեն վեր ցատկել կփորձեին: Ըսի այդ աղջկան.

-Ձուկ վաճառող աղջիկ, ի տես քեզի ու ձուկերուդ իմ սիրտս ալ կթպրտա…

Խնդաց ֆիննուհին… բայց ես ունեի ուրիշ նպատակ. զանգել ֆինն գրող Մարթին Լարնիին ու զրույցի նստիլ հետը: Զանգիս պատասխանեց կին մը, բացատրեցի ուզածս: Հեռախոսը փոխանցեց Լարնիին, ըսի անոր.

-Հայաստանեն կուգամ, ձեզի հետ զրույցի նստելով՝ կուզեմ ձեր մասին գրել…

Պատասխանեց.

-Հայաստան կճանչնամ միայն Արամ Խաչատրյանով: Լենինգրադը մեզի մոտ ըլլալուն, երբ նյութը Խաչատրյանն է, ամեն փորձ մեկդի թողալով կհետևիմ անոր հայտագրերին: Ուրկե՞ կխոսիք:

-Փողոցե մը, ուր աղջիկ մը ծովափին ձուկ կվաճառե:

-Լավ պատկեր է, հոն թաքսիներ կան, հասցես գիտեք…

-Այո:

-Ձեզի կսպասեմ:

Վարորդը քաջ գիտեր գրողին հասցեն: Քսան րոպե հետո հոն էի: Մարթին Լարնին իր կնոջ հետ իր տան սեմին զիս կսպասեին:

Իջա, կարգեն ձեռքս գրպանս տարի, որ վճարեմ շարժավարին, Լարնին ցատկեց, ինքը վճարեց:

Ծանոթներու պես ողջագուրվեցանք, նստանք զրույցի:

Սեղանին պարզեցի երկու շիշ կոնյակ և երկու գրքույկ՝ անգլերենով գրված հայկական ճարտարապետության շուրջ:

-Օ՜, նվերներով եկած եք, շնորհակալություն:

-Ավելի մեծը բերած եմ,- ու պայուսակիցս հանելով գիրք մը՝ պարզեցի գրողին:

Առավ, վերադարձուց. «Պրիթիշ չայներզ ֆորմի»,- ըսավ գրողը, այսինքն՝ «գիրքը ինձի համար չինարեն է»:

-Հայերեն է, պարոն Լարնի, հայերեն, և ձեզի այս գիրքեն մոտի է յուրաքանչյուր բառն ու ստորակետը:

-Ինչպե՞ս կըլլա…

-Կհաճի՞ք բանալ առաջին էջը…

Բացավ ու… բացականչեց՝ «O my god, it is my book…» (Աստված իմ, իմ գիրքս է):

Այո, Մարթին Լարնիի մեկ գիրքն էր ռուսերենից հայերենի թարգմանած՝ «Գեղեցկուհի խոզարածը» վեպը:

Պատմեցի «եղածը», թե գրողներու մեր միությունը վաղուց այս գիրքը հեղինակին խրկել կուզեր, բայց չկար Ֆինլանդիա եկող հայ մը, երբ լսեցին, որ ես նպատակ ունեմ Հելսինքի մեկնել, ինձի հանձնարարեցին, որ ձեզ ձեզի վերադարձնեմ… Խնդացինք: Մարթի Լարնին կնոջը խոհանոց կանչելով անոր հանձնեց այս գիրքը՝ ըսելով՝ մեր հյուրը, այս պարոնը, մեզի բերած է աշխարհի ամենամեծ նվերը, նայիր՝ գիրքս հայերեն լեզվով: Մեր տունին զարդը պիտի ըլլա այս գիրքը:

Սիրով բաժանվեցա Լարնիներնեն:

Հայաստան, լավ գործ մը կկատարես, կեցցես, ինչո՞ւ լավ գործդ չես հասցնիլ հեռուներուն:

Մարթին Լարնիին հրավիրեցի Հայաստան:

 

Մոսկվա, Աբրահամ Ալիքյան բանաստեղծը ինձի ծանոթացուց հայ գրողի մը, որ ռուսերենով կգրեր: Այդ մարդը Տանկոզով կկոչվեր: Խիստ զբաղված էր, հետո պիտի ունենայի այս անունին Փարիզի մեջ:

Բանաստեղծ Ալիքյանը զիս առաջնորդեց ուրիշ հայ գրողի մը տունը, որ «Փրոսպեկտ Միրայեն» հեռու էր:

Այդ բնակարանը գրականագետ, գրաքննադատ Հակոբ Սալախյանին տունն էր: Մոսկվա նստած այս վանեցի հայորդին մեծ ջանքեր ի գործ կդներ հայ գրականությունը թարգմանաբար ռուս ընթերցողներուն մատուցելու գործին մեջ, միաժամանակ ռուսական գրական պարբերականի մը խմբագրական մարմնին մաս կկազմեր:

Մեր միջև կայացավ եռանդաշատ ազգային խոսակցություն:

Հիշեցի, որ Բեյրութ ապրող հայ բանաստեղծ Գառնիկ Ադդարյանը մեծ գովեստով կխոսիր  Սալախյանի մասին:

Երբ դուրս կուգայինք գրողին սենյակեն, ձեռքս պատին ուղղելով գոչեցի.

-Սա պատեն մեզի նայող միակ լուսանկարը ոչ միայն սենյակդ, այլև աշխարհի բոլոր հայերու սրտերը լեցուց, հոգիները ոգելից դարձուց:

Սալախյանը հուզված կժպտիր: Այդ Զորավար Անդրանիկի նկարն էր:

(շարունակելի)

 

Անդին 2, 2016

Share

Կարծիքներ

կարծիք