Բանաստեղծություններ

IMG_3413

Երևան: Օգոստոս 25

շիկացած արևաքուրա

մի կատու երևակայական, առանց թթենու

փողոցի կենտրոնում մի շշմած շուն՝ մորթը ծվեն-ծվեն, աչքը աղբանոցին՝ հավեսը փախած

հեռվում ամուլ սար ու ժայռակնճիռ

ներքևում դու

ու ասֆալտ, ասֆալտ, ասֆալտ՝ առանց ճանապարհ

 

 

 

Արշալույսից առաջ մեր հոգին՝ խաղաղ

 

Խրամատում ցեխի մեջ մարմինս է

Հոգիս՝ ընկերջս երգի երկնքում:

 

Այստեղ անտառում թռչունը արճիճ է:

Խրամատը՝ փրկություն:

Չգիտեմ ուր է քաղաքն այն անաստված,

ուր մարդկային քրտինքը արճիճ է դառնում,

բայց մորս անեծքը այնտեղ է արդեն:

Ընկերս երգում է՝ սարերից իջան մի խումբ ձիավոր,

բայց մենք հո գիտենք, որ էլ չեն գալու

ոչ տղա,

ոչ կին,

ոչ էլ ձիավոր

ու էլ չեն բերի ոչ հաց, ոչ փամփուշտ:

Մենք ենք,

Ծառերն այս թրջված,

խրամատն ու

ցեխը մածուցիկ:

Անտառում թռչունը արճիճն է:

Իսկ լուսաբացին մենք կրկնական զգույշ

կուզեկուզ կանցնենք մահվան սահմանը,

որ ճամփեն բացենք:

Որ տղաները գան,

Կանայք լավաշ բերեն,

Ձիավորը՝ հույս,

Աղջիկն՝ ապագա:

 

 

 

Մայրամուտին սկսված օրս

 

Մայրամուտին սկսված օրս

մեղրածոր հետքով ասուպի նման

լուսաբացի ցոլքերին տարրալուծվեց:

Ու շարունակվեց օրը:

Այսպես լուսաբացս սկսվեց մայրամուտին,

գրպանիս մեջ փոթորկող քամիները հուշում են՝

ուշ է:

Կանգառներս հետևում թողած՝ սլացքի մեջ եմ,

պարկի ցորենահատիկները ձեզ եմ թողնում՝

հաշվեք.

փույթ չէ, որ մինչև տասը հաշվել գիտեք:

Հոգսերս սիրուս հետ մեղրածորում են տիեզերական անհունի մեջ:

Ես ներամփոփվում եմ վերջնականապես:

 

 

***

Բացիր նյարդդ սիրո առջև,

որ ալիքվում է լույսի անհունում,

ու խավարը թվացյալ կդառնա:

Խավար չկա,

պարզապես Տիեզերքին չեն հերիքում Արևները:

 

Օրագիր

 

Արևը մեղր է կաթում

օրվա մեջ

թանձր,

սրտերից ելնող ծիլը

շոգից ալարած ննջում…

Ու

քթի տակ ծնվելիք ծաղկի հիմն է քրթմնջում,

օրը կեսօրյա տարերքի մեջ

տարփանք է երազում ու

ալարում:

Օրը

Կոնյակոտ է ու կանացի:

Ծնունդ է:

Մի երեխա ծնվեց շրջանային ծննդատանը:

 

***

 

Մոխրամանի մեջ հոգի դիր,

կխոսի

ո՞վ,

ով,

ով:

 

Անվերջ ռեփ կեսօրին

 

Ես ծեր եմ

Երբ հարձակվում են նախահարձակ եմ ստիպված

քանզի

երկրորդ հարվածի ուժ չունեմ:

 

Բա դու, բա ես, բա մենք, բա ճիշտը, բա ախպեր վայ, վայ,

վայ, վայ, բա չէ, չէ, արա տենց չի, արա ախպեր,

ես, ես, ես, ես, դու սխալ, սխալ:

 

Ես ծեր եմ

Իմ ծերության ամփոփի մեջ անցյալում մակարդված

ճշմարտություն է. ճնշող, հավաքող, իմաստավորող, բայց

ամենևին չհիմնավորված՝ երբ խնդիրը հանգում է մարմնիս:

Մի երգիչ ընկերոջս հաճույքներին չդիմագրաված,

նրա անձնական օգտագործման հոգին մինչև այժմ

սավառնում է նրա գլխավերևում՝ հույսով, որ

հանդարտված մարմնում կհանգրվանես կրկին:

 

Արա բա դու, աղջի բա ես, բա մեր, քու մերը, վաղը,

զոքանչ-աներ, տիրուդ մերը, մեր մերը, ախպերություն,

այ քեզ բան, արա հոպ, հոպ, հոպ, լսի քեզ եմ ասում,

բա որ չասեմ, չասեմ, չասեմ, էշ…

 

Ես ծեր եմ

Բայց վերջին ականջակախ մարդուն հիշում եմ

լույսի մեջ: Թերություն է: Սիրում եմ մարդուն:

Տեր Աստված, չպատժես սիրուս համար երկրի վրա,

քանզի քոնն է երկինքը և վստահ ես, որ խնդիրս այդտեղ կդատաստանես:

Սատանային թող ինձ՝ եթե վստահ չես երկրի վրա քո արքայության

ավերակներին աճած հացածիլին:

 

***

Երբ ես կգնամ

Կգնամ հանգիստ ու կոշիկս անգամ ձայնս չի լսի:

Երբ ես կգնամ

Լույսն ինձ կուղեկցի

 

 

***

Որքան էլ պատերազմը երկար ձգվի,

Զինվորը մարդասպան չի դառնա,

Իսկ մարդասպանը զինվոր՝

Երբեք

 

Հոգեհաց Գարսիա Լորկայի հետ

 

Օ՜, Անդալուզիա

ես այստեղ եմ ու ոչ Վալենսիայում կամ ինչ-որ տեղ Գրենադայում, ոչ այն երկնքի տակ, որ ոչ ոք չի քնում:

Փնտրում եմ քո հետքը կովի թախծոտ աչքերի ակնաբիբերի անկյունում բյուրեղափայլ, արցունքակաթիլի մեջ ու տեսնում քո ճանճի աննշմար հետքը բբաեզրի աղեղով:

Արևահար բլուրների, այգիների ճիպոտաճաղ պարսպաշարի մոտ աչքերս փնտրում են Հելիոսի երեխաներին, իսկ փոշին տաք ճամփեքից թռած՝  դանդաղ հանգրվանում է ունքերիս:

Օ՜, Գարսիա, որտեղ է քո վերջին հանգրվանը:

Ես քեզ չեմ փնտրի ոչ մի գերեզմանում, եթե նույնիսկ այն մարմարակերտ ու երկնահաս դամբարան է լայնահուն ճանապարհի վերջում:

Կիթառ է օրը ու սերենադ, արև ու փոշի՝

քեզնով

ու առանց քեզ՝ քեզնից հետո:

 

 

Անդին 2, 2016

Share

Կարծիքներ

կարծիք