Պատմվածքներ

12177402_977412675676835_1503631184_oՑեխաջրերի սերունդ

 

Որոշ երևույթներ մանկությունից դաջվել են հիշողությանս մեջ: Այսօր դրանք այլ կերպ եմ ընկալում

Ծնողներս հազվադեպ էին ինձ տանում կենդանաբանական այգի: Սիրում էի նայել առյուծների աչքերի մեջ: Նրանք վանդակի մեջ էին, իսկ ես՝ վանդակից դուրս: Վիրավորվում էին: Չէին համակերպվում իրենց վիճակի հետ: Զարհուրելի է խեղճացած գազանը: Եթե ազատ թողնես, քեզ ուտելու ամեն հնարավորություն կօգտագործի:

Երբ հեռանում էինք, թռչում էին վանդակի ճաղերի վրա: Չէի հասկանում դրա պատճառը: Բայցայնուամենայնիվ այդ պատկերը տպավորվել է իմ մեջ, երևի որպեսզի այսօր դրանք կապեմ այլ երևույթների հետ: Թիկունքից հարձակվելը ստորություն է կամ ինքնասիրության չափազանցում: Թույլերին է բնորոշ: Կամ պարզապես քեզ չեն ներում, երբ երես ես թեքում: Չէ, մեջքով շրջվելը թուլություն է, որը չեն ներում անգամ գազանները: Առյուծը կենդանիների թագավոր է համարվում, սակայն բորենու պես հարձակվում է թիկունքից: Գիտակցությանս մեջ ձևավորվում է նոր իրականություն, որ իմ պատկերացրածի հակառակն է: Այն իրականությունը, որ ինձ հաղորդել են մեծերը, դառնում է գաղափարային, և բոլոր գույները միանգամից փոխվում են: Լսածս այլ է, տեսածս՝ այլ: Լսել եմ, որ կա ազնիվ, ուժեղ, հայրենասեր մարդ, նաև հակառակըՏեսնում եմ, որ դրանք միայն ածականներ են: Ու ամեն ածական մի դեր է, որ հորինում ենք, սեփականացնում, օգտագործում ու խաբում միմյանցու նաև խաբվում՝ թույլ ենք տալիս, որ խաբեն

 

13 հունիսի, 2015 թ.

 

Արթնացա: Անսովոր ձայներ են լսվում ականջներիս մեջ: Ոնց-որ ուղեղս քերեն: Գնում եմ ցնցուղ ընդունելու: Դուրս եկա լոգարանից: Հագնվում եմ: Նախաճաշում եմ: Ախորժակ չունեմ: Երբ մայրս իր ձեռքով էր ինձ կերակրում, հացը հացի համ ուներ, իսկ այսօր ամեն ինչից խոտի համ եմ առնում: Երբ առնչվեցի հասարակության՝ վզկապով առնետների հետ, ախորժակս կորավ: Որովհետև կենդանիների մեջ ամենախորշելին կրծողներն են:

Երեկո է: Այսօր ինձ հրավիրել են «Բրուքլին»՝ ծնունդի: Անվանումն արդեն հետաքրքրություն է առաջացնում: Նստում եմ երթուղային: Հասնում եմ: Աստիճաններ են: Իջնում եմ: Տեսողությանս մեջ փոքր շենք է ընդգծվում, ճակատին լատիներեն գրված՝ Brooklyn-Bar Karaoke: Արդեն տրամադրությունս ընկավ: Մտնում եմ: Տեսա Ս.-ին, շնորհավորեցի՝ առանց անգիր արած բառերի: Այդպես ավելի անկեղծ է: Ինքն էլ ուրախացավ, ու ես հասկացա, որ այսօր նույն մաղթանքները լսել է առնվազն հարյուր անգամ: Իսկ իմ՝ կատակով ասած «Շնորհավոր նոր տարիդ» արտահայտությունը զվարճացրեց նրան:

Ներսը մութ է: Մի քանի փոշոտ լամպեր են կախված առաստաղից: Պատերին հայտնի ռոք աստղերի լուսանկարներն են: Ընդամենը չորս սեղան: Ուրիշներն էլ են երևի ծնունդ նշելու կամ հենց այնպես են եկել: Ինձ միայն բազմոցներն են դուր գալիս: Եվ լամպերը: Նստում եմ: Մատուցողներն աղցան բերեցին (անունը չգիտեմ), դրան հաջորդեց ֆրին, տապակած սունկը, պիցցան, մարտինին և կոկա-կոլան: Անհետաքրքիր է: Սակայն հարգելով Ս.-ին՝ ցույց չեմ տալիս: Կենաց են ասում: Երաժշտության ձայնը խանգարում է: Չի լսվում: Չեմ սիրում կենացներ՝ դատարկաբանություն է. կարաոկե պետք է գնաս նրանց հետ, ում հետ շփվելու ցանկություն չունես:

Նայում եմ շուրջս: Միայն ես եմ նստած: Բոլորն անիմաստ թռչկոտում են ու միաժամանակ խմում: Սրանք մթի և աղմուկի սիրահարներ են:

Լսում եմ Leonard Cohen – Dance me to the end of love: Սա երրորդ ու վերջին բանն էր, որ ինձ դուր եկավ: Հոսանքն անջատվեց…

Նայում եմ պատուհանից դուրս: Անձրև է: Տուն եմ շտապում: Ս.-ին շնորհակալություն եմ հայտնում, ներողություն խնդրում ու դուրս եմ գալիս: Անձրևաջուրը հասնում է ծնկներիս: Թրջվում եմ: Ոնց որ երեխա լինեմ, և ոչ ոք չի արգելում ինձ վազել անձրևի տակ: Անսովոր խաղաղություն է: Տաքսին հազիվ նշմարեցի հեռվից: Կանգնեց: Նստում եմ: Ես՝ հիմա ամբողջ մեքենան կթրջեմ: Վարորդը՝ ոչինչ, կարևորը բարով տուն հասցնեմ: Մտածում եմ՝ ինչ տարօրինակ մարդ է: Հասա տուն: Մայրս քնած չէ: Անհանգիստ էի, տեղս չէի գտնում, մանավանդ երբ պատուհանից տեսնում էի անձրևը: Զարմանում եմ՝ էլ անձրև չի՞ եկել: Ասում է՝ դրսից ես գալիս, չե՞ս տեսնում ինչ է կատարվում: Չեմ հասկանում: Ու մի քիչ էլ վրդովվում եմ մայրիկի խոսքերից: Բայց ոչինչ չեմ ասում: Համբուրում եմ: Զանգում եմ Ս.-ին: Բոլորն արդեն իրենց տներում են: Պառկում եմ: Քունս չի տանում: Այսօր չեմ ապրել: Չեմ հիշում, թե ինչպես քնեցի:

…Առավոտ է: Ամբողջ կենդանաբանական այգին ջրի տակ է: Անձրևը տներ է հիմնահատակ քանդել ու տարել: Գիշատիչներն ազատության մեջ են: Մարդիկ խեղդվել են, անհետ կորել… Ուզում եմ արթնանալ, բայց չեմ կարողանում, քանի որ քնած չեմ: Ներքնակը կոշտ քարի պես տաշում է ոսկորներս: Աչքերս բացում եմ ու միանգամից դուրս վազում: Նստում եմ հեռուստացույցի առջև: Ականջներիցս ասես ծանրություն կախված լինի: Երազ չէր… Բարձրաձայն կրկնում եմ վարորդի խոսքերը՝ ոչինչ, կարևորը բարով տուն հասցնեմ: Հետո մայրիկինը՝ չե՞ս տեսնում ինչ է կատարվում:

Վերե գետը Թբիլիսիի կենտրոնում մեծ լիճ է գոյացրել, որ նման է դարերով լքված ճահճի:

Միացնում եմ համակարգիչը՝ իբր ավելի շատ տեղեկատվություն կարդալու համար: Ձանձրանում եմ դատարկ ու սրտակեղեք մեկնաբանություններից: Անջատում եմ համակարգիչը: Ամբողջ օրը հեռուստացույցի առջև նստած անցկացրի:

Գիշեր է: Պառկում եմ: Չեմ կարող քնել: Կոպերս սահում են աչքերիս բիբերի վրայով: Ցեխոտ ջուրը մարդկային մարմիններ է բերում իր հետ: Սթափվում եմ: Առաջին անգամ եմ ֆիզիկական վախ զգում: Ինչպե՞ս: Ամբողջ մաշկիս բջիջները բացվում են ու կուլ տալիս մտքերս: Աղոթում եմ:

Լուսացավ… Վեր թռա անկողնուց: Գնում եմ հյուրասենյակ: Միացնում եմ հեռուստացույցը: Մի խումբ կամավորներ մասնակցում են քաղաքի մաքրման աշխատանքներին:

Դուրս եմ գալիս տնից:

Կարաոկեի սերունդն այսօր այստեղ է: Ձեռքերի ափերով են միմյանց փոխանցում ցեխը, ծառերի ճյուղերը և հազար տեսակի աղբ, որ բերել էր ջրի հոսքը: Ցեխաջրերի սերունդն է սա: Այսօր մերկացել են բոլոր ածականները: Այստեղ է նաև սելֆիների սերունդը, որ ամենատարբեր տարիքի մարդկանց է ներառում իր մեջ: Ես միաժամանակ երկու հարթություններում եմ. մեկում իրական մարդիկ են, մյուսում՝ վիրտուալ: Մեկը արքայություն է, մյուսը՝ անդունդ: Մեկում սեր է, մյուսում՝ մարդահաճո լինելու ձգտում:

Այստեղ են նաև «նրանք»: Նրանք ոչ մի սերնդի չեն պատկանում: Եվ ոչ ոք չգիտի նրանց գործերի մասին: Նրանց մատնացույց են անում, որովհետև նրանք ծածկել են իրենց դեմքերը և առանձին են աշխատում:

Օր երրորդ.

Վագրը քաղաքի կենտրոնում մարդ է հոշոտել: Սա այն վիրավորանքի արդյունքն է, որ տարիներ շարունակ կուտակվում էր նրա մեջ: Վագրին սպանեցին:

Ես հասկանում եմ, թե ինչու էին ծնողներս ինձ հազվադեպ տանում կենդանաբանական այգի…

Մենք կրկին վանդակից դուրս ենք՝ (ան)ազատության մեջ:

 

Մարմին մարմնից

Մենք խմեցինք մեղքի թուրմը: Սիրո համ ուներ: Մեկն իր ձեռքի ափով փակեց աչքերս, որպեսզի չտեսնեի քո գնալը:

Երբ արթնացա, արդեն չկայիր: Սպիտակ օդով շղարշված պատյանում իմ թռիչքի ժամանակ պետք է հասցնեի գտնել քեզ, նախքան ոտքերս կխրվեին հողի մեջ:

Անվերջանալի պտույտում դու գտար ինձ: Ես նկատեցի քեզ փողոցի ծայրից: Անցար՝ ուսդ հպելով ուսիս… Ու՝ շտապելով, չնկատեցիր, որ հպումից քայլերս մի քիչ դանդաղել էին: Մենք միաժամանակ հետ նայեցինք: Դու չհասկացար, որ ողջ աշխարհը կսպասեր քեզ, եթե միայն կանգ առնեիր…

Մատիտով նկարում եմ քեզ հետ կապված բոլոր հիշողություններս ու ջնջում, որպեսզի տարիներ հետո հանդիպեմ քեզ ու չճանաչեմ: Որովհետև չես գալու երբեք, միայն անսպասելի հանդիպելու ես ինձ իմ ճանապարհին: Հանդիպելն ու գալը տարբեր են: Դու գիտես, որ երբեք չեմ գնա հանդիպածի հետևից:

Ինձ չես հիշում, չէ՞ որ քնած էիր, ու չես տեսել իմ ծնունդը՝ քո կողոսկրից: Իսկ ես զգացի, որ մարմին էի քո մարմնից…

Հիմա մտաբերում եմ բոլոր մայթերն ու ճանապարհները, որոնց հպվել են քո ոտքերը: Թռիչքս վերածվել է սովորական քայլերի, ոտքերս արդեն խրվում են հողի մեջ, իսկ դու այդպես էլ չեկար… հանում եմ կոշիկներս ու բոբիկ հետևում քո ոտքերի թողած հետքերին, որոնք ինքս եմ գծել: Այլևս դժվար է անգամ մի քայլ դնել քեզ ընդառաջ, որովհետև մարմինս ծանրացել է հոգնածությունից: Քամին խոնավ օդով բերում է քո օծանելիքի հոտը, ու սկսում եմ ատել նրան սիրելու չափ: Գուցե սուտ էիր, ու ես հավաքում եմ իմ երևակայության վերջին փշրանքները:

Երբեք քեզ չեմ փնտրել: Իսկ հիմա դադարել եմ նաև սպասել…

Քեզ չեմ մեղադրում և թողնում եմ ազատ, մի վերադարձիր, որովհետև էլ չեմ կարողանա երջանկացնել քեզ, սառել եմ քո բացակայությունից, ինչպես սառչում է քեզ պես մութ անդունդը սիրողի աշխարհը:

Չավարտված զգացմունքը իրենից հետո բոլորի մոտ թողնում է սիրո համը, իսկ ես ոչինչ չունեմ քեզնից դատարկությունս լցնելու համար: Որովհետև մերը կիսատ զգացմունք չէր, այլ կատարյալ: Իսկ կատարելության հասած ցանկացած բան ընկնում է, ինչպես սատանան… և դառնում սարսափելի: Սկսում ես խուսափել սերդ կատարելության հասցնելուց: Անընդհատ մի բան պիտի կիսատ թողնես այսուհետ՝ ոչ այնքան կորցնելու, որքան դատարկությունը լցնելու անկարողության վախից…

Հոգին հատակ ունի, որին դիպչում են միայն նրանք, ովքեր կատարելապես են սիրում ու մնում են մենակ: Սա այն դատարկությունն է, որից խուսափելով երկուսս էլ գնում ենք նրանց հետևից, ովքեր մինչև վերջ չեն տալիս ոչինչ, որովհետև մենք կատարյալ էինք միայն արարման պահին:

 

Թափանցիկ քաղաք

Թատրոնը հոգեմաքրման չի հասցրել նրանց. փոքր թատրոններն այլևս անհետաքրքիր են կամ փակվել են՝ իրենց տեղը զիջելով ամենամեծ բեմահարթակին, որտեղ այնքան կարկատած դիմակներ են թափված, որ ընկնում են ոտքերիդ տակ: Կցանկանա՞ս՝ վերցրո°ւ, հագի°ր, ու քո բերանից միայն հնամաշ արտահայտություններ դուրս կգան, որոնք այնքան են լսվել, որ արդեն ականջ են ճեղքում: Իսկ եթե ոչ մեկը չկրես, քեզ մատնացույց կանեն, ինչպես տկլոր մարդուն, ու մի կուշտ կծիծաղեն: Դիմակները կնճիռներ չունեն, տարիների ընթացքում միայն քրքրվում կամ ծակվում են, ու տեղ-տեղ սկսում ես բացահայտել իսկական կնճիռներ՝ ծռմռված ու ճյուղավորված, ամեն դերի հետ դիմակի տակ թաքնված դեմքի մկանները կոտրատվել ու կծկվել են՝ վերածվելով խորշոմների: Այս արվեստը մի քանի տեսակի հանդիսատես ունի. քննարկող, անտարբեր կամ օտարացած: Երրորդը վտարված տեսակն է: Շրջապատը կենդանի օրգանիզմի պես դուրս է շպրտում խորթ մարմինները: Կենդանի օրգանիզմի պես, որտեղ գրեթե ոչ մի առողջ օրգան չի մնացել: Ասել է թե՝ որտեղ ընդհանուրն իրեն վատ է զգում, դրա մի մասն առողջ լինել չի կարող:

«Նա» դուրս էր ընդհանուրից… Քանի որ չհիվանդացավ:

Օտարացել էր…

Բոլորի պարապության զբաղմունքն էր դարձել «նրան» ծաղրելը: «Նա» փակվել էր, բանտարկել էր ինքն իրեն: Թերևս դա իսկական ազատություն էր: Սա միայն քո աշխարհն է, և ամենաշատն այստեղ ունես հնարավորություն՝ քեզ ճանաչելու:

Ու չնայած այս ամենին՝ մենք տեսնվում էինք ամեն առավոտ, ողջ ցերեկը ինձ հետ էր անցկացնում, երեկոյան նույնպես տեսնում էի «նրան»: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, հասկացա, որ մենակ չէի: Արդեն քանի տարի էր, ուզում էի անկեղծ զրույց ունենալ «նրա» հետ: Ժամանակն է: «Նա» պատրաստ է: Ուզում եմ ճանաչել «նրան»…

Ահա և սպասված պահը: Տարօրինակ հանդիպում է: Բոլոր բառերը տեսնում եմ տառերով, որոնք այնքան շոշափելի են, որ չեն լսվում, այլ մտքից պոկվում են, վերածվում առարկաների ու պատկերների՝ վերացական վակուումից ազատվելու տենչանքով. հիասթափվո՞ւմ ես: Փոքր տարիքում հաճախ են հիասթափվում: Ես մեծացել եմ: Հիասթափությունների սանդուղքը երկար է, սակայն ամեն աստիճանը բարձրանալով՝ վեր ես կանգնում վիրավորանքից, իսկ ամենածայրում դադարում ես ակնկալել ու պարտադրել: Հասկանո՞ւմ ես՝ մարդուն ձեռքերի վրա տանում են միայն թաղելու… Ատելությամբ ես լցվել: Ատելությունները խղճահարություն են ծնում: Ես նախընտրում եմ իմ խիղճը, որը բացառում է ամեն տեսակի խղճահարություն: Կարեկցո՞ւմ ես: Միայն սերն է հղիանում կարեկցանքով: Երբ քեզ թվում է, որ կարեկցում ես ուրիշին, իրականում ինքդ քեզ ես կարեկցում՝ գիտակցելով, որ չկա ուրիշի ցավ, իսկ դա բացառում է ամեն տեսակի անտարբերություն: Անտարբերությունը մարդասպան է, ավելին՝ ինքնասպան:

Ես կարոտում եմ… Որքան շատ ես կարոտում, այնքան մեծ աշխարհ ես թողել քո անցյալում: Միակ ճանապարհորդությունը, որն անհնար է կրկնել, մանկությունն է: Գիտե՞ս, ես կարողանում եմ վերադառնալ այնտեղ: Այն սպիտակ ու թափանցիկ քաղաքը, որտեղ մի կտոր մանկություն եմ թողել, ինչպես կիսատ կարդացած մի գիրք, որը բոլորիս տներում կա: Ամեն անգամ այնտեղ վերադառնալիս յուրաքանչյուր անցած ճանապարհս անցնում եմ նույնությամբ, ինչպես տարիներ առաջ, նույն պարզ քայլերով, դանդաղ: Սիրում եմ քայլել… Մանավանդ երբ մի քիչ խոնավ ու սառն է օդը և հաճելիորեն մտնում է շորերիս մեջ: Նրա ամեն հպումի հետ ինձնից մի մասնիկ դուրս է գալիս ու հեռանում նրանց մոտ, ովքեր, ի տարբերություն ինձ, այլևս չեն կարող իրենց ոտքերի տակ զգալ այս հողն ու շնչել օդը: Քայլելիս միշտ նրանց եմ հիշում: Բոլոր ոտնահետքերս պահպանվել են այստեղ, երկաթե կնիքների պես: Ու ես չեմ ուզում ինձ ջնջել այս քաղաքից, քանի դեռ բազմաթիվ անտեսանելի թելերով կապված եմ նրա հետ: Ժամանակը կանգ է առնում և իր մի շնչի մեջ պահում հետոն… Ես փակվել եմ իմ սպիտակ քաղաքում ու չեմ ուզում ինձ ազատ թողնել այնտեղ, որտեղ իմ ցանկությամբ չեմ հայտնվել, որտեղ մահը գույն ու հոտ ունի, իսկ կյանքը կորցրել է իր համը, որտեղ մարդիկ չորեքթաթ հետևում են ընտելացված կենդանիներին, որտեղ ճշմարտությունը կատակերգություն է, իսկ դավադրությունը՝ ընկերություն, որտեղ միայնության և օտարացման համաճարակ է: Ավելի կարճ ասած՝ ես հրաժարվում եմ խելագարությունից գլխիվայր կախված երկրագնդի դժոխքից… որտեղ ցուցադրվում է այն ամենը, ինչ գոյություն չունի: Օրինակ՝ բարությունը: Հավատա, շատ դժվար է բարություն անելը, եթե այն իրական է: Այն միակողմանի չէ՝ նրա մի կողմը չպետք է իմանա մյուս կողմի մասին, որպեսզի չշղթայվի պարտականության կապանքներով: Ես հրաժարվում եմ ինձ ազատ արձակել այնտեղ, որտեղ սպանում ենք՝ այնուհետև երկրպագելու համար:

…Շարունակում եմ մնալ քո մեջ, բայց ինձ թևեր չտաս, քանի որ մենք պատասխանատու ենք բոլորի համար, ում թևեր ենք տվել՝ գիտենալով, որ նրանք հակված էին քայլելու մարդապես:

 

Անդին 2, 2016

 

Share

Կարծիքներ

կարծիք