Դավիթ Քոչունցի Արմատակից գույները Նավավարում են

DSC01714Հունիսի 28-ին Նավավար ձկնալի-ըմպելարանի սրահում բացվեց գեղանկարիչ Դավիթ Քոչունցի «Արմատակից գույներ» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Շնորհավորելով երիտասարդ նկարչի մուտքը արվեստի աշխարհ՝  ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը շեշտեց.

-Դավիթի առջև մի արահետ կա դրված, որը միայն իրենն է, և միայն ինքը պիտի անցնի այդ արահետով՝ չիմանալով, թե ինչ կա առջևում: Աստիճանաբար բարդությունները հարթելով գնում-հանգում է այն պահին, որի վերնագիրն արդեն կայացած գեղանկարչություն է:

Դավիթ Քոչունցի ստեղծագործությունները ցուցադրվում են Գալա Արտ ցուցասրահում, ինչպես նաև Բարսելոնա, Բոստոն, Լոնդոն, Մոսկվա քաղաքների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում: «Արմատակից գույները» Դավիթ Քոչունցի առաջին անհատական ցուցահանդեսն է:

— Բավական երկար ժամանակ լուռ էի և չէի ցուցադրվում, սակայն վաղուց արդեն հասունացել էր պահը ներկայանալու, ասելիքս վերջապես պատկերավոր ներկայացնելու,- մեզ հետ զրույցում ասաց գեղանկարիչը:

DSC01743Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր տարիների շուրջ քառասուն աշխատանք, այդ թվում նաև կոլաժներ և գեղանկարներ:

-Դավիթ Քոչունցին բնորոշ է արտիստիկ բառը. նա անընդհատ որոնում և փնտրում է, բայցև չի սահմանափակում իրեն «իզմ»-երի մեջ: Դավիթի գործերում անթաքույց է նրա նկարչական գրագիտությունը, գծին և գույնին տիրապետելու նրա հմտությունը և իր տաղանդը բազմատեսակ ոճերում փորձելու ձգտումը: Այնուհանդերձ նման բազմազանության մեջ էլ արդեն նկատելի է նրա ձեռագիրը, որն էլ հենց նրա զգայականությունն ու արտիստիզմն են,- նշեց նկարչուհի Հասմիկ Գասպարը:

Ցուցահանդեսը բաց կլինի 25 օր:

Իսկ արմատակից գույների և առհասարակ արյունակից արվեստի մասին Դավիթ Քոչունցի և իր եղբոր՝ գեղանկարիչ Նարեկ Քոչունցի հետ հարցազրույցը շուտով լույս կտեսնի Անդին ամսագրում:

DSC01723DSC01763

 

 

Share

Կարծիքներ

կարծիք