Ռուբեն Բաբայան. Թատրոնի նշաձողը պետք է բարձր լինի

ruben-babayanԱնդինի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Արվեստագետի հետ զրուցել ենք անցած ստեղծագործական ուղու, տիկնիկային թատրոնի գործունեության և այլ հարցերի շուրջ:

Դեպի թատրոն

Թատրոնին ծանոթ եմ դեռ մանկուց: Հայրս Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր երկար տարիներ: Երբ աշխատանքի էր գնում, նրա հետ գնում էի ներկայացում դիտելու:

 

Առաջին ներկայացումը

Յոթ-ութ տարեկան էի: Մայրիկիս հետ Մոսկվայում էինք: «Գրանդ օպերայի» հյուրախաղերն էին: Գնացինք դիտելու «Փարիզի Աստվածամոր տաճարը» ներկայացումը: Բալետ էր: Ներկայացումը այնպիսի ուժեղ ազդեցություն թողեց ինձ վրա, որ դահլիճում առաջինը ես վեր թռա ու սկսեցի ծափահարել: Ամենամեծ թատերական տպավորությունը եղել է այդ բալետը:

 

Ծանոթություն թատրոնի մեծերի հետ

Հայրս և Կարպ Խաչվանքյանը մտերիմ ընկերներ էին: Շատ հետաքրքիր մարդ էր Խաչվանքյանը: Առօրյա կյանքում շատ տխուր մարդ էր, չշփվող, քիչ ընկերներ ունեցող, բայց արտիստ էր, արտիստ էր ոտքից գլուխ՝ կյանքի իր բոլոր գնահատականներով, իր արժանապատվությամբ:

Երբ շփվում էր որևէ մեկի հետ, լիներ կենտկոմի քարտուղար, թե հասարակ վարորդ, բոլորի հետ հարգալից էր և իր արտիստական պահվածքով նման հարգանք էր պահանջում նաև իր հանդեպ:

Փոքր հասակում՝ մինչև վեց տարեկանս, ապրում էինք Դերասանի տանը կից շենքերից մեկում: Մեր հարևաններն էին անվանի դերասաններ Հրաչյա Ներսիսյանն ու Ավետ Ավետիսյանը: Չորս տարեկան էի, երբ Հրաչյա Ներսիսյանը մահացավ: Ավետ Ավետիսյանի հետ մի քանի անգամ շփվել ենք արդեն Սունդուկյան թատրոնում: Հայրիկիս հետ էի, հետնաբեմում հանդիպեցինք Ավետ Ավետիսյանին:

Նայեց ինձ, ասաց՝ ես քեզ ճանաչում եմ, գիտե՞ս:

Ասացի՝ ես էլ Ձեզ եմ ճանաչում:

Նա էլ թե՝ ինձ ամբողջ Հայաստանն է ճանաչում:

 

Գրականագե՞տ, թե՞ ռեժիսոր

Առաջին կրթությունս ստացել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզու և գրականություն բաժնում: Ռուսական դպրոց էի ավարտել և շատ էի սիրում տասնիններորդ դարի ռուս գրականությունը՝ Պուշկին, Տոլստոյ, Դոստոևսկի, Չեխով, Գոգոլ, Լերմոնտով: Գնացի այդ ուղղությամբ: Չեմ ասի, որ շատ գիտակցված ընտրություն էր, բայց շատ ուրախ եմ, որովհետև ես այնտեղ հանդիպեցի մի հրաշալի անձնավորության՝ Կարեն Սապարովին: Նա երևույթ էր՝ ասկետ, ազնվական, փայլուն գիտեր գրականություն, դասախոսությունները արտակարգ հետաքրքիր էին: Նա ինձ սովորեցրեց վերլուծել գրական նյութը, ինչը հետագայում շատ պետք եկավ թատրոնում: Սկսեցի գրել թեկնածուական ատենախոսությունս, մասնակցել տարբեր ուսանողական գիտաժողովների:

Գնացի բանակ, եկա: Ընդունվեցի տիկնիկային թատրոն: Աշխատում էի որպես գրական մասի վարիչ: Այստեղ էլ հանդիպեցի ևս մի հրաշալի անձնավորության՝ Երվանդ Մանարյանին, ով դարձավ իմ թատերական ուսուցիչը:

Թատրոնը կլանեց, կլանեց, տարավ: Մի գեղեցիկ օր իմ ատենախոսության ղեկավարին ասացի, որ չեմ գրելու այն, որովհետև կարող եմ և չգրել: Տոլստոյը հրաշալի խոսքեր ունի: Ճիշտ է՝ գրողներին է վերաբերում, բայց բոլոր ասպարեզների վրա էլ կարելի է տարածել: Ասում է՝ մի գրիր, երբ շատ ես ուզում գրել, գրիր այն ժամանակ, երբ չես կարող չգրել: Ես հասկացա, որ կարող եմ գրել, կարող եմ և չգրել, ուրեմն ավելի լավ է չգրել:

 

Ուսանողական թոշակով գրքեր էի գնում

Հիշում եմ՝ թոշակս քառասուն ռուբլի էր, հիսունով կարողացա գնել Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»: Այն ժամանակ լավ գրքեր ձեռք բերելը դժվար էր, շատ թանկ էին և չկային ազատ վաճառքում: Գնում էի նաև տարբեր խմբերի և անհատ կատարողների ձայնասկավառակներ, որոնք շատ մեծ հեղինակություն ունեին Արևմուտքում, բայց Սովետական Միությունում արգելված էին՝ Դիփ Փարփլ, Բլեք Սաբաթ, Փինք Ֆլոյդ:

Մոսկվայում մի շատ լավ ընկեր ունեի: Թոշակս հավաքում էի, որ արձակուրդին կամ տոներին, այն ժամանակ՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին, երեք-չորս օրով գնայի, շփվեինք:

 

Գրաքննություն է մտել Ռուսաստանի թատերական ասպարեզ

Այն ժամանակ Մոսկվայում ավելի հետաքրքիր էր: Արտասահմանյան թատրոնները հյուրախաղերի էին գալիս: Լավագույն դերասանական, ռեժիսորական կադրերը հավաքվում էին Մոսկվայում: Երկար ժամանակ այդպես էր: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Մոսկվայում շատ հետաքրքիր թատերական գործընթացներ էին տեղի ունենում:

Հիմա վիճակը մի քիչ վատացել է: Գրաքննություն է մտել Ռուսաստանի թատերական ասպարեզ: Ոլորտի կառավարիչները շատ հեռու են արվեստից: Քանի որ մշտական կապի մեջ եմ, գիտեմ, որ բազմաթիվ անախորժություններ կան:

Ի տարբերություն Ռուսաստանի մեզ մոտ վերջին յոթ-ութ տարվա ընթացքում շատ բուռն է թատերական կյանքը, առաջին հերթին՝ երիտասարդների շնորհիվ: Ռեժիսորների, դերասանների շատ հետաքրքիր սերունդ է եկել, որոնք ոչ մի բանով չեն զիջում իրենց արտասահմանյան գործընկերներին, փորձում են աշխարհի հետ նույն լեզվով խոսել, ինչը շատ կարևոր է:

Արվեստի կրթությունը շատ բան տեսնելու և քո տեղը որոշելու մեջ է, հասկանալ՝ որն է ժամանակի պահանջը: Հնարավոր չէ ստեղծագործել աշխարհի թատերական գործընթացներից ու խնդիրներից մեկուսի: Ինչքան բաց լինենք, այդքան ավելի հետաքրքիր կլինի մեր կյանքը:

 

Թատրոնը պետք է մագնիսական ձգող ուժ ունենա

Խնդիր եմ դրել, որ սա լինի բաց թատրոն, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ կկարողանա գտնել իր տեղը: Չեմ ցանկացել սահմանափակել միայն տիկնիկային արվեստի առումով, դրա համար էլ թատրոնում կիրառվում են թատերական արվեստի բոլոր ձևերը՝ ստվերային թատրոն, խամաճիկների թատրոն, դրամատիկ, մնջախաղային, բալետային ներկայացումներ:

Թատրոնի գերխնդիրը շատ ավելի մեծ է, քան լավ ներկայացում բեմադրելը: Թատրոնը պետք է ունենա մագնիսական ձգող ուժ, որ մարդիկ գան այստեղ և սուզվեն մի ուրիշ, հետաքրքիր աշխարհ, ինչի համար էլ թատրոնում կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, շնորհանդեսներ: Ուզում էի, որ թատրոնը լինի մշակութային կենտրոն, ոչ թե ձևական, այլ իրական կենտրոն:

Նման մթնոլորտը նաև մեզ է պետք: Ինչքան արվեստագետը լայն հայացքներ ունենա, ոչ թե կաղապարված լինի սոսկ իր գործունեությամբ, այնքան նա ավելի հետաքրքիր կլինի իր մասնագիտության մեջ: Կարդացող դերասանը և չկարդացող դերասանը միանգամից տարբերվում են իրարից: Այստեղ կա նաև եսասիրական մի բան՝ ես ուզում եմ, որ մերոնք լինեն ավելի հետաքրքիր. միայն այդ ժամանակ նրանք ավելի հետաքրքիր կստեղծագործեն:

Երիտասարդները մեր թատրոնում հաճախ են բեմադրություններ անում, խաղում, ինչը շատ կարևոր է: Թատրոնը թեև հազարամյակների պատմություն ունի, բայց իր էությամբ երիտասարդ արվեստ է, միշտ իր ժամանակի հետ է: Ով, եթե ոչ երիտասարդներն են ավելի լավ զգում ժամանակը:

Չգիտեմ՝ ինչքանով է հաջողվել խնդիրս իրականացնել: Եթե համարեի, որ հաջողվել է ամբողջովին, հենց վաղը դիմում կտայի, կհեռանայի: Եթե նոր բան չես կարողանում անել արվեստում, իրավունք չունես ուրիշի տեղը զբաղեցնելու: Կարող ես զբաղեցնել այնքան, ինչքան կարողանում ես ինչ-որ բան անել՝ կամ ինքդ պետք է բեմադրես, կամ պետք է ստեղծես պայմաններ: Հիմա բեմադրություններն անում և խաղում են իմ ուսանողները: Հավատացեք, որ դրանից ավելի մեծ ուրախություն եմ ստանում, քան սեփական գործերից:

 

Անկեղծ ու հետաքրքիր

Մարդկանց թատրոն բերելու մի ճանապարհ կա, բայց երկու կարևոր սկզբունք՝ լինել անկեղծ և հետաքրքիր: Հետաքրքիրը կապված է մասնագիտության հետ, անկեղծությունը՝ մարդկային որակի: Սա վերաբերում է ոչ միայն երեխաներին: Միշտ, երբ շփվում ենք արվեստի հետ, լինի թատրոն, երաժշտություն, գրականություն, մենք երկխոսության մեջ ենք մտնում: Երկխոսության մեջ դիմացինից պահանջում ենք անկեղծություն: Երբ դիմացինը անկեղծ չէ, շատ շուտ կորցնում ենք հետաքրքրությունը նրա հանդեպ, անկախ նրանից՝ մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս՝ ինչ է ասում: Երբ անկեղծ են, կարող ենք վիճել, համաձայնել կամ չհամաձայնել, բայց անկեղծությունը միշտ տրամադրում է երկխոսության:

Պարտավոր ես անկեղծ լինել հանդիսականի հետ, իմանալ թատրոնի ամենակարևոր սկզբունքը՝ դու չես ստեղծում հարյուր տոկոսանոց արվեստի գործ, այն հարյուր տոկոսանոց է դառնում միայն ու միայն հանդիսականի հետ շփման արդյունքում: Հանդիսականն էլ է դառնում ստեղծագործող:

 

Հանդիսականին չպետք է սովորեցնել

Սովորեցնողը միշտ անհարմար վիճակում է: Եթե ես ձեզ սովորեցնում եմ ինչ-որ բան, ես ինձ դնում եմ ավելի բարձր դիրքում: Մենք իրավունք չունենք այդ ձևով շփվել հանդիսականի հետ: Կարելի է միայն սովորել: Սովորեցնել հնարավոր չէ:

Իմ ուսանողներին միշտ ասում եմ՝ դուք եկել եք այստեղ ոչ թե, որ մենք ձեզ սովորեցնենք, այլ որ սեր ձեռք բերեք դեպի սովորելը․ սովորելու գործընթացը չի սահմանափակվում չորս կամ վեց տարով:

 

Ամեն ժամանակ թելադրում է իր ձևը

Կարելի է շատ հետաքրքիր բաներ ասել, բայց տաղտկալի ձևով: Մատուցման ձևը պետք է լինի ժամանակակից։ Ամեն ժամանակ թելադրում է իր ձևը։ Այն, ինչ դառնում է դասական, հին ձևի մեջ է: Հնարավոր չէ այսօր նկարել Լեոնարդո դա Վինչիի նման, ոչ թե որովհետև նման տաղանդներ չկան․ պարզապես չի ստացվի: Լավագույն օրինակը, կարծում եմ, մեր եկեղեցիներն են: Նայեք՝ ինչ հրաշալի են մեր եկեղեցիները՝ ինը, տասնմեկ, տասներեք և նույնիսկ տասնվեցերորդ դարի, որովհետև դրանք կառուցված են այդ ժամանակի մեջ: Քսանմեկերորդ դարում կառուցում ենք եկեղեցիներ նույն ձևով, բայց դրանք չեն նայվում, ժամանակից դուրս են: Չկա եկեղեցական հատուկ ձև, դա էլ ճարտարապետություն է և պիտի համապատասխանի ժամանակի պահանջներին: Այն ժամանակ, երբ կառուցվում էին այդ եկեղեցիները, դրանք համապատասխանում էին իրենց ժամանակին, ինչի համար այսօր էլ են հետաքրքիր նայվում: Նորակառույցները ոչ այսօր են նայվում, ոչ էլ վաղը կնայվեն:

 

Այսօր և հիմա

Թատրոնում եթե ստեղծագործեցիր ու հասկացված չեղար հիմա, հասկացված չես լինի վաղը, որովհետև վաղը քո գործն այլևս չկա: Թատրոնը գրականություն չէ, կերպարվեստ չէ, որ գան հաջորդ սերունդները գնահատեն: Շատ բարդ է: Պետք է տեղավորվես այս ժամանակի մեջ, ոչ թե անցյալի կամ ապագայի, այլ ներկայի մեջ, ընդ որում՝ շատ արագ․ ժամանակը արագ է փոփոխվում: Այն, ինչ երեկ հետաքրքիր էր, այսօր կարող է հետաքրքիր չլինել: Դժվար է, բայց հետաքրքիր, որովհետև կամա-ակամա պետք է շատ ակտիվորեն ապրես այս ժամանակի մեջ, որ զգաս ժամանակը:

Այն բոլոր արտահայտությունները, թե ինչ լավ էր առաջ, ինչ լավ հանդիսատես էր առաջ կամ հանդիսատեսը դեռ չի հասել իմ մակարդակին, որ հասկանա, ես ստեղծագործում եմ վաղվա համար, թատրոնում չեն անցնում՝ միայն այսօրը, միայն հիման:

Ոչ ոք այդքան մեծ հանրային ճանաչում չունի, ինչքան դերասանները, բայց հենց դերասաններն էլ առաջինը մոռացվում են: Շեքսպիրն ասում էր՝ դերասանը իր ժամանակի կարճ քրոնիկոնն է: Շատ ճիշտ էր ասում: Կամ հիմա կլինես, կամ ընդհանրապես չես լինի: Չես կարող լինել երեկ և չես կարող լինել վաղը: Միայն հիմա:

 

Թատրոնի նշաձողը պետք է բարձր լինի

Աբովյանի, Գյումրու, Վանաձորի տիկնիկային թատրոնների հետ կան հաճախակի շփումներ, հատկապես տիկնիկային փառատոների ժամանակ: Համատեղ նախագծեր չենք իրականացրել: Չեմ սիրում ՙնախագիծ՚ ասվածը, գումար պոկելու խորհուրդ ունի: Կարելի է ընդհանուր բեմադրություն անել, բայց ներկայացումը պիտի խաղացվի կոնկրետ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հանդիսականի համար: Գուցե դրա ժամանակն էլ գա:

Համատեղ կարելի է ինչ-որ բան իրականացնել, երբ դուք գտնվում եք ինչ-որ չափով նույն գեղագիտական դաշտում: Չեմ ասում՝ լավ կամ վատ, բայց մեր գեղագիտական դաշտերը մի քիչ տարբեր են:

Շատ լավ է, որ կան այդ տիկնիկային թատրոնները: Կարծում եմ՝ դրանք ուշադրության, նաև թարմ, երիտասարդ ուժերի կարիք ունեն: Նրանք պետք է հասկանան, որ իրենց ուզածը պետք է մի քիչ ավելի շատ լինի, քան այն, ինչ իրենք ունեն: Եթե դու քո առջև բարձր նշաձող չես դնում, ի սկզբանե քեզ պարտադրում ես լինել երկրորդական, երրորդական դերերում: Երբեք պետք չէ խեղճանալ: Ժամանակին այս թատրոն էլ դերասաններից ոչ ոք չէր ուզում գալ: Հիմա ամեն օր գալիս են, փորձում են ընդունվել թատրոն, ինչը բարդ է: Թատրոնի նշաձողը պետք է լինի շատ բարձր, անկախ նրանից՝ դու կհասնես դրան, թե ոչ:

 

Միակ խորհուրդս է՝ առողջ մնալ

Ուսանողներիս ոչ մի խորհուրդ չեմ տալիս: Պարզապես զրուցում եմ նրանց հետ:

Դերասանի մասնագիտությունը հոգեբանական տեսակետից վտանգավոր մասնագիտություն է: Ամեն օր բացում ես հոգիդ, վիրուսները կարող են գալ ու կպչել: Պետք է շատ ուշադիր լինես, որ չհիվանդանաս:

Վիրուսները կոչվում են պետական պարգևներ, կոչումներ և այլն: Պետք է կարողանալ ոչ թե չընդունել դրանք, այլ դիմադրել, թույլ չտալ, որ այդ վիրուսները գան ու քո առողջ ստեղծագործական էությունը ամբողջովին կլանեն: Միակ խորհուրդս է՝ առողջ մնալ:

Կոչումները արվեստագետի համար ոչ մի նշանակություն չպետք է ունենան, փչացնում են մթնոլորտը: Կողմնակից եմ մասնագիտական պարգևների, որոնք որոշում են մասնագիտական հանձնաժողովները: Կան նաև պետական պարգևներ, երբ պետությունը որոշում է մարդուն իր գործունեության համար տալ այս շքանշանը կամ մեդալը, դա էլ եմ ընդունում, իսկ կոչումներին շատ վատ եմ վերաբերվում: Ունեմ կոչում, բայց ոչ մի տեղ գրված չեք տեսնի:

 

Եթե գրահրատարակիչ լինեի

Գուցե այդքան էլ ճիշտ չեմ ընտրել մասնագիտությունս: Ինձ շատ է դուր գալիս գրահրատարակչի գործունեությունը, երբ դու գրքեր ես հրատարակում և տարածում մարդկանց մեջ: Կուզեի, որ Հայաստանում նոր որակի վրա բարձրանար թարգմանական գրականությունը: Մենք պարտավոր ենք ճանաչել այն լավը, որ կատարվում է աշխարհում, հայերեն կարդալ այն գրողների ստեղծագործությունները, որոնք ներկայացված են եղել, ստացել են Նոբելյան մրցանակ:

Գրահրատարակչությունը ոչ միայն գիրք հրատարակելն է, այլև գրականություն տարածելը, ինչը նույնպես շատ կարևոր է: Ինչքան հասարակությունը կապված է գրականությանը, այնքան ավելի քաղաքակիրթ է: Ինչքան քաղաքակիրթ է հասարակությունը, այնքան քաղաքակիրթ է պետությունը:

 

Երբ ինքներս լավը լինենք

Հասարակությունը կազմված է անհատներից, մարդկանցից: Ամեն մեկին պետք է հետաքրքրել, բացատրել, ապացուցել, որ մենք կարող ենք լավ երկիր ունենալ միայն այն ժամանակ, երբ ինքներս լինենք լավը: Լավ են դառնում սեփական ուղին անցնելով: Սեփական ուղին՝ մտածելու ուղին անցնելու գործում գիրքը շատ մեծ դեր է կատարում․ հնարավոր չէ այն փոխարինել որևէ ուրիշ ատյանով՝ լինի ընտանիք, դպրոց, թե եկեղեցի:

Գիրք կարդալիս մարդ մենակ է, երկխոսության մեջ է մտնում միայն հեղինակի հետ: Կարող է ամեն ինչ մեկնաբանել և ընկալել իր ձևով, հասկանալ, որ դա իսկապես կյանքի դասագիրք է: Իմ կյանքում այդպիսի շատ գրքեր կան: Բազմազանության կողմնակից եմ և չեմ կարող իրարից շատ անջատել, օրինակ, Կաֆկային ու Մարկ Տվենին: Գրականությունը հարստություն է․ նախընտրել հարստության միայն մի մասը՝ նշանակում է զրկել քեզ մնացած մասից։

 

Մենք փոքր չենք

Մարդ պետք է միշտ երազանքով ապրի: Երբեք պետք չէ խեղճանալ, պետք չէ ասել՝ մենք փոքր ժողովուրդ ենք, փոքր պետություն ենք, փոքր ենք: Մենք փոքր չենք, որովհետև թե ժողովուրդը, թե պետությունը կազմված են մարդկանցից, մարդը փոքր լինել չի կարող: Մարդն այնքան է, ինչքան ուզում է դառնալ, երբ ապրում է երազանքով և ձգտում է իրագործել այն, ոչ թե ամեն քայլափոխին ասի՝ ես մեծ եմ, այլ պիտի իր երազանքը մեծ լինի: Երբ երազանքով ապրողների, մտածողների որակը դառնում է նաև քանակ, հզորանում է և երկիրը, և ժողովուրդը: Ժողովուրդը, երկիրը աբստրակտ հասկացություններ չեն․ ինձանից, ձեզանից և մյուսներից են կազմված:

 

 

Անդին 2, 2016

Share

Կարծիքներ

կարծիք