Բանաստեղծություններ

Հեղինակ:

7*փողոցը

 

նոյեմբերին:

մենք նորից

փնտրում ենք

փողոցը որը գոյություն չունի…

 

էդ գրողի տարած փողոցը

որտեղ ամեն մի քայլդ նման է անտրամաբանական սավառնանքի

դեպի ներքին կայսրությունդ

 

ուր դարձյալ սկսում էս խորհել

շոկոլադի և էն կարմիր ու տաք շուրթերի մասին

սրտերի խելահեղ -մոլեգին ճիչերի մասին

 

ձմռանը մայթին անտեսված մահամեձ կարմիր վարդի մասին

անտոնիոնիի և բերգմանի մասին

 

վաղվա մասին

մյուս, է՜ն մյուս տարվա մասին

մահվան մասին

քո մասին

փողերի մասին

էն հրեշավոր, այլանդակ ցուցահանդեսի մասին

նախքան լուսաբացը մերկ ճյուղերից էս ու էն կողմ թռչող

փոքրիկ թռչունների առեղծվածային երգի մասին

 

անհեթեթ մանկության մասին

քամիների մասին

պատուհանների լղոզված ապակիներից այն կողմ

 

 

տիեզերքի մասին

լվացքի մեքենան քացու տակ գցելու մասին

(կյանքիս աղմուկները կրկնապատկելու համար)

թոշնած ձեռքերի աչքերի աղոթքների ու

տրագիկ խաղաղ ներս փլվող պատերի մասին…

առաստաղից անվերջ կաթող

մտքերի

 

վերածվող

ամայացնող

աստերոիդների

անձրևի

 

դրանից

պաշտպանվելու մասին…

 

ճախրելով հազարավոր չքնաղ դղյակների

գոյություն չունեցող քաղաքի

կաթնային գույների հանճարեղ երկնքում

իջնելով քիչ ներքև թռչկոտելով և անցնելով

գոյություն չունեցող անթարգման տանիքները

տարատեսակ ու բազմերանգ կտուրները

ժամացույցավոր հեքիաթային աշտարակները

սիրունիկ ծուռ ու մուռ ծխնելույզները

 

մենք փնտրում ենք փողոցը

որը գոյություն չունի…

մենք

հեռանում

ենք

իրարից

 

իրար

փնտրելու…

 

 

*կաֆկա

 

էնքան սխալ էր ամեն ինչ…

կճաքարերը փողոցի

գրադարանի ճանապարհը

գրադարանը

գրադարանի աշխատողները

գրքերը

էդ աշխատողների ձեռքերում

և միգուցե ես

որ տեսնում էի էդ սխալը

բայց ունեի մի հատիկ կյանք

ու սխալ էի որ

մոռանում էի մեկ-մեկ

էդ մի հատիկ նեռվային կյանքիս մասին.

 

էնքան սխալ էր ամեն ինչ…

 

անգամ անձրևն էր սխալ

որ չեր թափվում ցած

 

ներդաշնակ կաթիլ- կաթիլ

այլ կարծես փուլ էր գալիս

երկնքից

 

դեպի

գրադարանից

կճաքարերի հիմար փողոցով

կաֆկա «տանող» մարդուկների գլխին….

 

կաֆկա օծող անձրևից հետո

ամեն ինչ պետք է որ այլ հունով գնար

 

ու մոլորվածները էլ ավելի մոլորվեին.

բայց

 

ամեն ինչ էնքան սխալ էր…

 

ամենաշատը կճաքարերով հիմար փողոցը ու

էդտեղ պար եկող հիմար մարդիկ

գրադարանից  «անասուն թարգմանությամբ»

կաֆկա տանող

լափող ու

բան

չջոկող:

 

նեռվային կյանքս փուլ եկող անձրևի հետ դարձավ ցեխոտ և պղտոր անձրևաջուր. որ անդուլ հոսում էր քաղաքի քարքարոտ լքված ճանապարհներով…

«հոսելուս» պրոցեսին

Կաֆկան ուղեկից էր

 

նա բոլոր ճանապարհներին էր

ամեն մի քարը ճանապարհի

Նա էր

 

այն քարերը որոնց

կպչում ու ծեփվում էի /գետի ափին լվացք անող կնգա ձեռի քռչի պես/

բայց  ցավ չկար ….

 

տիղմի վերածվելուց հետո

էլի

հիշվեց իմ մի հատիկ նեռվային կյանքի մասին

բայց  գրողը տանի

ամեն

ինչ

էնքան

սխալ էր…

 

Անդին 2, 2016

 

Share

Կարծիքներ

կարծիք