Պոեզիան իմ սիրուհին է

Հեղինակ:

artak2Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունը շարունակությունն է մեր բազմադարյան գրականության: Նա իր ճանապարհը սկսեց այնտեղից, որտեղ կանգ էին առել իր նախորդները… Կանգ էին առել՝ փոխանցելու իրենց քնարի պիրկ լարերը: Եվ Արտակը վերցրեց դրանք մեծ խանդաղատանքով: Գիտեր, որ վարժ և հմուտ էր հնչեցնելու քնարը: Լավ գիտեր իր արժեքը: Մեծերի հետ հավասարը հավասարի է խոսում բանաստեղծության մեջ, որտեղ շատերին է բերում ու խոսեցնում, մասնակիցը դարձնում իր մտորումների:          Լավ մուտք էր իր պոետական սկիզբը: Նախ դպրոցում նկատվեց Համո Սահյանի կողմից, իսկ հետո նրա պոեզիային անդրադարձավ Վահագն Դավթյանը և կարևոր տողեր առանձնացրեց, որ տեղ գտավ 1996 թվականին լույս տեսած առաջին ժողովածուում՝ որպես առաջաբան: Արտակ Համբարձումյանին գնահատեցին իր ժամանակակիցները՝ գրողներ, բանաստեղծներ, գրական աշխարհի նշանավոր ոչ քիչ ներկայացուցիչներ: Պատճառն իր կենսասիրությունն էր, ներքին և արտաքին հմայքը, շփվող լինելու հետաքրքիր փաստը, որ ոչ բոլոր պոետներին է հատուկ: Ահա մի գրառում, որ արել է 1988-ին. ‹‹Այո, որոշեցի և պիտի գրեմ, պիտի ասեմ՝ ով եմ ես, պիտի կարդացողների հոգում հետք թողնեմ, թեև կարդացողները շատ չեն լինելու… Ների՛ր, սիրելի ընթերցող, թեև չգիտեմ՝ ով ես դու, ների՛ր… և զգա, զգա, որ բաբախում է ևս մի սիրտ՝ մի կեսը գրանիտ, մյուս կեսը՝ ձյունաթույր բամբակ: Եվ զգա՛, որ տվել է ինձ Աստված մի հետաքրքիր խառնվածք, մի էություն, որ էլ չես տեսնի, չես տեսնի անգամ, եթե փնտրես մոմի լույսով…››:
Կարելի է բացել Արտակի բանաստեղծությունների ընտրանին և այն կարդալ որպես բանաստեղծական վեպ: Այստեղ չկան ավելորդ հույզեր և լիրիկական շեղումներ, հուսահատական ձայներ: Ազնիվ նկարագրությունների, լուսավոր թախծի ու չպարտադրող տառապանքի հետ ներդաշն են պատկերների առատությունը: Եվ բանաստեղծության այս կերպը՝ ընթերցողին չլացացնելու և չհուսահատեցնելու պայմանով, սկզբունք է իր համար: Այն նման է հույզեր ու զգացումներ նկարող վրձնի, որ իրականությունից ու ինքնալսումներից է վերցնում իր թավ գույները: Դանդաղ, երբեմն ծույլ նազանքով շարժվող այս իրականությունը նախշի տպավորություն է թողնում և նմանվում մանրանկարչության:

Ես վաղուց եմ տեսել քո աչքերի գույնը
Որ նման է կապույտ լուսաբացին,
Երբ ճյուղերին նստած բամբակներն ու ձյունը
Լույս են տալիս, մինչև առավոտը բացվի:

Իհարկե, Արտակն առաջին հերթին սիրերգակ է: Նա մեծ թվով շարքեր է նվիրել սիրո տարածությանը, որ հոգու բացահայտումների շղթա է: Լռության, միայն իրեն վնասող տառապանքի, հույզերի տարափի, ժայռերի ու ծովերի հետ զրույցների, ֆիզիական ցավի ու լույսի մեծ պաշարի հետ գործ ունենք այս դեպքում, որտեղ շատ են մակդիրներն ու համեմատությունները, մետաֆորները: Անիրական-երևակայականը, իրականն ու ճշմարիտը միասնական են այստեղ, բայց միշտ առկա են բանաստեղծական պատկեր-խոհ-գյուտ տեղաշարժերը: Մի բանաստեղծության մեջ իր հերոսներին տեղափոխում է այլ ժամանակներ, տեսնում այլ իրականության մեջ, և դրանից շահում է գեղագիտական պատկերը. ‹‹Գեղեցիկ էիր ինձ հետ թևանցուկ մոտենում կառքին /պալատական շորերով/››…  Դյութիչ արարողակարգերից հետո հնչում է վերջին տողը. ‹‹Ես քո խավարման դանդաղ ընթացքին ինչպե՞ս դիմացա››:
Ես ուզում եմ աղերսներ գտնել միջնադարյան սիրերգակ Սայաթ-Նովայի և 20-րդ դարի սիրերգակ Արտակ Համբարձումյանի՝ սիրած աղջկան և սիրո ցավը՝ որպես անկրելիություն նկարագրող պատկերներում: Եվ դա ինձ հաջողվում է: Նորը անվերջ տեսնելը, հայտնաբերելը, հիանալը, և դա ոչ թե միայն ի՛ր համար, այլ՝ ընթերցողի՝ սա է Արտակ Համբարձումյանի պոետական նախանձախնդրությունը: Իսկապես, նորագյուտ պատկերները սիրային գործերում միմյանց հերթ չեն տալիս.

Եվ մի լույս թող բացվի քո ձյունե կրծքերին մուարե,
Ես ամբողջ մի գիշեր ծովի փայլերը թող հաշվեմ,
Թող փորձեմ շուրթերով պատկերդ ժայռերին նկարել,
Քեզ սիրե՜մ, գուրգուրե՜մ ու անգամ տիրելուց չքաշվեմ…

Իսկ մուարը լույսի տակ շողշողացող ալիքանման դրոշմազարդով մետաքսյա խիտ գործվածքն է: Ինքն էլ գիտի, որ իր երգած սերը սովորական չէ, որ ‹‹այն ջրվեժ է հերարձակ ու կարոտախտ է անողոք…››: Երկնքի ու երկրի միջև իր համար աշխարհի կենտրոնը սերն է ու նրա հետքերը՝ թեկուզ ցավեցնող, բայց՝ ներշնչող: Մյուս հարաբերությունները, մարդկային արատներն, ինչ-որ տեղ, սովորական են թվում: Գրականագետները դա կապում են շատ երիտասարդ լինելուն, բայց մի՞թե դա է պատճառը: Ինչպես ինքն է խոստովանում.

Ես երբեք, ես երբեք
Չեղա պատանի,
Մանկությունից էլ ես դարձա ծեր…

Արտակ Համաբարձումյանը քիչ բանաստեղծություններ չունի՝ նվիրված մորը և հայրենիքին: Այս երկու թեմաները նույնպես խորապես հետաքրքրել ու հուզել են: Երբեմն խառնվում են սիրայինն ու մայրերգությունը.

Չէ՞ որ ես քեզ այնքան հարգանքով եմ սիրում,
Որ քո կողքին արդեն… կարոտում եմ մորս:

Առանձին և կարևոր տեղ է զբաղեցնում Հայրենիքի թեման: Ցավոտ, տագնապեցնող, մշտական սպասումների կիզակետ է այն բանաստեղծի համար, որ իր մխանքով մշտապես ներկա է.

Ես ոսկետան առաջ՝ երազանքներ պահած,
Հոգիս փռած գորգին, արծաթ լճի կողքին,
Քեզ տեսնեի, երկի՛ր, խունկ ու աստղեր վառած,
Եվ քո ձեռքին պայթեր իմ կարոտած հոգին:

Գնահատելի և կարևոր ներկայություն է Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունը, որ կարծես հոսում է մեր միջնադարյան պոեզիայից ու գալիս միանում ժամանակակից կյանքին՝ դառնալով մերօրյա կտավ:

 

 

Share

Կարծիքներ

կարծիք