Ճիչ

DSC08421---Պայուսակիս մեջ հեռախոսս փնտրելիս խնձորի բույրը հաճելիորեն շոյեց քիմքս: Լայն ժպտացի: Մի շաբաթ առաջ՝ մեր հանդիպման օրը, խնձորը գցեցիր պայուսակս, ես էլ կատակով ասացի. «Ժամանակները փոխվել են, հա՞, հիմա Ադամն է Եվային արգելված պտուղը հրամցնում»:

-Հա՛, մամ ջան:

-Անո՞ւշ, ինչի՞ չես պատասխանում զանգիս, այ բալա, արդեն անհանգստանում էի:

-Քո խելքն էլ քոնը չի անհանգստանալու համար, մամ, հազիվ հեռախոսս գտա, չգիտե՞ս՝ պայուսակիս մեջ ի՜նչ ասես կա:

Ինձ զսպեցի, որ բարձրաձայն չասեմ. «Մի հատ էլ խնձոր է ավելացել՝ հատո՛ւկ խնձոր»: Ու էլի ժպիտս շուրթերս ձգեց մինչև ականջներս:

-Լավ, Աշոտը, երեխեքը ո՞նց են:

-Շա՜տ լավ են, հենց նոր եմ գործից տուն մտել, արդեն հասցրել են կյանքս ուտել:

-Բա սոված կլինեն երեխեքը, դե գնա՛, գնա հաց դիր, էլ չխանգարեմ: Հետո կզանգեմ, հաջող:

-Հա, մամ ջան, երբ իրենք ծամելով են զբաղված, ես միայն էդ ժամանակ եմ հանգստանում, հաջող:

* * *

Ձեռքիս շարժմանը համընթաց ապակու վրա խոնավ շորի հետքն անմիջապես չորանում է: Լավ եղանակ է՝ տաք, ոչ շոգ: Փափուկ արևը մեղմորեն շոյում է թիկունքս, խաղում մազերիս հետ, ջերմացնում բաց ուսերս, նրբորեն հպվում ոտքերիս: Հենց այդպես ես դու գրկում ինձ՝ մի անսովոր տարերայնությամբ, որից մարմինս, իր նյութը ժխտելով, համակ ապրում է դառնում… Կարոտել եմ բազուկներդ, մաշկդ, շունչդ…

Այն օրը բաց չէիր թողնում ինձ: Թույլ չտվեցիր անգամ մի քանի րոպեով հեռանամ գրկիցդ՝ խոհանոցը հավաքելու և ափսեները լվանալու համար: Հաճույքով եմ քո տանը գործ անում: Իսկ դու ինձ ամուր սեղմել էիր կրծքիդ ու շարունակ կրկնում էիր, որ համատարած գորշության մեջ քո միակ տաք գույնն եմ, ու միայն իմ շնորհիվ ես դեռ պայքարում հուսալքության օրավուր խեղդող ճիրանների դեմ: Սրտիդ անկանոն տրոփը բառերիցդ խոսուն էր: Համբույրներդ էլ այդ օրը սաստիկ կրակոտ ու անզուսպ էին:

Ինչե՜ր կտայի, միայն չտեսնեի աչքերիդ փայլի խամրելն ամեն անգամ, երբ մերժում եմ քեզ հետ գոնե մեկ ամբողջ օր անցկացնելու առաջարկդ: Հազվադեպ եմ կարողանում ընդամենը մի քանի ժամ թռցնել իմ լարված առօրյայից, այն էլ ինչպիսի՜ գնով…

Ականջներումս պահել եմ շշուկդ. «Մի՛ գնա, սերս, մի քիչ էլ մնա, ինձ մենակ մի՛ թող»: Կարծում ես ինձ համար հե՞շտ է քեզնից կտրվելը, երբ միայն քեզ հետ եմ ամբողջանում, դառնում լիարժեք էություն՝ ներսի ու դրսի կատարյալ ներդաշնակությամբ: Իսկ առանց քեզ միթևանի, միոտանի խեղանդամ եմ…

-Ի՞նչ եղավ, Ան, գույնդ գցեցիր, մի հատ ցա՛ծ իջիր:

Աշոտը շփոթված մոտեցավ ու ձեռքս բռնեց, որ իջնեմ լուսամուտագոգից:

Իսկ ես դեռ միթևանի, միոտանի խեղանդամ էի ինձ զգում, չէի կարողանում որևէ շարժում անել: Մի կերպ ուշքի եկա:

-Մի տեսակ գլուխս պտտվեց: Է՞ս ինչ բան էր…

-Ասացի՝ հանգստացիր: Հինգ րոպե ազատ ժամանակ ես գտել, պատուհան ես մաքրում: Ամբողջ կյանքում տանջեցիր քեզ, էդպես էլ խելքի չեկար, էլի…

-Աշ, աչքիս ծերանում եմ,- փորձեցի կատակով ցրել Աշոտի տագնապը,-պիտի շտապ ինձ փոխարինող գտնես:

Վերջին բառերը մի կերպ արտաբերեցի՝ սրտխառնոցից այլայլված դեմքով:

-Խելա՛ռ, չգիտե՞ս, որ ինձ համար անփոխարինելի ես: Էսօր էլ ո՛չ մի գործ չես անում, վե՛րջ, հասկացա՛ր: Նստի՛ր, գնամ ջուր բերեմ:

Հայացքս ուղեկցեց Աշոտին: Սիրտս ճմլվեց: Գիտեմ, որ անփոխարինելի եմ, որ նրա հենարանն եմ, հույսը, հպարտությունն ու ուժը: Ո՞վ կպատկերացներ, որ դա կարող է անասելի ծանր բեռ լինել ինձ համար:

Բաժակը ձեռքին Աշոտը հյուրասենյակ մտավ:

-Խմիր ու պառկիր մի քիչ, ես երեխաներին բակ կիջեցնեմ, որ գլուխդ չտանեն:

Ներսումս մի ձայն ընդվզեց. «Այդքան հոգատար մի՛ եղիր, Աշո՛տ»:

-Պապ, պաղպաղակ էլ կառնես, չէ՞,- անհամբեր ճտպտաց աղջիկս:

-Բա ո՞նց, քաղցրս, դե հագի՛ր կոշիկներդ:

-Ապերի համար էլ կառնես, չէ՞…

Երեքով ծիծաղեցինք, գիտեինք՝ Սոնան պարտադիր դա ասելու է: Տղաս նրանից հինգ տարով մեծ է և իրեն արդեն տղամարդավարի է պահում: Հսկում է, որ բակում ոչ ոք չնեղացնի քրոջը: Դասամիջոցին սնվելու համար իրեն հատկացված գումարից դրամ է կուտակում ու երբեմն որևէ խաղալիքով ուրախացնում Սոնային:

Այսպիսի երեք գանձ ունեմ ես՝ մեկը մյուսից թանկ ու աննման: Բայց… բայց սիրտս ուրիշինն է՝ նրանը, ում ձգտում եմ հոգուս ու մարմնիս բոլոր մղումներով… Անզոր եմ սանձելու այդ անդիմադրելի կապվածությունը, որի դրոշմը կրում եմ ի ծնե և բերել եմ ժամանակի հեռավոր խորքերից՝ այնքան հեռավոր, որ չեմ կարող հիշել, բայց զգում եմ… և զգում եմ հաստատապես ու անվիճելիորեն՝ զգայարաններիս ողջ ուժգնությամբ ու իմաստնությամբ:

* * *

Բացում եմ պայուսակս, քո նվիրած խնձորն առնում ափերիս մեջ, մի քանի րոպե հրճվանքով վայելում բույրն ու նորից տեղը դնում: Ուզում եմ մտաբերել՝ որքա՞ն ժամանակ է այն բնակվում պայուսակիս մեջ: Մեկ ամիս կլինի: Ի՜նչ էլ դիմացել է այս եղանակին: Ես եմ, որ թուլացել ու հյուծվել եմ, սպանեցթողեց այս սրտխառնոցը:

Հենց այդ պահին զանգում ես: Ձայնդ այնքան հարազատ է հնչում, ասես իմ ներսից է գալիս.

-Ո՞նց ես, իմ լուսավոր կետ:

-Կե՞տ, ի՞նչ իմաստով՝ միջակետի՞, թե՞կետաձկան:

Սիրում եմ ծիծաղդ:

-Հենմա՛ն կետի, սերս, ես գտել եմ այն:

-Արքիմեդի նախանձը շարժեցիր, գյուտարար: Մի բան կերե՞լ ես:

-Չէ, ես քո ձեռքով խաշած կարտոֆիլն եմ ուզում:

Հիմա իմ հերթն է ծիծաղելու:

-Գոնե ասեիր՝ իմ ձեռքով տապակած: Գցում ես ջուրը, ինքն իրեն խաշվում է, էլի, թամբալս:

-Քե՛զ եմ ուզում:

-Էսօր չեմ կարող… Գիտես…

-Բա ե՞րբ կկարողանաս…

-Մի րոպե, հիմա գրաֆիկս ճշտեմ… Գտա՛. քսանհինգերորդ դարի երկրորդ կեսի առաջին հինգշաբթի օրն ազատ եմ:

-Ա՛յ քեզ զուգադիպություն՝ ինձ մոտ էդ օրն էլի խաշած կարտոֆիլի օր է նշանակված:

Միայն հումորն է, որ օգնում է փոքր-ինչ տանելի դարձնել այս անտանելի կարոտը: Ուրիշ բանով չենք կարող կոծկել մեզ հոշոտող մորմոքը…

* * *

-Մա՛մ, էս խնձորն ուտե՞մ:

-Կեր, բալես, ինչո՞ւ ես հարցնում, խոհանոցի՞ց վերցրիր:

-Չէ, քո պայուսակից:

Շանթահարված վեր թռա տեղիցս, աղջկաս ձեռքից խլեցի խնձորն ու նրա կլորացած աչուկների հարցական հայացքին պատասխանեցի.

-Սա ուտելու չի, Սո՛ն, գնա ուրի՛շը վերցրու:

-Ինչի՞, մամ, իսկական չի՞:

-Չէ՛, Սոնա՛, գնա՛, էլ հարցեր մի՛ տուր:

Երեխաս գլխիկոր հեռացավ՝ ինձ թողնելով անբացատրելի հուզմունքի ու մեղավորության զգացումների մեջ խճճված: Ինչո՞ւ այսպես բորբոքվեցի, խաբեցի աղջկաս: Սրանից էլ իսկական խնձո՞ր: Տես ինչ երկարակյաց դուրս եկավ. մեր վերջին հանդիպման օրն ես տվել, ուղիղ վեց շաբաթ քեզ չեմ տեսել:

Խնձորը կրկին մեխանիկորեն դրեցի պայուսակս, ու հանկարծ մի միտք շամփրեց ուղեղս: Ինչպե՞ս գլխի չեմ ընկել՝ ինչու են հետս տարօրինակ փոփոխություններ կատարվում, ոչ մի անգամ չեմ որոնել սրտխառնոցիս պատճառը: Մի՞թե հնարավոր էր վեց շաբաթ թմբիրի մեջ ապրել: Այդ ի՞նչ մոգական ուժ էր մշուշել գիտակցությունս… Վաղն անպայման բժշկի կգնամ:

Որքա՜ն եմ երազել քո խորունկ աչքերն ու իմ հմայիչ ժպիտը ժառանգած փոքրիկի մասին: Բոլորից թաքուն եմ երազել՝ անգամ քեզնից, սեր իմ: Դու չես հանդուրժի, որ քո երեխան ծնվի ուրիշ ընտանիքում, իսկ ես չեմ կարող լքել ընտանիքս: Հարազատներիս պատճառած ցավի բեռը հետս քարշ տալ չեմ կարող՝ որքան էլ ճամփաս դեպի երջանկություն տանի…

* * *

Ուլտրաձայնային հետազոտություն կատարող բժշկի աչքերն ուշադիր նայում էին էկրանին: Դեմքի արտահայտությունից կռահեցի, որ շնորհավորական խոսքեր եմ լսելու: Ինքն էլ պակաս կռահողը չէր: Հենց դեմքը շրջեց իմ կողմը, հասկացավ՝ ոչ թե շնորհավորանքի, այլ կարեկցանքի կարիք ունեմ: Բայց այսպիսի դեպքերում միայն կարեկցանքով չես օգնի: Բժշկական կոպիտ միջամտություն է պետք՝ պարտադիր արյան հոտով ու արցունքի համով, վարժ ձեռքով գլխակեր գործիքը մոտեցնող անտարբեր հայացքի ուղեկցությամբ:

Դու երբեք չես իմանա, որ ստիպված էի ազատվելու մեր երեխայից: Կխնայեմ քեզ ու կտառապեմ երկուսիս փոխարեն: Կդիմանամ, ուժեղ եմ: Ինչպե՞ս եմ կարողանում սիրել քեզ՝ հակառակվելով ընդունված բոլոր կանոններին ու նորմերին: Դու իմ ապրելու անհրաժեշտ պայմանն ես, իմ թթվածինը, առանց որի շնչահեղձ կլինեմ: Մենք մեղավոր չենք, որ իրար գտանք, երբ ես արդեն երկու երեխայի մայր էի, ու այլևս անհնար էր բախտի ուղին փոխելը: Եվ թող ո՛չ ոք չկասկածի, որ մեր սերն իրենց իմացած բոլոր սերերից ամենաուժեղն ու մաքուրն է: Ես սպանեցի մեր երեխային, բայց մեր սերը չեմ սպանի, խոստանում եմ, կշարունակեմ դիմակայել ճակատագրի հեգնանքին…

Հիվանդանոցից վերադարձա ամայացած ու անզգայացած: Բայց միտքս փայլուն է աշխատում. հետս մի մեծ փազլ եմ բերել: Մինչ երեխաներս հայրիկի օգնությամբ այն հավաքեն, մի փոքր մենակ կմնամ:

Փլվեցի բազմոցին ու փակեցի աչքերս: Նույնիսկ արտասվելն է ինձ համար ավելորդ ճոխություն, պիտի զսպեմ ինձ՝ հանկարծ մեկնումեկը չնկատի, հարցեր չտա: Սթափվեցի պայուսակիս թրմփոցից. երևի լավ չէի դրել աթոռին: Ներսի ողջ պարունակությունը թափվել էր հատակին: Աչքս ընկավ խնձորին՝ մեկ օրվա մեջ ամբողջովին լխկել ու նեխել էր: Մի պահ ապշեցի, հետո հասկացա՝ քո նվիրած երկու պտուղն էլ նույն խորհուրդն ունեին…

 

Անդին 2, 2016

Share

Կարծիքներ

կարծիք