Բանաստեղծություններ

DSC09560w

 

***

Մեծ քաղաքի նեոնային լույսերից վեր

գարունը տաք երեկոների բույրով մեր դեմքին էր փչում

բարձրահարկի լուսամուտից,

և դու՝ տաք ուսերս գրկած, լռում էիր,

ու ես ամեն սիգարետի հետ

մի քիչ ավելի էի

անգիր անում

շնչառությունդ:

Ինձնից առաջ ու հետո դու դեռ երկա՜ր

սերեր փնտրեցիր

երկար վարսերով ու բարձրահասակ տիկնիկների մեջ,

և ինձնից քեզ հիշողություն մնաց

կիսադատարկ շշերի ու կիսագինով շշունջների

մշուշոտ արձագանքը,

և լիալուսնի տակ ասֆալտին ծալապատիկ երգված մեղեդին տխուր

և առավոտվա սուրճն ու մոխրամանը թափանցիկ:

Դու ինձ կորցրիր, ինչպես լիքը դրամապանակն են կորցնում

պայուսակում բանալիներ փնտրելիս,

և ես աննկատ ընկած մնացի

ինչ-որ տերևների տակ,

կորսվա՜ծ,

և ինձ վրա անձրև ու ձյուն եկավ, ու տխրություն մաղեց,

և ես ինքս ինձ թաղեցի իմ գանձերի խորքում

ու իմ ծոցից ի՛նքս ծաղկեցի նորից

նոր սերերիս համար:

Քեզնից առաջ ու հետո ես դեռ երկա՜ր

սերեր փնտրեցի

գունավոր թվացող դատարկ պրիզմաների մեջ,

և քեզնից ինձ հիշողություն մնաց

կիսահագ գիշերների ու կիսամութ թափառումների

մշուշոտ արձագանքը,

և լիալուսնի տակ ասֆալտին ծալապատիկ երգված մեղեդին տխուր

և առավոտվա սուրճն ու մոխրամանը թափանցիկ:

 

 

***

Թռչնացիր,

դու այլևս ասելիք չունես աշխարհին,

ուրեմն այլևս չես գժվելու մարդկային աղմուկների մեջ,

և քեզ բարևի փոխարեն ցավ չեն առաքելու

և վերջապես մենակ են թողնելու

քո չվերջացող կարոտի հետ,

և վերջապես հանգիստ են թողնելու,

և վերջապես… ազատ…

ախր դու դու ես միայն վանդակից դուրս:

Թռչնացիր,

և ծուխը պար թող գա թոքերում անվերջ,

և լեգենդներով լեցուն գլուխդ թող պտտվի,

ախր պատշգամբն էնքան էլ բարձր չի,

լվացքի պարանն էնքան էլ չի խանգարում:

Թռչնացիր,

և գալիք բոլոր մայրամուտները

թող մեջքիդ ետևում,

և սարսուռները թող մի վերջին ճիչ դառնան

դողացող շուրթերիցդ պոկվող.

ախր քո թաղմանն անպայման Շոպեն է հնչելու,

որ դու մշուշների երկիր իջնես

փետուրից թեթև երանությամբ:

 

* * *

Մտքիցս վաղուց ջնջվել են

ճանապարհից առաջ ասվող բոլոր աղոթքները,

ճանապարհից առաջ ասվող բոլոր մաղթանքները,

և ես արդեն վաղո՜ւց

առանց ժպիտի եմ

ճամփա ընկնում:

Եվ ես քայլում եմ քեզ,

ինչպես իմ տան ճամփան,

և ես ծամում եմ քո գոյությունը

պատառ առ պատառ,

և շունչ առ շունչ

ագահորեն ծխում

կծու երազանքը քո:

Բայց իմ կոշիկներից արդեն հոգնություն է կաթում, սեր,

և թարթիչներիս վրայից ճամփաների փոշին

փչե՜լ է հարկավոր.

գրկիր ու տար ինձ

այնտեղ, ուր խաչմերուկներում

լուսացույցերը բոլոր

մանդարինի գույն ունեն:

 

***

Ես ուրի՛շ ձմեռ էի երազում,

դու ախր գիտես…

Սոված ու քնաթաթախ

թափառական շներն իմ փոխարեն

հոգնություն կհորանջեն

առավոտի դեմքին:

Հետո կհայտնվեն ուրիշ դեմքեր,

մաղթանքներ կհորանջեն

իբրև սովորություն,

և իբրև սովորություն

հոգնաթաթախ ու բութ հայացքիս մեջ

հուզմունք կկարդան:

Երազանք չունեցող մարդիկ

ինձ կշտապեցնեն՝ երազանք պահիր,

ու ես կհիշեմ, որ դու չհասցրեցիր

երազանք դառնալ,

և կամ ես չհասցրեցի

ճիշտ ժամանակին քեզ երազել:

Հետո չեղած կարոտս ճաք կտա,

կգլորվի,

ու երազանք չունեցող մարդիկ

կասեն՝ մի հուզվիր:

 

…ախր ես ուրի՛շ ձմեռ էի երազում…

 

***

Չեմ հիշում՝ ինձ ով էր ասել՝

քաոսը կամ ներսում պիտի լինի,

կամ դրսում:

Իսկ ինձ չի խանգարում այս կապույտ փոշեկուլը՝

փռված սենյակիս մեջտեղում,

և ինձ անհաշիվ անգամներ մերկ ու թաց գրկած ցամքոցը՝

պահարանի դռնից կախված,

և այսուայնկողմ թափված շորերը,

որոնք իմ տրամադրության բոլոր գույներն ունեն:

Եվ ես այս քաոսի մեջ շտապում եմ արթնանալ

ամեն առավոտ,

որ անհեթեթ մի կատակից հետո

պատիս խզբզանքն ինձ հերթական անգամ ծիծաղեցնի,

և բաժակը սևով լցվի՝ կրկնակի ու դառը,

և օրդ հանկարծ չհասցնի սկսվել առանց իմ ուղարկած լույսի:

Հետո գլորվող կծիկի պես բացվում են

օրվա բոլոր գալարները

(դրանց արանքում նույնիսկ այնպե՛ս հեշտությամբ ես տեղավորվում),

և թոքերում բույն դնող կծու մշուշների միջով դանդաղ լողում ներս՝

իմ հորինած հեքիաթից կենդանացած,

և ես քո մասին իմ տխուր երազանքն եմ կուլ տալիս

կարմիր կիսաքաղցրի հետ միասին:

Իսկ դու ամեն օր գալիս ես միջանցիկ քամու նման,

խառնում քաոսն իմ ու սահում իմ կողքով

և փշրում ինձ պաշտպանող բոլոր ապակիները,

և թողնում ինձ ցուրտ, անգույն, անլույս հեռուներում:

Դու այսպես ներծծվել ես իմ բոլոր բջիջների մեջ,

և զարգանում ես թունդ մի վարակի նման,

ես քեզնով հիվա՛նդ եմ արդեն, սիրելիս,

և հիմա տենդս քո անվան փափկությունն ունի:

Եվ կարծես քաոսը ներս է տեղափոխվում քիչ-քիչ,

ուրեմն սենյակը կարգի բերել է պետք,

և ուրեմն շուրջն ամենը կարգի բերել է պետք,

և աշխարհում ամեն բան դասավորել դարակներով,

և վանդակում թռչունների նման բանտված երազանքները

բաց թողնել:

 

 

***

Ես անընդհատ դեպի արևելք եմ քայլում

աշխատանքից հետո,

և իմ տան դիմաց տանիք կա, որն ինձ ամեն օր սպասում է

մայրամուտներ ցուցադրելու համար:

Ես դրանք բոլորը պատրաստ եմ կիսել քեզ հետ:

Սենյակիս պատին գունավոր կավճով խզբզված բաներ կան,

որ քեզ են հիշեցնում,

և կարիք չկա ամեն օր նոր բառեր հորինել՝

տագնապներդ վերնագրելու համար:

Ես դրանք բոլորը պատրաստ եմ կիսել քեզ հետ:

Լույսը դանդաղ բացվում է պատուհանից այն կողմ,

և գունաթափվում է երկինքն ու դառնում թափանցիկ,

և ուսերս սառել են,

ևւ ինձ գրկող ափերիդ ջերմին են սպասում

փշաքաղումներս:

Ես դրանք բոլորը քեզ համար եմ պահել:

 

* *

Ես մաս-մաս փշրվում եմ

քո տողերից

Եվ դառնում քաոս՝ գաղափարը

նախաստեղծ երազանքի,

Եվ պարպում եմ արարման պահի լիցքը

չասված խոսքերի միջուկներում,

Եվ անքուն գիշերներում բարձիս վրա

(էլի՛ առանց քեզ)

անընդհատ մաշվում է

մենակության մասին նաիվ մի պատմություն:

 

Անդին 2, 2016

Share

Կարծիքներ

կարծիք