Սասունցի Դավթի հայացքի ներքո

KarineԿայարանամերձ հրապարակը բաժանված է քառակուսիների, որոնց կենտրոնում վեր է խոյանում Սասունցի Դավթի արձանը:  Խայտաբղետ քառակուսիներն իրենց ամենօրյա եռուզեռի մեջ են: Կարկանդակավաճառի քառակուսին ձեթ է բուրում, խորովածչունը` էժանագին մսահոտ, ծաղկավաճառինը` վարդ ու յասաման… և այս բոլորի վրա ծորում-կլկլում է կասկածելի ծագման հայերեն բայաթին, որ ծայր է առնում ձայնագրման կրպակից:

Իր անվերապահ գերազանցության գիտակցությամբ՝ հերթական համայցն է կատարում տարածքը հսկող ոստիկանը: Նա ու մեկ էլ անսանձ քամին են գոհ իրենց վիճակից, որովհետև ապահովված են աշխատանքով գործազուրկների այս նորահայտ բնօրրանում: Քամին պարապ-սարապ պտույտներ գործելու փոխարեն տիրաբար դեսուդեն է շպրտում պոլիեթիլենե պատառոտված տոպրակներն ու թղթի կտորները, իսկ ոստիկանը, ոչ պակաս տիրաբար, ոտքով կամ մասնագիտական մահակով կարգի է բերում իրենց սահմանները խախտած առևտրականներին ու նրանց վաճառասեղանները:

-Է՜յ, հապա մի ոտքդ քաշի՛ր: Ի՞նչ գործ ունես ուրիշի սահմանում,- սաստում է նա լրագրավաճառին:

-Ի՞նչ է, էս տեղն արդեն տեր ունի՞,- կեսժպիտ խեղճանում է անցորդներին լրագիր առաջարկող տղան:

-Չէ՛, դեռ չունի, բայց դրված է սեփականաշնորհման: Սեփականատերն էլ որ եկավ, ինչ կա-չկա էս հատվածում, պիտի առնի: Կարո՞ղ է՝ ուզում ես ոտքդ ծախես,- սրամտում է դրության տերը:

Տղայի պատասխանը մնում է օդում կախված. ոստիկանն արդեն իր հաջորդ կալվածքում է:

-Խնձորդ ինչքա՞ն ես ասում:

-Որ թողնեք էժան տա՜մ,- փորձում է համոզել վանդակավոր կեպիով մրգավաճառը՝ նախկին բժիշկ:- էդպես շուտ կվերջացնեմ:

-Ի՞նչ,- շնչակտուր գոռում է ոստիկանը,- որ էժան տաս, իմ էրեխեքն ի՞նչ ուտեն: Մենակ քո գլխի մասի՞ն ես մտածում: Չփորձես գին գցել, թեկուզ մինչև լուս կանգնես էստեղ:

-Լա՛վ, լա՛վ, թող Ձեր կամքը լինի:

-«… որպես յերկինս և յերկրի…»,- քթի տակ մռթմռթում է ոստիկանը մոդայիկ դարձած աղոթքի տողը:

-Ի՞նչ,- չի լսում զրուցակիցը:

-Հե՛չ, էս քո խելքի բանը չի,- նետում է ոստիկանն ու անցնում առաջ:

«Բա՜, տիկի՛ն Նազելի, չկարծես, թե մենակ դու կփայլես քո գրագիտությամբ,- շարունակում է ոստիկանը մտքում` հիշելով կնոջ ինտելիգենտական ծագումը:- Էդ որ բուհիդ դիպլոմը աչքս մտցնել գիտես, բա ո՞նց դիպլոմիդ հարմար մի պաշտոն չես վարում: Գործդ սրա-նրա պատվերով խմորեղեն թխելը չի՞: Էդ էլ, քո ձևակերպմամբ, ընտանիքիդ հանդեպ բարոյական պարտքդ կատարելու համար: Բայց քեզանից ի՞նչ բարոյական, երբ արտասանածդ ճառերում արհամարհում ես իմ աշխատանքը, բայց էդ աշխատանքով կերակրում ես էրեխեքիդ ու դեռ ոտքդ էլ ոտքիդ գցած` սուրճ խմում ընկերուհիներիդ հետ: Բա էն ուսյալ-պատմաբան հե՞րդ: «Քեզ որ մնա,- ասում է,- դու Սասունցի Դավթից էլ հարկ կվերցնես»: Չէ՛, պարո՛ն աներհայր, քեզնից հարկ պիտի վերցնեի ժամանակին, նոր աղջկադ իմ տանը տեղ տայի, որ էսօր գլխիս ավետարան չկարդար շուկայում առևտուր անող բարեկիրթ մտավորականների ու անտաշ, բռի ոստիկանների փոխհարաբերությունների մասին»:

Ոստիկանի վիրավորված արժանապատվությունից ծնված այս հանճարեղ մտասևեռումները նրան շատ հեռու կտանեին, եթե գետնուղու աստիճանների վրա չսկսվեր երկու մուրացկանների կռիվը, ու ականջ չծակեր նրանցից մեկի սուր ծղրտոցը:

-Դե վե՛րջ տվեք,- բղավեց ոստիկանը:

Վիճողներից մեկը քսան-քսանհինգ տարեկան մտագար էր, մյուսը` նրա համեմատ բավական պայծառամիտ պատանի:

-Լակո՛տ,- կանչեց ոստիկանը,- քանի՞ անգամ քեզ ասեմ՝ էս քո տեղը չի, ձյաձյայի տեղն ա: Կորի՛ր էստեղից:

«Ձյաձյան» մտագարն էր, որին «ձյաձյա» կոչելը, դատելով նրա դեմքին հայտնված փայլից, հատուկ նպատակ ուներ: Այդ խոսքը նրան թևավորեց ու դարձրեց շատ ինքնավստահ:

-Լսե-ե-ցի՞ր, լա-ա-կո՛տ,- համարձակ կակազեց նա,- էս տե-ե-ղը ձյա-ձյա-ա-յի-ինն ա` ի-ի-մը:

Լակոտը քրքջաց ու փախավ` ժանամակավորապես հրաժարվելով իր նպատակներից:

«Ամենալավը սրանք են` էս գժերը,- կրկին մտքերի օվկիանոսն ընկավ ոստիկանը,- առավոտից իրիկուն մուրում են, օրվա վերջում համարյա ամբողջը տալիս ինձ ու գնում: Ո՛չ գների էժանությունից ու թանկությունից են բողոքում, ո՛չ եղանակից, ո՛չ ապրանքի որակից. արդար, անշառ գործ – վիզդ ծռիր, փողդ մուրա, օրվա վերջում տեղիդ փողը տուր ու հանգիստ քնիր գետնուղում. մանավանդ, որ ես էլ սրանց համար վերևներում չեմ մուծվում»:

Մինչև գարնանային տեղատարափի սկսվելը ոստիկանը մի քանի պտույտ էլ կատարեց վարպետ ձեռքով քանդակված արձանի շուրջը` շոշափելիորեն շտկելով իր գրպանի և ներքին խոսքի բովանդակությունը:

Իսկ տեղատարափը բուռն էր ու կատաղի: Անձրևի շիթերը առատ ցնցուղի նման թափվում էին շուկայի գլխին` խորը ջրափոսեր գոյացնելով ասֆալտի չկարկատված հատվածներում: Ոստիկանն այդ ամենին հետևում էր կայարանի ապակեպատ սպասասրահից` պաշտպանված անձրևի և մեքենաների անիվների տակ ճողփացող ցեխաջրի սառը լոգանքից:

Մայրամուտին մոտ՝ ավտոկանգառին մոտեցավ մի անծանոթ ավտոբուս: Ոստիկանը հետաքրքվեց այդ անսպասելի հյուրի անժամանակ հայտնությամբ և քայլերն ուղղեց դեպի վարորդը:

Երկար-բարակ բանակցում էին նրանք` վարորդը խնդրողի դասական կեցվածքով, ոստիկանը` մերժողի: Բայց իր և ոստիկանի գրպաններում վարորդի ձեռքի մոգական շարժումներից հետո թատերական վարպետությամբ նրանք փոխեցին իրենց դերերը. խնդրողը վերածվեց խաչագողի, մերժողը` ծպտյալ հովանավորի:

-Թող մտածի, որ անձրևի պատճառով են շուտ գնացել,- հաստատելու պես համոզեց վարորդը:

Աշնանային օրը երեկոյանում էր, կայարանամերձ քառակուսիները` քիչ-քիչ դատարկվում: Մութն իր բարի թևերով աշխարհի աչքից թաքցնում էր շուկայի աղբը, արկղերի ծանրության տակ կքած կանանց ցավատանջ դեմքերը, Սասունցի Դավթի` հարկահաններին պատուհասելու պատրաստ Թուր Կեծակին ու քնած մտագարից փողերը գողացած լակոտի և ոստիկանի գաղտնի գործարքը…

Հետո վարորդն ու ոստիկանը գրեթե նախրապանի ճարպկությամբ իրենց քառակուսիներից դեպի ավտոբուս քշեցին դեռ գործը չավարտած առևտրականներին:

Բոլորի հոգնած դեմքերին գծագրվել էր բութ երանությունը. ավարտվել էր ակտիվ աշխատանքային առօրյան: Շատերն արդեն ննջում էին` շուտով տուն հասնելու ապահով հույսով: Վարորդն անսովոր փութկոտությամբ բացեց իր խցիկի դուռը, ցատկեց բազկաթոռին, միացրեց շարժիչը, և այն է, պիտի պոկվեր տեղից, երբ կատաղի արագությամբ հրապարակ մտավ մեկ ուրիշ մեքենա: Ուղևորները մի պահ չըմբռնեցին, թե ինչ կատարվեց, չհասկացան, թե ինչն էր երկու վարորդների միջև ծագած կատաղի ծեծկռտուքի պատճառը: Բայց ոչ բառարանային եզրույթների արանքում հնչող հատուկենտ արտահայտություններից պարզ դարձավ կատարվածի ինչն-ինչոցը:

-Դու ուշացար, դրա համար էլ ես բարձեցի,- հևում էր ուղևորներով լի ավտոբուսի վարորդը:

-Ուշացա՞,- վայրենի ձայնով ոռնում էր մյուսը,- ուշացա՞: Ե՛ս չուշացա, դո՛ւ շուտ էկար: Ուշանայի էլ` ե՛ս էի բարձելու. է՛դ էր պայմանը:

Կատաղի հաշվեհարդարը շարունակվում էր: Ոստիկանն արդեն լքել էր իր թագավորությունը` երկու վարորդների հետ էլ հաշիվները շահեկանորեն փակած: Իսկ լուսնի լույսի տակ ու Սասունցի Դավթի սահմռկած հայացքի ներքո անտարբեր հետաքրքրությամբ գիշերային համայնապատկերն էին դիտում իրենք` ավտոբուսի մեջ բարձվածները` սպասելով սեփական բախտի նոր ցոլացումներին:

 

Կարծիքներ

կարծիք