Բանաստեղծություններ

15672789_1235319416526948_6155456863075317124_n***

Ամառնամուտին

օրը երկար է հիշողության պես,

երդմնազանցի հավատարմությամբ

մեր ստվերները հետևում են մեզ

մինչև փողոցի անկյունը,

ասես չի պատահելու արևանկումը,

ու ժամը ութին գիշերվա գույնը

չի մգանալու նախ տանիքներին,

հետո ծորալով՝ պատուհաններից

չի իջնելու ցած, ու սավանի տակ

չի լճանալու անհանգիստ քունը՝

շուռումուռ տալով

մեր մարմինների մենակությունը

ու երազները մեր անշնչացած

մինչև առավոտ,

ուր ստվերները սպասում են մեզ

շեմին — գլխահակ, գաճաճ, անհամեստ

հավատարմությամբ երդմնազանցի

ու երկար օրվա հիշողության պես:

 

***

Անցյալն՝ անմտնելի, հետոն՝ վախենալու,

խխունջը նահանջում է տուն,

տանը տաք է, ապահով, անժամանակ,

տանը — կանայք ու կարիքը՝ գեղեցիկ,

և օրահատիկ է նուռը,

որ արժանանանք

անհիվանդանոց մեռնելու բախտին,

տանը — հազար տարի առաջ

ու հազար տարի հետո — անշարժունակ՝

պահարանը, պատը, լուսամփոփը, դուռը,

մտերմությունը թախտի,

երբ հիվանդ ես մի քիչ ու սիրելի,

համարյա դրախտում,

գիրք ես կարդում,

թողնում են, մանավանդ

չեն կոթում հիմար բաների համար,

իսկ ձմեռը կանգնել շեմին

ու ներս չի գալիս

խռով ազգականի նման,

ո՞ւր գա՝

իր խխունջն ունի ամեն տուն,

և ամեն խխունջ՝ իր կատուն

կամ մուկը, որ պահում է արթուն,

երբ որ գիրք ես կարդում,

ու քնկոտ է բարձը,

և նույնիսկ եթե Տրոյան անց է,

ու սիրեններից ոչ մեկն է հարսնացու,

Ոդիսևսի վերադարձը

հաղթական նեղուցներով

նույն նահանջն է մինչև վերջաբանը խեցու,-

ի՞նչ տարբերություն…

 

***

Իրերը ճանաչում են իրար

«յուրային-օտար» համակարգով.

իսկ մենք նայում ենք մակաղած

հարգանքով, որ մի բան պատմեն՝

մեր մասին իմանանք –

ե՞րբ անցավ,

ո՞նց դառավ ուրիշի ժամանակ,

որտեղի՞ց հայտնվեց այս քաղաքը,

երկիրը, երկինքը, չքացող թանաքը

գիշերվա ու բանաստեղծության,

եղանակը վեցերորդ, որ միայն

Փարիզում է արտոնված,

վաղակետ անցումը Վերջին գետով

ու վերադարձը՝ սուտ խոստման դիմաց,

թե կմեծանաս վերջապես,

կապրես տարիքիդ վայել, այսինքն

չես ապրի:-

Մանկությունից հետո

իրերն են զուտ,

որ հոտոտում են իրար ու քեզ,

սիրում են կամ ատում,

սիրում են կամ ստում,

սիրում են կամ արթուն

հսկումի դեղնավուն բիբերով

թերթում են վերջից առաջ

կամ հակառակը

թանաքի բծերը խայտառակ,

որ դու ես ու քեզ հետ

կապ չունեն առհասարակ,-

ուրիշի ժամանակ է…

 

***

Խուլ ու խռպոտ իմ ձայնը

թվային ցանցում

իրեն լսում է հանկարծ

որպես հայտածում

արձագանքիդ,

որ հեռվից մեր անանցյալի

իրեն դարձյալ արձագանքն

ու ցավն է կարծում

խուլ ու խռպոտ իմ ձայնի՝

թվային ցանցում:

 

***

Իմ չտեսած ծովերի վրա

օրորվում են իմ չտեսած նավերը,

մի կանաչ ջրահարս

խոսք է գցում թխացած նավազներին,

վերևում ծով ու արև է,

ներքևում՝ նույնը թերևս,

ու նավազները տախտակամածին

սեր են ստեղծագործում,

ու քահ-քահ խնդում է

Դելփոսի երկկենցաղ կատարածուն:-

Այնքան պարզ ու մոտիկ տեսա երեկ գիշեր,

երբ խոհանոցում փորձում էի վառել

կեսից կոտրված ծխախոտը,

վերևում անծով, աննավազ ու անարև

մեկը իրեն երկինք էր կարծում,

ու նույնն էր ցածում՝

երևի որ անձրև էր ու անձրև,

ու ծիծաղից մեռել էր

Դելփոսի երկկենցաղ կատարածուն…

 

***

Առավոտվա հինգին մոտ

ծտերը սկսում են կոկորդ մարզել:

(Կոնսերվատորիայի հանրակացարան):

Գիշերվա մազերը ճերմակում են միանգամից:

Անձրևը դադար է առնում (կոֆե-բրեյք),

մինչև նոր ամպեր բարձրանան

ու տեղ բռնեն դեռ միաչքանի

երկնքում (արևը հաստատ կուշանա):

Մի ձեռք շտկում է բլուրների

կանաչ թիկնոցները,

բարձը երեխայի, բարձր երկնքում՝

հեռվաձայն մոլորվածի ընթացքը,

ու սեղանին՝ ծխախոտ-վառիչ-հացի փշրանք

նատյուրմորտը՝ մարդու ու ծտերի համար,

որ գոհանա նախ աչքը, հետո՝ լուսաբացի

վարքը համրաքայլ, որ մոտենում է

կամաց-կամաց:

Վերջին լռությունից մի պահ առաջ

հասցրու վառել ծխախոտը,

դիր մոխրամանի եզրին,

հաց առ ու սպասիր նրան,

ով առաջինը կկտցի սպասման ձուն

ու վարժ կնստի ձեռքիդ՝

որպես օրավարձու կրկներգի

նախանվագ…

 

***

Խոտը դանդաղ է աճում այս տարի,

անձրևներ են,

թացը, թվացումը, թուղթը

կրճատում են բոյ ու տարիք,

ու լուսաբացին,

երբ կարող ես ընտրել չորս եղանակից մեկը,

անպայման ձմեռն է ելնում անտառից,

ձեռքին՝ եղևնու ճյուղ,

ճակատին՝ աստղ,

ու թիկնեթեկին մոտենում կանգառին,

որ անմարդաբնակ է դեռ, բայց շուտով

կլցվի հաստուբարակ ասունով,

սպասումով, անհամբերությամբ,

հետո՝ մկանների մարզումով՝

ավտոբուս խցկվելիս,

որ կենդանի մակետն է Մալթուսի տեսության,

մինչև վերջին կանգառ,

ուր կմնա միայն անթրաշ վարորդը

որպես համառոտ Քարոն

ու հուշաթերթիկ մեր այսպիսության…

 

***

Անտառն իջնում է բլրալանջով,

մոտենում է կամաց,

ամենաջահելը (համենայնդեպս՝ կանաչ)

թափով թակում է պատուհանս,

ամենաախմախ ամենաջահելը

թափով թակում է պատուհանս

ու հետ չի քաշվում գոնե,

որ դու թվաս…

 

 

Անդին 2, 2016

Կարծիքներ

կարծիք