Միջին Արևելքում սահմանների պատմության և ոչ միայն պատմության մասին

Հեղինակ:

Ara PapyanԱռաջիկա ամիսներին Հայաստանի Հանրապետությունը բոլորելու է իր նորագույն պետական գոյության քառորդ դարը: Ավելի քան հինգ դար տևած պետականազուրկ վիճակից հետո 20-րդ դարի ընթացքում մեզ բախտ վիճակվեց երկու անգամ կերտելու մեր պետականությունը՝ 1918 թ. և 1991 թ.: Երկու անգամ էլ մեր պետականության երկունքն անցել է պատերազմի ու տարաբնույթ արհավիրքների միջով, ու սակայն բազում հիմնախնդիրների առկայությանը՝ Հայաստանի Հանրապետությունը մնում է ոչ միայն մեր ներկա գոյության խարիսխը, այլև ապագա հաղթանակների միակ առհավատչյան:

Չնայած հայոց երկու պետականությունների միջև առկա 70-ամյա ընդմիջմանը, այսուհանդերձ երկու Հայաստանի Հանրապետություններն էլ միևնույն պետականության իրարահաջորդ և իրավահաջորդ դրսևորումներն են: (տե°ս ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանը): Ըստ այդմ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ժառանգել է Առաջին հանրապետության (1918 թ. մայիս -1920 թ. դեկտեմբեր, միջազգայնորեն ճանաչված 1920 թ. հունվարի 19-ից), իրավունքներն ու տիտղոսը տարածքի նկատմամբ: Այս հանգամանքը զուտ պատմական կամ մինչև իսկ իրավական երևույթ չէ: Մոտ ապագայում այն ունենալու է հստակ քաղաքական կիրառություն և օգտագործվելու է զանազան դիվանագիտական հոլովույթների մեջ:

Ներկայումս ոչ միայն քաղաքագետներն են խոսում Միջին Արևելքում սահմանների փոփոխելիության մասին, այլև պետական ու քաղաքական գործիչները: Իրաքն արդեն որպես միասնական պետություն չկա, Սիրիան դրա ճանապարհին է, Թուրքիան մոտենում է դրան: Եվ այս բոլորի հիմքում Քրդական պետության ստեղծման հնարավորության հարցն է: Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին մեկ ամիս առաջ բացեիբաց խոսեց Սայքս-Պիկոյի համաձայնագրի /Sykes-Picot agreement/ (ապրիլ 26 – հոկտեմբեր 23, 1916 թ.) և նրանով գծված սահմանների ժամկետանց լինելու մասին: Հիշենք, որ բրիտանա-ֆրանսիական այդ գաղտնի համաձայնագրով է նախանշվել հիշյալ երկրների ազդեցության ոլորտները Միջին Արևելքում, որոնք Առաջին աշխարհամարտից հետո ձևավորվեցին որպես A կարգի ենթամանդատային տարածքներ, և որոնց վրա էլ հետագայում ձևավորվեցին միջինարևելյան մի շարք պետություններ՝ Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը, Իրաքը, թերևս Պաղեստինը:

Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ մի կարևոր հանգամանքի, որը գրեթե մոռացված է, բայց մեզ համար հիշարժան է, քանի որ անմիջականորեն կապ ունի Հայաստանի հետ: Սայքս-Պիկոյի համաձայնագիրը ըստ էության Սայքս-Պիկո-Սազոնով համաձայնագիր է, որով հստակցվել և ամրագրվել են նաև Ռուսաստանի հավակնությունները Օսմանյան կայսրության հյուսիս-արևելքում՝ Արևմտյան Հայաստանում: Չնայած ՙհամաձայնագիր՚ (agreement) անվանմանը՝ ինքնին գոյություն չունի մեկ միասնական փաստաթուղթ-համաձայնագիր: Այն բացկացած է 11 պաշտոնական նամակներից, որոնցով կողմերը հստակեցրել են իրենց հավակնությունները: Ռուսատանի կայսրության անունից բանակցությունները սկսել է արտգործնախարար Սերգեյ Սազոնովը: Նշյալ եռակողմ համաձայնագրով Ռուսաստանը Օսմանյան կայսրության արևելքում պիտի ստանար իր բաժինը՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթները. «Ռուսաստանը պիտի իրեն կցի Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի շրջանները, մինչև Տրապիզոնից արևմուտք գտնվող Սև ծովի ափամերձ այն կետը, որը հետագայում պիտի որոշվի»: (… Russia shell annex the regions of Erzeroum, Trebizond, Van and Bitlis, up to a point subsequently to be determined on the littoral of the Black Sea to the West of Trebizond.) Այս տարածքը գրեթե ճշգրտությամբ համընկնում է հետագայում՝ 1920 թ. օոստոսի 10-ին Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածով և 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությամբ որոշված Հայաստան-Թուրքիա սահմանով Հայաստանի Հանրապետությանն անցնող տարածքին:

Այսօր էլ մեզ համար ցավալի ու դառն իրողություն է. Ռուսաստանը և այդ ժամանակ նրան մաս հանդիսացող Հայաստանը, չնայած իրենց հսկայական մարդկային կորուստներին և նյութական զոհողություններին, ոչինչ չստացան Առաջին աշխարհամարտից հետո՝ դեռ մի բան էլ կորցրին: Ռուսաստանի իշխանությունը զավթած բոլշևիկները սեփական իշխանությունը պահելու համար 1918 թ. մարտի 3-ին ուխտադրուժ և ստորացուցիչ հաշտության գնացին գերմանա-թուրքական խմբավորման հետ: Ըստ էության, Բրեստ-Լիտովսկում ձեռք բերված համաձայնությունները թեև պաշտոնապես չեղյալ հայտարարվեցին Օսմանյան կայսրության կողմից Մուդրոսի զինադադարով (30 հոկտեմբերի, 1918 թ.), իսկ բոլշևիկների կողմից ավելի շուտ՝ 1918 թ. սեպտեմբերի 20-ին, այդուհանդերձ վերապրեցին և իրենց կերպավորումը ստացան Մոսկվայի (16 մարտի,1921 թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921 թ.) այսպես կոչված ՙպայմանագրերում՚:

Հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների արդի սրացումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անթաքույց ձգտումը իրեն նույնականացնելու Ռուսական կայսրության հետ, կարելի է ակնկալել, որ, ի շարս Մոսկվայի և Կարսի պայմանագրերը դատապարտելուն կոչող քաղաքական ելույթների, շուտով Ռուսաստանում ի հայտ կգան նաև բրիտանա-ֆրանս-ռուսական՝ Սայքս-Պիկո-Սազոնովի համաձայնագրի հիման վրա Միջին Արևելքում սեփական դիրքերը խարսխելու կոչեր:

Նրանք, ովքեր այսօր կպնդեն, թե միջազգային հարաբերությունները ներկայումս չեն կարող խարսխվել Սայքս-Պիկո-Սազոնովի համաձայնագրի վրա, պիտի հստակ պատկերացնեն, որ նման մոտեցումը հարցականի տակ է դնում Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող արդի ողջ աշխարհակարգը, քանի որ հենց վերոհիշյալ փաստաթղթով է սկզբնավորվել այդ կարգը և ձևավորվել են սահմանները:

 

 

Անդին 1, 2016

Share

Կարծիքներ

կարծիք