«անսահմանության մասին»  

5454111«…Սա հիշողության վերջին հատվածն է … անսահմանության մասին: Հետո բոլոր սահմանները հայտնաբերվում են: Ամենայն մանրակրկտությամբ: Մոլորակը դառնում է երկրագնդիկ ու սահմանափակ: Անսահմանությունը տեղափոխվում է ներսդ որպես սրտի նվաղոց, երիկամի ցավ, կամ հեռանում է այնքան, որ տարածությունը մինչև անսահմանություն սկսում ես չափել լուսատարիներով:

Կոմիտաս փողոցի մայթեզրին կանգնած գոնչոն կարող էր մեկ քայլով հայտնվել անվերջության մեջ, ընկղմվել անսահմանության մեջ, կարող էր նավարկել անծիրի մեջ թիվ 1 ավտոբուսով և նորից վերադառնալ սահմանների ափը:

Ութերորդ հարկի իր սենյակում նստած գոնչագլուխ խմբագիրը … ուզում էր իր ներսում, որպես սրտի նվաղոց, որպես երիկամի ցավ ապրող անսահման սերը տալ այս քաղաքին ու այս քաղաքի մարդկանց…»***

Այսօր այդ «անսահման սերը» դարձավ նաև անսահման ցավ նրա հարազատների, «տարբեր տրամաչափի գլուխներ ունեցող իր ընկերների», այս քաղաքի, այս երկրի, այս «երկրագնդիկի»  վրա ապրող բոլոր նրանց  համար, ով գոնե մի քիչ ճանաչում էր նրան.

Մհեր Դավոյան, 51 տարեկան, չորս զավակների հայր, «այս քաղաքի» ու այս երկրի Քաղաքացի, գրող, լրագրող, հրատարակիչ, 3-րդ Հանրապետության առաջին անկախ «Մունետիկ» թերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր, հետո բազմաթիվ այլ թերթերի ու ամսագրերի հիմնադիր ու գլխավոր խմբագիր(«100 էջ», «Նօրաթերթ», «Քաղաք», «Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա»  և այլն, և այլն):

Նրա հետ չէին աշխատում՝ ապրում էին, նրա նախաձեռնութունները լոկ հիմնարկներ չէին՝ ընտանիք էին: Յուրաքանչյուրը, ով երբևէ դարձել է այդ ընտանիքի անդամը, այլևս երբեք չի կարող իրեն «պոկել» այդ ընտանիքից՝  մաշկիդ հետ, սրտիդ հետ, «երիկամիդ  ցավի» հետ միասին նույնիսկ…

Այսօրվանից մենք ընկղմվեցինք  նոր անսահմանության մեջ՝ մեր անսահման ցավով ու իր անսահման սիրով «դեպի այս քաղաքը ու այս քաղաքի մարդիկ»…

 

*** «Քաղաք» ամսագիր, թիվ 1, մարտ, 2004 թ., Մհեր Դավոյանի  խմբագրականից :

 

Share

Կարծիքներ

կարծիք