Շերանիկ, քանի գաս, ձուկն բեր. մանրանկարից մինչև վերածնունդ՝ Ժիրայր Դադասյանի հետ

Հեղինակ:

12733493_998449753547250_3577106009507846014_n

 

Բացվում է խավար բեմի վարագույրը, և աչքերիս առջև մեր միջնադարյան մանրանկարներից մեկն է:

Կերպարներն ինձ ծանոթ են. Հաղպատի ավետարանի հայտնի թերթն է՝ իր առանձնահատուկ ծաղկոցով: Աստվածաշնչյան սրբերի և արքունական ընտանիքի դիմանկարներից զատ այս Ավետարանի ծաղկողը հիշել է իր բարեկամ Շերանիկին ու նրա մատռվակ ընկերոջը և երազկոտ անկեղծությամբ լուսանցքում գրել՝ Շերանիկ, քանի գաս, ձուկն բեր:

Պարզվում է, սակայն, որ Շերանիկը երիտասարդ զինվորական է եղել, որն ապրել է Անիում: Թատրոնի բեմը դառնում է 13-րդ դարի մեր փառավոր մայրաքաղաք Անին, որտեղ, ահա, ծնվում է քաղաքի խորհրդանիշը՝ էգ առյուծը:

Եվ նորից պատկերանում են մանրանկարները, շարժվում ստվերները՝ դառնալով Ավետում ու Խորհրդավոր ընթրիք:

Ծաղկում է քաղաքային կյանքը, երիտասարդները անհոգությամբ տոնում են ամենաթող Բարեկենդանը և չեն էլ նկատում, թե ինչպես թշնամին, օգտվելով իրենց հոգևոր անփութությունից, ներխուժում է քաղաք ու գայթակղում Անիի էգ առյուծին

Սկսվում է մարտը, և բեմի վրա ամփոփվում է գեղաշարժը՝ թռիչք, պար

Թշնամին սպանված է, բայցև սպանված է էգ առյուծը, այսինքն թե՝ չկա ամուր քաղաքը, երկաթյա սուրը և հեթանոս կիրքը, սակայն հոգևոր զենքը, որ փառավոր մեր քաղաքը կրում էր իր մեջ, չի ոչնչացվել: Շերանիկը թողնում է զենքն ու դառնում հոգևորական: Մահացած կերպարները համբարձվում են երկինք ու կրկին դառնում մանրանկար՝ հավերժանալով անհուն Հոգևորի մեջ

Այսպիսին է Շերանիկը, որ ծնվել է Մնջախաղի թատրոնի սուղ, բայց հարուստ երևակայությամբ աշխարհում, որի վարագույրներն ինձ համար բացեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

 

Պարոն Դադասյան, մնջախաղը մարմնի գեղաշարժի լեզուն է: Թվայնացված ու անզգայուն մեր դարում մնջախաղը ի՞նչ ասելիք ունի:

 

-Ես մնջախաղը դիտում եմ ոչ թե մեր իրականության մեջ, այլ որպես առհասարակ գոյություն ունեցող ժանր: Բոլոր ժամանակներում էլ մարմնի լեզուն, գեղաշարժը ամենամատչելի ձևն է եղել հաղորդակցվելու, և 21-րդ դարն էլ բացառություն չէ:

Այսօր աշխարհը համապարփակվել է, տարածությունները կրճատվել են, ռիթմը՝ արագացել: Պարզապես անհնար է երեք ժամ ռումիներենով ներկայացում դիտել, եթե անգամ Շեքսպիր է բեմադրված: Հետևաբար՝ ժամանակը պահանջում է հնարավորինս պակաս խոսք, բայց շատ պատկերներ ու շարժում:

 

Իսկ կարո՞ղ ենք ասել, որ մնջախաղը խորհրդանիշների այբուբենն է:

 

-Չեմ ուզում այդպես սահմանափակել մնջախաղի արվեստը: Խորհրդանիշն ավարտուն երևույթ է: Իսկ մեր ներկայացումները փոխաբերական են և ոչ ավարտուն՝ կոտրված խոհրդանիշի նման, որպեսզի ցույց տան, թե ինչ կա ներսում: Մնջախաղի հանդիսատեսը պարտավոր չի վերապատմելու չափ հասկանա, թե ինչ է կատարվում բեմում: Թեև ես բոլոր ներկայացումներից առաջ ներածական խոսքով պատրաստում եմ հանդիսատեսին, թե նա շուտով ինչ է տեսնելու:

Երբ գնում ենք վիրահատության, վիրաբույժի ամեն գործողություն չենք հասկանում, ինչը, թերևս, բժշկի գործն է: Մենք միայն վիրահատությունից հետո ունեցած տպավորությունն ենք զգում: Լինում է, երբ հանդիսատեսը տպավորված դուրս է գալիս ու ասում՝ ես շատ տպավորվեցի, բայց ոչինչ չհասկացա:

 

Մի առիթով ասել եք, որ Լեոնիդ Ենգիբարյանը որքան կրկեսինն էր, այնքան էլ մնջախաղինն ու թատրոնինը: Ի՞նչ ավանդ ունի Լեոնիդ Ենգիբարյանը հայկական մնջախաղի պատմության մեջ:

 

-Կարծում եմ, որ Ենգիբարյանը չէր լինի այդքան մեծ ծաղրածու, եթե միմոս չլիներ և չկրեր մնջախաղն իր մեջ: Նա մի հետաքրքիր նովել ունի՝ Բարձրախոսը: Ասում է՝ մի օր բարձրախոսը շատ գոռոզացավ և ասաց. «Առանց ինձ մարդը ոչինչ չի կարող անել, չի կարող երգել, հաղորդում վարել, տիեզերք թռչել: Իսկ մարդը վերցրեց ու անջատեց բարձրախոսը»:

Կա ասելիք, որ չես կարող բարձրաձայն ասել: Եվ այդ լռությունը Ենգիբարյանը կրում էր նաև կրկեսում: Պետք է տեղ թողնել երևակայության համար, որովհետև իր ընկալումներում հանդիսատեսը կարող է շարադրել իր տեսածից լրիվ այլ պատմություն:

Ինձ համար Ենգիբարյանը մեր արվեստի Էքզյուպերին է, ով աշխարհին ու իրականությանը նայում էր մանկական պարզ աչքերով:

 

Ձեր թատրոնի խաղացանկը մշտապես աչքի է ընկել հայոց հոգևոր մշակույթի խորը դրսևորումներով և թեմաներով: Կխոսե՞ք այդ մասին: Ինչպե՞ս ծնվեցին Շերանիկը, Գիրք Ծաղկանցը, Այծծեսը:

 

-Ես սցենար գրեթե չեմ գրում, պարզապես նկարում եմ ներկայացումը, տեսարանների ու կերպարների բազմաթիվ ճեպանկարներ եմ անում: Սցենարը ամփոփում եմ վերջում, քանի որ ընթացքում է ձևավորվում դրամատուրգիան: Շատ կարևոր է հաշվի առնել դերասանների մարմինն ու գիծը: Երբեք չես իմանա, թե մարմինը, որը շարժվում է, և կորությունը, որ ձգվում է, ի վերջո ինչի է փոխակերպվելու: Ցավոք, այսօր քիչ վկայություն կա հայկական ազգային ավանդական թատրոնի մասին, սակայն պետք չի մոռանալ, որ մշակույթը մի ռիթմի մեջ է, և ուսումնասիրելով ճարտարապետությունը, մանրանկարչությունը, շարականը՝ ես կարողացել եմ բռնել նաև թատրոնի ռիթմը: Եվ փաստորեն այդ ընդհատ ռիթմը հնարավոր է վերականգնել մշակույթի համընդհանուր ուսումնասիրություններով: Հավատացնում եմ, յուրաքանչյուր շարժման կամ տեսարանի հետևում առնվազն հարյուր կարդացած էջ կա:

Երբ մասնակցում էինք Ռումինիայի Սիբյու քաղաքի Միջազգային թատերական փառատոնին, ներկայացումից հետո լրագրողներն ինձ հարցրեցին՝ արդյոք կարո՞ղ են Շերանիկը համարել հայկական մնջախաղի պահպանված նմուշ: Պատասխանեցի՝ այո: Թեև Շերանիկը ես եմ հորինել՝ մեր մանրանկարներից, ճարտարապետությունից ընդհուպ մետաքսագործության բացառիկ նմուշներից ներշնչված:

Միշտ համարել եմ, որ Սերգեյ Փարաջանովը հայկական ազգային մնջախաղի ամենաառաջին բեմադրիչն է եղել: Նրա Նռան գույնը ֆիլմում կան մնջախաղի տիպական տեսարաններ: Սրանք ազգային մնջախաղի ավանդույթներն են, որը փորձել ենք դրսևորել նաև Շերանիկ-ում, Գիրք ծաղկանց-ում, ինչու չէ, նաև Այծ-ծես-ում: Վերջինիս բեմադրությանը մեծ շուք է հաղորդում հատկապես Վաչե Շառաֆյանի՝ հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը:

 

Պարոն Դադասյան, որքան գիտեմ, բավական ծանրաքայլ է ընթանում Մնջախաղի թատրոնին շենք տրամադրելու գործընթացը: Խնդիրն ի՞նչ փուլում է այսօր:

 

-Բազմիցս առաջարկներ եմ արել մշակույթի և քաղաքաշինության նախարարություններին քաղաքի տարբեր մասերում շենքերի հնարավոր տարբերակների մասին: Չեմ ուզենա ժամանակից առաջ ընկնել, բայց կարծես թե սայլը տեղից շարժվում է, և շուտով կլսենք բարի լուրը: Այնուհանդերձ չեմ զլանա կրկնել, որ պետական շենքը ոչ թե մեզ է պետք, այլ մնջախաղ արվեստին: Ի վերջո, պետք է խթանել և աջակցել քաղաքային մշակույթի զարգացմանը: Իսկ ազգային մշակույթը ծնվում է մշակված ու զտված քաղաքայինից:

Մենք դարեր շարունակ պետություն չենք ունեցել, և թվում է, թե մեր ազգայինը միայն գեղջկական տարազն ու պարն է: Թող ինձ ներվի ասել, բայց Թումանյանը մեզ պատկերեց փափախներով ու կարկատաններով, թեև ինքը շատ կոկիկ էր հագնվում: Այսօր չենք կարողանում գյուղից ազատվել ու ստեղծել քաղաքային մշակույթ: Եվ գուցե տեղին կլիներ, որ խորհրդային ժամանակների նման այսօր էլ պետականորեն արգելվի ցածրորակ «արվեստը»: Գուցե կրկին Արամ Խաչատրյաններ ու Առնո Բաբաջանյաններ ծնվեն…

 

 

Ինչպիսի՞ մտավորականի կարիք ունի մեր ժամանակը:

 

-Անկեղծ ասած, այսօրվա ժամանակը, որպես այդպիսին, չի պահանջում մտավորական: Նախկինում մտավորականը հասարակության միջի ազատ խոսողն էր, այսօր, սակայն, այդ խնդիրը չկա: Երբ պետություն չունեինք, Թումանյանն ու մյուսները մեր ազատ խոսքի մտավորական առաջնորդն էին: Սակայն հիմա ազատ խոսում են բոլորը և իշխանության երեսին բոլորն էլ կարող են ճշմարտություններ ասել:

Պարզապես այսօր ապրում ենք մշակույթի համար անբարենպաստ պայմաններում ոչ միայն Հայաստանոմ, այլև ողջ աշխարհում: Պետք է լինի լռություն, քաոս, որից հետո պետք է գան այդ բարենպաստ պայմանները, լինի վերածնունդ:

Իմ կարծիքով մտավորականի խնդիրն այդ լռության, քաոսի շրջանում պահպանվելն ու հոտառությունը չկորցնելն է: Այլապես գալիք սերնդի ժամանակ մենք ոչինչ չենք ունենա վերածնելու…

 

Մեր զրույցի վերջում ես նորից հիշեցի Շերանիկին, որ ձուկ էր բերելու: Իսկ ձուկը Ίχθύς-ն էր, իսկ Ίχθύς-ը Քրիստոսն էր

 

Հետաքրքիր է՝ Շերանիկը ձուկը բերե՞ց վերջապես

 

 

Զրուցեց Մարիա Լազարևան

 

 

 

Երկու խոսք Ժիրայր Դադասյանի «Շերանիկի» մասին

Ներկայացումը ծնվել է տասը տարի առաջ: Չգիտեի: Չէի տեսել: Համոզված եմ՝ ինչպես ձեզանից շատերը:

Սյուժեն հյուսված է հայ միջնադարյան պատմության վկայություն-պատառիկներից և մանրանկարչական պատկերներից: Ուղերձը սա է. քաղաքակրթական աշխարհը կործանվում է ներսից. դրսից կարելի է ծվատել նրա մարմինը, բայց հոգին խլել անհնար է, եթե ինքդ չես կորցնում հոգևոր դիմադրողականությունդ:

Բեմում ծավալվող իրադարձությունը մի պահ կարող է մեզ մղել զուտ կարծրատիպային հակադրությունների ընկալման՝ Նյութ և Հոգի, Աստված և Սատանա, Կիրք և Բանականություն և այլն, և այլն: Քանի որ ամբողջ քրիստոնեական մշակույթն այդ մասին է, և Դադասյանի աշխատանքը կլիներ սոսկ հավերժական երկվությունների թեկուզև հետաքրքիր, բայց հերթական արձանագրումներից մեկը, եթե չկրեր ավելի խորքային մի գաղափար՝ Ընտրությունը: Ընտրություն հենց նույն հակադրությունների միջև. սա պահանջում է հոգևոր խիզախում, ներքին մղումների ինքնասահմանափակում, անհատի և բոլորի շահի ներդաշնակման ջանք, մի խոսքով՝ հոգու աշխատանք, որի շնորհիվ միայն կարող է անառիկ մնալ ազգային ինքնության ամրոցը և պատճառաբանված լինել ազգի քաղաքակրթական գոյությունն այս բարդ ու հակասական աշխարհում:

Թշնամին ծածուկ մեր տուն է մտնում ոչ թե դավաճանաբար բացված արտաքին դարպասներից, այլ մեր հոգևոր տատանումներից ու գայթակղություններից խարխլված ներքին դռնից: Այդ դուռը դժվար է պահել, բայց որքա՛ն հեշտ է բացել… Բացել ներսի՛ կողմից…

Եզրահանգում. «Շերանիկը» մե՛ր և այսօրվա՛ մասին է:

Կեցցե՜ս, Ժիրա՛յր Դադասյան:

 

Լևոն Գալստյան

05.12.2015 թ.

Երևան

 

 

Անդին 1, 2016

Share

Կարծիքներ

կարծիք