Էսսեներ

Հեղինակ:

3

ՔԵԶԻ՛, ԱՐԵՎ…

 

(Վոսփորյան տեսիլ)

 

Նման շնորհալի հեթանոս կույսի մը, կանաչ բլուրներով Պեյքոզ, հրարգելը քու շառայլիդ, քնացած աշխարհին վրա սարսռագին կը բանա իր աչքերը դեռ թաթաղուն գիշերային քունին մեջ: Խարտիաշ տարտամություն մը կը ծածկե ամբողջ քղանցքը հորիզոնին: Վերածնող նշույլներուդ քնքշենի պայծառությունն է այդ: Ա՛յնքան քաղցր է ծովը, ա՛յնքան անդորրավետ, ա՛յնքան ողորկ, որ իր լռիկ համբույրը հազիվ կը հպի ափունքին…

… Կախարդական պալատին տարփավոր հարճը, դալարագեղ Պեյքողը, պարուրված ալիքին մեջ իր խարտյաշ մազերուն, դյութանքի մը ծոցեն դուրս  ելած գոհարի մը պես՝ կարծես կը պսակե ջուրը ապարոշով մը փալփլուն: Ծովը, այդ անփութորեն շնորհալի դշխոն, լուսաթափանց զմրուխտի պատմուճանին վրա կը զետեղե իր շղարշը  զանակներով ընդելուզված: Անրջային երկնքի մը տակ, կապուտահյուս հրապույրով, երկիրը կ’ընծայե քեզի, ո՛վ Արև, իր ծոցին նախապտուղները:

… Շնորհքի մեջ է Պեյքոզը: Կայսերական հովանյակը իր խորհրդասքող շրջաբակին խորեն՝ քու հաղթական լույսիդ կը կարկառե իր սպիտակ ճակատը երազուն՝  զոր կարոտախտը: Իր ապակիները, հեռուն, լույսերուն դեմ կը  փայլատակե հազար ցոլցոլուն կրակներ, նման փառահեղ ցնորագեղ շողակներու: Այս՝ անհամեմատ հաղթանակի ա՛յն տեսլական ժամն է, երբ ասիական դիրքը՝ իր գունաթափ բնության փթթինազարդ հպարտությամբ՝ իբր անուրջի մեջ՝ կը  խորհրդանշե արևելյան երկիրներու հրաշապատում պերճանքը:

… Սավառնաթև սպիտակ  տատրակներու հանգույն՝ առագաստանավերը ջուրը կճեղքեն, քաղցրորեն ու լուրջ. Գանլճան կը զարթնու: Հիսարը կապույտին մեջ կողմնակի ցույց կու տա  իր պարիսպներուն ժանիքները՝ որոնց միջեն կ’անցնի ոսկեղեն փքիններ: Չպուքլըյի բարձունքեն՝ Խտիվյան դղյակը հրաշալի փարոսի մը նման՝ իր փոքր աշտարակին հետ կը տիրե դալարիքին մեջ կառուցված պայծառ  «յալը»-ներուն վրա:

Պեյլերպեյը՝ իր փոքրիկ անկողնեն՝  պերճալի հարեմի մը գգվահեղձ բանտարկուհվույն հանգունակ, սիրուն ու մեղկ, իր երկար թմբիրեն սթափած՝ մարմրուն նայվածքները կը բևեռե եվրոպական ափունքին: Իր փարթամ ծաղկումին վրա անհպելիորեն  կ’ալեծփի փոշի մը ադամանդաշող:

Այս խաղաղ տեսարանին մեջ, զոր մամուռը կը վատկայե, հյուր կայսրուհիին, վեհական շնորքեն տակավին կը սավառնի բան մը, կուռ բանաստեղծություն մը, ավելիհզոր, քան ժամանակը, թափառահած հոգին գուցե այդ չքնաղագեղ գահազուրկ կնոջ, որ արևելյան  դուռներուն առջև ողջունել կուգա արշալույսը և պաշտել զքեզ, Արև՛, քու նորածագ փառքիդ մեջ…

………………………………………………………………………………………………

 

… Փա՜ռք քեզի, Արև՛: Առավոտեն մինչև իրիկուն հողը կը  թրջվի գարնանային  ավիշներով: Հոգնաբեկ և կակղացած երկիրը հանգիստ կ’առնե իր անսահման վաստակին մեջ: Քու ոսկեփայլ կառքդ, որ լռիկ կը սահի կապուտակ զառիթափեն, իր տժգույն ճակատը կ’արտախուրե արյունոտ ոսկեվառով մը: Կարմրաշառայլ դրոշակիդ ծոպերը կը հպանցին ջուրին: Լազվարդ կամարին վրա շիկագույն գանգուրներդ իրենց փառահեղությունը կը սփռեն: Մեղմ քսիվ մը, ծովային վերջալույսներու տեսլական օրոր, ալյակաները կը հուզե: Երկինքը ծովուն կը հաղորդե իր սարսուռը: Գրկի մեջ ննջող մանուկին պես Վոսփորը կ’անդորրանա լույսով հղփացած … Երկու ափունքները իրարու կը փոխանցեն իրենց օրհասական ժպիտին թառամող ծաղիկը: Էմիրկյանը բոցերու մեջ է: Իր ավազանին խորը, որ նման է շողարձակ շթակարերու հիացիկ քարայրի մը, իբրև խորհրդավոր եդեմ գիշերային հուրիներու՝ Ստենիան հորիզոնին վրա՝ հսկայական հրդեհի մը սքանչելի որսը կ’ըլլա: Իր բլուրները վարդ են հագեր, ծիրանի են հագեր իր նոջիները, որոնց անխլիրդ կատարները կը նմանին լայնաբաց աչքերու՝ անկայուն աշխարհիս վրա…

… Հորիզոնին վրա, Արև՛, ճաճանչահոս զմրուխտ կենդանի ցոլքերով տավ առ տակավ կը գծագրվի քու վեհափառ ռոշնությունդ իբրև արքայական պատմուճանիդ փառահեղ զառքաշը՝ խառնուրդ բաղրջուկի ու հակինթի, մանիշակի ու վարդի… Նրբին ոսկեմահիկով մինարեին մյուեզզինը կ’աղոթե անուրջով լուսապսակված, իր բիբերուն խորը զմայլուն ցոլքերը կան քու մոգական  տեսիլիդ: Երկինքը հրարշավ անցքիդ հետքը կը պահե տակավին: Ժպիտդ կ’ապրի աստվածացումներեդ ալ վերջը:

…Ողջույն քեզի, Արև՛. Խարտյաշ ծագումներու և կարմիր հոգեվարքի, Արև՝ մեծաշուք վերելքներու և կախարդական վայրէջքի: Փա՜ռք քեզի, քու գեղեցկությունդ, բարիքներուդ, անվրեպ վերադարձիդ և քու անհուն ջերմությունդ: Փա՜ռք: Ո՛վ  մտերիմ զորություն անհպելի և հոյակապ, լուսավորե՛ մռայլ ուղին մեր խավարկուռ սրտերուն: Այն հպումովն աստվածային, որ մշտանորոգ արյուն մը փոխանցե մեր երակներուն , ջերմացո՛ւր  կարծր սառույցը ընդարմացած սերերուն: Դու՛ն երկրային միակ քաղցրություն. Մատչելի ամենախոնարհին իսկ. Ժպտե՛մեզի. Դո՛ւն, որ կը շողաս ամենուն համար, հզորին, հաղթվածին, ընտրյալին, տառապյալի՜ն համար: Կա՛ն դեռ բերկրանքներ այն անձին համար՝ որ կրնա ամեն արշալույսի քու հաղթանակդ  ողջունել, և թխակապույտ մայրամուտներու պահուն՝ քեզի հանձնել, Արև՛ սիրաբորբ պաշտամունքի խանդոտ նվեր՝ իր անրջանքին թագուն հոգին և ամենատենդոտ վարդը իր ամենախոլ տենչանքներուն:

 

 

 

ՄՈՐՄՈՔ

ՑՆՈՐՔԻ ՄԸ

Պիտի ապրիս այս սպիտակ էակին համար

որ ելավ քու ցավագին միսեդ

ԱՏԱ  ՆԵԿՐԻ

Ի՞նչու համար  չեկար:Ես պիտի տայի քեզի այնպիսի սիրուն ու քաղցր անուն մը՝ որ ըլլար, առանձինն, արդեն փափուկ փաղաքշանք մը: Քեզի համար կ’երազեի մազեր ապրշում, թուխ ապրեշումե ալիքներ, ցանուցիր ցոլքերով, տարտամ ու խարտյաշ: Միսդ պիտի ունենար ճափոնավարդի գույն մը, փթթուն կատածաղիկներուն անբաղդատելի աչքերով, թարթիչներու քաղցրությամբ: Կ’ուզեի որ  ըլլայիր ա՜յնքան գեղեցիկ, ա՜յքան պիտի սիրեի քեզ:

Սերի՛ս զավակը,ինչո՞ւ համար չեկար:

Ամեն արշալույսի, բերանիդ անկյունը երկարաձգելով համբույրս՝ պիտի բանայի բիբերդ աշխարհիս վրա: Իրիկունը պիտի քեզ պատմեի հրաշազան հեքիաթներ: Քեզի համար պիտի  սորվեի տիրամոր Օրրերգը,և քու Մանուկ Հիսուսի ձայնդ զիս պիտի կոչեր՝ Մայր: Մաքուր շունչիդ  առջև սիրտս պիտի բացվեր: Պիտի հետևեի, հեռու՜ն, հեռու՜ն, դեպի պայծառ հորիզոնը՝ քու մաքրենի երազներուդ անմեղ թռիչքին…Երբ աղոթեիր թաթիկներդ միացուցած շուշաններու կամ սպիտակ զատկածաղիկներու նման՝ իմ վրաս պիտի  խուժեր առաջին տարիներուս հավատքը: Ի՜նչպես պիտի խնամեի քեզ… Ինչո՞ւ չծնար,սերի՛ս զավակը:

…Թևերուդ գողտրիկ շղթան վիզս ձգած՝ կյանքիս դառնագույն բեռը թեթևցուցած պիտի ըլլայիր. քեզի՛ համար պիտի ապրեի…ծիծաղդ  հոգիիս դատարկությունը պիտի լեցներ… Հարափոփոխ դեմքիդ վրա, առնական շքեղ դիմագծերու հավատարիմ պատկեր, ջերմագին խոյանքներուդ, ձևերուդ կեցվածքներուդ  մեջ՝ ես, նածանձախնդիր, պիտի ուզեի անցյալի  նշույլները  հավաքել: Ամեն օր, երբ արթննայիր, պիտի կարենայի ապրիլ այդ անցյալը  կախարդական բիբերուդ առաջին նայվածքին: Եվ անոնց արևասփյուռ աղվորության խորեն Բացական իմ տրտմությանս պիտի խոսեր: Բարեպաշտ ցնորքի մը ամեն մեկ նոր սարսուռին համար, պաշտեի պիտի քեզ իբրև բարեգութ աստված մը, ո՜վ իմ սերիս զավակը…

Ինչո՞ւ  համար չեկար:

Քեզի համար կ’երազեի գաղափարական կյանք մը առանց պայքարի և առանց բախումի՝ միաշավիղ  ճամբու մը վրա՝ որուն սահմանները  ըլլային   Ճշմարիտը և Գեղեցիկը: Դեպի այդ փարոսները միշտ պիտի ուղղեի քայլերդ: Առնական պատյանի մը մեջ պիտի կաղապարեի մեծ, արու սիրտդ, իտեալի  ծարավով: Մեղմորեն, շատ մեղմորեն,հազիվ թե հպելով նրբին  ջղերուդ, քեզ  միջամուխ պիտի ընեի ցավերու խորհրդին: Պիտի սովորեցնեի գութը խոհուն, բարությունը նորոգիչ: Անսարսափ և անզազիր պիտի կրնայիր հակիլ բոլոր թշվառություններուն վրա: «Մի սիրե՛ր,- պիտի ըսեի քեզի,-եթե սերդ տառապանք մը պիտի ծնանի»: Ո՛վ իմ զավակս, դուն զիս պիտի հասկանայիր,այնպես չէ՞: Այն օրը քու մեջ մարդը հրեշտակի երևույթ պիտի հագներ: Քու անձնուրաց և ազնվական շարժումիդ մեջ ուրիշի մը խրոխտ արյունը պիտի զարթնուր: Քեզ անոր տեղը տեսնելու հպարտությունը պիտի ունենայի: Սերի՛ս զավակը, ինչո՞ւ համար չծնար:

Քեզմով կյանքը կրնար քաղցր ըլլալ: Ես, կրնայի ապրիլ քեզի՛ համար… Քու միակ նայվածքովդ աչքերուս մեջ արցունքները պիտի բյուրեղացնեիր: Պիտի օրհնեի այն մահվան սարսափը՝ որուն վարձքը դո՛ւն էիր: Քու ջերմ խանդաղատանքիդ մեջ ամենամռայլ ժամերուս անձկությունը պիտի խեղդեի: Օր մը՝ բերանս քեզմե ժպիտը պիտի վերուսեր: Պիտի ճանչնայի մոռացումը՝ սպիտակ մազերը ճանչնալե առաջ: Քու  մեծ ու թրթռուն սիրտդ իմս զգալու ուրախությունը ավելի  տանելի պիտի ըներ համբերատար մարտիրոսությունս, քան թե իմ սեփական միսս ու արյունս: Սերիս  զավակը, ինչո՞ւ  համար  թափանցիկ ցնորք մը եղար միայն: Ինչո՞ւ  զիս հուսադրեցիր, և  ինչո՞ւ  խույս  տվիր  ինձմե:  Ա՜յնքան պիտի սիրեի քեզ:

 

 

Դանիել Վարուժանի թարգմանությամբ

Share

Կարծիքներ

կարծիք