Թուրքիա. ավտորիտարիզմի և սադրանքի զուգահեռականներում

12809617_1008498472542378_6091749842837202971_nԵթե կարճ բնութագրելու լինենք Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ներկայումս տեղի ունեցող և գերիշխող երևույթներն ու միտումները, ապա վստահորեն կարող ենք նշել, որ դրանք տատանվում են ավտորիտարիզմի և սադրանքի կամ սադրիչ գործողությունների զուգահեռականներում:

Նախ անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին և որպես հիմնական մեկնակետ ընդունենք 2015 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական չստացված ընտրությունների կրկնությունը նույն թվականի նոյեմբերի 1-ին: Ի դեպ, ընտրություններն անվանում ենք չստացված, քանի որ դրանցից հետո հնարավոր չեղավ ձևավորել ո՛չ միակուսակցական և ո՛չ էլ կոալիցիոն կառավարություն:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան խորհրդարանական պետություն է, և նախագահի ինստիտուտը ունի նման համակարգին հատուկ սահմանափակումներ: Թուրքիայի պարագայում նախագահի համար օրենքով նախատեսված կաշկանդումները չեն զգացվել միայն տվյալ աթոռը զբաղեցրած անձի անհատական խարիզմայի շնորհիվ, որն էլ իր հերթին ուներ անձի պաշտամունքի և բռնակալության որոշակի հենք: Մասնավորապես, Թուրքիայի առաջին նախագահը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, դասական բռնապետ էր. նրա կառավարման ժամանակ հենց իր ձեռքում էր կենտրոնացած օրենսդիր, գործադիր և զինվորական իրական իշխանությունը, առկա էին և զարգանում էին անձի պաշտամունքի ինստիտուտի բոլոր տարրերը, չկար անգամ բազմակուսակցական համակարգ, իսկ իշխող Հանրապետական ժողովրդական կուսակցությանը այլընտրանքային քաղաքական ուժ ստեղծելու փորձերը կամ քայլերը նույնպես Աթաթուրքի թույլտվությամբ և քմահաճույքով էին արվում:

Նույնը կամ գրեթե նույնը շարունակվեց նաև երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի պարագայում, սակայն այն շատ կարճ տևեց. ընդամենը 8 տարի անց նա ստիպված եղավ թույլ տալ ներդնել բազմակուսակցական համակարգ, իսկ 12 տարի անց խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ պարտություն կրեց ընդդիմությունից և զիջեց իշխանությունը: Իհարկե, այստեղ որոշակի դեր խաղացին ինչպես արտաքին որոշակի փոփոխությունները, այնպես էլ հենց իր՝ Իսմեթ Ինյոնյուի անձնական ավելի ցածր խարիզման:

Իր անձնական ամբիցիաները, արդեն տևական ժամանակ է, չի թաքցնում նաև ներկայիս նախագահ Էրդողանը, որը, սակայն, չի կարող հավակնել Աթաթուրքի նման խարիզմատիկ առաջնորդի դերին, սակայն որոշակի այլ հանդերձանքով բռնապետի դերի համար ունի մի շարք անհրաժեշտ տարրեր: Եթե Աթաթուրքը և Ինյոնյուն անցել էին մարտական ուղի և պատերազմական գեներալներ էին, ապա Էրդողանը, ընդհակառակը, խորթ է թուրքական բանակին և մեծ մասամբ չի ընկալվում նրա կողմից: Էրդողանը չունի նաև անհրաժեշտ կրթական ցենզ, սակայն այդ ամենի փոխարեն ունի կրոնական և փողոցային խարիզմատիկ լիդերին բնորոշ ու անհրաժեշտ հատկություններ: Նախ՝ նրա առաջին քաղաքական այցեքարտը հենց իսլամական կամ կրոնական հենքով այլատյացությունն էր, ինչի համար էլ, լինելով Ստամբուլի քաղաքապետ, դատապարտվել էր ազատազրկման: 2002 թ. ստեղծված նրա քաղաքական ուժը՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը, «քաղաքական իսլամի» ջատագովն ու դրոշակակիրն է: Բացի այդ, Էրդողանը Ստամբուլի Քասըմփաշա թաղամասից է, ինչին նույնպես փորձում է քաղաքական լիցք հաղորդել: Մասնավորապես, այդ թաղամասը Ստամբուլում և Թուրքիայում հայտնի է իր ակտիվ, կիսակրիմինալ բնույթով, և քասըմփաշացի լինելը որոշակի շրջանակներում ասոցացվում է համարձակ, ճարպիկ «փողոցի տղայի» կամ «լավ տղայի» կերպարի հետ: Էրդողանը ելույթներում բազմիցս է շեշտել իր քասըմփաշացի լինելու հանգամանքը, սակայն 2015 թ. բանը հասավ այնտեղ, որ նա հրատարակեց իր լուսանկարով պաստառ, որտեղ հպարտորեն գրել էր. «Ես քասըմփաշացի եմ»: Դա առիթ դարձավ տարբեր մեկնաբանությունների, քննադատությունների, նույնիսկ երգիծական ու ծաղրանկարային ամսագրերը անդրադարձան դրան: Որոշ քաղաքական գործիչներ էլ, օրինակ՝ Ազգայնական շարժում կուսակցության լիդեր Դևլեթ Բահչելին համանման պաստառներ հրատարակեցին՝ նշելով իրենց ծննդավայրը և դրանով հակադարձելով Էրդողանին: Նկատենք նաև, որ Էրդողանի հռետորաբանությունը երկու կարևոր ուղղություն և առանձնահատկություն ունի՝ «կրոնական և փողոցային ժարգոն», որը չի սահմանափակվում միայն ներքին քաղաքականությամբ. նա այդ ամենը տեղափոխում է արտաքին քաղաքական դաշտ, միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներ, որտեղ անընկալելի, ավելին՝ ծիծաղելի վիճակում է հայտնվում ու լուրջ խնդիր ստեղծում թուրքական քաղաքական մեքենայի համար:

Վերոնշյալ հիմքով և քաղաքական ամբիցիաներով Էրդողանը արդեն մի քանի տարի է նախաձեռնել է նախագահի լիազորություններն ուժեղացնելու օրենսդրական քայլեր, որոնց հանգուցալուծումը սահմանադրական փոփոխություներն են, ինչի համար էլ հենց անհրաժեշտ է խորհրդարանական մեծամասնություն: Նախ որոշակի փոփոխություններ արվեցին, և առաջին անգամ 2014 թ. Թուրքիայի նախագահին ընտրեց ժողովուրդը՝ ուղղակի քվեարկությամբ, այլ ոչ թե խորհրդարանը, և այդ պաշտոնին ավելի քան 50 տոկոս ձայնով ընտրվեց Էրդողանը, այդպիսով Թուրքիայի պատմության մեջ դառնալով առաջին նախագահը, ում ընտրել է ժողովուրդը: Նախագահ ընտրվելուց հետո փոխվեցին Էրդողանի անգամ արարողակարգի որոշակի տարրեր՝ դառնալով էլ ավելի հավակնոտ և բռնապետական. մասնավորապես, նրա նախագահական աթոռը նմանեցված է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի գահին, բարձրաստիճան հյուրերի դիմավորման ժամանակ նախագահի կողքին կանգնում են սելջուկյան և օսմանյան տարբեր դարերի զինվորական հանդերձանքով զինվորներ, ինչը նույնպես քննադատությունների և ծաղրի պատճառ է դարձել: Այս հիշատակված փաստերը առաջ են բերում ոչ այնքան հռետորական մի հարց՝ եթե Էրդողանին շրջապատում են օսմանյան սուլթանների համհարզների հանդերձանքով մարդիկ, եթե նրա աթոռը սուլթանական գահ է հիշեցնում, ապա ի՞նչ դերի է հավակնում հենց ինքը՝ Էրդողանը… Ի դեպ, Էրդողանը նախագահ դառնալուց հետո փոխեց նաև մոտ 90 տարվա պատմություն ունեցող նախագահական նստավայրը՝ Չանքայան, և կառուցեց նոր նախագահական պալատ, որն ասոցացվում է հենց իր և ոչ թե Աթաթուրքի անվան հետ:

Սակայն, միևնույն է, նրա լիազորությունները որոշակիորեն սահմանափված են, ուստի Էրդողանը պետք է իր ունեցած հեղինակությանը՝ քաղաքական, փողոցային և կրոնական, ավելացնի օրենքով կոնկրետ՝ սահմանադրությամբ ապահովված նախագահական ուժեղ լիազորություններ: Այդ պատճառով էլ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում չստանալով մեծամասնություն՝ Էրդողանը լարեց իրավիճակը, թեժացրեց թուրք-քրդական ռազմական բախումը, տապալեց միջկուսակցական բանակցությունները: Արդյունքում նշանակվեցին նոր ընտրություններ, որում Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթեց՝ ստանալով մոտ 50 տոկոս ձայն: Վստահորեն կարող ենք պնդել, որ այդ հաղթանակում ներգրավված էր օրենքով նման լիազորություններ չունեցող նախագահ Էրդողանը, որը բացահայտ քարոզարշավ էր անում. սա մի կողմից ցույց է տալիս խնդրի կարևորությունը նրա համար, իսկ մյուս կողմից՝ բռնապետական հակումների ուժեղացումը:

Նկատենք, որ ընտրություններից հետո Էրդողանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե սկսելու է սահմանադրական փոփոխություններ՝ մեծացնելու նախագահի լիազորությունները՝ երկիրը դարձնելով նախագահական, սակայն, իհարկե, դրա համար բերելով տարատեսակ դեմագոգիկ և ժողովրդահաճո հիմնավորումներ: Միևնույն ժամանակ, ներկայումս Թուրիքայում հենց Էրդողանի և ողջ իշխանական մեքենայի կողմից ակնհայտորեն սաստկացել են բռնապետական շեշտադրումները և տոնայնությունը: Եվրոպական, ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության սին և կեղծ ակցիաները մղվել են ետին պլան, ու առաջնային են դարձել թուրքական հին, փորձված բռնապետական մեթոդները: Մասնավորապես՝ քաղաքական հակառակորդների տոտալ ճնշումներ, ընդդիմադիր և այլախոհ քաղաքական-հասարակական գործիչների, լրագրողների հալածանք, ձերբակալություն, բանտարկություն և անգամ սպանություն: Սկսվել են քաղաքական գործիչների հանդեպ սկանդալային դատավարություններ, ինչպես, օրինակ, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ օրերս անձամբ Էրդողանի կողմից ներկայացված բողոքը, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ: Այդ բողոքի հիմքը ընդդիմադիր գործչի հայտարարությունն էր, թե Էրդողանը բռնապետ է, իսկ հարուցված քրեական գործը նախատեսում է ընդհուպ ազատազրկում «Թուրքիայի նախագահի անձը վիրավորելու» համար: Ընդդիմադիր քուրդ քաղաքական գործիչների մի մասը ենթարկվում է բացահայտ հալածանքների, անգամ խուզարկություններ և ձերբակալություններ են լինում կուսակցական գրասենյակներում, քուրդ պատգամավորների բնակարաններում: Դրա հետևանքով քուրդ գործիչների մի մասը նախընտրում է թուլացնել իր քաղաքական գործունեության ակտիվությունը և երբեմն բռնել չեզոք դիրք: Ի դեպ, այդ չեզոքության յուրահատուկ դրսևորում կարող ենք համարել այն, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հրահրած հակահայկական բանաձևերի քվեարկության ժամանակ թուրքական պատվիրակության մեջ ընդգրկված ընդդիմադիր քուրդ պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը. լուրեր կային, որ մասնակցելու և հակահայկական բանաձևին դեմ քվեարկելու պարագայում իշխանությունների կողմից նրանց հանդեպ որոշակի պատժիչ քայլեր էին արվելու, ուստի նրանք որոշել են չեզոք դիրք գրավել:

Գալով արտաքին քաղաքական զարգացումներին՝ պետք է առանձնացնենք երկու կարևոր հարց, որոնք, կարծում եմ, նույն ուղղության բաղկացուցիչ մասերն են կազմում՝ հակառուսականություն և տարածաշրջանային դերակատարման բարձրացման հավակնություններ: Առաջինը՝ հակառուսականությունը, խոր արմատներ ունի թուրքական քաղաքական և հասարակական գիտակցության մեջ: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ ռուս-թուրքական գրեթե բոլոր պատերազմները ավարտվել են թուրքերի պարտությամբ, ռուսական բանակը տարբեր տարիներին հասել է ընդհուպ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցները: Օրինակ՝ 1878 թ. ռուսական բանակը կանգնած էր այն ժամանակվա Ստամբուլին շատ մոտ՝ Սան Ստեֆանոյում, որտեղ էլ ստորագրվեց համանուն պայմանագիրը: Իսկ Սան Ստեֆանոն հիմա Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասն է, որտեղ գտնվում է օդանավակայանը: Հակառուսականությունը կամ ավելի ճիշտ՝ խորհրդային սպառնալիքը պատճառ դարձավ, որպեսզի 1952 թ. Թուրքիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ և անմիջապես ստանա Մերձավոր Արևելքում «Արևմուտքի ժանդարմ» անունը և գործի իր այդ անվան տրամաբանությունից բխող ձևով:

Վերջին հակառուսական դրսևորումը՝ ռազմական ինքնաթիռի խոցումը, դարերով գոյություն ունեցող բարդույթի հերթական օրինակն է, որը 20-րդ դարի կեսերից ձեռք է բերել մի փոքր այլ բնույթ: Մասնավորապես, Սառը պատերազմի տարիներից սկսած՝ Թուրքիան որդեգրել է սադրանքի քաղաքականությունը, որն ուղղված էր ԽՍՀՄ-ի, իսկ հետո Ռուսաստանի դեմ և միտված է Արևմուտք-ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածության թեժացմանը: Նման լարված իրավիճակում Թուրքիան ամեն անգամ հանդես է եկել և հիմա էլ շարունակում է հանդես գալ որպես դասական սադրիչ, ընդ որում՝ դա դրսևորվում է նաև հասարակական, անգամ լրագրողական մակարդակում: Օրինակ՝ դեռևս 1950-ականներին թուրքական մամուլը շարունակ գրում էր, թե «պետք է մեկ-երկու ատոմային ռումբ նետել ԽՍՀՄ-ի վրա», որպեսզի նա սթափվի, կամ  «ի՞նչ կլինի, եթե Մոսկվայի վրա ատոմային անձրև սկսվի»: Նույնը կամ նմանատիպ մտածողությունն այսօր նույնպես գերիշխում է թուրքական մամուլում և իշխանամետ վերլուծականներում: Իրենց արևմտյան տերերի կողքին և նրանց աջակցությամբ քաջալերված մտածողության տիպիկ օրինակ էր ռուսական ինքնաթիռի խոցումը թուրքական ռազմական ուժերի կողմից: Ընդ որում, այդ ինքնաթիռը գործողություններ էր իրականացնում Թուրքիայի դաշնակցի՝ իսլամիստ ահաբեկիչների դեմ: Հետևելով նախկին՝ սառը պատերազմի մեթոդներին, օդանավի խոցումից հետո Թուրքիան դիմեց ՆԱՏՕ-ին՝ փորձելով իր սադրանքով թեժացնել Ռուսաստան-Արևմուտք առանց այդ էլ լարված հարաբերությունները: Սա խոսում է պետական մակարդակով ահաբեկչական և սադրիչ մտածողության կրելու և այդ տրամաբանությամբ առաջնորդվելու մասին:

Մյուս խնդիրն այն է, որ օգտվելով մերձավորարևելյան տարածաշրջանի խառնաշփոթ վիճակից, երբ մի կողմից տարբեր կետերում ընթանում են պատերազմներ, ահաբեկչություններ, միջկրոնական և միջդավանանքային լարումներ, վերացվում են Իրանի դեմ պատժամիջոցները, ավելանում է գերտերությունների կողմից ռազմական ներկայությունը, Թուրքիան, առաջնորդվելով պղտոր ջրում ձուկ որսալու քաղաքականությամբ, փորձում է այդ նույն տարածաշրջանում ավելացնել իր քաղաքական և ռազմական ակտիվությունը: «Արևմուտքի ժանդարմը» խոսքից անցնելով գործի և չբավարարվելով իրավիճակը կայունացնողի, հակաահաբեկչական պայքարի ջատագովի կեղծ դիմակով՝ արդեն պայմանագիր է կնքել Քաթարի հետ և ծրագրում է այնտեղ հիմնել իր առաջին արտասահմանյան ռազմական բազան:

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ այսօր Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ամբողջ թափով ծավալվում է էրդողանիզմը՝ իր ակնհայտ բռնապետական և սադրիչ հենքով:

 

Անդին 1, 2016

Share

Կարծիքներ

կարծիք