Հազար տարվա կարոտ կամ հանձնված շնչառություն. Արմենուհի Սիսյան

IMG_8614-«Հազար տարվա կարոտը» բանաստեղծությունների Ձեր առաջին ժողովածուն է, քանի որ մինչ այդ ստեղծագործել եք արձակի ժանրում: Ինչպե՞ս եղավ արձակագրից դեպի բանաստեղծուհի անցումը:

-Այո, նախորդ հրատարակված գրքերս ընդգրկել են հիսունից ավելի պատմվածքներ և կարճ մանրապատումներ, բայց բանաստեղծություններ միշտ էլ գրել եմ: Վերջին հինգ-վեց տարիներին սկսեցի ներկայացնել մեր գրական մամուլին, որոնց խմբագիրները, ովքեր բոլորը լավ գրողներ են, դրական արձագանքով էին տպագրում դրանք: Հետո հաջորդեցին թարգմանություններ մի քանի լեզուներով, տարբեր անթոլոգիաներում տպելու առաջարկներ, պոեզիայի միջազգային փառատոնների հրավերներ:  Այդ ամենն անխուսափելիորեն հասցրեցին գրքի ծնունդի անհրաժեշտությանը: Կարծում եմ՝ այդպիսին է օրինաչափ ճանապարհը. ամեն բան պետք է հասունանա, առավել ևս՝ գրքի նման պատասխանատու ծնունդը, և ամենևին նշանակություն չունի, որ այն ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը կամ երրորդը: Այլապես կձախողվի: Այդպիսի մի օրինաչափ ճանապարհ էր նախանշված Անդինի մատենաշարով լույս տեսած իմ «Հազար տարվա կարոտ» գրքի համար:

Երբեք չեմ հասկացել՝ «գիրք եմ գրում» արտահայտությունը, մանավանդ, երբ ասում են սկսնակները: Գրել պետք է ստեղծագործություն, իսկ թե գրվածքը կդառնա՞ գիրք, ընթացքի և ճանապարհի հարց է:

Եթե փորձեմ ճշգրտել հարցի պատասխանը, վստահորեն կասեմ, որ ես արձակագիր եմ, իսկ բանաստեղծություն շնչում եմ: Երբեմն շնչառությունս հանձնում եմ թղթին: Վերջին տարիներին շնչառությունս արագացել է…

 

Քանի՞ տարվա ստեղծագործական պատմություն ունի այս ժողովածուն:

-Անկեղծ լինեմ. այս ժողովածուն պետք է վաղուց տպված լիներ: Ինչ-ինչ տեխնիկական պատճառներով շարունակ հետաձգվում էր, որն էլ, երևի, նրա ճակատագիրն էր: Այնպես որ, այստեղ բոլորովին էլ իմ վերջին գործերը չեն: Հավանաբար հաջորդ բանաստեղծական ժողովածուն երկար չի սպասեցնի, քանի որ այդ ընթացքում քիչ չեն գրվել:

Բայց, ինչ խոսք, գիրք դառնալու ընթացքը նաև ցավոտ է այնքանով, որ շատ գրվածքների ստիպված ես հրաժեշտ տալ. նրանք չեն բռնել հասունության քննությունը ու չեն արժանանում տպագրվելու: Հենց այստեղ է, որ պետք է կարողանալ լսել խմբագրին, եթե նա խորհուրդ չի տալիս տպել որևէ բանաստեղծություն: Հեշտ բան չէ, բայց եթե վստահել ես խմբագրին, ուրեմն պետք է կարողանալ նաև լսել նրա կարծիքը:

 

Համառոտ ինչպե՞ս կբնութագրեիք Հազար տարվա կարոտը:

-Ընդհանուր առմամբ, այստեղ իմ կարոտներն են ամենայնի հանդեպ, ինչ կարելի է կարոտել կամ ինչը թրթիռ է հոգու. լինի արև, ծառերի ծաղկունք, բանաստեղծություն, ջերմություն, հանդիպում գեղեցիկի հետ… Այն ամենն, ինչ կարոտում են հազար տարվա խորքից ու ամեն պահ: Կարոտել, այսինքն՝ ապրել:

 

Ո՞րն է այն ներքին հոգևոր մղումը, որը արձակը դարձնում է պոեզիա:

 

-Միշտ մտածել եմ՝ որն է առաջնային՝արձա՞կը, թե՞ պոեզիան: Համենայն դեպս, Ակուտագավա Րյունոսկեն ասում է. «Արձակը գրականության մեջ տեղ ունի միայն նրա մեջ  ամփոփված պոեզիայի շնորհիվ»…

Ինչ վերաբերում է ինձ, կասեմ, որ թեման է առաջնորդում, թե ինչ հանդերձանք ստանա ասելիքը՝արձակի՞, թե՞ պոեզիայի: Ես մեծապես վստահում եմ նաև գրչին. ինչպես կտանի: Կարևորն ասելիք ունենալն է և այնպե՛ս ասելը, որ դառնա նաև ուրիշինը՝ ընթերցողի ասելիքը:

 

Առհասարակ, գրողը, թե՛ արձակի և թե՛ պոեզիայի ժանրում ստեղծագործելիս, իր հերոսի մտապատկերն ունի: Ո՞վ և ինչպիսի՞ն է Ձեր պոեզիայի հերոսը:

 

-Հերո՞ս: Տեսնես՝ այդ ո՞րն է: Երբեք չեմ մտածում նրա մասին: Նա ինքը իրեն ծնունդ կտա, եթե իր կարիքը լինի: Ընդհանրապես ծրագրային բաներ չեմ գրում: Միայն անկեղծորեն, բայց ոչ թե այնպես, որ գրվածը լինի իմ մասին: Ծիծաղելի է ինձ համար,երբ ընթերցողը շարունակ ինձ է փորձում գտնել իմ տողերում: Գրողները կարողանում են իրենք իրենց հնարել: Իսկ գրվածքներս անկեղծ են այնքանով, որ  լինեն ապրված իմ, Ձեր, նրա կողմից, որ ընթերցողն իրե՛ն տեսնի գրվածքում՝ մոռանալով հեղինակի անձի մասին: Կարծում եմ՝ հաջողված գործը հենց այն է, երբ ընթերցողը իրեն է տեսնում հեղինակի տողերում:

 

Իսկ ի՞նչ զգացողություն ունի գրողը՝ տեսնելով իր ստեղծագործություններն արդեն հրատարակված տեսքով: Օտարացմա՞ն, թե՞…

 

-Այս մեկն անձնական հարցի պես մի հարց է ինձ համար: Ամեն գրքի ծնվելուց հետո ասես «հետծննդյան սթրես» եմ ապրում: Չեմ կարողանում գրքի հետ շփվել, օտարանում եմ նրանից, և ինքնաքննադատությունը սևեռվում է վրաս տևական ժամանակ. այս մի բանն այսպես չպետք է արվեր, այս մասն ընդհանրապես պետք է հանվեր և նման բաներ: Ու հենց այդ պահից սկսած ձևավորվում են ավելի լավի, հղկվածի, նորի սաղմերը:

Գրքի տպագրվելուց հետո ինքնագոհ, բավարարված վիճակը ինձ ծանոթ չէ: Ճիշտն ասած, երբեմն նախանձում եմ այն գրողներին, որոնք մեծ հիացմունք ու հրճվանք են ունենում իրենց գրքից: Հուսով եմ՝ մի օր կիմանամ, թե դա որն է, քանի որ միայն բավական ժամանակ հետո եմ սկսում հաշտվել տպագրված գրքիս հետ: Ամեն տպագրված գիրք ազդարարում է մեկ ուրիշ՝ ավելի լավ ստեղծագործության սկիզբը:

 

 

Զրուցեց Լազարևա Մարիան

 

Share

Կարծիքներ

կարծիք