«Ավո՜ն պիտի գա»

մոնթե

Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե ներխուժել ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում: Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին` մենք դրանից այն կողմ ոտք չենք դրել…

                   Մոնթե

           1992 թ., հոկտեմբերի 3

 

1992 թ. հունվարի վերջին ադրբեջանցիները տանկերով հարձակվեցին Ասկերանի շրջանի Խրամորթ և Խանաբադ գյուղերի վրա: Մոնթեն իր «Հայրենասիրական» խորհրդանշական անունը կրող ջոկատով շտապում էր մեկնել Արցախ, սակայն ինչ-ինչ պատճառներով մեկնումը ձգձգվում էր: Վերջապես փետրվարի 4-ի առավոտյան «Էրեբունի» օդանավակայանում Էին` պատրաստ թռիչքի: Ըստ նախնական հրահանգի` ուղղաթիռով հասնելու էին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ: Հանկարծ Մոնթեին կանչեցին հեռախոսի մոտ: Տղաները երկար սպասում էին նրա վերադարձին: Վերջապես երեք ժամ անց Մոնթեն եկավ և հայտնեց, որ Վազգեն Սարգսյանն իրեն նշանակել է Մարտունու շրջանի զինյալ ուժերի շտաբի պետ, պետք է մեկնեն այնտեղ: Ողղաթիռով հասան Հադրութի շրջան, այնտեղից բեռնատարով` Մարտունի: Տեղ հասնելուն պես մի մարդ մոտեցավ նրանց և հուզված ասաց. «Իսկ մեզ թվում էր, թե մեզ արդեն մոռացել են»:

Մինչ 1992 թ. փետրվարի 4-ը Մոնթեն, Վազգեն Սարգսյանի ցուցումով, իր ջոկատով եղել էր Հայաստանի սահմանամերձ շրջաններում: 1991 թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսահայ լրագրող Մարիամի հետ որպես թարգմանիչ, Ավո կեղծանունով, մեկնել էր Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան, մասնակցել ազատագրական մարտերին՝ դրսևորելով կազմակերպչական ու մարտական հմտություններ: Սակայն Մոնթեի ռազմավարական ու մարտական ուղու սկիզբը կարելի է համարել հենց 1992 թ. փետրվարի 4-ը, երբ Վազգեն Սարգսյանը նրան նշանակեց Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետ, ապա հրամանատար, համոզված, որ Մոնթեն կարողանալու է կարճ ժամանակամիջոցում կազմակերպել պաշտպանական առումով ամենաթույլ այդ շրջանի ինքնապաշտպանությունը:

Այդ նշանակումով, կարելի է ասել, որ օրհասական պահին Արցախն ու Մոնթեն գտան իրար, և կարճ ժամանակ անց անհավասար, համառ մարտերում սկիզբ առավ սփյուռքահայ Մոնթե Մելքոնյանի մասին իրական լեգենդը:

Նախքան Հայաստան ու ապա Արցախ հասնելը Մոնթեն ինքնաճանաչման ու աշխարհընկալման երկար ու բարդ ուղի էր անցել: Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոնի վրա գտնվող Վայսելիա ավանում` բնօրրան Մարզվանի ու Խարբերդի Խարաձոր գյուղերի կարոտը հոգու խորքում անթեղած Չարլզ ու Զապել Մելքոնյանների ընտանիքում: Ծնողները զավակներին չէին պատմում իրենց պատմական հայրենիքի ողբերգական ճակատագրի, 1915 թ. ցեղասպանության մասին, գուցե չէին կամենում, որ նրանց մանուկ հոգիներում բույն դնի բնավեր հայի ցավը: Սակայն իրողությունը, ինչպիսին էլ լինի, չես կարող երկար թաքցնել…

Երբ 1969-70 թվականներին ընտանիքով ճամփորդում էին Եվրոպայի ու Միջին Արևելքի 41 երկրներում, եղան նաև Արևմտյան Հայաստանում` Խարբերդ, Սեբաստիա, Մարզվան… Շուկայի հրապարակում կանգ առան, վեց հոգով դուրս եկան ինքնաշարժից: Տատի պատմածով՝ Մոնթեն ճանաչեց իրենց երկհարկանի տունը:

-Ինչո՞ւ ներս չենք մտնում…

Հայրը չկարողացավ պատասխանել որդու հարցին: Աչքերը լցվեցին…

Այդ օրը Մոնթեն զգաց մեծ Ցավն ու որոշեց, որ անպայման վերադառնալու է Արևմտյան Հայաստան, ու գերված հայրենիքի պատկերն ու նախնիների կանչն այլևս անբաժան էին իրենից, որտեղ էլ լիներ: Նա դեռ շատ ճամփաներ պիտի անցներ հայրենիք հասնելու համար:

1973 թ. որպես շնորհալի, ուսումնատենչ աշակերտ փոխուսուցման ծրագրով սովորելու ուղարկեցին Ճապոնիա: Տասնութ ամիս սովորեց Օսակա քաղաքում: Եղավ բուդդայական վանականի սան, անթերի տիրապետեց կարատեին, սովորեց ճապոներեն: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդեց Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում Հարավային Կորեայում, Կամբոջայում, Թաիլանդում, Վիետնամում: Եվրոպայում և Հեռավոր Արևելքում ճամփորդությունները մեծապես նպաստեցին Մոնթե Մելքոնյանի աշխարհայացքի ձևավորմանն ու բացառիկ ունակությունների դրսևորմանը:

1978 թ. ավարտեց Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժինը` 4 տարվա ուսումնական ծրագիրը յուրացնելով 2,5 տարում: Ավարտաճառը Ուրարտուի ժայռափոր դամբարանների մասին էր, որը պաշտպանեց 1978 թ.` ստանալով բակալավրի աստիճան: Թեմայի ընտրության հիմնական նպատակը հայերի պատմական հայրենիքի աշխարհագրական տիրույթները ներկայացնելն էր ու դրանով իսկ հայ ժողովրդի տարածքային պահանջատիրությունը փաստելը:

Ուսումը շարունակելու նպատակով ընդունվեց Օքսֆորդի համալսարան, սակայն նվիրվելով նորագույն հայ ազատագրական պայքարին` հրաժարվեց ուսումը շարունակելու ծրագրից:

1978 թ. մարտի 15-ին Մոնթեն մեկնեց Լիբանան` հայրենիքին մոտ լինելու և հայերեն սովորելու համար: Լիբանանում ապրելն ու երկու տարի հայկական թաղամասերի պաշտպանությանը մասնակցելն ավելի սրեցին հայրենիքում լինելու նրա տենչը: Այդ ժամանակ նա արդեն գիտեր ութ լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ճապոներեն, հայերեն, որոշ չափով` պարսկերեն ու քրդերեն:

Ալեք Ենիգոմշյան, 1978-1979 թթ. Մոնթեի մտերիմ ընկերը Լիբանանում.

«…Ամբողջ աշխարհում ծայր առան ազգային-ազատագրական շարժումներ: Տարբեր մայրցամաքներում ազգերը զինյալ պայքար էին մղում` օտարի լուծը թոթափելու կամ երկրում տիրող անարդարությունը վերացնելու համար: 1968 թ. մայիսին ուսանողական հուժկու շարժումը ցնցեց Ֆրանսիան: Մերձավոր Արևելքում էլ, ուր կար հայկական մեծ գաղութ, արդեն ծավալվել էր պաղեստինյան շարժումը: Հայ երիտասարդությունը չէր կարող անմասն մնալ ազատատենչ ոգու զարթոնքից: 1965-75 թվականներին ցեղասպանության ճանաչման պահանջով շարժումներ եղան Մերձավոր Արևելքի և Արևմուտքի հայոց գաղթօջախներում: Ծավալվեց քարոզչություն, հրատարակվեցին Մեծ եղեռնի մասին գրքեր, տարբեր ատյաններ հուշագրեր հղվեցին: 1975 թ. Սփյուռքում ծայր առավ ցեղասպանության ճանաչման զինյալ պայքար. ձևավորվեցին ՀԱՀԳԲ (ASALA — Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ), «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» և այլ շարժումներ: Հայկական հարցի յուրահատկությունն այն էր, որ Եղեռնից մազապուրծ արևմտահայության սերունդներն իրենց պատմական հայրենիքում չէին, սփռված էին աշխարհով մեկ, և նրանց զինյալ պայքարը ծավալվեց այդ երկրների` Թուրքիա պետությունը խորհրդանշող թիրախների դեմ: Այդ քարոզչության նպատակն առաջին հերթին Թուրքիային ու համայն մարդկությանը փաստելն էր, որ թեև 1915 թվականի ցեղասպանությունից 60 տարի է անցել, սակայն Հայկական հարցը չի վերացել, և Թուրքիան դեռևս հաշվի պիտի նստի հայության հետ: Զինյալ քարոզչության այդ փուլն ինչ-որ չափով ծառայեց նպատակին: Թուրքական պետությունն անհանգստացած էր, արևմտյան պետությունները համոզվեցին, որ անհնար է անտեսել Հայկական հարցը: Ծայր առան ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերը… Փոխվեց տարբեր երկրներում ապրող հայերի ինքնագիտակցությունը»:

1979 թ. սեպտեմբերին Մոնթե Մելքոնյանն Իրանից, ուր մեկնել էր տեղի հայկական հոծ գաղութին ծանոթանալու, վերադարձավ Լիբանան և մինչև 1980 թ. մայիսը Բուրջ Համուդում էր: 1980 թ. անդամագրվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին (ASALA): Այդ և հաջորդ տարիներին նա իր ռազմական գիտելիքները կատարելագործեց ՀԱՀԳԲ-ի ռազմակայանում և, ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ, հետագայում դարձավ ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզիչ-հրահանգիչներից մեկը:

1981 թ. նոյեմբերի 11-ին Մոնթեն ձերբակալվեց Օրլիի օդանավակայանում կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով: 1981 թ. վերջից ընդհատակում էր:

1983 թ. գործելակերպի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով Մոնթեն մի խումբ համակիրների հետ հեռացավ ՀԱՀԳԲ-ից և ապրում էր լիակատար մեկուսացման պայմաններում: Նույն թվականի օգոստոսին համախոհների հետ հիմնեց «ՀԱՀԳԲ-Հեղափոխական շարժում»կազմակերպությունը:

1985 թ. նոյեմբերին նա երկրորդ անգամ ձերբակալվեց Փարիզում` հայկական պահանջատիրական անլեգալ գործունեության ու կրկին կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989 թ. հունվարը կրեց անազատ կյանքի դառնությունները Ֆրեն և Պուասի բանտերում: Այդ ընթացքում նա գրում է հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված հոդվածներ, որոնք տպագրվեցին Փարիզի «Հայ պայքար» Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում: 1990 թ. այդ հոդվածների մի ստվար մասն ու կազմակերպչական բնույթի նամակները հրատարակվեցին առանձին գրքով` «Պայքարելու իրավունքը» վերնագրով: 1993 թ. այն վերահրատարակվեց, 2003 թ. լույս տեսավ Երևանում, հայերեն:

1989 թ. հունվարին Մոնթեն ազատ արձակվեց: Փաստաթուղթ չունենալու պատճառով մինչև 1990 թ. սեպտեմբերն ապրեց անապահով ու հալածական: Կարճատև ապրեց Եմենում, ուր նրան միացավ Սեդան, ապա Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:

1990 թ. հոկտեմբերին վերջապես նրան հաջողվեց գալ Հայաստան: Մինչև 1991 թ. սեպտեմբերը կատարում էր և՛ գիտական, և՛ զինվորական աշխատանք: Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագետների հետ գրեթե ութ ամիս զբաղվեց «Հայաստանը և իր հարևանները» ծավալուն գրքի ստեղծմամբ: Սակայն գիտական ծրագրեր իրագործելու համար անբարենպաստ ժամանակ էր: Մոնթեի միտքն ու հոգին այնտեղ էր, ուր վտանգված էր հայ մարդու կյանքը:

1991 թ. ընկերների հետ հիմնեց ջոկատ, որ կոչեց «Հայրենասիրական», և Վազգեն Սարգսյանի ցուցումով մեկնեց Հայաստանի սահմանամերձ շրջաններ:

1991 թ. օգոստոսի 3-ին Գեղարդավանքում կատարվեց Մոնթեի ու Սեդայի պսակադրությունը:

Հարազատների` որպես հարսանեկան նվեր ընծայած գումարով Մոնթեն զենք գնեց` վտանգված հայկական բնակավայրերի պաշտպանական դիրքեր հասցնելու համար:

Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ, Բոզլուխ գյուղերի ազատագրական մարտերին մասնակցելուց հետո որոշ ժամանակ անց, միանալով ՙԿոռնիձոր՚ ջոկատին, կրկին մեկնեց Շահումյան` Ղարաչինար գյուղ և մինչև դեկտեմբերի վերջը մասնակցեց Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը:

Մոնթեն գրել է. «Անդրկովկասյան երեք հանրապետությունների սահմանները, որոնք հաստատվել են 1924 թվականին, քմահաճ են և անարդար: Պատմական, մշակութային, ժողովրդագրական և տնտեսական իրողությունները սխալ են գնահատվել առավելապես այն պատճառով, որ այդ ժամանակ առկա էր արտաքին ճնշումը: Հայերի հայրենիքի սահմանները նվազեցին: Ներկայիս սահմանները ոչ միայն մեր հայրենիքի ընդարձակ տարածքները (ինչպես` Ղարաբաղը, Նախիջևանը և Ախալքալաքը) վարչականորեն անջատել են Հայկական ԽՍՀ-ից, այլև մի քանի վարչական «կղզյակներ» են թողել հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմում: Արդյունքում ստեղծվել է ժողովրդագրական և վարչական անբնական վիճակ, որը, բնական է, ժողովրդական ընդվզում պիտի առաջացներ»:

…Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ԼՂՀ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարությունն ստանձնելուց կարճ ժամանակ անց Մոնթե Մելքոնյանին հաջողվեց անջատ ջոկատներից կազմավորել բանակային կուռ համակարգ և ծավալել պաշտպանական կուռ գործողություններ, մարտունեցիների բնորոշմամբ` անհնարինը դարձնելով հնարավոր այնպես, որ շուտով հաղթանակի ոգին թևածեց Մարտունիում` տարածվելով ազատամարտի մյուս ճակատներում:

1992 թ. հունիսին հակառակորդը կենտրոնացված և ուժգին հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի բոլոր ճակատներում: Մի քանի շաբաթվա ընթացքում Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի մի մասը հայաթափվեցին ու ընկան թշնամու ձեռքը: Դեպի Ստեփանակերտ, Հայաստան էին ձգվում բնավեր եղած, հարազատների կորստյան ցավից տառապած ու հոգնաբեկ մարդկանց խմբերը` կանայք, ծերեր, երեխաներ:

Համեմատաբար հարթավայրային Մարտունու շրջանում մեծ էր արտագաղթի վտանգը: 1992-ի ամռան թեժ օրերին թուրքերը հաճախակի ռմբակոծում էին Մարտունի քաղաքն ու այլ բնակավայրեր: Խաղաղ բնակչության շրջանում շատ զոհեր ու վիրավորներ կային: Գաղթը կանխելու համար Մոնթեն գլխավոր խաչմերուկում (Ննգի, Կարմիր Շուկա) արգելափակող պահակակետեր նշանակեց, որպեսզի փակի ելքի ճանապարհը: Դա, առանց չափազանցության, բախտորոշ որոշում էր: Եթե Մոնթեն չկարողանար կազմակերպել շրջանի պաշտպանությունը, ժողովրդի կորստյան պատասխանատվությունն իր ուսերին էր ծանրանալու: Նա դիմեց այդ քայլին, որովհետև հասկանում էր` այլ ճանապարհ չկա: Եթե ժողովուրդը լքեր բնակավայրերը, կռվողներն էլ կհեռանային, և մերոնք կկորցնեին Մարտունու շրջանը:

Այդ օրերին բնորոշ դրվագ է մարտունեցի Լիլյա Ավանեսյանի պատմածը. «Երեխաս հիվանդ էր: Ուզում էի ուղղաթիռով Երևան տանել: Գնացի, խնդրեցի. «Ավո՛ ջան, աղջիկս սրտի նևրոզ ունի, Երևան պիտի տանեմ»: Ասաց` չե՛ս տանի: Մեկը կողքից թաքուն շշնջաց. «Ավո՛, մեր շրջանի դատավորն է»: Գոռաց. «Ի՜նչ անեմ, որ դատավոր է»: Լաց լինելով հեռացա:

«Հայրենասիրական» ջոկատի մարտիկ, Մարտունիում Մոնթեի զինակից-ուղեկից, մասիսցի Հրայր Կարապետյանի պատմածից. «Մոնթեի էությունը և հունիսյան այդ օրերի հոգեվիճակը բնորոշող մի պատկեր անջնջելի տպավորվել է հիշողությանս մեջ: Արցախում ամպրոպներ շատ են լինում: Գյուլաբլուի գործողության օրն անձրև էր, ահավոր կայծակները թրատում էին երկինքն ու երկիրը: Սովորաբար գործողությունները լուսադեմին էինք սկսում, որ կարողանանք հաջողությամբ ավարտել: Այս անգամ, Ստեփանակերտից գործուղված հրամանատարի որոշմամբ, հարձակումը պետք է սկսեինք կեսգիշերից հետո` ժամը երկուսին: Այդ փաստը Մոնթեին շատ էր մտահոգում, Շահումյանի ու Մարտակերտի կորուստները չափազանց անհանգիստ էին դարձրել նրան: Սպասելով հարձակման ժամին` անձրևի ու կայծակի տակ մեր դիրքերն էինք զբաղեցնում խրամատներում: Ես զինվորական վերարկու էի գցել հեռակապի ալեհավաքի վրա, որ կայծակը չխփի: Երբեմն-երբեմն գլուխս բարձրացնում էի վերարկուի տակից և նայում Մոնթեին: Ինչպես միշտ, Մարտունու հրամանատարը խրամատում էր: Կայծակը շրջապատն այնպես էր լուսավորում, որ տեսա` ինչպես են անձրևի շիթերը դեմքի վրայով հոսում հագուստին: Անձրևահար դեմքն այդ պահին երկաթի գույն ուներ: Երբեք չեմ մոռանա այդ օրվա պատկերն ու նրա չափազանց մտահոգ դեմքը»:

Հրամանատարը գիշերը խրամատներում էր, ցերեկը գնում էր շտաբ, երեկոյան ժողով էր գումարում խրամատներում: Նա ոչ միայն գործողություններ էր մշակում, այլև գրոհի էր գնում առջևից: Չի եղել, որ մնար շտաբում և այնտեղից հրամաններ տար: 1992 թ. ամռանը հակառակորդը տանկային հզոր գրոհ ձեռնարկեց Մաճկալաշեն-Կարմիր Շուկա ուղղությամբ, այն անփառունակ ավարտ ունեցավ: Մարտունու պաշտպանական շրջանի ուժերն ադրբեջանական կողմին ոչ միայն կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառեցին` բազմաթիվ զոհեր, վիրավորներ, այլև գրավեցին տասնյակ տանկեր, զրահամեքենաներ, ռազմական տեխնիկա: Նրանք այլևս նոր գրոհներ չձեռնարկեցին, և այդ ուղղությամբ վերացավ Ստեփանակերտին սպառնացող վտանգը:

Մոնթեի` տանկերի առջևից մեքենայով գնալը ոգեշնչում էր մեր մարտիկներին և ահաբեկում հակառակորդին:

Այդ օրերին Մարտունու պաշտպանական շրջանի հրետանու պետ, այժմ ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ-ի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գնդապետ Ֆելիքս Պողոսյանը վերհիշում է. «Օրհասական այդ օրերին մենք մտածում էինք մեր շրջանը պաշտպանելու մասին, իսկ Մոնթեն, մեր կարծիքով, անհավանական ծրագրեր էր կազմում: Ես ներկա էի, երբ վերցրեց մատիտն ու քարտեզի վրա մեր դիրքերից ուղիղ գիծ տարավ մինչև Հորադիզ, ու այդ գծով հակառակորդի ահագին տարածքներ մնացին մեզ: Պատկերացրեք` հետո եղավ այնպես, ինչպես որ ինքն էր գծել»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիշում է. «Որպես մարդու, անհատի` իր կերպարում գնահատում էի կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու ունակությունը, նույնիսկ ամենադժվար պայմաններում, երբ մարդիկ չեն էլ ակնկալում, նրանց մասին մտածելու, հոգալու պատրաստակամությունը: Անշուշտ, այդ ունակությունը պայմանավորված էր իր չափից ավելի բարոյական նկարագրով»:

Մոնթեի ծրագրած ու ղեկավարած գործողությունները միշտ անսպասելի ու կործանարար էին հակառակորդի համար և ավարտվում էին մեր հաղթանակով` փոքրաթիվ զոհեր ու վիրավորներ տալով, հաճախ` անկորուստ: 1992 թ. աշնանը Մարտունու շրջանը գրեթե ամբողջությամբ ազատագրված էր: Մոնթեի մարտավարական հմտության ու դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունու շրջանը դարձել էր անառիկ բերդ, և այդ տարիների պաշտպանական փաստաթղթերում այդպես էլ նշվում էր` Մոնթեբերդ: 1992 թ. վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի գնդում 4000-ից ավելի մարդ էր ընդգրկված: Այն դարձել էր իսկական ռազմական ճամբար: Անշուշտ, բոլորը զինապարտ չէին, 16-60 տարեկաններ կային, ով ինչ կարող էր, անում էր` թիկունքում էին, ինժեներական դիրքերում, ամրություններ էին կառուցում, մասնակցում պաշտպանությանը:

Մարտունու պաշտպանական շրջանի գործողությունների շնորհիվ 1992 թ. վերջերին Արցախի պաշտպանության ուժերը հասան պետական սահման և 20 կմ երկարությամբ պահակակետեր դրեցին հյուսիսային սահմանագծում:

1993 թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցում էր Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից: 1993 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը: Մարտակերտում Մոնթեն մտքով Մարտունիում էր, համոզված` մի բան լինի` տղաներն արժանի հակահարված կտան: Իրոք, ապրիլի 1-2-ը Մարտունու պաշտպանական շրջանի ուժերը հակառակորդին հետ շպրտեցին Մաճկալաշենին կից Խազազի բարձունքի և Գևորգավանից ոչ հեռու` Կզլկայա բլրի դիրքերից: Ապրիլի 4-ին Մոնթեն նոր էր վերադարձել Քարվաճառի ճակատագծից, երբ լույս 5-ի գիշերը նույն հատվածի ուղղությամբ հակառակորդը հակահարձակում սկսեց: Մոնթեն, որ երկու ժամ էլ չէր քնել, ղեկավարեց գրոհը հետ մղելու գործողությունը, և հակառակորդը ոչնչացվեց:

1993 թ. մայիսին Լաչինում էր, զինակիցների հետ հետախուզեց Լաչին-Ղուբաթլու սահմանային գոտին: Ծրագրել էր Ղուբաթլուի գործողությունը, որն անմիջապես չիրականացավ քաղաքական նկատառումներով:

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի վերհուշից. «…Մեր վերջին հանդիպումն էր: Մոնթեն չէր հասկանում, թե ինչու է Լաչին-Ղուբաթլու օպերացիան հետաձգվում: Ասացի.«Էական քաղաքական պատճառներ կան: Քեզ հանգիստ է պետք: Արձակուրդդ հենց հիմա ձևակերպենք, ուղեգիր վերցնենք, Սեդայի հետ գնացեք Ջերմուկ»: Բայց նա կրկին մարտական ծրագրերից էր խոսում, ընդհուպ Նախիջևանի մասին: Ասում էր. «1921 թ. մարտի 26-ի որոշումն ո՛ւմ է պետք, որ մենք ընդունենք որպես հիմք և անհապաղ չլուծենք Նախիջևանի հարցը: Եթե այդպես չազատագրենք, մնացյալը, Արարատն ինչպե՞ս պիտի հետ բերենք…»:

…Հունիսի 12-ին առաջին անգամ Մոնթեն անձամբ չէր մասնակցում մարտին, այլ Աշան գյուղից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում էր Աղդամի մատույցներում հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտից հետո զինակիցների հետ իջավ դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու: Մարզիլու գյուղի ծայրին անսպասելի հանդիպեցին հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային: Վեց հոգով մեքենայից իջնելով` դիրքավորվեցին: Կարճատև, առճակատ մարտում Մոնթեն զոհվեց ԲՄՊ-1-ի արձակած երկրորդ արկի` աջ քունքը մխրճված բեկորից:

Մարտունու պաշտպանական շրջանի 23-րդ գումարտակի հրամանատար Հովիկ Ջիվանյանի պատմածից. «Տասներկու հոգի շրջապատեցին մեզ: Մոնթեն զոհվեց: Ես ծնկից վիրավորվեցի: Հասկացա, որ միակ ելքը մերոնց կապվելն է: Սովորաբար, բոլորս կապ էինք ունենում, այդ օրը, սակայն, միայն Մոնթեի ձեռքին կար, մեքենայի մեջ «Ալենկոն» էր: Շրջափակման օղակը սեղմում էր: Կոմիտասի փամփուշտները վերջանում էին: Մոտեցա Մոնթեին, որ կապը վերցնեմ: «ՕՕ, ՕՕ»- կանչում էր Մոսին: Նմանօրինակ վիճակում չես կարող երկար խոսել: Ասացի. «ՕՕ-ն էլ չկա: Ճամփի վրա ենք, Մարզիլուի մեջ: Շո՛ւտ հասեք»:

ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերից. «Այդ օրը կատարվեց անսպասելին, ոչ ոք չէր պատկերացնում, որ Մոնթեն կզոհվի: Մարզիլուի այդ կռվում զոհված 11 ադրբեջանցիներին հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհվեց Մոնթեի պես թշնամուն վերացնելու համար, թեև դա հերոսություն չէր, նրանք դիպվածով էին հայտնվել այդտեղ»:

…Որքան էլ հեռանում են այն օրերը, մարտունեցիներն ավելի կարոտով են հիշում իրենց սիրելի ու պաշտելի Մոնթե-Ավոյին: «Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի»-ի փոխարեն ասում են. «Մարդ պետք է մի քիչ Ավո լինի»:

Հնարավոր է ծնողի խոսքը չկատարել, ծնողին թողնել, բայց Ավոյին թողնել-փախչել չի լինի:

Ինքնապաշտպանությունը կազմակերպելուց բացի նրա ուսերին էին ծանրացած նաև ժողովրդի կենսաապահովման խնդիրները: Տեղական իշխանությունները փաստորեն չէին գործում, և ժողովուրդը բոլոր հարցերով սիրելի Ավոյին էր դիմում: Այսօր էլ գործում է կռվի ահեղ օրերին նրա կարգադրությամբ և խստագույն հսկողությամբ կառուցված խմելու ջրագիծը:

Երբ մանկապարտեզում տոնածառի հանդիսավարը հարցրեց. «Երեխաներ, հիմա ո՞վ պիտի գա», երեխաները «Ձմեռ պապը» ասելու փոխարեն ձայնեցին. «Ավո՛ն պիտի գա»: Երբ ասել են՝ «Երեխաները ձեզ են ուզում», Մոնթեն հուզվել է…

Մեծ ոգևորությամբ երազում էր ծավալուն ռազմական գործողությունների մասին, որպեսզի հասնեին Քուռ-Արաքս գետերի միացման տեղը: Մեծապես կարևորում էր Արցախի ազատագրման դերը Հայ Դատի հիմնախնդրի առումով: Ասում էր. «Մարդ պետք է Արարատի երկու կողմից` այս կողմից այս ժողովուրդը, այն կողմից` Սփյուռքի հայությունը»: Երազում էր, որ Արևմտյան Հայաստանի գավառները լցվեն իրենց ժողովրդով, ամեն մարդ վերադառնա իր տունը, և հայ ժողովուրդը կարողանա հանգիստ ապրել:

Մոնթեի զոհված տեղում մի համեստ խաչքար է կանգնեցված, որ զօրուգիշեր հսկում է սահմանի անդորրը:

Սպիտակաշեն գյուղից դուրս, բնության գողտրիկ անկյունում Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը խորհրդանշող հորդառատ մի աղբյուր է կարկաչում: Պապակած ճամփորդը խոնարհվում է ջուր խմելու ու կարդում հուշաքարին փորագրված Մոնթեի ողջույնը. «Բա՛րև, ինչպե՞ս ես, լա՞վ ես…»:

Նրա թևավոր խոսքը` ՙԵթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը՚, իբրև պատգամ ու պատվիրան հաճախ է հանդիպում Արցախի զորամասերում:

Մոնթեն նուռ շատ էր սիրում: Մարտունեցիներն իրենց այգիներից հաճախ էին նուռ բերում սիրելի հրամանատարին: Նա սքանչացումով վայելում էր նռան քաղցրահյութն ու հրճվում պարզ ու սրտագին:

 

…Ամեն աշնան, մրգահասին նռնենիները լցվում են կարմիր կարոտով ու սպասում Մոնթեի վերադարձին, հետո կարոտին չդիմանալով` նուռը ճաք է տալիս, ու քաղցր հատիկները թափվում են հողին, որը դեռ պահում է երկնային հերոսի ոտնահետքերը:

1993 թ. հունիսի 19-ին Մոնթե Մելքոնյանի աճյունն ամփոփվեց «Եռաբլուր» պանթեոնում:

Նրան հետմահու շնորհվեց ընդամենը «փոխգնդապետ» կոչում:

1993 թ. օգոստոսի 10-ին նրան շնորհվեց ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան, 1996 թ. սեպտեմբերի 20-ին` ՀՀ ազգային հերոսի կոչում:

1997 թ. սեպտեմբերի 2-ին շնորհվեց «Արցախի հերոս» կոչում և պարգևատրվեց «Ոսկե արծիվ» շքանշանով:

Ցանկանում եմ և մաղթում, որ հայ զինվորականների ներկա սերունդը Մոնթեի աչքերով նայի աշխարհին ու Մոնթեի պես սիրի Հայրենիքը: Թանկ կորուստների գնով նվաճված մեր հաղթանակի պտուղը մասունքի պես պահենք ու փոխանցենք մեր սերունդներին այնպես, որ ծնվեն նորանոր Մոնթե-Ավոներ: Որպեսզի հարատև լինի հայ մանուկների հավատը՝ «Ավոն պիտի՛ գա»:

 

Անդին 11, 2013

 

Share

Կարծիքներ

կարծիք