Քառօրյա կանչ

Հեղինակ:

10865871_791098140949080_1985603383762289899_o

1.

Երևան:

2-ն ապրիլի:

Ծախվել է ժամանակն անսեր:

Արցախը կրակի մեջ է…

…Դեռ երեկ հավատը կույս էր…

 

2.

Սահման, հայացքդ արնոտ,

Ձեռքերդ կապկպված խաչերով,

Մի մարմին լեշաթև, վավաշոտ

Տարփում է ծոցիդ մեջ տանկերով…

 

3.

Ու տղան՝ առավոտն աչքերին

Պատռում է խղճի դեմքն արճճե,

Իջնում են արնոտված գրքերին

Երկնքի պսակները փետրե…

 

4.

Ու շեներ՝ արկերի սև կրծքին,

Պուրպուրե նզովքին հանդիման,

Կտրված ականջներ` աղոթքին,

Մարմիններ՝ խոշտանգված անխնա:

 

Ու լռած սաղմոսներ, քարացած,

Զմրսված գույներով նոր ցավի,

Ու ծերեր` գնդակից ծանակված,

Ու ծերեր՝ երկնքի ծավին…

 

5.

Աշխարհ կորել ես, չկաս,

Չքվել ես հավատի աչքից,

Ու մերկ ես, ու մերկ ես այնքան,

Որ ես եմ բարուրում քեզ նորից…

 

6.

Ու ելան տղերքն ալիքին,

Զարկվեցին, զարկեցին, անցան,

Երկինքներ փլվեցին ճամփեքին,

Ու աստղեր ջրերում որբացան…

 

7.

Օ, աշխարհ բարձրագոչ ու ծեքծեք,

Անգլուխ, անգլուխ ձիավոր…

…Պարոնայք, գուցե թուլացնեք

Փողկապները ձեր նավթահոտ…

 

8.

3-ն ապրիլի:

Կանգնելենք:

Մի սեր ենք,

Մի հոգի,

Մի մարմին…

Բազուկներն հաղթական շարքվել են.

Ձեռնոց են նետել մեր կամքին…

 

9.

Վառվում ենք լուսեղեն կրակով,

Պրկվել են մեր իղձերն անառիկ,

Ժամերը օծվում են փառքով,

Սանձվում են խաբկանքներ անծաղիկ…

 

 

10.

Հողը սուրբ ծալքեր է բացել

Իր կրծքին վիրավոր ու հեգ,

Տղերքը հավերժն են ծոցել,

Տղերքը՝ վահան ու տեգ…

 

Ակոսվել՝ հոսում են երկինք,

Ակոսվել` արմատն են գնում,

Ու դաս է` լռելայն ու անգիրք,

Ու ցավ  է՝ արև է ձնում…

 

11.

Աշխարհ կորել ես, չկաս,

Չքվել ես հավատի աչքից,

Ու մերկ ես, ու մերկ ես այնքան,

Որ ես եմ բարուրում քեզ նորից…

 

12.

Որբացած մարմաջներ ճիվաղի

Ածխացած տանկերի բոցերում,

Փախչում են սելջուկները վայրի

Թողնելով աղոթքները վարձու…

 

…Հայրմերի խաչեղեն հողերին

Թողնելով աղոթքները վարձու,

Լլկում են անառակ վախերին

Մոլուցքից  ցնծու՜մ են, ցնծու՜մ…

 

13.

Զոհեր են անհաշիվ, անհամար,

Կցկտուր խոստումներ են կավճե

Եվ ինչ կա լրբերին՝ անհնար.

Թողել են դիերը անհասցե…

 

14.

Ու նրանց գարշահոտը դանդաղ

Քսվում է քիմքին տխմարի,

Բայց, նեղ են ճակատներն,ավաղ,

Ընկել են փափուկ բարձերից…

 

…Բայց նեղ են ճակատներն ավաղ,

Արնազեղ ծալքեր են` դարին,

Անբարո, անբարո աճպարար`

Բեմին են կրկես-քարայրի…

 

15.

4-ն ապրիլի:

Կանգնած ենք:

Բազկված է մեր ոգին անբասիր,

Հայրերը որդիներ են դարձել,

Սահմանը թնդում է երկսիրտ…

Արցախ:Ինքնություն անկոտրում,

Ծփում ես նորից փառքերին,

Արդարի քո հորդումն անդադրում

Թմբկում է գալիքիդ զարկերին…

 

16.

Սփյուռք է` միաձույլ, անսփյուռ,

Բռունցք է`պարզված բախտին,

Ալիքվող երթեր են`բուռ-բուռ

Աշխարհի ծեգերից անդին…

 

Ալիքվող բողոք է բուռ-բուռ`

Շպրտված օրերին զազիր,

Գալիս են`ոգեղեն, անսարսուռ,

Գալիս են`լուսեղեն, արծվասիրտ…

 

…Թափվում են, թափվում են անսեր

Մահիկներ լուսնի կոնքերից,

Այրվում են, այրվում են կոր-կեռ

Դրոշներն անարգված միֆերի…

 

 

17.

Զարթնում է թմբիրից տոլերանտ

Աշխարհը իգիլներ շապկած.

Կոչեր են անհասցե ու խեղատ`

Հաշտության արգանդից վիժած:

 

Կոչեր են անանուն, անհասցե,

Որ քանի՜ պատերազմ են լլկել,

Թող այս մեկն Աստված չարասցե…

Թող այս մեկն Աստծուն տանի վեր…

 

18.

Վիրավոր հողերի խուլ տնքոց,

Անհեշտանք կրքերի խառնարան,

Ու տղերք`սրբություն սրբոց,

Ու տղերք, որ էլ տուն չդառան…

 

Հողի բաց վերքերին ծնկեցին,

Խնկեցին սուրբ կռիվն հայրերի,

Դեպի վե՜ր, դեպի վե՜ր, դեպ երկի՜նք`

Խոյացան հավերժի աչքերից …

 

19.

Աշխարհ կորել ես, չկաս,

Չքվել ես հավատի աչքից,

Ու մերկ ես, ու մերկ ես այնքան,

Որ ես եմ բարուրում քեզ նորից…

 

20.

5-ն ապրիլի:

Աղերս է:

Աղերս է մի կտոր պատվի…

Պարտության ներքնաշորն հոտոտել,

Նստել են հաշտության սեղանին:

 

Մի ծեծված, քարոզչե ծիսակարգ

Տենդահար փռել են սեղանին,

Չեն կտրում կրակե պորտալարն`

Հայցում են, որ ճիվաղն ապրի…

 

Դադար է` մազից էլ բարակ,

Արնոտ է ոտնահետքը լուսնի.

Ականով պատվաստված մի գերան

Գցել են կամրջին Մեծ Հույսի…

 

 

21.

Օ՜,  տղե՛րք, որ ելաք ալիքին

Տարիներ, դարեր սանձելու,

Տղե՛րք,  կանգնեցիք Գալիքին`

Կապելով մեր ձեռքերն իրարու…

 

Պղտորված ակունքներ զտելով,

Կապելով մեր սրտերն իրարու,

Գոյության կռիվը մեզ տալով,

Գոյության մեր կերպը`ցնծալու…

 

 

………………………………………………

 

22.

10-ն ապրիլի:

Հույզեր են,

Ապրիլյան մղձավանջ հոգեհար,

Փոխանակվում է մեր Սերը

Ատելության հետ հավասար…

 

Ցնորք է անսահման, անեզերք,

Թլպատված տեսիլներ խավարի.

Խեղված են Հերոսներն անվեհեր.

Սարսուռ է բուրում բալենին…

 

…Խաչեր են, խաչեր կարմիր,

Ձեռքեր են`գթությամբ օծված,

Ու ցավը դարձել է բամբիռ,

Ու ցավը դարձել է ընծա…

 

23.

Բերում են` հողին պահ տալու,

Խիզախման մի լուսե պայթյուն,

Բերում են` մեր հոգին գաղթելու

Դեպի Լյառն, դեպի Խորքը մաքուր…

 

24.

Երևան:

Դարերի լուսաբաց:

Ցնծում ենք թևերին Ճշմարտի…

Մեր հույսը մեր բարձի տակ դրած,

Խմում ենք գինին Անպարտի…

 

 

 

Կարծիքներ

կարծիք