Քաղցրիկ, մի հատ էրգիր

422456

Տունը գյուղի ծայրում է՝ բարձունքի վրա, առանձին, այնպես որ այնտեղ հասնելու համար պետք է քայլես ամբողջ գյուղի միջով: Ու մարդիկ քայլում-գնում են դեպի այդ տունը՝ համբուրելու էրգրից բերած գրքերը՝ Նարեկը, Ավետարանը, սաղմոսագրքերը, մոմ վառելու դրանց մոտ:

Տունն ունի իր պատմությունը: Այն կառուցել է մեկ դար առաջ Մուշից գաղթած Պետրոսը՝ կրթված, իմաստուն, բարի մի մարդ, որին ժողովուրդը հարգանքով դիմում էր այնպես, ինչպես նրան անվանում էին էրգրում՝ Խալֆա Պետրոս: Ու մինչև հիմա դեպի այս տուն շտապող մարդիկ բարի խոսքով են հիշում Խալֆա Պետրոսին:

*****

Արդեն մութ էր, երբ Խալֆա Պետրոսը փութով մտավ գյուղի ծայրում՝ բարձունքին կանգնած իր գեղաշուք տան բակը. «Ո՞ւր են տնեցիները, մի՞թե ուշացա»,- հարցը շամփրեց նրա տագնապած միտքը:

Վազեց ու արագ բացեց դուռը: Նրա երիտասարդ, գեղանի կինը՝ դեմքը խոնարհ, ճաշակով ու թանկ զգեստներ հագած-կապած իշխանուհու նման, զարմացած նայեց ամուսնուն: Համատեղ կյանքի ընթացքում Պետրոսը երբեք այդպես այլայլված չէր եղել, նա ամուր գրկեց կնոջն ու շշնջաց.

-Մուշ էի գնացել՝ դատավոր մորեղբորդ տուն, տեղահանություն է, կոտորած է, մեզ՝ հայերիս, ազգովի տեղահանում են, արտաքսում են մեր պատմական, հինավուրց երկրից դեպի անհայտություն: Ու մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք՝ ով ինչպես կարող է ու շատ արագ:

-Վա՜յ մեզ,- ծնկներին զարկեց կինը,- նորի՞ց տեղահանություն…

Քիչ հետո կարծես ուշքի գալով՝ հարցրեց.

-Մորեղբայրս, մյուսներն ո՞ւ ր են:

-Նրանք դուրս եկան տնից մեր ներկայությամբ, կանչել էին վարչական շենք: Դուրս գալիս մորեղբայրդ հասցրեց միայն ասել, որ իրենց տանում են իբր թե գործով, բայց վստահ է, որ այլևս չեն վերադառնա, և ապա՝ որ պատրաստվենք ու այսօր ևեթ շարժվենք, ճանապարհին Անդրանիկ զորավարի ֆիդայիները կօգնեն հասնել Ռուսահայաստան՝ Էջմիածին:

-Ժամանակ չկա, պետք է վերցրենք ամենաանհրաժեշտ իրերը, գրքերը: Ես շտապեմ քուրդ, թուրք ընկերներիս մոտ, մեր ունեցածը սանաթ-վեքսիլներով հանձնեմ նրանց, մինչև  ետ  վերադառնանք:

-Կվերադառնա՞նք,- կարծես հույսի շող զգալով՝ հարցրեց կինը:

-Մի օր այս ամենն անպայման կվերջանա, ետ կգանք մեր քաղցրիկ, մի հատիկ Էրգիր, ուխտի կգնանք Մշո սուրբ տան Սուրբ Կարապետ,- ինքն իրեն կարծես համոզելու, սիրտ տալու համար ասաց Պետրոսն ու դուրս եկավ բակից:

****

Լույսն արդեն մութից բաժանվում էր, երբ Պետրոսը, կինը, եղբայրը, երկու որդիներն ու դուստրերը շրջվեցին ու հրաժեշտի երկար հայացքով նայեցին իրենց տանը: «Աստված օգնական, Աստված օգնական բոլորիս»,- մրմնջաց երիտասարդ կինը, ամուր գրկեց  զավակներին, ու հեռացող ընտանիքի անդամները սկսեցին գլխիկոր քայլել երկու եզների ու սայլի հետևից. շունը կապից վաղուց էր պոկվել ու առաջ ընկել:

Տեղահանվում էր մի ողջ հայրենիք:

Լուսանում էր…

****

Լույսը բացվում էր:

Քանի առաջ էին գնում, այնքան բնավեր, տնավեր մարդկանց ավելի շատ խմբեր էին ավազի մանր հատիկների նման գլորվում, գալիս միանում այդ գլխահակ երթին, և մարդկային քարավանը մեծանում էր:

Նրանց հետ էին զորավար Անդրանիկի ֆիդայիները, որոնք Ալաշկերտից, Խնուսից, Մանազկերտից, Բուլանուխից, ողջ Տարոն աշխարհից տեղահանված մարդկանց ուղեկցում էին դեպի Ռուսահայաստանի սահման:  Ֆիդայիները ճանապարհին նաև կռվում էին վրա հասնող թուրք զինվորների դեմ, որոնք ցանկանում էին կտրել մարդկանց ճանապարհը, ջանում էին ողջ չթողնել անգամ իրենց հայրենիքից հեռացող հավատավոր, քրիստոնյա ժողովրդին:

Հեռվում երևաց Արաքս գետը, և ճանապարհից ու հարձակումներից հյուծված, արդեն հազիվ ոտքերը քարշ տվող մարդկանց սրտում արթնացավ հույսը, ոգևորված նետվեցին դեպի գետը. դիմացի ափը փրկություն էր, կյանք էր, հայրենիք էր…

…Ու հայտնվեցին փրփրած Արաքսի մոլագար ալիքների մեջ. սկսվեց կյանքի- մահվան պայքարը: Իսկական քաոս էր գետում՝ փրկվելու համար  մարդիկ փորձում էին բռնել միմյանցից, ջուրը լցված կենդանիներից: Լողալ իմացողները կարողանում էին հասնել ափ, իսկ խեղճ կանայք ու աղջիկները շվարել-մնացել էին, գետի ալիքների վրա օրորվում էին բազմաթիվ օրորոցներ, որոնց մեջ մանուկներ էին քնած կամ արթուն՝ անտեղյակ աշխարհից ու իրենց ճակատագրից: Գետն անզիջում էր, նա իր տարերքի մեջ էր ու շատերին էր պոկում, իր գիրկն առնում ու տանում:

Պետրոսը չշտապեց մտնել գետը, նա գրքերն ու վեքսիլները ամուր կապեց երեխաների վրա՝ հագուստի տակից, հետո երեխաներին, կնոջը, եղբորը պարաններով կապեց իրեն, եզներին բարձեց տնից վերցրածն ու ահն աչքերում ու սրտում՝ մտավ  գետը: Այդ համընդհանուր իրարանցումի, վայնասունի, մարդկային կանչերի, հրմշտուքի մեջ նա հազիվ էր կարողանում դանդաղ առաջ գնալ և ամուր պահել իրեն կապված պարաններն ու բռնել եզներին: Բայց հերթական ուժգին ալիքը քշեց-տարավ եզներից մեկին՝ Պետրոսի ողջ ունեցվածքով: Նա ավելի զգաստացավ, դարձավ համակ ուշադրություն, զգուշավորություն, վայրկյանը մեկ կապերը ստուգելով՝ շարունակեց առաջ շարժվել՝ խուսափելով մարդաշատ հատվածներից, երբեմն սպասում էր երկար, մինչև կարողանա ևս մի քիչ էլ առաջ գնալ: Իսկ ֆիդայիներն ափից ձայն էին տալիս, շտապեցնում:

Ափին շատ մոտ էր ու հանկարծ զգաց, որ մի կապը թուլացավ, պոկվեց. «Ո՞վ էր»,- մտածեց, ու կարծես սիրտը սուր խրեցին, բայց ոչինչ անել չէր կարող: Եղբայրը կորավ Արաքսի ջրերում:

Երբ ոտքը ափ դրեց, հասկացավ, որ հրաշքով ընտանիքին դուրս է բերել այդ դժոխքից:

Հետևում՝ ջրի վրա, տարուբերվում էին անշնչացած մանուկներ, ծերեր, կանայք, տղամարդիկ:

******

Էջմիածնում էին՝ ինքը, կինը, երեխաներն ու գրքերը: Շուրջը մի կերպ փրկված մարդիկ էին ու սով, հիվանդություն, մի փոքրիկ երկիր:

Մայր Աթոռի բակում մնացին ամիսներ: Տարբեր կազմակերպություններ օգնություններ էին բերում, բայց գաղթականներին ավելի շատ տեր էին կանգնում  տեղացիները: Մի կերպ գոյատևում էին բաց երկնքի տակ:

Մի օր էլ Պետրոսը անսովոր դող զգաց մարմնում, բժիշկներ եկան ու ախտորոշեցին մալարիա: Բուժվելը թանկ էր, դժվար, ու Պետրոսին  առաջարկեցին գնալ այնպիսի գյուղ, որն ունի բնական սառնորակ աղբյուրներ և համեմատաբար զով եղանակ: Ու երբ կարդում էին տեղափոխվելու համար հարմար գյուղերի անունները, Պետրոսն ասես լսեց էրգրի իր գյուղի անունը, վեր թռավ.

-Կաց մի վայրկյան, ի՞նչ կարդացիր, Քաքարլո՞ւ:

-Չէ, Թաքարլու, այս գյուղի անունը Թաքարլու է:

-Ոչինչ, թող լինի Թաքարլու, մեր գյուղի անունն էլ Քաքարլու էր: Իմ ծննդավայրը հիշեցրեց, ես կգնամ էդ գյուղ,- որոշեց նա:

*****

Գյուղացիներից մեկի տան մի սենյակը հատկացրեցին Պետրոսի ընտանիքին: Ապրեցին, ու չնայած մերվեցին, դարձան մեկ, բայց «գաղթական» բառը դաջված մնաց նրանց անվանը: Տեղացիները, որոնց անվանում էին «եռլականներ», երբեմն հանդիմանում էին  գաղթականներին՝ թե իրենց երկրին տեր չկանգնեցին, եկան ու իրենց նեղություն են տալիս: Պետրոսը չէր նեղանում, ասում էր, որ Հայաստանի ժողովուրդը՝ և գյուղացիները, և քաղաքացիները, իրենք էլ գտնվելով աղքատության մեջ, իրենց ունեցածից բաժին հանեցին եկածների համար: Մի ազգ են, ու ազգովի են տանում իրենց մեծ ցավը: Առակով էր խոսում, ասում էր՝ ամեն մեկը ինքը գիտի իր ցավը, ու դեռ կատակով էլ պատմում էր. «Մեկը տանիքից ընկնում է, ամբողջ գյուղը  հավաքվում է, հարցնում՝ որտե՞ղդ է ցավում, ո՞նց ընկար: Խեղճ մարդն ասում է՝ ժողովուրդ ջան, ես հիմա ի վիճակի չեմ պատմելու, գնացեք, տանիքից ընկած մի մարդ գտեք, ձեզ մանրամասն կպատմի՚:

Նա սիրում էր իր հարևաններին, չէր զլանում խորհուրդներ տալ, օգնել նեղ օրին.

-Խալֆա Պետրոս, այս գարուն ի՞նչ ցանեմ իմ արտում, որ լավ բերք ստանամ,- հարցնում էին նրան, կամ՝ տունս ինչպե՞ս կառուցեմ, որ ամուր լինի ու հարմար:

Գաղթականներին սկզբում շատ չէին վստահում, կարևոր ու պատասխանատու պաշտոն չէին տալիս, բայց հակառակ դրան՝ գյուղում հաստատվելուց մեկ տարի անց  գյուղի կարևոր մարդը Պետրոսն էր, այստեղ ևս նրան դիմում էին այնպես, ինչպես էրգրում՝ Խալֆա Պետրոս:

******

Մի օր էլ համբուրեց կարկամած կնոջն ու պատվիրեց.

-Հոգիս, երկրում կռիվ է, ես զինվոր եմ, գնում եմ կռիվ: Այս կռիվը իմ կռիվն է, հին կռիվ ունեմ թուրքի հետ, պետք է գնամ: Միայն մի խնդրանք ունեմ, եթե հանկարծ ետ չգամ, զավակներիս, ինչ գնով էլ լինի, անպայման կրթության կտաս:

Ու վրեժը սրտում՝ շարժվեց դեպի Ապարան՝ դեպի մարտադաշտ:

*****

-Պետրոս, հերիք է էդ փոքր սենյակում ապրես, հարևան գյուղում հող են բաժանում, գնա, տուն սարքիր, ապրիր,- Բաշ Ապարանի փառահեղ հաղթանակից տարիներ անց իր կռիվը տված ու վերադարձած Խալֆա Պետրոսին դիմեց գյուղի նախագահը:

Ու Պետրոսը սկսեց իր կյանքի հաջորդ ու հիմնավոր փուլը՝ նոր գյուղում ընտրեց ամենաբարձր ու հեռավոր տեղում գտնվող հողակտորը, ճիշտ ինչպես իր կորցրած էրգրում էր, ու իր ձեռքով շատ ամուր կառուցեց նոր տունը՝ ամեն քար դնելիս հիշելով հայրական տունը, կառուցեց ըստ նրա պատկերի և նմանության, բայց ավելի համեստ:

Մի սենյակն առանձնացրեց ու երեխաների զգեստների, անկողինների տակ երկար թաքցնելուց հետո վերջապես այնտեղ դրեց Նարեկը, Ավետարանը, սաղմոսագրքերը: Հետո կանգնեց սենյակի մեջտեղում, խոր շունչ քաշեց, ուղղեց մեջքը: Բայց սիրտը փուլ եկավ, հիշեց իր շքեղ տունը, Առաքելոց վանքը, ուր գնում էին ամեն կիրակի: Հոգին խռովվեց վշտից, վիրավորանքից, կորստի ցավից, անարդարությունից, կռիվ տվեց իր հետ, աշխարհի հետ, լաց եղավ: Ձեռքն առավ ծխախոտը, աչքին երևացին Մուշի ծխախոտի անծիր տարածքները,  վերստին զգաց թութունի անուշ բույրը: Ծունկի իջավ գրքերի առջև ու երկար աղոթեց ծնողների, եղբոր, երկրի, հայի համար ու վերջապես խաղաղված քնեց:

-Պետրոս, Պետրոս, վեր կաց,- ցածր ձայնով Պետրոսի թևն էր շարժում ու ձայն տալիս կինը, վեր կաց, հարևանները եկել են, երեխան հիվանդ է:

-Ի՞նչ երեխա,- զամացած հարցրեց նա՝ աչքերը  բանալով:

Հարևաններն արդեն լսել էին, որ նա սուրբ գիրք ունի, որից եթե հատվածներ կարդա, երեխան կբուժվի, ու եկել էին: Պետրոսը բացեց Նարեկն ու սկսեց կարդալ հայոց սուրբ գիրքը՝ Նարեկը, որը գյուղացիներն այնքան էլ չէին հասկանում, բայց հավատում էին հրաշագործ զորությանը: Այսպես ծանոթ-անծանոթները սկսեցին Խալֆա Պետրոսի տանը նաև իրենց ցավերը դարմանել:

******

Տարիներ անց Պետրոսը գնաց փնտրելու եղբորը, հարցուփորձով հասավ Վարդենիսի շրջանի գյուղերից մեկը, քայլում էր գյուղամիջով ու հիշում այն պահը, երբ եղբայրը կորավ փոթորկված Արաքսի ջրերում, ու մեկ էլ՝ ըհը, դիմացից դեպի իրեն է գալիս եղբայրը:

Անակնկալ հանդիպումից հուզվեց Պետրոսն ու արցունքների տարափից  խեղդվելով՝ փլվեց եղբոր կրծքին:

-Պետրո՜ս, եղբայրս, Պետրո՜սս,- աչքերին չէր հավատում եղբայրը, ու անվերջ ՙՊետրոս, Պետրոս՚ էր կանչում, ավելի ու ավելի ամուր գրկում եղբորը, կարծես վախենում էր նորից կորցնել իր գանձը: Ոչ կարգին արտասվել էին կարողանում, ոչ կարգին ուրախանալ, խառնվել էին այս երկուսն իրար:

-Պետրոս, դու ո՞նց գտար ինձ, ի՞նչ իմացար, Պետրոս,- եղբայրը գրկեց ու բարձրացրեց  նրան,- չեմ հավատում, դո՞ւ ես, թե՞ երազ է, կամ աչքիս է երևում,- ու պատմեց, թե ինչպես է փրկվել, ամուսնացել իրենց երկրացի աղջկա հետ:

-Այդ ամենը լավ է, բայց ես մի հարազատ եղբայր ունեմ այս աշխարհում, մի հարազատ հոգի, կհավաքես տուն-տեղդ, ու կգնանք ինձ մոտ, կապրենք միասին,- ավագ եղբոր խոսքն էր:

******

Օրեր անց բոլորը Պետրոսի տանն էին: Սեղանին էրգրի ուտելիքներն էին, ու երկրացիներով ցածրաձայն, որ հանկարծ դրսից չլսեին,  զրուցում էին ու անվերջ հարցնում՝ ՙհիշո՞ւմ ես՚:

Ասես ժամանակ չէր անցել, ասես երեկ էր եղել այդ՝ երեկ էին թողել իրենց տունն ու եկել այստեղ: Կարգին խոսել չէին էլ կարողանում, արցունքը խեղդում էր…

-Հիշո՞ւմ ես Մշո դաշտերը ցորեն էին ծփում, ու ի՜նչ ցորեն, մի քար անգամ չկար դաշտում, հողը՝ մաքուր: Մեր դաշտերն ի՜նչ առատ էին խոտով, մեկ եզան նստած տեղը մի եզ արժեր:

-Մուրադ գետի ջուրը ի՜նչ սառն  էր, Պետրո՛ս, հիշո՞ւմ ես գետի չռիկները, որոնց  տակ մաղեր էինք դնում, ու ձկները լցվում էին մաղերի մեջ:

-Է՜, հիշում եմ ամեն ինչ՝ Կորդուք և Ծիրանակատար լեռները, խաղողի այգիները, ամռան օրերին երկնքից ցողվող գասպեն, վաղ առավոտի սառը օդի շերտերը, որոնք հեռվից կապույտ երկնքի ու պարզկա ջրերով լճի էին նման, ու սիրտս մղկտում է: Իմ սիրտը մնաց այնտեղ՝ իմ երկրում, ես այստեղ ապրում եմ առանց սրտի:

-Հիշո՞ւմ ես, Պետրոս, մեղունների բզզոցը ամբողջ Մուշն էր բռնում, ի՜նչ հեքիաթ էր, ի՜նչ դրախտ էր, որի մեջ ապրում էինք, հե՜յ վախ, մեր Մարաթուկ, մեր Նեմրութ սար, թռչունի նման թռավ, անցավ-գնաց…

— Չէ, չի անցել, եղբայրս, Մշո սարերին մի պահ մշուշ է իջել, մեր լույս աղբյուրների ջրերին նորից պղտոր ջուր են խառնել, բայց մեր ջուրը բարձր, անմատույց սարերի կատարների սառույցներից է հալչում, իջնում, գետնի ծոցում զտվում, ապա բխում է՝ մաքրամաքուր, անխառն ու զորավոր: Վաղ թե ուշ ինքն իրեն կզուլալվի, կպարզվի, օտարին իր մեջ չի ընդունի, չի պահի, դուրս կվանի իրենից, ու այդ ժամանակ կրկին Մշո դաշտում հայի համար անուշ-արդար, կարմիր արև կծագի:

«Մշո գորանի…». սկսվեց էրգրի երգը, ինչպես միշտ, երբ արդեն հոգին ոչ թե խոսքի, այլ երգի և արցունքների կարիք ունի՝ մեծ ցավն ու կարոտը բուժելու համար: Էլ ի՜նչ զգուշություն…

Ինչպես էրգրում՝ ճկույթ-ճկույթի տված բռնեցին գովընդը ու իրար ձայնակցելով սկսեցին երգել Մշո հարսներն ու եղբայրները՝ մտքով թռչելով իրենց ծննդավայր անուշ  դրախտավայրը, իրենց տուն ու տեղը, իրենց հողն ու ջուրը, իրենց քաղցր ու մի հատիկ էրգիր՝ Մուշ:

*****

Մի առավոտ հարևան Վաղոն շնչակտուր ներս ընկավ Պետրոսի տուն.

-Շրջկենտրոնից են եկել, քեզ են հարցնում, ոնց որ գրքերի հարցով է,- ասաց ու փամփուշտի պես դուրս թռավ տնից:

Այդ տարիներին վախը օդում էր, մարդկանց տանում էին առանց որևէ մեղքի, էլ ուր մնաց արգելված գրքերի համար: Ջարդը, կռիվը, հիմա էլ այս անիմաստ ձերբակալությունները: Գրքերի թաքստոցի մասին հաճախ էր մտածել. առանց վայրկյան կորցնելու վերցրեց բահը, քանդեց թոնրի շուրթը, գրքերը դրեց փոսի մեջ, փռեց թաղիքն ու բարուրած նորածին թոռանը պառկեցրեց վրան:

Չեկիստները չուշացան, տակնուվրա արեցին ողջ տունը, գոմը, շուռ տվեցին խոտի դեզը, բայց գրքերը չգտան: Ամուսինները, շունչները պահած, հետևում էին նրանց ամեն մի շարժումին ու մտքում աղոթում, որ հանկարծ թոնրին մոտ չգան, նորածնին չմոտենան, թե չէ ոչ երեխային կխնայեն, ոչ գրքերը, ոչ իրենց:

Երկար փնտրեցին, ոչինչ չգտան, երեխային անգամ չմոտեցան, միայն գնալիս գոռացին Պետրոսի երեսին.

-Եկեղեցական գրքերն ո՞ւր ես պահել, ա՛յ գաղթական:

*****

Մինչ կսկսվեր Երկրորդ համաշխարհայինը, ու Պետրոսի Մարգար որդին կմեկներ ճակատ, մի առավոտ հայր և որդի ճամփա ընկան գյուղխորհուրդ:

-Նախագահ ջան, տղա թոռնիկս ծնվեց, տոհմածառս ծաղկում է, ճյուղեր է տալիս, դրանից ավելի մեծ ուրախություն կա՞,- երջանկությունից իրեն կորցել էր Խալֆա Պետրոսը:- Հիշո՞ւմ ես՝ ինչ եմ ասել բոլորիդ ներկայությամբ£ Երբ տղա թոռ ունենամ, գլուխս հանգիստ կդնեմ ու կմեռնեմ: Արդեն խիղճս հանգիստ է, երազանքիս մեծ մասն իրականացել է, մյուս մասը թոռներիս անելիքն է,- լռեց մի պահ ու շարունակեց.

-Գերդաստանիս արմատները իմ հեռավոր երկրում են, ու ես ուզում եմ, որ մեր ընտանիքի անունը չկորչի, դրա համար եկել եմ խնդրեմ, որ թոռանս ազգանունը լինի  իմ անունով՝ Պետրոսյան, ու ես կշարունակեմ ապրել իմ ժառանգների հետ:

Պետրոսի ուրախությունից նախագահի աչքերը լցվեցին.

-Պետրոս ջան, դու հրաշալի մարդ ես, ու քո խնդրանքը խնդրանք չէ, կտակ է, պատգամ է բոլորիս համար, կլինի քո սրտով, թոռդ կգրվի Պետրոսյան:

Այդքան տարի Հայաստանում ապրած օրերից ոչ մի օր Պետրոսն այդքան խաղաղ ու անհոգ դեմքով չէր քայլել գյուղամիջով, ինչպես այդ օրը:

*****

Մի շաբաթ հետո Պետրոսն իրեն վատ զգաց, շուրջը հավաքեց հարազատներին, ձեռքն առավ էրգրի տան վեքսիլը, շոյեց այն, դրեց սրտին ու վերջին ուժերը հավաքելով՝ շշնջաց.

-Շնորհակալ եմ բոլորիդ, որ մեր ընտանիքի համբավը բարձր եք պահում: Երազիս ծնողներիս տեսա, հայրական տանն  էի՝ էրգրում: Ո՜նց էի կարոտել:

Այս երկրում հոգիս եմ թողնում, գրքերս, որոնք մեր անտես ու ամենակարող պահապաններն եղան դաժան օրերին, ամեն չարից մեզ փրկեցին:

Մի վերջին խնդրանք ունեմ, երազանքս կիսատ մնաց, ինձանից հետո, երբ կբացվեն էրգրի դարպասները, կգնաք մեր տուն՝ ձեր պապերի տուն, իմ փոխարեն կհամբուրեք տանս պատերը, բարև կտանեք, տեր կկանգնեք նրան, դուք եք նրա տերը:

Ուխտի կգնաք Սուրբ Կարապետ, ինձ էլ կհիշեք ու մի մոմ կվառեք իմ հոգու համար:

Երազանքս կկատարվի այն ժամանակ, երբ սիրտս, որ մեր հին տանն է, ու հոգիս կրկին կմեկտեղվեն, ամուր-ամուր իրար կփաթաթվեն, կգրկեն միմյանց:

Ու գնաց իր սրտի ետևից:

*****

Այնպես եղավ, որ հայի զավակները մի երրորդ կռիվ ևս տվեցին, ու շուն կայսրությունը փլվեց, բացվեցին դարպասները, լույսի մի շող ընկավ մարդկանց սրտերը: Իրար հետևից հայերը սկսեցին գնալ էրգիր՝ հողին դիպչելու, հոգիների կարոտը թեթևացնելու, ու ով գիտե՝ իրենց նախնիների տները գտնել-տեսնելու հույսով: Հանդիպեցին քրդերի, թուրքերի, որոնք ասում էին՝ հա, հայեր ապրում էին այստեղ, ամենագեղեցիկ ու ճաշակով տներն իրենք են կառուցել, ամենակրթված մարդիկ իրենք էին, բայց մի օր, չգիտես ինչու, թողեցին ամեն բան ու գնացին…

 

Պետրոսյան Պետրոսն էլ, պապի տան վեքսիլը ձեռքում ամուր սեղմած, էրգրում լսեց այդ ամենն ու որպես տեր հաստատուն քայլերն ուղղեց  դեպի բարձունքի՝ այնքան ծանոթ տունը՝ իր տունը…

 

 

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք