Անդին

12805676_1004045222987703_1425110321313463159_n

1.

Ժամանակն ինձնից հետ է ընկել,

Ոտս կախ գցեմ՝ թող գա հասնի,

Մի պուճուր ինքս ինձնից մեծ եմ,

Խիղճս մաքուր է, վարքս՝ ազնիվ:

Էս անթամբ ձիուն դժվար է հեծնել՝

Գնում, գնում ու տեղ չեմ հասնում,

Մեկին գիտեի՝ ԳՐԻ մեծն էր՝

Հասել, թիկնել է էն Պառնասում:

Էս պտույտներին էլ չեմ սազում —

Մոլորակը ձեզ հանձնեմ, գնամ,

Անհամ խաղերով սիրտ են խազում

Օրերը՝ անթով, անսեր, անկամ…

Չքվեմ ու հեռվից երազ ցանեմ,

Որ արծաթներով ինձ չմատնեք,

Այնտեղ՝ վերևում, ես իմ տանն եմ,

Ինձ լույսերով եմ ցանկապատել:

Ժամանակն ինձնից հետ է ընկել,

Ոտս կախ գցեմ՝ թող գա, հասնի,

Որ հեռուներում ինձ չփնտրեք՝

Տիկիններ սիրուն, այրեր ազնիվ:

 

2.

Աղավաղվում եմ —

Սա արդեն ես չեմ,

Մի այլ հոգի է մարմնիս մեջ սողում…

Կամ էլ խառնում եմ՝

Ես մարմի՛ն չունեմ,

Խլուրդի նման թաքնվեց հողում,

Իսկ հոգին իմն է —

Նույն խենթն է անմեռ

Եվ ճախրանքներից դեռ չի հագենում,

Նա ինքնամոռաց սավառնում է վեր,

Վե՜ր,

Ավելի վե՜ր,

Ավելի հեռո՜ւ…

Խաղալիքդ չեմ,

Երեխու նման

Մի քիչ խաղում ու հետո ջարդում ես,

Բայց Պետրոսի պես քեզ չեմ ուրանա,

Հուդայի նման չեմ մատնելու քեզ:

 

3.

Նայեցի՝ նայվեց,

Հաճելին է,

Այս գիշեր հաստատ չեմ գնա տուն.

Իր հմայքների աճերին է՝

Սիրտս,

Մարմինս,

Հոգիս՝

Ձգտում:

Սեր չի,

Բայց սիրո կանչերին է

Մեր ծարավ ակն ու ունկը լարվել,

Թվաց՝

Ռուսական կաչելի է

Տրվել մի՛ օրով…

Բայց շա՜տ լավն էր…

 

4.

Գլուխկոնծի տալով՝

Գիրկս կընկնես,

Կկչկչաս անհոգ՝

Աշխարհից գոհ,

Բուրող բառեր ինձ հետ

Մեղմ կկրկնես՝

Սիրո մրմունջներով

Ու աղոթքով…

Դու իմ իրականն ես,

Իմ մտքինն ես,

Ես քեզ շնչում

Ու չեմ արտաշնչում,

Բոլորը գին ունեն,

Դու անգին ես,

Դու այն կինն ես,

Որից երգն է հնչում:

 

5.

Ես արդեն աշնան թևերին եմ՝

Քամու պես,

Անձրևի,

Տերևի —

Ես նրա գունազարդ ձևերին եմ

Դանդաղ խառնվում,

Սիրելիս…

Ես աշնան աչքերի մեղեդին եմ՝

Հնաոճ

Մանվածք եմ հույզերի…

Ցնդել են օրերն այն,

Անդի՜ն են,

Երբ կայինք Աստծո պես անթերի:

Մուրացող բյուր ձեռքեր են պարզել,

Բայց ոչինչ չեմ պահել, որ տայի,

Եղածը շողշողուն երազ էր

Ինքնուրաց ձեզ սիրող տղայի…

Իսկ հիմա աշնան թևերին է՝

Քամու պես,

Անձրևի,

Տերևի,

Եվ աչքը հեռացող երամին է —

Նրանց հետ կչվի

Երևի…

 

6.

Մի քիչ թույլ լինեի՝

Ես էլ աղոթեի՝

Բոլոր աստվածներին

Ու սրբերին…

Ես ձեր առջև բացված

Լույս-առավոտ էի,

Թռչնաձայնով նվագ՝

Սաղարթներին:

Վերուվարում ինչ կար՝

Ես անհաղորդ չէի,

Հրով,

Ջրով,

Օդով՝

Սիրո հանգո՛ւյցն էի…

Ա՛խ, թռչուններ, ձեզ հետ

Ես էլ կթռչեի՜,

Մեռնե՛մ ձեր ծլվլան

Կտուցներին…

 

7.

Լուսնափայլ,

Փափուկ է գիշերը՝

Կրծքիդ պես,

Որ բարձ էր խաս-ատլաս.

Չգիտեմ՝ դա կի՞րք էր,

Թե՞ սեր էր,

Չգիտեմ՝ դա կյա՞նք էր,

Թե՞ երազ…

Թափվում են տերևները վրաս.

Սա քամու ծաղրական կատակ է,

Ամառվա բլյուզը դարձավ ջազ,

Աշնան ջազ,

Որ ես եմ նվագել

Երկնքից՝

Կաթիլ առ կաթիլ,

Եվ ձգվող թելերն են բարակել,

Որ կապում են ինձ դեռ այս կյանքին,

Որ հետո բաց թողնեն,

Ա՛խ, թաքուն բաց թողնեն՝

Ի վե՜ր…

 

8.

Հարցրեցի, թե մրսո՞ւմ ես,

Եվ նա ասաց՝ չէ՛, չէ՛…

Ախր, ո՞նց չէ,

Աշնան քամին

Ծոցիդ մեջ է փչել…

Ասացի՝ բայց դու թրջվում ես…

Ժպտաց, իբր՝ չէ՛, չէ՛,

Ուլունքաշար կաթիլները

Մազերին են իջել…

Այս նույն դաշտում

Նրա համար

Ծաղիկներ եմ փնջել

Ու երազի պոչը բռնած՝

Ոսկե դեզին ննջել:

Հարցրեցի՝ կուզե՞ս մնանք,

Եվ նա ասաց՝ հա՜, հա՜.

Ու հեքիաթի շունչը փռվեց

Ծաղկած դաշտի վրա…

 

9.

Աշունը թրջված փասիանի ճուտ է,

Ինքնամփոփվել է գույների մեջ,

Արևի առաջ ոստոստող ցուրտը,

Իչնպես պառավի անիմաստ վեճ՝

Ոչ հասցե ունի,

Ոչ էլ՝ անուն,

Ինքն իր առաջ է ըմբոստանում:

 

Մահը կապել են կյաքիս պոչից

Մի շա՜տ կարևոր տեղ եմ տանում,

Չի՛ շրջանցվելու,

Չկա ոչի՛նչ

Անշարժության մեջ

Ու մնայուն…

Մեր աչքերի մեջ,

Հայացքով ջինջ՝

Սե՛րն է իր աստղոտ թելը մանում…

 

Վերապրումներ են,

Թաց շշուկներ,

Կապտուկներ են հին ցավից մնում…

Մեզ արարողը թեթև շիկնել՝

Վրիպումներն է խոստովանում:

-Քիչ էլ համբերիր

Քո տաք բնում.

Վերջին կաթոցն է,

Բան չի մնում…

 

Մի՛ արդարացիր,

Ամենատե՛ս,

Չքնա՜ղ էր

Քո այս վերվարումը,

Երեխու նման սիրում ենք Քեզ,

Քոնն են իմ հոգին ու արյունը…

Քոնն է իմ սերը

Ու Քոնն եմ

Ե՛ս:

 

10.

Լսո՞ւմ ես՝

Աստղերը երկնքից չտանես,

Մարում է կրակը թևերիս:

Մոտ կգաս գիշերով,

Շորերդ կհանես,

Մնացածը գիտես,

Սիրելիս:

 

Մեկը կար,

Ասում էր՝

Խփել ու կերել են

Սիրո ակը հսկող դևերիս —

Հիմի չարն ու բարին

Հարվել ու մերվել են

Սրտիս տաք ափերում,

Սիրելիս:

 

Գիտեի՞ր, որ արդեն

Հեռուները հանել են,

Մոտերն են մնացել աներիզ —

Փոխվել են բառերի՝

Տողերիս թառել են,

Միայն դու ես հեռվում,

Սիրելիս:

 

11.

Նա մեկնելուց առաջ մի պահ շրջվեց,

Եկավ, գգվեց նորից ու նոր գնաց,

Հեռուների սառը մշուշի մեջ

Էլ չտեսա նրա աչքերը թաց:

 

Նա երեխու նման հավատում էր,

Որ հեքիաթն իր այնտեղ չի կորցնելու,

Բայց մի կարևոր բան ավարտվում էր

Իր անցյալի լուսե փողոցներում:

 

Նա փորձում էր ջնջել իմ անունը,

Որ ապրելու համար նոր օր բացվի,

Բայց իրենից թաքուն հիանում էր

Երկինքները ճեղքող ճախրով արծվի:

 

Հիմա կամաց-կամաց վերանում են՝

Հին ընկերներ, հուշեր, պուրակ ու թաղ,

Եվ իր թափուր սրտին տիրանում են՝

Սեր ու կարոտ մերժող օրերը պաղ:

 

 

12.

Եվ լուսավո՜ր,

Եվ թափանցի՜կ,

Եվ մաքո՜ւր՝

Դու մոտեցար մարող հոգուս սնարին,

Այդպես սիրո հրեշտակն է սահում, քույր,

Եթերասա՜հ,

Աստղափրփո՜ւր,

Լուսնայի՜ն…

Այդպես վարդի թերթիկներն են հորինվում

Սիրո առաջ՝

Աստվածային մայիսին,

Արբունքահաս ցնորքներն են թափվում ցած

Արեգակի մեջ խմորվող տաք լույսից:

Կենդանության թույլ նշաններ դեռ կային

Սիրուց լքված աչքերիս մեջ կիսարթուն,

Փռփռալով երկնքի բաց թևերին՝

Իջա՜ր

Վերի նվագներով զվարթուն…

Ծիածանե դրոշները ցնծության

Փողփողում են մոլորակի ուսերին,

Ու հնչում են մեղեդիներ քաղցրաձայն

Կարոտներով՝ սեր փայփայող կույսերի:

Եվ լուսավո՜ր,

Եվ թափանցի՜կ,

Եվ մաքո՜ւր՝

Դու մոտեցար մարող հոգուս սնարին,

Այդպես երգի դիցուհին է գալիս, քույր,

Եթերասա՜հ,

Աստղափրփո՜ւր,

Լուսնայի՜ն…

 

13.

Ես գնամ

Ու նորից հետ կգամ:

Չտխրես,

Իմացիր աշուն է,

Ու ես էլ չորացել եմ այնքան,

Որ ընկած մայթերին խշշո՜ւմ եմ…

Մեկը կա՝

Շշուկով կանչում է՝

Երկնքի՞ց, թե՞ հողից՝

Չգիտեմ,

Եվ սրտիս սառույցը հալչում է,

Ջուր դառած հոսում է նրա դեմ:

Սերերն իմ երկնքում փայլում են…

Երանի՜ աստղերին խառնեին.

Երկնքում անընդհա՛տ գարուն է,

Երկնքում ես այնքա՜ն լավն էի…

 

14.

Մահը ձեռքիցս բաց թողեցի,

Կյանքի ծփանքի մեջ եմ ընդմիշտ,

Իրենց լակոտի պես պահեցին

Երկու հրեշտակ ու մի բժիշկ:

 

Ինչպիսի՜ անկում երկինքն ի վեր՝

Հրեշտակային վարք ու բարքի,

Փորձ էլ չարեցին թափահարել

Ճերմակ թևերը փետուրակիր:

 

 

Անկապ լքեցին,

Հիմա նորից՝

Հին պարտատերե՜ր, պարտք ու պահա՛նջ,֊

Ես կշտացել եմ ձեր բոլորից

Ու մերկ կանգնել եմ Աստծո առաջ:

 

Ինձ ոտից գլուխ դատարկեցի,

Ձեր կողքին չեմ էլ,

Է՜ն հեռվում եմ,֊

Մահը ձեռքիցս բաց թողեցի

Ու անմահացած ֆռֆռում եմ:

 

15.

Հենց հեռանաս —

Ծառերն արմատախիլ կլինեն

Իմ մռնչոցից,

Թռչունները կթափվեն սրտապատառ,

Եվ ոչ մի շքեղություն չի մնա

Արևի և երկրի արանքում:

 

Հենց հեռանաս —

Կպաշարեմ

Քեզ պատսպարող երկրները,

Կգերեվարեմ նրանց տերերին

Եվ կարձակեմ սերը

Ոսկե շղթաներից:

 

Հենց հեռանաս,

Եվ ես՝

Մոլեգնած ամենաո՛րձը,

(Արևելքից-արևմուտք,

Հյուսիսից-հարավ)

Թե չգտնեմ քեզ՝

Կպայթեցնե՛մ մոլորակը

Աստծո

Ոտքերի

Տակ…

 

16.

Ինքնաբերաբար մոռացվել են,

Պտույտներից դուրս՝

Արդեն այլ են,

Սերն՝ անձրևանոց,

Ու անձրևը

Փորձում է երգով իր զմայլել:

Մանրիկ քայլեր են,

Տեսա՝ կին էր.

Ոնց որ գավի մեջ կարմիր գինի,

Ես թունդ կրքերի սողանքին եմ

Հանձնել մարմինս:

Առաքինի

Ինչ մնացել է՝ հեքիաթինն է,

Նա, որ գինի է՝

Խմե՛նք հիմի.

Աղջիկ էր,

Կին էր,

Արդ՝ տիկին է.

Դեռ վաղ է՝

Հողում

Բերեն

Իմի…

 

Անդին 1, 2016

 

Կարծիքներ

կարծիք